ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17
Եհովան կօգնի դիմանալ կյանքի անսպասելի հարվածներին
«Շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից» (ՍԱՂ. 34։19)։
ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ինչո՞ւմ ենք համոզված։
ԼԻՆԵԼՈՎ Եհովայի ծառաները՝ մենք համոզված ենք, որ նա սիրում է մեզ և ուզում է, որ լավագույն կյանքով ապրենք (Հռոմ. 8։35-39)։ Նաև համոզված ենք, որ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը միշտ մեր օգտին է ծառայում (Ես. 48։17, 18)։ Բայց ինչպե՞ս պետք է վարվենք, երբ կյանքում անսպասելի դժվարությունների ենք բախվում։
2. Ի՞նչ խնդիրների գուցե բախվենք, և ի՞նչ հարցեր գուցե ծագեն։
2 Եհովայի բոլոր ծառաներն էլ ինչ-որ խնդիրների են բախվում։ Օրինակ՝ հնարավոր է՝ մեր ընտանիքի անդամը հիասթափեցրել է մեզ, կամ լուրջ առողջական խնդիր ունենք, ինչի պատճառով չենք կարողանում Եհովայի գործում անել այնքան, որքան կուզեինք։ Մեզանից ոմանք էլ թերևս կրում են բնական աղետների բերած սարսափելի հետևանքները։ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք էլ հալածվում են իրենց հավատի համար։ Նման փորձությունների բախվելիս գուցե մտածես. «Ինչո՞ւ են ինձ հետ այսպիսի բաներ պատահում։ Ինչ-որ բան այն չե՞մ արել։ Գուցե կորցրե՞լ եմ Եհովայի հավանությունը»։ Եթե նման զգացումներ ունես, մի՛ վհատվիր։ Եհովային հավատարիմ շատ մարդիկ նույնպես այդպիսի զգացումներ են ունեցել (Սաղ. 22։1, 2; Ամբ. 1։2, 3)։
3. Ի՞նչ ենք սովորում Սաղմոս 34։19-ից։
3 Կարդա Սաղմոս 34։19։ Այս սաղմոսում երկու կարևոր միտք է ընդգծվում՝ 1) արդար մարդիկ խնդիրներ են ունենում, և 2) Եհովան ազատում է մեզ մեր խնդիրներից։ Ինչպե՞ս է նա անում դա։ Օրինակ՝ օգնում է մեզ իրատեսորեն նայել կյանքին։ Թեև Աստված խոստանում է, որ իրեն ծառայելը մեզ ուրախություն կբերի, սակայն չի երաշխավորում, որ հիմա անհոգ կյանք կունենանք (Ես. 66։14)։ Եհովան հորդորում է մեզ կենտրոնանալ ապագայի վրա՝ այն ժամանակների, երբ հավիտյան կապրենք այնպիսի կյանքով, ինչպիսին որ նա ի սկզբանե նախատեսել էր (2 Կորնթ. 4։16-18)։ Բայց մինչ այդ նա ամեն օր աջակցում է մեզ (Ողբ 3։22-24)։
4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Եկեք քննենք անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակները։ Կտեսնենք, որ հնարավոր է՝ նրանց պես մենք էլ բախվենք անսպասելի խնդիրների։ Բայց եթե մեր հույսը Եհովայի վրա դնենք, նա երբեք չի լքի մեզ (Սաղ. 55։22)։ Այդ օրինակները քննելիս ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարձագանքեի նմանատիպ իրավիճակում։ Ինչպե՞ս են այս օրինակները ամրացնում Եհովայի հանդեպ իմ վստահությունը։ Ի՞նչ դասեր եմ քաղում, որոնք կարող եմ կիրառել կյանքում»։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
5. Ի՞նչ դժվարությունների բախվեց Հակոբը Լաբանի պատճառով (տես ամսագրի շապիկի նկարը)։
