Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14

«Սերտորեն նրա հետքերին հետևեք»

«Սերտորեն նրա հետքերին հետևեք»

«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 ՊԵՏ. 2։21

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Մենք կարող ենք ընդօրինակել Հիսուսին՝ սերտորեն հետևելով նրա ոտնահետքերին (տես պարբերություն 1–2)

1–2. Հնարավո՞ր է արդյոք հետևել Հիսուսի հետքերին։ Բեր օրինակ։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ արշավախմբի հետ քայլում ես մի վտանգավոր ամայի տարածքով, որը պատված է ձյունով։ Առջևից գնում է ձեր խմբի էքսկուրսավարը, որը շատ փորձառու է։ Փափուկ ձյան վրա հստակ տեսնում եք նրա ոտնահետքերը։ Հանկարծ կորցնում եք նրան ձեր տեսադաշտից։ Բայց խուճապի չեք մատնվում, այլ սկսում եք հնարավորինս սերտորեն հետևել նրա ոտնահետքերին։

2 Այս չար աշխարհը նման է վտանգավոր ամայի տարածքի, իսկ ճշմարիտ քրիստոնյաները՝ արշավախմբի անդամների։ Մենք շատ ուրախ ենք, որ Եհովան մեր արշավախմբին տվել է կատարյալ ղեկավար՝ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ում հետքերին կարող ենք սերտորեն հետևել (1 Պետ. 2։21)։ Ըստ մի աշխատության՝ 1 Պետրոս 2։21-ում առաքյալը Հիսուսին համեմատում է էքսկուրսավարի հետ։ Օրինակում նշված էքսկուրսավարի նման՝ Հիսուսն էլ է իր հետևից ոտնահետքեր թողել, որոնց կարող ենք հետևել։ Դրա հետ կապված քննենք երեք հարց։ Ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսի հետքերին։ Ինչո՞ւ պետք է դա անենք և ինչպե՞ս։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏՔԵՐԻՆ

3. Ի՞նչ է նշանակում հետևել ինչ-որ մեկի ոտնահետքերին։

3 Ի՞նչ է նշանակում հետևել ինչ-որ մեկի ոտնահետքերին։ Աստվածաշնչում «քայլել» և «ոտք» բառերը երբեմն վերաբերում են մարդու կյանքի ընթացքին (Ծննդ. 6։9; Առակ. 4։26)։ Անհատի ապրած կյանքը կարելի է նմանեցնել նրա թողած ոտնահետքերին։ Ուստի ինչ-որ մեկի ոտնահետքերին հետևել նշանակում է ընդօրինակել նրան։

4. Ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսի հետքերին։

4 Իսկ ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսի հետքերին։ Կարճ ասած՝ նշանակում է հետևել նրա թողած օրինակին։ Բնաբանի խոսքերում Պետրոս առաքյալը խոսում է այն մասին, թե ինչ հիանալի օրինակ է թողել Հիսուսը տառապանքների ներքո տոկալու հարցում։ Սակայն մենք կարող ենք ընդօրինակել Հիսուսին նաև այլ հարցերում (1 Պետ. 2։18–25)։ Իրականում Հիսուսի ողջ կյանքը, նրա խոսքերն ու գործերը արժանի են ընդօրինակման։

5. Կարո՞ղ են արդյոք անկատար մարդիկ հետևել Հիսուսի կատարյալ օրինակին։ Բացատրիր։

5 Լինելով անկատար՝ կարո՞ղ ենք արդյոք հետևել Հիսուսի օրինակին։ Այո՛, կարող ենք։ Պետրոսը հորդորում է մեզ, որ Հիսուսին սերտորե՛ն հետևենք, ոչ թե կատարելապես։ Եթե սերտորեն հետևենք Հիսուսի հետքերին, այսինքն՝ անկատար մարդու հնարավորության սահմաններում անենք լավագույնը, կիրառած կլինենք Հովհաննես առաքյալի հետևյալ խորհուրդը. «Վարվեք այնպես, ինչպես որ նա [Հիսուսը] վարվեց» (1 Հովհ. 2։6

