Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

Սովորենք Հիսուսի վերջին խոսքերից

Սովորենք Հիսուսի վերջին խոսքերից

«Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» (ՄԱՏԹ. 17։5

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Նկարագրիր, թե ինչ վիճակում էր Հիսուսը, երբ ասաց իր վերջին խոսքերը։

33 ԹՎԱԿԱՆԻ նիսանի 14-ն է։ Հիսուսին անհիմն մեղադրել են և մեղավոր ճանաչել մի բանում, ինչը նա չի արել։ Նրան նվաստացնում են, կտտանքների ենթարկում և ցցին գամում։ Մարմնի ծանրության տակ մեխերը պատռում են նրա ձեռքերն ու ոտքերը։ Նրա ամեն մի շունչը, նրա ասած ամեն մի բառը անասելի ցավ է պատճառում իրեն։ Բայց նա պետք է խոսի, քանի որ կարևոր ասելիք ունի։

2 Եկեք տեսնենք, թե Հիսուսն ինչ ասաց մահանալիս, և թե ինչ կարող ենք սովորել նրա խոսքերից։ Այլ կերպ ասած՝ եկեք «լսենք» նրան (Մատթ. 17։5

«ՀԱ՛ՅՐ, ՆԵՐԻ՛Ր ՆՐԱՆՑ»

3. Հավանաբար ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց»։

3 Ի՞նչ ասաց Հիսուսը։ Տանջանքի ցցին գամված՝ նա աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց»։ Ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը։ Շարունակության մեջ կարդում ենք. «[Նրանք] չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23։33, 34)։ Հավանաբար Հիսուսը նկատի ուներ հռոմեացի զինվորներին, ովքեր իրեն ցցին էին գամել։ Նրանք չգիտեին, թե իրականում ով է Հիսուսը։ Հնարավոր է՝ նա նկատի ուներ նաև նրանց, ովքեր թեև պահանջել էին իր մահը, բայց հետագայում հավատ էին ընծայելու իրեն (Գործ. 2։36–38)։ Տեսնում ենք, որ Հիսուսը թույլ չտվեց՝ անարդար վերաբերմունքը դառնացնի իրեն և ոխակալ դարձնի (1 Պետ. 2։23)։ Փոխարենը՝ նա Եհովային խնդրեց ներել իրեն սպանողներին։

4. Ներելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հիսուսից։

4 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Հիսուսի պես պետք է պատրաստ լինենք ներել ուրիշներին (Կող. 3։13)։ Ոմանք, այդ թվում՝ մեր հարազատները գուցե հակառակվեն մեզ, քանի որ մեր հավատալիքներն ու ապրելակերպը ընդունելի չեն նրանց համար։ Նրանք մեր մասին գուցե սուտ բաներ ասեն, նվաստացնեն մեզ ուրիշների առաջ, ոչնչացնեն մեր գրականությունը և նույնիսկ սպառնան բռնության ենթարկել։ Վիրավորանքը սրտում պահելու փոխարեն՝ լավ կլինի աղոթենք Եհովային, որ օգնի նրանց ընդունել ճշմարտությունը (Մատթ. 5։44, 45)։ Ինչ խոսք, երբեմն գուցե դժվարանանք ներել մեզ հետ անարդար վարվողներին։ Բայց եթե թույլ տանք, որ վիրավորանքն ու դառնությունը արմատներ գցեն մեր սրտում, կվնասենք ինքներս մեզ։ Մի քույր ասում է. «Ներել չի նշանակում արդարացնել սխալ արարքը և շարունակել հանդուրժել վատ վերաբերմունքը։ Ներելով պարզապես թույլ եմ տալիս, որ վրդովմունքս անցնի» (Սաղ. 37։8)։ Իրոք որ, երբ ներում ենք, թույլ չենք տալիս, որ մարդկանց վատ վերաբերմունքը դառնացնի մեզ (Եփես. 4։31, 32

«ԴՈՒ ԻՆՁ ՀԵՏ ԴՐԱԽՏՈՒՄ ԿԼԻՆԵՍ»

