Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16

Խորացրու երախտագիտությունդ փրկանքի համար

Խորացրու երախտագիտությունդ փրկանքի համար

«Մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (ՄԱՐԿ. 10։45

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ է փրկանքը, և ինչո՞ւ դրա կարիքն առաջացավ։

ՄԵՂՔ գործելով՝ կատարյալ մարդ Ադամը ոչ միայն ինքն իրեն զրկեց հավիտենական կյանքից, այլ նաև իր սերունդներին։ Ադամը մահվան էր արժանի, քանի որ գիտակցաբար էր մեղք գործել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա սերունդների մասին. չէ՞ որ նրանք մասնակից չեն եղել նրա մեղքին (Հռոմ. 5։12, 14)։ Հնարավո՞ր էր ինչ-որ ձևով փրկել նրանց։ Այո՛, հնարավոր էր։ Ադամի ըմբոստությունից շատ չանցած՝ Եհովան աստիճանաբար հայտնի դարձրեց, թե ինչպես է նրա սերունդներին ազատելու մեղքի ու մահվան անեծքից (Ծննդ. 3։15)։ Իր նշանակած ժամանակին՝ նա երկիր էր ուղարկելու Հիսուսին, որպեսզի վերջինս «իր կյանքը փրկանք տար շատերի փոխարեն» (Մարկ. 10։45; Հովհ. 6։51

2 Ի՞նչ է փրկանքը։ Ըստ Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ փրկանքը այն գինն է, որը Հիսուսը վճարեց Ադամի կորցրածը հետ գնելու համար (1 Կորնթ. 15։22)։ Իսկ ինչո՞ւ փրկանքի կարիք առաջացավ։ Եհովայի սահմանած արդարության չափանիշը կյանքի դիմաց կյանք էր պահանջում (Ելք 21։23, 24)։ Այդ պահանջը բավարարելու համար Հիսուսը զոհաբերեց իր կատարյալ մարդկային կյանքը, քանի որ Ադամը հենց այդպիսի կյանք էր կորցրել (Հռոմ. 5։17)։ Այդպիսով՝ Հիսուսը «Հավերժական Հայր» դարձավ բոլոր նրանց համար, ովքեր հավատ կընծայեին փրկանքին (Ես. 9։6; Հռոմ. 3։23, 24

3. Համաձայն Հովհաննես 14։31 և 15։13 համարների՝ ի՞նչը մղեց Հիսուսին զոհել իր կատարյալ մարդկային կյանքը։

3 Հիսուսը զոհեց իր կյանքը, քանի որ շատ էր սիրում իր երկնային Հորը և մեզ (կարդա Հովհաննես 14։31; 15։13Այդ սիրուց մղված՝ նա վճռեց մինչև վերջ պահել իր անարատությունը և կատարել Աստծու կամքը։ Դրա շնորհիվ կիրականացվի մարդկության և երկրի հետ կապված Եհովայի սկզբնական նպատակը։ Հոդվածից կիմանանք, թե ինչու Եհովան թույլ տվեց, որ նախքան մահանալը Հիսուսն այդքան շատ տառապանքներ կրի։ Նաև հակիրճ կքննենք Հովհաննես առաքյալի օրինակը, ով բարձր էր գնահատում փրկանքը։ Բացի այդ՝ կտեսնենք, թե ինչպես կարող ենք արտահայտել մեր գնահատանքը փրկանքի համար և խորացնել այն։

ՀԻՍՈՒՍՆ ԻՆՉՈ՞Ւ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԿՐԵՑ

Մտածիր, թե փրկանքը վճարելու համար Հիսուսը ինչ դժվարությունների միջով անցավ (տես պարբերություն 4)