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵՆՔ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏՔԵՐԻՆ

6–7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի հետքերին հետևելով՝ մտերմանում ենք Եհովայի հետ։

6 Հիսուսի հետքերին հետևելը կմտերմացնի մեզ Եհովայի հետ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նախ այն պատճառով, որ Հիսուսը հիանալի օրինակ է թողել Աստծուն հաճելի կյանքով ապրելու հարցում (Հովհ. 8։29)։ Ուստի նրան հետևելով՝ մենք նույնպես կհաճեցնենք Եհովային։ Եթե ջանք թափենք, որ ընկերանանք մեր երկնային Հոր հետ, նա էլ կմտերմանա մեզ հետ (Հակ. 4։8

7 Բացի այդ՝ Հիսուսը կատարելապես ընդօրինակեց իր Հորը։ Այդ պատճառով նա կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը վարվում ուրիշների հետ։ Օրինակ՝ նա խղճաց մի բորոտ մարդու, կարեկցանքով լցվեց ծանր հիվանդությամբ տառապող մի կնոջ հանդեպ և ցավակից եղավ նրանց, ովքեր հարազատ էին կորցրել։ Ընդօրինակելով Հիսուսի հատկություններն ու վարվելակերպը՝ մենք ընդօրինակում ենք նաև Եհովային (Մարկ. 1։40, 41; 5։25–34; Հովհ. 11։33–35)։ Իսկ Եհովային նմանվելով՝ մտերմանում ենք նրա հետ։

8. Բացատրիր, թե Հիսուսի հետքերին հետևելը ինչպես կօգնի, որ «հաղթենք» աշխարհին։

8 Հիսուսի հետքերին հետևելով՝ թույլ չենք տա, որ այս չար աշխարհը շեղի մեզ։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսը վստահությամբ կարող էր ասել. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33)։ Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը նկատի ուներ, որ թույլ չի տվել՝ այս աշխարհն ազդի իր մտածելակերպի, նպատակների և գործերի վրա։ Նա երբեք չմոռացավ երկիր գալու իր գլխավոր նպատակը՝ Եհովայի գերիշխանության արդարացումը։ Այսօր մեզ համար էլ շատ շեղող հանգամանքներ կան։ Բայց եթե Հիսուսի պես կենտրոնացած մնանք Եհովայի կամքը կատարելու վրա, մենք էլ «կհաղթենք» աշխարհին (1 Հովհ. 5։5

9. Ի՞նչը կօգնի, որ շարունակենք քայլել հավիտենական կյանքի տանող ճանապարհով։

9 Հիսուսի հետքերին հետևելով՝ հավիտենական կյանք կունենանք։ Մի հարուստ երիտասարդ Հիսուսին հարցրեց, թե ինչ անի, որ հավիտենական կյանք ստանա։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր» (Մատթ. 19։16–21)։ Մեկ ուրիշ առիթով Հիսուսը մի խումբ հրեաների, ովքեր չէին հավատում, որ ինքն է Քրիստոսը, ասաց. «Իմ ոչխարները.... իմ հետևից են գալիս։ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս» (Հովհ. 10։24–29)։ Իսկ Սինեդրիոնի անդամ Նիկոդեմոսին Հիսուսն ասաց, որ ով «հավատ է դրսևորում իր հանդեպ.... հավիտենական կյանք կունենա» (Հովհ. 3։16)։ Մենք ցույց կտանք, որ հավատում ենք Հիսուսին, եթե կիրառենք նրա սովորեցրածները և ընդօրինակենք նրան։ Այդպես վարվելով՝ կշարունակենք քայլել հավիտենական կյանքի տանող ճանապարհով (Մատթ. 7։14

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԵՐՏՈՐԵՆ ՀԵՏԵՎԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏՔԵՐԻՆ

