Երբ անհանգստացնող մտքերը ճնշում են քեզ
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ կարող է ընկճել մարդու սիրտը (Առակ. 12։25)։ Երբևէ եղե՞լ է այնպես, որ ճկվես մտահոգությունների ծանր բեռի տակ։ Իսկ եղե՞լ է այնպես, որ մտածես՝ էլ ուժ չունես դիմանալու։ Եթե այո, ապա հիշիր, որ դու մենակ չես։ Մեզանից շատերն են ֆիզիկապես, զգացապես և մտային առումով սպառված, քանի որ տարբեր դժվարությունների են բախվում։ Ոմանք խնամում են իրենց ընտանիքի հիվանդ անդամին, մյուսները սիրելի հարազատ են կորցրել կամ բնական աղետի զոհ դարձել։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել անհանգստացնող մտքերի դեմ։ a
Անհանգստացնող մտքերի դեմ պայքարում մեզ կարող է օգնել Դավիթ թագավորի օրինակը։ Նա բազում դժվարին իրավիճակներում է հայտնվել և նույնիսկ մի քանի անգամ կյանքը կորցնելու վտանգի առաջ է կանգնել (1 Սամ. 17։34, 35; 18։10, 11)։ Ինչպե՞ս էր Դավթին հաջողվում պայքարել անհանգստացնող մտքերի դեմ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԴԱՎԹԻՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՄՏՔԵՐԻ ԴԵՄ
Դավիթը երբեմն միաժամանակ մի քանի դժվարության էր բախվում։ Քննենք մի դեպք, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սավուղը հետապնդում էր նրան, որ սպաներ։ Դավիթն ու իր մարդիկ գնացել էին արշավանքի։ Երբ վերադարձան, ցնցվեցին՝ տեսնելով, որ թշնամիները կողոպտել էին իրենց ունեցվածքը, հրի մատնել տները և գերեվարել իրենց ընտանիքներին։ Ի՞նչ արեց Դավիթը։ «[Նա] ու իր հետ եղող ժողովուրդը բարձրացրին իրենց ձայնն ու լաց եղան, մինչև որ նրանց վրա լացելու ուժ այլևս չմնաց»։ Այդ ամենին գումարվեց նաև այն, որ Դավթի ընկերները «ուզում էին քարկոծել նրան» (1 Սամ. 30։1–6)։ Նա միաժամանակ երեք լուրջ դժվարության բախվեց. նրա ընտանիքը վտանգի մեջ էր, ընկերներն ուզում էին սպանել նրան, Սավուղ թագավորն էլ շարունակում էր հետապնդել։ Միայն պատկերացրու, թե որքան էր մտատանջվում Դավիթը։
Տեսնենք, թե նա ինչ քայլեր ձեռնարկեց։ Դավիթն անմիջապես «իր Աստված Եհովայով զորացավ»։ Ինչպե՞ս։ Մենք վստահ ենք, որ նա իր սովորության համաձայն այս դեպքում էլ աղոթեց Եհովային և խորհրդածեց այն մասին, թե ինչպես էր Նա անցյալում օգնել իրեն (1 Սամ. 17։37; Սաղ. 18։2, 6)։ Դավիթը հասկանում էր, որ Եհովայի առաջնորդության կարիքն ունի, ուստի հարցրեց նրան, թե ինչ անի։ Աստծու առաջնորդությունը ստանալուց հետո նա անմիջապես գործի անցավ։ Արդյունքում Եհովան օրհնեց Դավթին ու նրա մարդկանց, և նրանք կարողացան ազատել իրենց ընտանիքի անդամներին ու վերադարձնել իրենց ունեցվածքը (1 Սամ. 30։7–9, 18, 19)։ Նկատեցի՞ր, թե ինչ երեք բան արեց Դավիթը։ Նախ՝ նա աղոթեց Եհովային օգնության համար, հետո՝ խորհրդածեց այն մասին, թե անցյալում ինչպես է Եհովան օգնել իրեն, այնուհետև՝ գործեց Եհովայի առաջնորդության համաձայն։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԴԱՎԹԻՆ
1. Աղոթիր։ Ամեն անգամ, երբ անհանգստացնող մտքերը գլուխ են բարձրացնում, մենք կարող ենք աղոթել Եհովային, որ օգնի մեզ և իմաստություն տա։ Մենք մեծ թեթևություն կզգանք, երբ բավականաչափ ժամանակ տրամադրենք և ամբողջությամբ բացենք մեր սիրտը Եհովայի առաջ։ Կամ մեր մտքում կարճ աղոթենք, եթե մեր հանգամանքները միայն դա են թույլ տալիս։ Ամեն անգամ, երբ դիմում ենք Եհովային օգնության համար, արտահայտում ենք մեր վստահությունը նրա հանդեպ, ինչպես Դավիթը, ով ասաց. «Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը։ Իմ Աստվածը իմ ժայռն է։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ» Սաղ. 18։2)։ Իսկ աղոթքն իսկապե՞ս օգնում է։ Քալիե անունով մի ռահվիրա քույր ասում է. «Աղոթելուց հետո ներսս խաղաղվում է։ Աղոթքն օգնում է ինձ, որ մտածելակերպս ներդաշնակեցնեմ Եհովայի մտածելակերպին, և ավելի շատ վստահեմ նրան»։ Իսկապես որ, աղոթքը հիանալի պարգև է Եհովայից՝ հզոր միջոց անհանգստությունների դեմ պայքարում։
(2. Խորհրդածիր։ Կարո՞ղ ես հիշել այնպիսի փորձություններ, որոնք հաղթահարել ես միմիայն Եհովայի օգնությամբ։ Խորհրդածելով այն մասին, թե ինչպես է Եհովան օգնել մեզ, ինչպես նաև անցյալում ապրած իր հավատարիմ ծառաներին՝ մենք ներքին ուժ ձեռք կբերենք, և կլցվենք նրա հանդեպ մեծ վստահությամբ (Սաղ. 18։17–19)։ Ջոշուա անունով մի երեց ասում է. «Ես գրի եմ առնում իմ այն աղոթքները, որոնց Եհովան պատասխանում է։ Դա օգնում է, որ հիշեմ այն դեպքերը, երբ նրանից կոնկրետ բան եմ խնդրել, և նա տվել է այն, ինչ անհրաժեշտ է եղել ինձ»։ Այո՛, եթե մտածենք, թե ինչեր է Եհովան արել մեզ համար անցյալում, նոր ուժով կլցվենք, որպեսզի շարունակենք պայքարել անհանգստությունների դեմ։
3. Գործի անցիր։ Նախքան կորոշենք, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում, լավ կլինի՝ փնտրտուքներ անենք Աստծու Խոսքում, որպեսզի վստահելի առաջնորդություն գտնենք (Սաղ. 19։7, 11)։ Շատերն են իրենց փորձով համոզվել, որ երբ փնտրտուք են անում որևէ համարի վերաբերյալ, ավելի լավ են հասկանում, թե ինչպես կարող են այն կիրառել իրենց կյանքում։ Ջերեդ անունով մի երեց ասում է. «Փնտրտուք անելը օգնում է, որ տվյալ համարը տարբեր կողմերից լավ ուսումնասիրեմ և հասկանամ, թե ինչ է Եհովան ուզում ասել ինձ։ Այդպիսով այն սրտիս է հասնում և մղում է ինձ, որ վարվեմ Աստծու առաջնորդության համաձայն»։ Երբ փնտրում ենք Եհովայի առաջնորդությունը և վարվում դրա համաձայն, ավելի հեշտ է լինում վերագտնել մեր ուրախությունն ու խաղաղությունը։
ԵՀՈՎԱՆ ԿՕԳՆԻ ՔԵԶ
Դավիթը շատ լավ հասկանում էր, որ անհանգստացնող մտքերի դեմ պայքարում Եհովայի օգնության կարիքն ունի։ Նա այնքան երախտապարտ էր Եհովային նրա ցուցաբերած օգնության համար, որ ասաց. «Իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել»։ Նա նաև ասաց. «Ճշմարիտ Աստվածն է, որ զորությամբ գոտեպնդում է ինձ» (Սաղ. 18։29, 32)։ Մեզ գուցե թվա, թե մեր դժվարությունները անառիկ պարիսպ են։ Բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած պարսպանման դժվարություն։ Այո՛, եթե աղոթենք Եհովային և նրանից օգնություն խնդրենք, խորհրդածենք այն ամենի շուրջ, ինչ նա արել է մեզ համար, և գործենք նրա առաջնորդության համաձայն, կարող ենք համոզված լինել, որ նա կտա մեզ անհրաժեշտ զորությունն ու իմաստությունը, որպեսզի կարողանանք հաջողությամբ պայքարել անհանգստացնող մտքերի դեմ։
a Եթե անհատը սուր տագնապի զգացում ունի, ապա գուցե հարկ լինի դիմել մասնագետի օգնությանը։