4. Նկարագրիր, թե ինչպես է մահացել Հիսուսը։

4 Հիսուսի երկրային կյանքի վերջին օրն է։ Նա կարող է օգնության կանչել հրեշտակների մի մեծ բազմության, բայց թույլ է տալիս, որ հռոմեացի զինվորները ձերբակալեն իրեն և անգթորեն ծեծեն (Մատթ. 26։52–54; Հովհ. 18։3; 19։1)։ Մտրակի հարվածներից նրա մարմինը պատառոտվում է։ Հետո նրա արնաշաղախ մեջքին ծանր գերան են դնում, որը նա քարշ է տալիս դեպի մահապատժի վայր։ Բայց կարճ ժամանակ անց զինվորները մեկ ուրիշին են պարտադրում տանել այն (Մատթ. 27։32)։ Երբ Հիսուսը մահապատժի վայր է հասնում, նրա ձեռքերն ու ոտքերը ցցին են գամում, և մարմնի ծանրության տակ մեխերը սկսում են պատռել նրա վերքերը։ Հիսուսի ընկերները շատ վշտացած են, նրա մայրը ողբում է, իսկ հրեա իշխանները ծաղրում են նրան (Ղուկ. 23։32–38; Հովհ. 19։25)։ Ժամեր շարունակ Հիսուսը անասելի տառապանքներ է կրում։ Նրա սրտի ու թոքերի աշխատանքը աստիճանաբար ծանրանում է, և շնչառությունը՝ դժվարանում։ Բայց վերջին ուժերը լարելով՝ Հիսուսը հաղթանակած դիմում է իր Հորը և գլուխը խոնարհելով՝ մահանում (Մարկ. 15։37; Ղուկ. 23։46; Հովհ. 10։17, 18; 19։30)։ Ինչպիսի՜ տանջալից, դանդաղ և նվաստացուցիչ մահ։

5. Ի՞նչն էր մահից առավել ծանր Հիսուսի համար։

5 Հիսուսի ամենածանր փորձությունը տանջալից մահով մահանալը չէր։ Նրան ավելի մեծ ցավ էր պատճառում այն, որ իրեն մեղադրել էին Աստծուն հայհոյելու մեջ և անհիմն դատապարտել որպես մեկի, ով չի հարգում Եհովային ու նրա անունը (Մատթ. 26։64–66)։ Այս միտքը Հիսուսին այնքան էր տանջում, որ նա աղերսեց իր Հորը ազատել իրեն նման նվաստացումից (Մատթ. 26։38, 39, 42)։ Տեսնենք, թե ինչու Եհովան թույլ տվեց, որ իր թանկագին Որդին տառապի ու մահանա։ Քննենք երեք պատճառ։

6. Ինչո՞ւ պետք է Հիսուսը մահանար տանջանքի ցցի վրա։

6 Առաջին՝ տանջանքի ցցի վրա մահանալով՝ Հիսուսը հրեաներին ազատեց անեծքից (Գաղ. 3։10, 13)։ Նրանք խոստացել էին պահել Աստծու Օրենքը, բայց դրժել էին իրենց խոստումը։ Արդյունքում ադամական մեղքի անեծքից բացի՝ նրանց վրա ևս մի անեծք էր ավելացել (Հռոմ. 5։12)։ Իսրայելացիներին տրված Աստծու Օրենքի համաձայն՝ մահվան արժանի մեղք գործած անհատը պետք է մահապատժի ենթարկվեր։ Որոշ դեպքերում մահացածի մարմինը կախում էին ցցից (2 Օրենք 21։22, 23; 27։26 * Փաստորեն, ցցի վրա մահանալով՝ Հիսուսը հնարավորություն տվեց իրեն մերժած Իսրայել ազգին ազատվելու անեծքից։

