Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

Սովորենք Հիսուսի հրաշքներից

Սովորենք Հիսուսի հրաշքներից

«Նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով» (ԳՈՐԾ. 10։38

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Նկարագրիր, թե ինչ իրավիճակում Հիսուսը գործեց իր առաջին հրաշքը։

 ՔՍԱՆԻՆԸ թվականի աշունն էր՝ Հիսուսի ծառայության սկիզբը։ Նա իր մոր՝ Մարիամի և մի քանի աշակերտների հետ հրավիրված էր հարսանեկան խնջույքի Կանայում, որը նրա ծննդավայր Նազարեթից հյուսիս գտնվող մի գյուղ էր։ Մարիամը մտերիմ էր այդ ընտանիքի հետ և, ըստ երևույթին, նրանց օգնում էր հյուրերին հոգ տանելու հարցում։ Այնպես եղավ, որ խնջույքի ընթացքում գինին վերջացավ։ Հավանաբար, հյուրերը սպասվածից շատ էին։ Դա, ինչ խոսք, անհարմար դրության մեջ կդներ այդ ընտանիքին և երիտասարդ զույգին։ b Ուստի Մարիամն անմիջապես դիմեց իր որդուն՝ ասելով. «Գինի չունեն» (Հովհ. 2։1-3)։ Հիսուսը մի արտասովոր բան արեց։ Նա հրաշքով ջուրը վերածեց «լավ գինու» (Հովհ. 2։9, 10

2-3. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը օգտագործում հրաշքներ գործելու իր զորությունը։ բ) Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ ուսումնասիրելով Հիսուսի հրաշքները։

2 Իր ծառայության ընթացքում Հիսուսը շատ այլ հրաշքներ էլ գործեց։ c Հրաշքներ անելու իր զորությունը նա օգտագործում էր տասնյակ հազարավորների օգնելու համար։ Օրինակ՝ մի առիթով Հիսուսը 5 000 տղամարդու կերակրեց։ Մեկ այլ առիթով՝ 4 000 տղամարդու։ Բայց եթե հաշվի առնենք, որ այդ դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ ներկա էին նաև կանայք ու երեխաներ, ապա ընդհանուր հաշվով ավելի քան 27 000 մարդ կերակրվեց (Մատթ. 14։15-21; 15։32-38)։ Այդ երկու հրաշքների ընթացքում Հիսուսը նաև բուժեց շատերին (Մատթ. 14։14; 15։30, 31)։ Միայն պատկերացրու, թե որքան տպավորված էին հրաշքով բուժված ու կերակրված մարդիկ։

3 Հիսուսի հրաշքներից շատ դասեր կարող ենք սովորել։ Հոդվածում կքննենք դրանցից մի քանիսը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսի դրսևորած խոնարհությունն ու կարեկցանքը։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ

4. Ուսումնասիրելով Հիսուսի հրաշքները՝ ո՞ւմ ենք ավելի լավ ճանաչում։

4 Հիսուսի հրաշքներն ուսումնասիրելով՝ մենք ոչ միայն նրան ենք ավելի լավ ճանաչում, այլև Եհովային։ Չէ՞ որ Եհովան է Հիսուսին հրաշքներ գործելու զորությամբ օժտել։ Գործեր 10։38-ում կարդում ենք. «Աստված օծեց նրան [Հիսուսին] սուրբ ոգով ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով նրանց, ովքեր հարստահարված էին Բանսարկուի կողմից, որովհետև Աստված նրա հետ էր»։ Հիշենք, որ Հիսուսի բոլոր խոսքերի ու գործերի, այդ թվում՝ նրա կատարած հրաշքների մեջ կատարելապես արտացոլված էին նրա Հոր մտածելակերպն ու զգացմունքները (Հովհ. 14։9)։ Տեսնենք, թե ինչ երեք դաս կարող ենք սովորել Հիսուսի կատարած հրաշքներից։