5. Ի՞նչ խոստացավ Հիսուսը հանցագործներից մեկին և ինչո՞ւ։

5 Ի՞նչ ասաց Հիսուսը։ Հիսուսի կողքին իրենց պատիժն էին կրում նաև երկու հանցագործ։ Սկզբում երկուսն էլ ուրիշների պես նախատում էին Հիսուսին (Մատթ. 27։44)։ Հետո նրանցից մեկը փոխեց իր տրամադրվածությունը։ Նա եկավ այն եզրակացության, որ Հիսուսը «ոչ մի սխալ բան» չի արել (Ղուկ. 23։40, 41)։ Բացի այդ՝ նա իր հավատն արտահայտեց այն բանի հանդեպ, որ մի օր Հիսուսը հարություն է առնելու և Թագավոր է լինելու։ Դիմելով Հիսուսին՝ նա ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես» (Ղուկ. 23։42)։ Այս մարդը մեծ հավատ դրսևորեց։ Հիսուսն էլ պատասխանեց նրան՝ ասելով. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. 23։43 * Ուշադրություն դարձրու, որ հանցագործը անձամբ Հիսուսից հավաստիացում ստացավ, որ ապրելու է դրախտում։ Հիսուսն այդ խոստումը տվեց, քանի որ գիտեր, որ իր Հայրը ողորմած է (Սաղ. 103։8

6. Ի՞նչ ենք սովորում հանցագործին ասված Հիսուսի խոսքերից։

6 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր հատկությունները (Եբր. 1։3)։ Եհովան շատ է ուզում ողորմածություն դրսևորել մեր հանդեպ։ Նա պատրաստ է ներել մեզ, եթե անկեղծորեն զղջանք անցյալում գործած մեր սխալների համար և հավատ դրսևորենք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ (1 Հովհ. 1։7)։ Ոմանց համար դժվար է հավատալ, որ Եհովան երբևէ կների անցյալում գործած իրենց սխալները։ Եթե դու էլ նման զգացումներ ունես, մտածիր հետևյալի շուրջ։ Մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը ողորմածություն դրսևորեց մի մարդու հանդեպ, ով նոր էր սկսել հավատ ընծայել։ Ուստի առավել ևս Եհովան ողորմածություն կդրսևորի իր հավատարիմ ծառաների հանդեպ, ովքեր իր տված պատվիրանները պահելու հարցում իրենց լավագույնն են անում (Սաղ. 51։1; 1 Հովհ. 2։1, 2

«ԱՀԱ՛ ՔՈ ՈՐԴԻՆ.... ԱՀԱ՛ ՔՈ ՄԱՅՐԸ»

7. Համաձայն Հովհաննես 19։26, 27 համարների՝ ի՞նչ ասաց Հիսուսը Մարիամին ու Հովհաննեսին և ինչո՞ւ։

7 Ի՞նչ ասաց Հիսուսը (կարդա Հովհաննես 19։26, 27Հիսուսը մտածում էր իր մոր բարօրության մասին։ Մարիամը հավանաբար արդեն այրի էր։ Հիսուսի քույրերն ու եղբայրները թերևս կհոգային իրենց մոր նյութական կարիքները, բայց ո՞վ էր հոգալու նրա հոգևոր կարիքները։ Աստվածաշնչում չի ասվում, որ Հիսուսի հարազատ եղբայրները այդ ժամանակ իր աշակերտներն էին։ Իսկ Հովհաննեսը նրա հավատարիմ առաքյալն էր և ամենամտերիմ ընկերը։ Հիսուսը իր հոգևոր ընտանիքի մի մասն էր համարում բոլոր նրանց, ովքեր պաշտում էին Եհովային (Մատթ. 12։46–50)։ Սիրուց ու հոգատարությունից մղված՝ նա իր մոր խնամքը Հովհաննեսին վստահեց՝ համոզված լինելով, որ վերջինս կհոգա նրա հոգևոր կարիքները։ Իր մորը նա ասաց. «Ահա՛ քո որդին»։ Իսկ Հովհաննեսին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Այդ օրվանից՝ Հովհաննեսը որդու պես հոգ էր տանում Մարիամին։ Ինչպիսի՜ սեր ցուցաբերեց Հիսուսը Մարիամի հանդեպ, ով ծննդյան պահից քնքշորեն հոգ էր տարել իր մասին և մինչև վերջ իր կողքին էր մնացել։