7. Նշիր երկրորդ պատճառը, թե ինչու Աստված թույլ տվեց, որ իր Որդին տառապի։

7 Նկատի առնենք երկրորդ պատճառը, թե ինչու Աստված թույլ տվեց, որ Հիսուսը տառապանքներ կրի։ Այդպես Եհովան պատրաստեց նրան ստանձնելու իր դերը որպես ապագա քահանայապետ։ Հիսուսը իր մաշկի վրա զգաց, թե որքան դժվար է հնազանդվել Աստծուն ծանր փորձության ներքո։ Նա այնքան լարված էր, որ օգնության համար «սաստիկ աղաղակներով ու արցունքներով» աղոթեց Աստծուն։ Քանի որ Հիսուսը նման ծանր ապրումներ է ունեցել, նա հասկանում է, թե ինչի կարիք ունենք, և «կարող է օգնության հասնել փորձության մեջ լինողներին»։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ մեզ ողորմած քահանայապետ է տվել, ով կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբր. 2։17, 18; 4։14–16; 5։7–10

8. Ո՞րն է երրորդ պատճառը, որ Աստված թույլ տվեց իր Որդուն ծանր փորձությունների միջով անցնել։

8 Երրորդ՝ Եհովան թույլ տվեց, որ Հիսուսը տառապանքներ կրի, որպեսզի պատասխան տրվի հետևյալ կարևոր հարցին. «Կարո՞ղ է արդյոք մարդը հավատարիմ մնալ Աստծուն նույնիսկ ծանր փորձության ներքո»։ Սատանան պնդում է, որ մարդը ծառայում է Աստծուն եսասիրական մղումներով։ Նրա կարծիքով՝ մարդիկ, ինչպես իրենց նախահայր Ադամը, նվիրված չեն Եհովային (Հոբ 1։9–11; 2։4, 5)։ Համոզված լինելով իր Որդու նվիրվածության մեջ՝ Եհովան թույլ տվեց, որ նա մարդու հնարավորության սահմաններում առավելագույնս փորձվի։ Հիսուսը անարատ մնաց և փաստեց, որ Սատանան ստախոս է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԸ ԹԱՆԿ ԷՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՓՐԿԱՆՔԸ

9. Ի՞նչ օրինակ է թողել Հովհաննես առաքյալը։

9 Փրկանքի մասին ուսմունքը զորացրել է շատ քրիստոնյաների հավատը։ Նրանք շարունակել են քարոզել՝ չնայած հակառակությանը, և մինչև խոր ծերություն տոկացել են տարբեր փորձությունների ներքո։ Նկատի առնենք Հովհաննես առաքյալի օրինակը։ Ավելի քան 60 տարի նա հավատարմորեն քարոզել է Քրիստոսի և փրկանքի մասին ճշմարտությունը։ Երբ Հովհաննեսը մոտ 100 տարեկան էր, Հռոմի կառավարությունը նրան աքսորեց Պատմոս կղզի, քանի որ ենթադրվում էր, թե նա վտանգ է ներկայացնում կայսրության համար։ Իսկ ի՞նչ հանցանք էր նա գործել։ Ինչո՞ւ էին նրան աքսորել։ Կարդում ենք. «Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու պատճառով» (Հայտն. 1։9)։ Հավատի ու տոկունության ի՜նչ հրաշալի օրինակ։

10. Հովհաննեսի գրվածքները ինչպե՞ս են փաստում, որ նա գնահատում էր փրկանքը։

10 Հովհաննեսի գրվածքներից հստակ երևում է, որ նա խորապես սիրում էր Հիսուսին և թանկ էր գնահատում փրկանքը։ Նա մոտ 100 անգամ հիշատակում է փրկանքի և դրա բերած օգուտների մասին։ Հովհաննեսը գրել է. «Եթե մեկը մեղք գործի, օգնական ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոսին՝ արդարին» (1 Հովհ. 2։1, 2)։ Նրա գրվածքներում նաև ընդգծվում է «Հիսուսի մասին վկայելու» կարևորությունը (Հայտն. 19։10)։ Հստակ է, որ Հովհաննեսը մեծապես գնահատում էր փրկանքը։ Իսկ մե՞նք ինչպես կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այն։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՍ ՓՐԿԱՆՔԸ