10. Ի՞նչ պետք է անենք Հիսուսին լավ ճանաչելու համար (Հովհաննես 17։3, ծնթ.)։

10 Հիսուսի հետքերին սերտորեն հետևելու համար նախ պետք է լավ ճանաչենք նրան (կարդա Հովհաննես 17։3 և ծնթ.)։ Իսկ դրա համար մենք պետք է շարունակ «գիտելիքներ ստանանք» նրա մասին։ Եթե սովորենք Հիսուսի հատկությունների, մտածելակերպի և արժեքների մասին, գնալով ավելի լավ կճանաչենք նրան։ Անկախ նրանից, թե որքան երկար ենք ճշմարտության մեջ, պետք է շարունակենք գիտելիքներ ձեռք բերել Եհովայի և նրա Որդու մասին։

11. Ինչի՞ մասին են չորս Ավետարանները։

11 Եհովան չորս Ավետարանները ընդգրկել է Աստվածաշնչում, որ օգնի մեզ ճանաչել իր Որդուն։ Դրանք պատմում են Հիսուսի կյանքի և ծառայության մասին։ Ավետարաններից իմանում ենք, թե ինչ է ասել Հիսուսը, ինչ գործեր է արել և ինչ զգացումներ է ունեցել։ Այս չորս գրքերը օգնում են, որ «լրջորեն մտածենք» Հիսուսի օրինակի շուրջ (Եբր. 12։3)։ Այլ կերպ ասած՝ դրանցում գտնում ենք Հիսուսի «ոտնահետքերը»։ Այսպիսով՝ եթե ուսումնասիրենք Ավետարանները, ավելի լավ կճանաչենք Հիսուսին և արդյունքում կկարողանանք սերտորեն հետևել նրա հետքերին։

12. Ինչպե՞ս կարող ենք լիարժեք օգուտներ քաղել Ավետարաններից։

12 Ավետարաններից լիարժեք օգուտներ քաղելու համար մենք չպետք է բավարարվենք միայն դրանք կարդալով։ Պետք է ժամանակ տրամադրենք, որ խորությամբ ուսումնասիրենք այդ գրքերը և խորհրդածենք դրանց շուրջ (համեմատիր Հեսու 1։8, ծնթ.)։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք խորհրդածել Ավետարանների շուրջ և կիրառել մեր սովորածը։

13. Ինչպե՞ս կարող ենք մեր մտքում կենդանացնել Ավետարանների պատմությունները։

13 Քո մտքում կենդանացրու Ավետարանների պատմությունները։ Գործի դիր երևակայությունդ, որ տեսնես, լսես և զգաս այն ամենը, ինչ կարդում ես։ Դա անելու համար փնտրտուքներ արա Եհովայի կազմակերպության տրամադրած հրատարակություններում։ Ուշադրություն դարձրու համատեքստին, որ տեսնես, թե ինչ է նախորդել կամ հաջորդել տվյալ իրադարձությանը։ Ավելի շատ տեղեկություններ գտիր հիշատակված անձանց և վայրերի մասին։ Տվյալ պատմությունը համեմատիր մեկ այլ Ավետարանում նշված զուգահեռ արձանագրության հետ, քանի որ կան կարևոր մանրամասներ, որոնք ավետարանագիրներից մեկը հիշատակել է, իսկ մյուսը՝ ոչ։

14–15. Ի՞նչը կօգնի, որ մղվենք կիրառելու Ավետարաններից սովորածը։

14 Կիրառիր այն, ինչ սովորում ես Ավետարաններից (Հովհ. 13։17)։ Ավետարաններից որևէ հատված լավ ուսումնասիրելուց հետո ինքդ քեզ հարցրու. «Անձամբ ես ի՞նչ եմ սովորում այս պատմությունից։ Ինչպե՞ս կարող եմ այս արձանագրության միջոցով օգնել ուրիշներին»։ Մտածիր, թե հարմար առիթի դեպքում ում կարող ես պատմել քո սովորածը։