8. Ի՞նչ ենք սովորում այն խոսքերից, որ Հիսուսն ասաց Մարիամին ու Հովհաննեսին։

8 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Հավատակիցների հետ մեր փոխհարաբերությունները կարող են շատ ավելի ամուր լինել, քան ընտանիքի անդամների հետ։ Մեր հարազատները գուցե հալածեն մեզ, նույնիսկ հրաժարվեն մեզանից։ Բայց Հիսուսը խոստացել է, որ եթե մոտ մնանք Եհովային և Նրա կազմակերպությանը, ապա մեր կորցրածի «հարյուրապատիկը» կստանանք։ Ժողովում շատերը մեզ համար կդառնան հոգատար հայր, մայր, որդիներ և դուստրեր (Մարկ. 10։29, 30)։ Ի՞նչ զգացումներով ես լցվում, երբ մտածում ես, որ մաս ես կազմում մի այնպիսի հոգևոր ընտանիքի, որի անդամները միավորված են հավատի և սիրո կապերով։ Նրանք սիրում են Եհովային և միմյանց (Կող. 3։14; 1 Պետ. 2։17

«ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԻՆՁ ԹՈՂԵՑԻՐ»

9. Ի՞նչ ենք սովորում Մատթեոս 27։46-ում գրված Հիսուսի խոսքերից։

9 Ի՞նչ ասաց Հիսուսը։ Մահանալուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն աղաղակեց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթ. 27։46)։ Աստվածաշնչում չի նշվում, թե Հիսուսն ինչու նման բան ասաց։ Բայց եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա խոսքերից։ Նախ՝ այդպիսով Հիսուսը կատարեց Սաղմոս 22։1-ում գրված մարգարեությունը։ * Բացի այդ՝ այս խոսքերից երևում է, որ Եհովան իր Որդու շուրջը «ցանկապատ» չէր դրել, որ պաշտպաներ նրան (Հոբ 1։10)։ Հիսուսը հասկանում էր, որ իր Հայրը լիովին հանձնել է իրեն թշնամիների ձեռքը, որ մինչև վերջ փորձեն իրեն։ Ոչ մի մարդ երբևէ այդ աստիճան չէր փորձվել։ Հիսուսի խոսքերը փաստում էին նաև այն, որ նա մահվան արժանի ոչ մի հանցանք չէր գործել։

10. Ի՞նչ կարող ենք սովորել Եհովային ուղղված Հիսուսի խոսքերից։

10 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Մենք չպետք է ակնկալենք, որ Եհովան կպաշտպանի մեզ հավատի փորձություններից։ Ճիշտ ինչպես Հիսուսը փորձվեց մինչև մահ, այնպես էլ մենք պետք է պատրաստ լինենք մինչև մահ պահելու մեր հավատարմությունը (Մատթ. 16։24, 25)։ Այնուամենայնիվ, կարող ենք վստահ լինել, որ Եհովան թույլ չի տա՝ մեր ուժերից վեր փորձվենք (1 Կորնթ. 10։13)։ Նաև սովորում ենք, որ գուցե մենք էլ Հիսուսի նման անարդարացիորեն չարչարվենք (1 Պետ. 2։19, 20)։ Մեզ հալածում են ոչ թե նրա համար, որ ինչ-որ սխալ բան ենք արել, այլ քանի որ այս աշխարհի մի մասը չենք և ճշմարտության մասին ենք վկայում (Հովհ. 17։14; 1 Պետ. 4։15, 16)։ Հիսուսը հասկանում էր՝ ինչու է Եհովան թույլ տալիս, որ ինքը տառապանքներ կրի։ Բայց ի տարբերություն նրա՝ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք, ովքեր տոկում են փորձությունների ներքո, գուցե չհասկանան, թե ինչու է Եհովան թույլ տալիս, որ այս կամ այն բանը տեղի ունենա (Ամբ. 1։3)։ Մեր համբերատար և ողորմած Հայրը գիտի, որ նման մտքերի պատճառը հավատի պակասը չէ. նրանք պարզապես մխիթարության կարիք ունեն, մխիթարություն, որ միայն Նա կարող է տալ (2 Կորնթ. 1։3, 4

«ԾԱՐԱ՛Վ ԵՄ»