Եթե իսկապես գնահատում ենք փրկանքը, կդիմադրենք մեղք գործելու գայթակղությանը (տես պարբերություն 11) *

11. Ի՞նչը կօգնի դիմադրել գայթակղությանը։

11 Դիմադրիր մեղք գործելու գայթակղությանը։ Եթե իսկապես գնահատում ենք փրկանքը, հետևյալ մտածելակերպը չենք որդեգրի. «Կարիք չկա հատուկ ջանքեր ներդնել մեղք գործելու գայթակղությանը դիմադրելու համար։ Կարող եմ մեղք գործել, հետո ներողություն խնդրել»։ Դրա փոխարեն՝ գայթակղության բախվելիս պետք է ասենք. «Ո՛չ, ես չեմ կարող այդպես վարվել՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ Եհովան ու Հիսուսը արել են ինձ համար»։ Կարող ենք նաև Եհովայից ուժ խնդրել՝ աղաչելով. «Մի՛ տար ինձ փորձության» (Մատթ. 6։13

12. Ինչպե՞ս կարող ենք կիրառել 1 Հովհաննես 3։16–18-ում գրված խորհուրդը։

12 Սիրիր հավատակիցներիդ։ Փրկանքի համար մեր գնահատանքը ցույց տալու կերպերից մեկն էլ այն է, որ սիրենք մեր հավատակիցներին։ Հիսուսը իր կյանքը տվել է ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր քույրերի ու եղբայրների։ Եթե նա պատրաստ էր հանուն նրանց մահանալ, նշանակում է՝ շատ է սիրում նրանց (կարդա 1 Հովհաննես 3։16–18)։ Հավատակիցների հանդեպ մեր սերը պետք է արտահայտենք մեր վերաբերմունքով (Եփես. 4։29, 31–5։2)։ Կարող ենք օգնել նրանց, երբ հիվանդ են կամ ծանր դժվարությունների միջով են անցնում, օրինակ՝ գուցե բնական աղետի զոհ են դարձել։ Բայց ինչպե՞ս ենք վարվում, երբ մեր հավատակիցը խոսքով կամ գործով վիրավորում է մեզ։

13. Ինչո՞ւ պետք է ներողամիտ լինենք։

13 Հակվա՞ծ ես ոխ պահելու (Ղևտ. 19։18)։ Եթե այո, ուշադրության դարձրու հետևյալ խորհրդին. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կող. 3։13)։ Ամեն անգամ, երբ ներում ենք հավատակցին, փաստում ենք, որ իսկապես գնահատում ենք փրկանքը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր երախտագիտությունը Աստծու տված այս պարգևի համար։

ԽՈՐԱՑՐՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ

14. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր երախտագիտությունը փրկանքի համար։

14 Շնորհակալություն հայտնիր Եհովային փրկանքի համար։ Ջոանա անունով 83-ամյա մի քույր, ով ապրում է Հնդկաստանում, ասում է. «Ինձ համար կարևոր է ամեն օր աղոթելիս հիշատակել փրկանքի մասին և շնորհակալություն հայտնել Եհովային դրա համար»։ Ամեն օր մտածիր, թե ինչ սխալներ ես թույլ տվել և քո անձնական աղոթքներում Եհովայից ներողություն խնդրիր։ Իհարկե, եթե լուրջ մեղք ես գործել, պետք է նաև դիմես երեցների օգնությանը։ Նրանք կլսեն քեզ և Աստծու Խոսքի հիման վրա սիրառատ խորհուրդ կտան։ Երեցները կաղոթեն Եհովային, որ նա Քրիստոսի զոհի հիման վրա ների քեզ, «որպեսզի [հոգևորապես] բուժվես» (Հակ. 5։14–16

15. Ինչո՞ւ պետք է ժամանակ տրամադրենք, որ կարդանք փրկանքի մասին և խորհրդածենք դրա շուրջ։