5. Ի՞նչն էր մղում Հիսուսին, որ հրաշքներ գործի (Մատթեոս 20։30-34

5 Առաջին՝ Հիսուսն ու նրա Հայրը մեզ անչափ սիրում են։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ցույց տվեց, թե որքան շատ է սիրում մարդկանց։ Նա օգտագործում էր հրաշքներ գործելու իր զորությունը նրանց տառապանքը թեթևացնելու համար։ Մի անգամ երկու կույր մարդ օգնություն խնդրեցին նրանից (կարդա Մատթեոս 20։30-34)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը «խղճահարվեց», այնուհետև բուժեց նրանց։ Այստեղ «խղճահարվել» թարգմանված հունարեն բառը ցույց է տալիս, որ Հիսուսը խոր ցավ է ապրել՝ տեսնելով նրանց տառապանքը։ Սիրուց բխող այդ կարեկցանքը նաև մղեց Հիսուսին կերակրել քաղցածներին և բուժել մի բորոտ մարդու (Մատթ. 15։32; Մարկ. 1։41)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը և նրա Հայրը, ով «խոր կարեկցանքի» Աստված է, մեզ անչափ սիրում են և մեր տառապանքները տեսնելով՝ ցավ են զգում (Ղուկ. 1։78; 1 Պետ. 5։7)։ Նրանք մեծ ցանկություն ունեն վերացնելու այն ամենը, ինչը տառապանք է պատճառում մարդկանց։

6. Ի՞նչ զորությամբ է Աստված օժտել Հիսուսին։

6 Երկրորդ՝ Եհովան Հիսուսին օժտել է մարդկանց բոլոր խնդիրները լուծելու զորությամբ։ Հրաշքների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ զորություն ունի լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք մարդիկ սեփական ուժերով չեն կարող լուծել։ Օրինակ՝ նա ի զորու է վերացնել մարդկության խնդիրների արմատը՝ ժառանգած մեղքն ու դրա հետևանքները, այդ թվում՝ հիվանդություններն ու մահը (Մատթ. 9։1-6; Հռոմ. 5։12, 18, 19)։ Հիսուսի հրաշքները փաստում են, որ նա կարող է բուժել «ամեն տեսակ» հիվանդություն և նույնիսկ հարություն տալ մահացածներին (Մատթ. 4։23; Հովհ. 11։43, 44)։ Նա նաև զորություն ունի հանդարտեցնելու կատաղի փոթորիկները և ազատելու մարդկանց չար ոգիներից (Մարկ. 4։37-39; Ղուկ. 8։2)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան իր Որդուն այդքան մեծ զորությամբ է օժտել։

7-8. ա) Հիսուսի հրաշքները ինչո՞ւմ են մեզ վստահեցնում։ բ) Ո՞ր հրաշքին ես անհամբերությամբ սպասում։

7 Երրորդ՝ կարող ենք համոզված լինել, որ Աստծու Թագավորության ներքո ապագայի վերաբերյալ նրա տված խոստումները կիրականանան։ Հիսուսի կատարած հրաշքներից իմանում ենք, թե նա ինչ է անելու ապագայում ավելի մեծ մասշտաբով որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Մի պահ մտածիր, թե ինչ է մեզ սպասում Քրիստոսի ղեկավարության ներքո։ Նա կվերացնի ցանկացած հիվանդություն և արատ, որոնց պատճառով տառապում ենք, և մենք կատարյալ առողջություն կունենանք (Ես. 33։24; 35։5, 6; Հայտն. 21։3, 4)։ Մենք երբեք սովի չենք մատնվի և չենք տառապի բնական աղետների բերած սարսափելի հետևանքներից (Ես. 25։6; Մարկ. 4։41)։ Հարության ժամանակ մենք ցնծությամբ կդիմավորենք մեր մահացած հարազատներին (Հովհ. 5։28, 29)։ Այս հրաշքներից ո՞ր մեկին ես անհամբերությամբ սպասում։

8 Հրաշքներ գործելիս Հիսուսը նաև խոնարհություն և կարեկցանք էր դրսևորում, հատկություններ, որոնք ընդօրինակման են արժանի։ Ուշադրություն դարձնենք նրա գործած հրաշքներից երկուսին։ Նախ քննենք Կանայի հարսանեկան խնջույքի մասին արձանագրությունը։