5 Աստվածաշնչյան ժամանակներում ապրող Աստծու ծառաները անսպասելի դժվարությունների էին բախվում։ Քննենք Հակոբի օրինակը։ Նրա հայրը պատվիրել էր, որ նա Լաբանի աղջիկներից մեկի հետ ամուսնանա։ Լաբանը նրանց ազգականն էր և նույնպես պաշտում էր Եհովային։ Հակոբի հայրը վստահեցրել էր նրան, որ եթե այդպես վարվի, կստանա Եհովայի առատ օրհնությունները (Ծննդ. 28։1-4)։ Հակոբը իր հոր ասածով վարվեց։ Նա դուրս եկավ Քանանից ու ճանապարհ ընկավ դեպի Լաբանի տուն։ Լաբանը երկու դուստր ուներ՝ Լիան և Ռաքելը։ Հակոբը սիրեց Լաբանի փոքր աղջկան՝ Ռաքելին, և համաձայնվեց նրա հետ ամուսնանալու համար յոթ տարի աշխատել նրա հոր մոտ (Ծննդ. 29։18)։ Բայց իրադարձությունները այլ ընթացք ստացան։ Յոթ տարի անց Լաբանը խորամանկության դիմեց և Ռաքելի փոխարեն իր մեծ աղջկան՝ Լիային, տվեց Հակոբին։ Մեկ շաբաթ հետո Լաբանը թույլ տվեց, որ նա ամուսնանա նաև Ռաքելի հետ։ Բայց մի պայմանով. Հակոբը պետք է ևս յոթ տարի ծառայեր իրեն (Ծննդ. 29։25-27)։ Լաբանը անարդար էր նաև Հակոբի հետ գործարքային հարաբերություններում։ 20 տարի շարունակ նա Հակոբի հանդեպ անարդարությամբ էր վարվում (Ծննդ. 31։41, 42)։
6. Ուրիշ ի՞նչ խնդիրների բախվեց Հակոբը։
6 Հակոբի կյանքում այլ խնդիրներ էլ եղան։ Նա մեծ ընտանիք ուներ, բայց նրա որդիները հաճախ լեզու չէին գտնում իրար հետ։ Նրանք նույնիսկ իրենց եղբորը՝ Հովսեփին, վաճառեցին ստրկության։ Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին, խայտառակեցին իրենց ընտանիքը և անարգանք բերեցին Եհովայի անվանը։ Բացի այդ՝ Հակոբի սիրելի կինը՝ Ռաքելը, երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացավ։ Իսկ տարիներ անց սաստիկ սովի պատճառով Հակոբը տարեց հասակում ստիպված եղավ տեղափոխվել Եգիպտոս (Ծննդ. 34։30; 35։16-19; 37։28; 45։9-11, 28)։
7. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ Հակոբն ունի իր հավանությունը։
7 Չնայած այս ամենին՝ Հակոբը երբեք չկորցրեց հավատը Եհովայի և նրա խոստումների հանդեպ։ Եհովան էլ իր հերթին ցույց տվեց, որ Հակոբն ունի իր հավանությունը։ Օրինակ՝ չնայած Լաբանի խարդախություններին՝ Եհովայի օրհնությամբ Հակոբը նյութապես բարգավաճում էր։ Բացի այդ՝ Եհովան այնպես արեց, որ տարիներ անց նա հանդիպի իր որդուն՝ Հովսեփին, ում երկար ժամանակ մեռած էր համարում։ Կարելի է պատկերացնել, թե որքան երախտապարտ էր Հակոբը Եհովային։ Աստծու հետ մտերիմ լինելու շնորհիվ նա կարողացավ հաղթահարել իր դժվարությունները (Ծննդ. 30։43; 32։9, 10; 46։28-30)։ Մենք նույնպես կարող ենք դիմանալ կյանքի անսպասելի հարվածներին, եթե մտերիմ մնանք Եհովայի հետ։
8. Ի՞նչ անելու հույս ուներ Դավիթ թագավորը։