15 Տեսնենք, թե վերոնշյալ առաջարկները ինչպես կարող ենք կիրառել գործնականում։ Քննենք կարիքավոր այրու պատմությունը։

ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՅՐՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

16. Նկարագրիր Մարկոս 12։41-ում արձանագրված տեսարանը։

16 Մտքումդ կենդանացրու կարդացածդ (կարդա Մարկոս 12։41Պատկերացրու՝ ինչ է տեղի ունենում։ 33 թ. նիսանի 11-ն է՝ Հիսուսի մահից մի քանի օր առաջ։ Օրվա մեծ մասը Հիսուսը անցկացրել է՝ տաճարում սովորեցնելով։ Կրոնական առաջնորդները անընդհատ հակառակվել են նրան։ Ավելի վաղ ոմանք հարցականի տակ էին դրել նրա գործերը և հարցրել, թե նա ինչ իշխանությամբ է անում այդ ամենը։ Ուրիշներն էլ փորձել էին խորամանկ հարցերով ծուղակը գցել նրան (Մարկ. 11։27–33; 12։13–34)։ Այժմ Հիսուսը հավանաբար տաճարի այն հատվածում է, որը կոչվում է կանանց գավիթ։ Այստեղից երևում էին կանանց գավիթի պատի երկայնքով շարված գանձանակները։ Հիսուսը նստում է և սկսում նայել, թե ինչպես են մարդիկ նվիրաբերություններ անում։ Նա տեսնում է բազմաթիվ հարուստների, ովքեր շատ փող են գցում։ Թերևս նա լսում է գանձանակների մեջ ընկնող մետաղադրամների զնգոցը։

17. Ի՞նչ արեց Մարկոս 12։42-ում հիշատակված աղքատ այրին։

17 Կարդա Մարկոս 12։42։ Որոշ ժամանակ անց Հիսուսը նկատում է մի աղքատ «կարիքավոր այրու» (Ղուկ. 21։2)։ Նրա կյանքը հեշտ չէ, և հավանաբար նա մեծ դժվարությամբ է օրվա հաց վաստակում։ Նա աննկատ մոտենում է գանձանակին և երկու փոքր մետաղադրամ գցում այնտեղ։ Դրանց զնգոցը գրեթե չի լսվում։ Սակայն Հիսուսը գիտի, որ նա նվիրաբերեց երկու լումա՝ այդ ժամանակներում շրջանառության մեջ եղող ամենափոքր մետաղադրամը։ Դրանով հնարավոր չէր անգամ մեկ ճնճղուկ գնել, որը սննդի մեջ օգտագործվող ամենաէժան թռչունն էր։

18. Մարկոս 12։43, 44 համարների համաձայն՝ Հիսուսն ի՞նչ ասաց այրու նվիրաբերության մասին։

18 Կարդա Մարկոս 12։43, 44։ Այրու արարքը շատ է տպավորում Հիսուսին։ Նա կանչում է իր աշակերտներին և նրանց ուշադրությունը հրավիրելով այդ կնոջ վրա՝ ասում. «Այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը»։ Այնուհետև ավելացնում է. «Ամենքը [հատկապես հարուստները] իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»։ Իր վերջին լուման տալով՝ այս հավատարիմ կինը ցույց տվեց, որ լիովին ապավինում է Եհովային (Սաղ. 26։3

Հիսուսի պես գովիր նրանց, ովքեր Եհովային իրենց լավագույնն են տալիս (տես պարբերություն 19–20) *

19. Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում աղքատ այրու մասին Հիսուսի խոսքերից։