11. Ինչո՞ւ Հիսուսն ասաց Հովհաննես19։28-ում գրված խոսքերը։

11 Ի՞նչ ասաց Հիսուսը (կարդա Հովհաննես 19։28Ինչո՞ւ Հիսուսն ասաց՝ «Ծարա՛վ եմ»։ «Որպեսզի Սուրբ Գրքի խոսքը կատարվի»։ Այս մարգարեությունը գրված է Սաղմոս 22։15-ում, որտեղ ասվում է. «Ուժս չորացել է կավե ամանի բեկորի նման, լեզուս քիմքիս է կպել»։ Այդ օրը սարսափելի տառապանքներ կրելուց հետո Հիսուսը պետք է որ շատ ծարավ լիներ։ Իսկ ծարավը հագեցնելու համար նա օգնության կարիք ուներ։

12. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի խոսքերից։

12 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Հիսուսն իր կարիքների մասին խոսելը թուլության նշան չէր համարում։ Թեև հիմնականում մենք նախընտրում ենք չասել, թե ինչի կարիք ունենք, բայց կարիքի մեջ հայտնվելիս Հիսուսի նման չպետք է վարանենք օգնության դիմել։ Օրինակ, եթե տարեց ենք կամ վատառողջ, գուցե խնդրենք մեր ընկերոջը, որ մեզ խանութ կամ հիվանդանոց տանի։ Իսկ երբ վհատված ենք, լավ կլինի՝ դիմենք երեցի կամ մեկ այլ հասուն հավատակցի, ով կլսի մեզ և մի «բարի խոսք» կասի (Առակ. 12։25)։ Եկեք միշտ հիշենք, որ մեր եղբայրներն ու քույրերը սիրում են մեզ և նեղության օրը պատրաստ են օգնության ձեռք մեկնել (Առակ. 17։17)։ Բայց եթե չդիմենք նրանց, գուցե այդպես էլ չիմանան, թե ինչի կարիք ունենք, քանի որ նրանք չեն կարող կարդալ մեր մտքերը։

«ԿԱՏԱՐՎԵ՛Ց»

13. Ի՞նչ իրագործեց Հիսուսը՝ մինչև մահ պահելով անարատությունը։

13 Ի՞նչ ասաց Հիսուսը։ Նիսանի 14-ի կեսօրին՝ մոտավորապես ժամը 3-ին, Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Կատարվե՛ց» (Հովհ. 19։30)։ Սա ցույց է տալիս, որ մահանալուց առաջ Հիսուսը գիտեր, որ կատարել է այն ամենը, ինչ Եհովան ակնկալում էր իրենից։ Մինչև մահ անարատ մնալով՝ նա մի շարք բաներ իրագործեց։ Առաջին՝ փաստեց, որ Սատանան ստախոս է։ Ցույց տվեց, որ չնայած Սատանայի ջանքերին՝ կատարյալ մարդը կարող է պահել իր անարատությունը։ Երկրորդ՝ Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց։ Նրա մահվան շնորհիվ անկատար մարդիկ հնարավորություն ունեն Աստծու առաջ արդար համարվելու և հավիտենական կյանք ստանալու։ Եվ երրորդ՝ Հիսուսը պաշտպանեց Եհովայի գերիշխանությունը և մաքրեց Նրա անունը նախատինքից։

14. Ինչպե՞ս պետք է ապրենք մեր ամեն մի օրը։ Բացատրիր։

14 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Մենք պետք է վճռենք պահել մեր անարատությունը ամեն օր։ Եղբայր Մաքսվել Ֆրենդը, ով Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի դասավանդող էր, միջազգային համաժողովի ժամանակ հավատարմության մասին իր ելույթում ասաց. «Վաղվան մի՛ թող այն, ինչ կարող ես անել կամ ասել այսօր։ Համոզվա՞ծ ես, որ վաղը կենդանի կլինես։ Ամեն օրդ ապրիր այնպես, կարծես դա վերջին հնարավորությունն է փաստելու, որ արժանի ես ապրել հավիտյան»։ Թող ամեն մի օրը այնպես ապրենք, ասես դա մեր անարատությունը պահելու վերջին հնարավորությունն է։ Այդ դեպքում, նույնիսկ մահվան առաջ կանգնած, մենք կկարողանանք ասել. «Եհո՛վա, ես ամեն ինչ արել եմ, որ պահեմ անարատությունս, փաստեմ, որ Սատանան ստախոս է, սրբացնեմ անունդ և արդարացնեմ գերիշխանությունդ»։