8 Եհովային ծառայելու հարցում Դավիթ թագավորը չկարողացավ անել այն ամենը, ինչ ուզում էր։ Օրինակ՝ նա մեծ ցանկություն ուներ Աստծու համար տաճար կառուցելու և այդ մասին հայտնեց Նաթան մարգարեին։ Ի պատասխան՝ Նաթանն ասաց. «Ինչ որ սրտումդ կա, արա, որովհետև ճշմարիտ Աստվածը քեզ հետ է» (1 Տար. 17։1, 2)։ Անկասկած, այս խոսքերը ոգևորեցին Դավթին։ Թերևս նա անմիջապես սկսեց պատրաստվել այդ շինարարական մեծ նախագծին։
9. Դավիթն ինչպե՞ս արձագանքեց վհատեցնող լուրին։
9 Շուտով, սակայն, Եհովայի մարգարեն վերադարձավ և մի վհատեցնող լուր հայտնեց։ «Հենց այդ գիշեր» Եհովան Նաթանին ասել էր, որ Դավթի փոխարեն նրա որդիներից մեկն է կառուցելու տաճարը (1 Տար. 17։3, 4, 11, 12)։ Դավիթն ինչպե՞ս արձագանքեց այդ լուրին։ Նա փոխեց իր ծրագրերը և սկսեց միջոցներ և շինանյութ կուտակել, որոնք պետք կգային իր որդի Սողոմոնին այդ նախագիծն իրագործելու համար (1 Տար. 29։1-5)։
10. Եհովան ինչպե՞ս օրհնեց Դավթին։
10 Տաճարի մասին լուրը Դավթին հայտնելուց անմիջապես հետո Եհովան ուխտ կապեց նրա հետ։ Նա խոստացավ, որ Դավթի սերնդից մեկը իշխելու է հավիտյան (2 Սամ. 7։16)։ Պատկերացրու, թե նոր աշխարհում՝ Հազարամյա իշխանության ներքո, որքան ուրախ կլինի Դավիթը՝ իմանալով, որ իշխող Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, իր սերնդից է։ Այս պատմությունից տեսնում ենք, որ հնարավոր է՝ Եհովային ծառայելու հարցում չկարողանանք անել այն ամենը, ինչ նպատակադրել ենք։ Բայց կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ համար այլ օրհնություններ ունի պահած, որոնք մեր մտքով անգամ չեն անցնում։
11. Առաջին դարի քրիստոնյաները ի՞նչ օրհնություններ ստացան, թեև Թագավորությունը չեկավ այն ժամանակ, երբ նրանք էին ակնկալում (Գործեր 6։7)։
11 Առաջին դարի քրիստոնյաները նույնպես բախվում էին անսպասելի դժվարությունների։ Օրինակ՝ նրանք անհամբերությամբ սպասում էին Աստծու Թագավորությանը, բայց չգիտեին թե երբ է այն գալու (Գործ. 1։6, 7)։ Ինչպե՞ս վարվեցին այդ քրիստոնյաները։ Նրանք շարունակեցին ակտիվորեն մասնակցել քարոզչական գործին։ Բարի լուրը տարածվում էր, և նրանք տեսնում էին, թե ինչպես է Եհովան օրհնում իրենց ջանքերը (կարդա Գործեր 6։7)։
12. Ինչպե՞ս վարվեցին առաջին դարի քրիստոնյաները, երբ սով սկսվեց։
12 Առաջին դարում «ամբողջ երկրի վրա» սով սկսվեց (Գործ. 11։28)։ Դրանից անմասն չմնացին նաև քրիստոնյաները։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ դժվարությունների միջով նրանք անցան։ Անկասկած, ընտանիքի գլուխներն անհանգստացած էին, թե ինչպես են հոգալու իրենց ընտանիքի կարիքները։ Իսկ ի՞նչ ազդեցություն դա ունեցավ այն երիտասարդների վրա, որոնք պլանավորում էին ընդլայնել իրենց ծառայությունը։ Գուցե նրանք մտածում էին, որ պետք է հետաձգեն իրենց նպատակները։ Անկախ հանգամանքներից՝ քրիստոնյաները հարմարվեցին իրավիճակին։ Նրանք շարունակեցին քարոզչական գործում լավագույնն անել և իրենց ունեցած նյութական միջոցներից բաժին հանել Հրեաստանում ապրող հավատակիցներին (Գործ. 11։29, 30)։