15 Խորհրդածիր փրկանքի շուրջ։ Ռաջամանի անունով 73-ամյա մի քույր ասում է. «Ամեն անգամ Հիսուսի տառապանքների մասին կարդալիս աչքերս արցունքով են լցվում»։ Աստծու Որդու չարչարանքների մասին մտածելիս դու էլ գուցե ցավ ապրես։ Բայց որքան շատ խորհրդածես Հիսուսի զոհագործության շուրջ, այնքան ավելի շատ կսիրես նրան ու Եհովային։ Ուստի լավ կլինի՝ այս թեմայի շուրջ խոր անձնական ուսումնասիրություն անես։

Պարզ ընթրիքի միջոցով Հիսուսը ցույց տվեց իր աշակերտներին, թե ինչպես պետք է հիշեն իր մահը (տես պարբերություն 16)

16. Ուրիշներին փրկանքի մասին սովորեցնելը ինչո՞վ է օգտակար (տես ամսագրի շապիկի նկարը)։

16 Սովորեցրու ուրիշներին փրկանքի մասին։ Ամեն անգամ, երբ մարդկանց պատմում ենք փրկանքի մասին, մեր երախտագիտությունը ավելանում է։ Մենք հրաշալի գործիքներ ունենք, որոնց օգնությամբ կարող ենք բացատրել մարդկանց, թե ինչու է Հիսուսն իր կյանքը տվել մեզ համար։ Օրինակ՝ կարող ենք օգտագործել «Բարի լուր Աստծուց» գրքույկի 4-րդ դասը, որի վերնագիրն է. «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։ Կամ կարող ենք օգտվել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքի 5-րդ գլխից, որի վերնագիրն է. «Փրկանք. Աստծու տված մեծագույն նվերը»։ Մենք նաև խորացնում ենք փրկանքի հանդեպ մեր գնահատանքը՝ ամեն տարի մարդկանց ակտիվորեն հրավիրելով Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին և ներկա լինելով դրան։ Մեզ համար մեծ պատիվ է սովորեցնել մարդկանց Աստծու Որդու մասին։

17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ փրկանքը Աստծու տված մեծագույն պարգևն է։

17 Անկասկած, մենք հիմնավոր պատճառ ունենք երախտագիտություն զարգացնելու փրկանքի համար և խորացնելու այն։ Չնայած մեր անկատարությանը՝ փրկանքի շնորհիվ կարող ենք մտերմանալ Եհովայի հետ։ Դրա շնորհիվ նաև կքանդվեն Բանսարկուի գործերը (1 Հովհ. 3։8)։ Բացի այդ՝ երկրի հետ կապված Եհովայի սկզբնական նպատակը կիրականանա. ողջ երկիրը դրախտ կդառնա։ Բոլոր մարդիկ կսիրեն Եհովային և կծառայեն նրան։ Ուստի եկեք ամեն օր առիթներ փնտրենք արտահայտելու մեր երախտագիտությունը Աստծու տված մեծագույն պարգևի՝ փրկանքի համար։

ԵՐԳ 20 Քո թանկագին Որդուն տվեցիր

^ պարբ. 5 Ինչո՞ւ Հիսուսը պետք է տանջալից մահով մահանար։ Հոդվածից կիմանանք այս հարցի պատասխանը, և կտեսնենք, թե ինչպես կարող ենք խորացնել մեր գնահատանքը փրկանքի համար։

^ պարբ. 6 Հռոմեացիները սովորություն ունեին հանցագործներին ողջ-ողջ ցցին գամելու կամ կապելու։ Եհովան թույլ տվեց, որ իր Որդուն հենց այդպես սպանեն։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Եղբայրներից յուրաքանչյուրը դիմադրում է գայթակղությանը։ Առաջինը թեքում է հայացքը անպարկեշտ նկարներից, երկրորդը հրաժարվում է ծխախոտից, երրորդը՝ կաշառքից։