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԴԱՍ

9. Հիսուսն ի՞նչ արեց հարսանեկան խնջույքի ժամանակ (Հովհաննես 2։6-10

9 Կարդա Հովհաննես 2։6-10։ Երբ հարսանեկան խնջույքի ժամանակ գինին վերջացավ, արդյո՞ք Հիսուսը պարտավոր էր ինչ-որ բան անել։ Ո՛չ։ Չկար որևէ մարգարեություն, ըստ որի՝ Մեսիան պետք է հրաշքով ջուրը գինի դարձներ։ Բայց պատկերացրու, թե ինչ կզգայիր դու, եթե քո հարսանիքի ժամանակ խմիչքը վերջանար։ Հավանաբար, Հիսուսը խղճաց այդ ընտանիքին, հատկապես հարսին ու փեսային, և ցանկացավ հանել նրանց անհարմար իրավիճակից։ Ուստի նա հրաշք գործեց և մոտ 390 լիտր (103 գալոն) ջուրը վերածեց ընտիր գինու։ Թերևս Հիսուսը մտածում էր, որ ավելացած գինին կարող էին հետո օգտագործել, կամ վաճառել և որոշ ֆինանսական հարցեր լուծել։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ծանր բեռ ընկավ նորապսակ զույգի ուսերից։

Ընդօրինակելով Հիսուսին՝ մի՛ պարծեցիր քո ձեռքբերումներով (տես պարբերություն 10-11) e

10. Ի՞նչ կարևոր մանրամասներ են նշված Հովհաննես 2-րդ գլխում (տես նաև նկարը)։

10 Ուշադրություն դարձնենք Հովհաննես 2-րդ գլխում արձանագրված որոշ կարևոր մանրամասների։ Արդյո՞ք քարե կարասների մեջ Հիսուսն անձամբ ջուր լցրեց։ Ո՛չ։ Իր վրա ուշադրություն հրավիրելու փոխարեն նա ծառաներին պատվիրեց դա անել (6-րդ և 7-րդ համարներ)։ Իսկ ջուրը գինի դարձնելուց հետո նա ոչ թե անձամբ այն առաջարկեց խնջույքը կազմակերպողին, այլ ծառաներին ասաց, որ անեն դա (8-րդ համար)։ Բացի այդ՝ Հիսուսը չվերցրեց մի գավաթ գինի և հյուրերի առաջ պարծենալով չասաց. «Խմե՛ք ու տեսե՛ք, թե հենց նոր ինչ գինի պատրաստեցի»։

11. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի գործած հրաշքի մասին պատմությունից։

11 Հիսուսի գործած այս հրաշքի մասին պատմությունից խոնարհություն ենք սովորում։ Հիսուսը չպարծեցավ իր գործած հրաշքով։ Իրականում նա երբեք չէր պարծենում իր ձեռքբերումներով։ Ընդհակառակը՝ Հիսուսը խոնարհ էր և միշտ փառքն ու պատիվը իր Հորն էր ուղղում (Հովհ. 5։19, 30; 8։28)։ Ընդօրինակելով նրան և մեր անձի հանդեպ համեստ տեսակետ ունենալով՝ մենք չպետք է պարծենանք մեր հաջողություններով։ Անկախ նրանից, թե ինչ ենք անում Եհովայի համար՝ եկեք պարծենանք ոչ թե ինքներս մեզանով, այլ մեր հրաշալի Աստված Եհովայով, որին պատիվ ունենք ծառայելու (Երեմ. 9։23, 24)։ Եկեք փառքը միշտ Եհովային ուղղենք։ Չէ՞ որ ամեն լավ բան, որ կարողանում ենք անել, նրա շնորհիվ է (1 Կորնթ. 1։26-31

12. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։ Բեր օրինակ։

12 Տեսնենք, թե ուրիշ ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։ Պատկերացնենք մի իրավիճակ։ Երեցը շատ ժամանակ է տրամադրում, որպեսզի օգնի երիտասարդ ծառայող օգնականին պատրաստել իր առաջին հանրային ելույթը։ Արդյունքում եղբայրը քաջալերական ելույթ է ներկայացնում, և ժողովը շատ է հավանում այն։ Հանդիպումից հետո մեկը մոտենում է երեցին և ասում. «Ի՜նչ լավ ելույթ ներկայացրեց եղբայրը, չէ՞»։ Այդ իրավիճակում մի՞թե տեղին կլինի, որ երեցն ասի. «Այո՛, բայց ես շատ ժամանակ եմ ծախսել նրան օգնելու համար»։ Թե՞ ավելի ճիշտ կլինի, որ խոնարհաբար ասի. «Իրո՛ք, նա հրաշալի ելույթ ներկայացրեց։ Շատ ապրի»։ Եթե խոնարհ ենք, մեր արած լավ բաների մասին չենք ազդարարի։ Մեզ ուրախություն կպատճառի այն, որ Եհովան տեսնում ու գնահատում է մեր արածը (համեմատիր Մատթեոս 6։2-4; Եբր. 13։16)։ Կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի խոնարհությունն ընդօրինակելով՝ ուրախացնում ենք Եհովային (1 Պետ. 5։6

ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ԴԱՍ

13. Ի՞նչ տեսավ Հիսուսը Նային քաղաքի մոտակայքում և ի՞նչ արեց (Ղուկաս 7։11-15

13 Կարդա Ղուկաս 7։11-15։ Հիշենք նաև այն դեպքը, որը տեղի է ունեցել Հիսուսի ծառայության կեսերին։ Նա գնացել էր Գալիլեայի Նային քաղաք, որը Սունամի մոտակայքում էր գտնվում։ Ինչպես գիտենք, մոտ 900 տարի առաջ այդ վայրում Եղիսեն հարություն էր տվել սունամացի կնոջ որդուն (2 Թագ. 4։32-37)։ Մոտենալով դարպասին՝ Հիսուսը հանդիպեց քաղաքից դուրս եկող մի թաղման թափորի։ Տեսարանը հատկապես ողբերգական էր, քանի որ մի այրի կին իր միակ զավակին էր կորցրել։ Սգացող մայրը մենակ չէր. նրա հետ քաղաքից մի մեծ ամբոխ էր գալիս։ Հիսուսը ընդհատեց արարողությունը և սգացող մոր համար մի անմոռանալի բան արեց. նա հարություն տվեց նրա որդուն։ Սա Հիսուսի կատարած հարության երեք դեպքերից առաջինն է, որն արձանագրվել է Ավետարաններում։

Ընդօրինակելով Հիսուսին՝ նախաձեռնություն վերցրու և կարեկցանք դրսևորիր սգացողների հանդեպ (տես պարբերություն 14-16)

14. Ի՞նչ կարևոր մանրամասներ են նշված Ղուկաս 7-րդ գլխում (տես նաև նկարը)։

14 Ուշադրություն դարձնենք Ղուկաս 7-րդ գլխում արձանագրված որոշ կարևոր մանրամասների։ Նկատեցի՞ր, որ Հիսուսը մղվեց «խղճալու» ողբացող կնոջը, երբ «տեսավ» նրան (13-րդ համար)։ Տեսնելով, թե ինչպես է մայրը ողբալով քայլում որդու անկենդան մարմնի կողքով՝ Հիսուսը կարեկցանքով լցվեց նրա հանդեպ։ Նա ոչ թե պարզապես խղճաց այրի կնոջը, այլև կարեկցանք դրսևորեց։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մեղմ տոնով նա դիմեց նրան ու ասաց. «Լաց մի՛ եղիր»։ Հետո Հիսուսը գործի անցավ։ Նա կենդանացրեց մահացած տղային և «նրան իր մորը տվեց» (14-րդ և 15-րդ համարներ

15. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի գործած հրաշքից։

15 Այրի կնոջ որդուն հարություն տալու մասին պատմությունից սովորում ենք սգացող մարդկանց հանդեպ կարեկցանք դրսևորել։ Իհարկե, մենք չենք կարող հարություն տալ մահացածներին, ինչպես Հիսուսն արեց։ Բայց եթե նրա նման ուշադիր լինենք, ավելի շատ կկարողանանք կարեկցել սգավորներին։ Օրինակ՝ կարող ենք նախաձեռնություն վերցնել, որպեսզի խոսքով և գործով օգնենք ու մխիթարենք նրանց (Առակ. 17։17; 2 Կորնթ. 1։3, 4; 1 Պետ. 3։8 d Նույնիսկ պարզ խոսքերն ու նրանց համար արված փոքր բաները կարող են շատ մխիթարական լինել։