13. Ի՞նչ օրհնություններ ստացան առաջին դարի քրիստոնյաները սովի ժամանակ։
13 Իսկ ի՞նչ օրհնություններ ունեցան քրիստոնյաները սովի ժամանակներում։ Նրանք, ովքեր նյութական օգնություն ստացան, անձամբ համոզվեցին, որ Եհովան օրհնում է իրենց (Մատթ. 6։31-33)։ Հավանաբար, նրանք ավելի մտերմացան իրենց աջակցող հավատակիցների հետ։ Իսկ նրանք, ովքեր նվիրաբերություններ էին անում կամ մասնակցում էին օգնություն տրամադրելու գործին, զգացին այն ուրախությունը, որ գալիս է տալուց (Գործ. 20։35)։ Եհովան օրհնում էր բոլոր նրանց, ովքեր հարմարվում էին ստեղծված հանգամանքներին։
14. Ի՞նչ պատահեց Պողոս առաքյալին ու Բառնաբասին, և ի՞նչ եղավ արդյունքում (Գործեր 14։21, 22)։
14 Առաջին դարի քրիստոնյաները նաև հալածանքների էին բախվում և երբեմն շատ անսպասելի ձևով։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Պողոս առաքյալի և Բառնաբասի հետ, երբ նրանք քարոզում էին Լյուստրայում։ Սկզբում նրանց ջերմորեն ընդունեցին և լսեցին։ Բայց հետո հակառակորդները «համոզեցին ժողովրդին», և հենց այն նույն մարդիկ, ովքեր քիչ առաջ լսում էին բարի լուրը, քարկոծեցին Պողոսին ու թողեցին, որ մեռնի (Գործ. 14։19)։ Սակայն Բառնաբասն ու Պողոսը շարունակեցին քարոզել այլ վայրերում։ Իսկ ի՞նչ եղավ արդյունքում։ Նրանք «շատերին աշակերտ դարձրին» և իրենց խոսքով ու օրինակով զորացրին հավատակիցներին (կարդա Գործեր 14։21, 22)։ Շատերը քաջալերվեցին՝ տեսնելով, որ Պողոսն ու Բառնաբասը անսպասելի փորձության միջով անցնելիս չեն հանձնվում։ Եհովան մեզ էլ կօրհնի, եթե չհանձնվենք և շարունակենք կատարել այն գործը, որ նա հանձնարարել է մեզ։
ՄԵՐ ՕՐԵՐ
15. Ի՞նչ ենք սովորում եղբայր Մակմիլանի օրինակից։
15 1914 թ.-ին նախորդող տարիներին Եհովայի ժողովուրդը մեծ ակնկալիքներ ուներ։ Քննենք եղբայր Մակմիլանի օրինակը։ Շատ եղբայրների նման նա նույնպես հույս ուներ, որ շուտով կստանա իր երկնային վարձատրությունը։ 1914 թ. սեպտեմբերին ներկայացրած իր ելույթում նա ասաց. «Հավանաբար սա իմ վերջին ելույթն է»։ Բայց դա այդպես չէր։ Հետագայում եղբայրը գրեց. «Մեզնից ոմանք թերևս մի փոքր շտապել են՝ մտածելով, որ հեթանոսների ժամանակները լրանալուն պես՝ մենք գնալու ենք երկինք»։ Նա նաև ավելացրել է. «Միակ բանը, որ ակնկալվում է մեզնից, Տիրոջ ծառայության մեջ զբաղված լինելն է»։ Եղբայր Մակմիլանը հենց այդպես էլ վարվել է։ Նա նախանձախնդրորեն քարոզում էր, նաև քաջալերում էր այն եղբայրներին, ովքեր չեզոքության համար ազատազրկված էին։ Նույնիսկ տարեց հասակում նա հավատարմորեն հաճախում էր ժողովի հանդիպումներին։ Իսկ ի՞նչ օգուտներ է ստացել եղբայր Մակմիլանը՝ արդյունավետորեն օգտագործելով իր ժամանակը, մինչ սպասում էր վարձատրությանը։ 1966 թ.-ին՝ իր մահից կարճ ժամանակ առաջ, նա գրել է. «Այս ընթացքում իմ հավատը երբեք չի թուլացել»։ Նրա տրամադրվածությունը իրոք որ ընդօրինակման է արժանի, հատկապես եթե դժվարությունները մեր ակնկալածից ավելի երկար են տևում (Եբր. 13։7)։