«ՔՈ ՁԵՌՔՆ ԵՄ ՀԱՆՁՆՈՒՄ ԻՄ ՈԳԻՆ»

15. Ղուկաս 23։46-ի համաձայն՝ ինչո՞ւմ էր Հիսուսը համոզված։

15 Ի՞նչ ասաց Հիսուսը (կարդա Ղուկաս 23։46Լիակատար վստահությամբ Հիսուսն ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին»։ Հիսուսը գիտեր, որ իր ապագան Եհովայի ձեռքերում է, և համոզված էր, որ Նա հարություն կտա իրեն։

16. Ի՞նչ ենք սովորում 15-ամյա Ջոշուայի օրինակից։

16 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից։ Հավատարիմ մնա Եհովային անգամ մահվան սպառնալիքի ներքո։ Դրա համար կարևոր է, որ «ամբողջ սրտովդ Եհովային ապավինես» (Առակ. 3։5)։ Քննենք 15-ամյա Ջոշուայի օրինակը։ Ջոշուան մահացու հիվանդություն ուներ։ Նա Եհովայի վկա էր, ուստի հրաժարվեց այնպիսի բուժմեթոդներից, որոնք ոտնահարում են Աստծու օրենքը։ Մահից կարճ ժամանակ առաջ նա իր մորն ասաց. «Մա՛մ, ես Եհովայի ձեռքերում եմ։ Լիովին համոզված եմ դրանում։ Գիտեմ, որ նա ինձ անպայման հարություն կտա։ Եհովան տեսել է իմ սիրտը, իսկ այն լի է նրա հանդեպ սիրով»։ Լավ կլինի՝ բոլորս մտածենք հետևյալ հարցի շուրջ. «Եթե հավատի այնպիսի փորձության առաջ կանգնեմ, որի պատճառով գուցե կորցնեմ կյանքս, հավատարիմ կմնա՞մ Եհովային և համոզված կլինե՞մ, որ նա հարություն կտա ինձ»։

17–18. Ի՞նչ սովորեցինք (տես նաև « Ի՞նչ ենք սովորում Հիսուսի վերջին խոսքերից» շրջանակը)։

17 Հիսուսի վերջին խոսքերից շատ արժեքավոր դասեր քաղեցինք։ Օրինակ՝ սովորեցինք, թե որքան կարևոր է ներել ուրիշներին և վստահ լինել, որ Եհովան էլ մեզ կների։ Մենք հիանալի հոգևոր ընտանիք ունենք, որի անդամները միշտ պատրաստ են աջակցել մեզ։ Բայց մենք էլ մեր հերթին չպետք է վարանենք օգնության համար դիմել նրանց։ Բացի այդ՝ իմացանք, որ Եհովան կօգնի մեզ հաղթահարել ցանկացած դժվարություն, և որ շատ կարևոր է ամեն մի օրը ապրել այնպես, ասես դա վերջին հնարավորությունն է փաստելու մեր անարատությունը։ Մենք պետք է նաև համոզված լինենք, որ նույնիսկ եթե մահանանք, Եհովան հարություն կտա մեզ։

18 Իրոք որ, տանջանքի ցցի վրա մահանալիս Հիսուսը արժեքավոր մտքեր ասաց։ Եթե կիրառենք այն դասերը, որ սովորեցինք Հիսուսի վերջին խոսքերից, կհնազանդվենք Եհովայի հետևյալ պատվերին. «Նրա՛ն լսեք» (Մատթ. 17։5

ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

^ պարբ. 5 Համաձայն Մատթեոս 17։5-ի՝ Եհովան ուզում է, որ լսենք իր Որդուն։ Հոդվածից կիմանանք, թե ինչ դասեր կարող ենք քաղել այն խոսքերից, որոնք Հիսուսն ասաց տանջանքի ցցի վրա մահանալիս։

^ պարբ. 5 Հիսուսը չասաց, որ հանցագործը երկինք է գնալու, այլ ասաց, որ վերջինս հարություն է առնելու դրախտ-երկրի վրա։

^ պարբ. 9 Լրացուցիչ տեղեկությունների համար տես այս համարում տպագրված «Ընթերցողների հարցերը»։