19 Կիրառիր սովորածդ։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կարող եմ սովորել աղքատ այրու մասին Հիսուսի խոսքերից»։ Մի պահ մտածիր այդ կնոջ մասին։ Անկասկած, նա կուզեր ավելին անել Եհովայի համար։ Բայց արեց այն, ինչ կարող էր. Եհովային իր լավագույնը տվեց։ Հիսուսը գիտեր, որ այրու նվիրաբերությունը շատ թանկ էր իր Հոր համար։ Այս պատմությունից մի կարևոր դաս ենք սովորում։ Մենք հաճեցնում ենք Եհովային, երբ նրան տալիս ենք մեր լավագույնը, այսինքն՝ ծառայում ենք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով (Մատթ. 22։37; Կող. 3։23)։ Եհովան ուրախանում է՝ տեսնելով, որ անում ենք այն, ինչ կարող ենք։ Այս սկզբունքը վերաբերում է նաև այն բանին, թե որքան ժամանակ և էներգիա ենք տրամադրում մեր երկրպագությանը, այդ թվում՝ ժողովի հանդիպումներին և ծառայությանը։

20. Ինչպե՞ս կարող ես կիրառել այն դասը, որ սովորեցիր այրու մասին պատմությունից։ Բեր օրինակ։

20 Ինչպե՞ս կարող ես կիրառել այն դասը, որ սովորեցիր այրու մասին պատմությունից։ Մտածիր, թե հավատակիցներից հատկապես ով ունի հավաստիացման կարիք այն բանում, որ Եհովան թանկ է գնահատում իր ջանքերը։ Օրինակ՝ ճանաչո՞ւմ ես մի տարեց քրոջ, ով իրեն անարժեք է զգում այն բանի պատճառով, որ ծառայության մեջ այլևս չի կարողանում անել այնքան, որքան առաջ էր անում։ Կամ գուցե ճանաչում ես մի եղբոր, ով ծանր քրոնիկ հիվանդության պատճառով երբեմն վհատվում է, քանի որ չի կարողանում կանոնավորաբար Թագավորության սրահում ներկա լինել հանդիպումներին։ Բարի խոսքերով զորացրու նման անհատներին (Եփես. 4։29)։ Պատմիր նրանց այն սիրտ ջերմացնող դասը, որ սովորեցիր կարիքավոր այրու մասին պատմությունից։ Քաջալերական խոսքերով հավաստիացրու, որ իրենց լավագույնը տալով՝ նրանք հաճեցնում են Եհովային (Առակ. 15։23; 1 Թեսաղ. 5։11)։ Երբ գովում ես ուրիշներին այն բանի համար, որ Եհովային իրենց լավագույնն են տալիս, նույնիսկ եթե դա աննշան բան է թվում, դու սերտորեն հետևում ես Հիսուսի հետքերին։

21. Ի՞նչ ես վճռել անել։

21 Մենք անչափ ուրախ ենք, որ Ավետարանները Հիսուսի կյանքի մասին շատ մանրամասներ են պարունակում։ Դրանց շնորհիվ կարող ենք ընդօրինակել նրան և սերտորեն հետևել նրա հետքերին։ Ավետարանները կարող են լավ ուսումնասիրության նյութ լինել անձնական ուսումնասիրության կամ ընտանեկան երկրպագության համար։ Եկեք հիշենք, որ լիարժեք օգուտներ կքաղենք նման ուսումնասիրությունից, եթե մեր մտքում կենդանացնենք աստվածաշնչյան պատմությունները և սովորածը կիրառենք կյանքում։ Մենք կընդօրինակենք Հիսուսին՝ դասեր քաղելով ոչ միայն նրա գործերից, այլ նաև խոսքերից։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հիսուսի այն խոսքերից, որ նա ասաց մահվանից առաջ։

ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

^ պարբ. 5 Ճշմարիտ քրիստոնյաները պետք է սերտորեն հետևեն Հիսուսի հետքերին։ Իսկ ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսի հետքերին։ Հոդվածից կիմանանք այս հարցի պատասխանը։ Կտեսնենք նաև, թե ինչու պետք է սերտորեն հետևենք Հիսուսի հետքերին և ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Աղքատ այրու մասին Հիսուսի խոսքերի շուրջ խորհելուց հետո քույրը գովում է տարեց քրոջը նրա բոլորանվեր ծառայության համար։