16. Ի՞նչ անսպասելի դժվարության բախվեցին եղբայր Հերբերտ Ջենինգսն ու նրա կինը (Հակոբոս 4։14)։
16 Եհովայի ծառաներից շատերն էլ անսպասելի առողջական խնդիրներ են ունենում։ Օրինակ՝ եղբայր Հերբերտ Ջենինգսը իր կենսագրության մեջ պատմում է, որ նա և իր կինը վայելում էին իրենց միսիոներական նշանակումը Գանայում։ b Սակայն որոշ ժամանակ հետո նրա մոտ հայտնաբերեցին տրամադրության լուրջ խանգարում։ Մեջբերում անելով Հակոբոս 4։14-ից՝ եղբայր Ջենինգսը իր իրավիճակն անվանում է՝ ««վաղը», որին չէինք սպասում» (կարդա)։ Նա գրել է. «Հասկանալով, թե ինչ իրականության առջև ենք կանգնած.... թողեցինք Գանան ու մեր մտերիմ ընկերներին և տեղափոխվեցինք Կանադա»։ Եհովան օգնեց եղբայր Ջենինգսին և նրա կնոջը, որ չնայած դժվարություններին՝ շարունակեն հավատարմորեն ծառայել իրեն։
17. Եղբայր Ջենինգսի օրինակը ինչպե՞ս է օգնել նրա հավատակիցներին։
17 Եղբայր Ջենինգսի անկեղծ պատմությունը մեծ ազդեցություն է ունեցել նրա հավատակիցների վրա։ Մի քույր գրել է. «Ուրիշ ոչ մի հոդված այնպես չէր հուզել ինձ, ինչպես այդ մեկը.... Կարդալով, որ եղբայր Ջենինգսը ստիպված եղավ թողնել իր նշանակումը, որպեսզի հոգա առողջության մասին՝ ես կարողացա իմ իրավիճակին հավասարակշռված ձևով նայել»։ Իսկ մի եղբայր գրել է. «Տասը տարի ժողովում որպես երեց ծառայելուց հետո մտային հիվանդության պատճառով ստիպված էի թողնել այդ առանձնաշնորհումը։ Թերարժեքության զգացումն այնքան էր համակել ինձ, որ շատ դժվար էր ընթերցել պարբերագրերում տպագրվող կենսագրությունները.... Սակայն եղբայր Ջենինգսի հաստատակամությունը թևեր տվեց ինձ»։ Եղբոր օրինակը սովորեցնում է մեզ, որ ուրիշների համար կարող է քաջալերական լինել այն, որ մենք դիմանում ենք անսպասելի փորձություններին։ Անգամ եթե կյանքը տհաճ անակնկալներ է մատուցում մեզ, մենք կարող ենք ուրիշների համար հավատի և դիմացկունության օրինակ լինել (1 Պետ. 5։9)։
18. Նայելով նկարին՝ ի՞նչ ես սովորում Նիգերիայում ապրող այրու օրինակից։
18 Եհովայի ծառաները ապահովագրված չեն աղետներից, ինչպիսին COVID-19-ը համավարակն է։ Օրինակ՝ Նիգերիայում ապրող մի այրի քույր շատ քիչ նյութական միջոցներ ուներ։ Մի առավոտ, երբ նա պատրաստեց իրենց վերջին բաժակ բրինձը, նրա աղջիկը հարցրեց, թե ինչ են ուտելու դրանից հետո։ Քույրը պատասխանեց, որ իրենք այլևս փող և ուտելիք չունեն, բայց պետք է ընդօրինակեն սարեփթացի այրուն, որը պատրաստեց իրենց վերջին ուտելիքը և ամբողջությամբ հույսը դրեց Եհովայի վրա (1 Թագ. 17։8-16)։ Հետաքրքիր է, որ նրանք դեռ չէին հասցրել մտածել, թե ինչ են ուտելու այդ օրը ճաշին, երբ հավատակիցները նրանց համար մի տոպրակ մթերք բերեցին։ Դրա մեջ այնքան ուտելիք կար, որ երկու շաբաթից ավել կհերիքեր նրանց։ Քույրը նշում է, որ չէր էլ կարող պատկերացնել, որ Եհովան լսում է, թե ինքն ինչ է ասում իր աղջկան։ Իրոք որ, երբ ապավինում ենք Եհովային, կյանքի անսպասելի իրավիճակները կարող են մեզ ավելի մտերմացնել նրա հետ (1 Պետ. 5։6, 7)։
19. Ի՞նչ հակառակության բախվեց եղբայր Ալեքսեյ Երշովը։
19 Վերջին տարիներին մեր եղբայրներից ու քույրերից շատերն են բախվել անսպասելի հալածանքի։ Քննենք Ալեքսեյ Երշովի օրինակը, ով ապրում է Ռուսաստանում։ Երբ 1994 թ.-ին եղբայր Երշովը մկրտվեց, այդ տարածաշրջանում Եհովայի ժողովուրդը իր գործունեությունը ծավալելու որոշակի ազատություն ուներ։ Տարիներ անց, սակայն, Ռուսաստանում իրավիճակը փոխվեց։ 2020 թ.-ին իրավապահ մարմինները ներխուժեցին եղբայր Երշովի տուն և նրան պատկանող շատ իրեր առգրավեցին։ Մի քանի ամիս անց նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Եվ ցավալին այն է, որ մեղադրանքը հիմնված էր այն տեսանյութերի վրա, որոնք նկարահանել էր մի անհատ, ով մեկ տարուց ավելի ձևացրել էր, թե Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Ինչպիսի՜ դավաճանություն։
20. Եղբայր Երշովը ինչպե՞ս ավելի մտերմացավ Եհովայի հետ։
20 Իսկ եղբայր Երշովի փորձությունները որևէ լավ բանի նպաստեցի՞ն։ Այո՛։ Նա ավելի մտերմացավ Եհովայի հետ։ Եղբայրն ասում է. «Ես ու կինս սկսել ենք ավելի հաճախ աղոթել։ Հասկանում եմ, որ առանց Եհովայի օգնության՝ չէի կարող դիմանալ այս փորձությանը»։ Այնուհետև նա ավելացնում է. «Անձնական ուսումնասիրությունն օգնում է ինձ հաղթահարել վհատությունը։ Մտածում եմ անցյալում ապրած հավատարիմների մասին։ Աստվածաշնչում շատ դեպքեր կան, որոնք ընդգծում են հանդարտ մնալու և Եհովային վստահելու կարևորությունը»։
21. Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։
21 Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։ Կյանքն այս աշխարհում լի է անսպասելի իրավիճակներով։ Բայց Եհովան միշտ օգնում է իր այն ծառաներին, ովքեր վստահում են իրեն։ Ինչպես գրված է բնաբանում, «շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից» (Սաղ. 34։19)։ Եկեք կենտրոնանանք ոչ թե մեր դժվարությունների վրա, այլ այն բանի, որ Եհովան միշտ աջակցում է մեզ։ Եթե այդպես վարվենք, Պողոս առաքյալի նման կարող ենք ասել. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։
ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ
a Թեև մեր կյանքը լի է անսպասելի դժվարություններով, սակայն կարող ենք համոզված լինել, որ Եհովան կաջակցի մեզ։ Ինչպե՞ս է նա օգնել իր հավատարիմ ծառաներին անցյալում։ Իսկ ինչպե՞ս է նա օգնում մեզ այսօր։ Եհովան աջակցում է իրեն հուսացողներին։ Դրանում կհամոզվենք՝ քննելով անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակները։
b Տես «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 1-ի համարը (էջ 24-28)։