16. Նայելով նկարին՝ ի՞նչ ենք սովորում երեխային կորցրած մոր հետ տեղի ունեցածից։

16 Ուշադրություն դարձնենք տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի։ Մի քույր ժողովում երգի ժամանակ նկատեց, որ քույրերից մեկը արտասվում է։ Երգը հարության հույսի մասին էր, իսկ այդ քույրը նոր էր կորցրել իր աղջկան։ Տեսնելով դա՝ քույրն անմիջապես մոտեցավ վշտացած մորը, ձեռքը գցեց նրա ուսին, և նրանք շարունակեցին միասին երգել։ Հետագայում դստերը կորցրած քույրն ասել է. «Այդ պահին սիրով լցվեցի եղբայրներիս ու քույրերիս հանդեպ»։ Նա շատ ուրախ էր, որ այդ օրը եկել էր ժողովի հանդիպման։ Քույրը նշում է. «Ահա թե որտեղ ենք մենք ուժ ստանում՝ Թագավորության սրահում»։ Կարող ենք համոզված լինել, որ Եհովան նկատում և գնահատում է նույնիսկ այն փոքր բաները, որ անում ենք «ոգով փշրվածների» հանդեպ կարեկցանք դրսևորելու համար (Սաղ. 34։18

ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

17. Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։

17 Հիսուսի հրաշքների մասին Ավետարանների արձանագրություններն ուսումնասիրելը շատ քաջալերական կարող է լինել։ Դրանցից սովորում ենք, որ Եհովան ու Հիսուսը անչափ սիրում են մեզ, և որ Հիսուսը մարդկանց բոլոր խնդիրները լուծելու զորություն ունի։ Բացի այդ՝ իմանում ենք, որ ապագայի վերաբերյալ այն բոլոր խոստումները, որոնք իրագործվելու են Թագավորության միջոցով, սարերի հետևում չեն։ Այս արձանագրություններն ուսումնասիրելը կօգնի, որ խորհրդածենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսի հատկությունները։ Օգտակար կլինի նաև անձնական ուսումասիրության կամ ընտանեկան երկրպագության ժամանակ քննել Հիսուսի կատարած մյուս հրաշքները։ Դա անելիս ուշադրություն դարձրու, թե ինչ օգուտներ կարող ես քաղել դրանցից, և սովորածիդ մասին պատմիր ուրիշներին։ Եթե այդպես վարվես, ուրիշների հետ քաջալերական զրույցներ վարելու նյութ կունենաս (Հռոմ. 1։11, 12

18. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Իր ծառայության վերջին շրջանում Հիսուսը ևս մի հրաշք գործեց։ Դա նրա կատարած երեք հարության դեպքերից վերջինն էր, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Սակայն հարության այս դեպքը տարբերվում էր մյուսներից։ Այս անգամ Հիսուսը հարություն տվեց իր սիրելի ընկերոջը և դա արեց ոչ սովորական հանգամանքներում։ Ի՞նչ կարող ենք սովորել այս հրաշքի վերաբերյալ Ավետարանների արձանագրությունից և ինչպե՞ս կարող ենք ամրացնել հարության հանդեպ մեր հույսը։ Այս հարցերի պատասխանները կգտնենք հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 20 Քո թանկագին Որդուն տվեցիր

a Նա հանդարտեցրեց փոթորիկը, բուժեց հիվանդներին և հարություն տվեց մահացածներին։ Հիսուսի հրաշքների մասին կարդալն անգամ շատ տպավորիչ է։ Այդ հրաշքների մասին արձանագրությունները պարզապես հետաքրքրաշարժ պատմություններ չեն։ Դրանք կարևոր դասեր են պարունակում։ Ուսումնասիրելով այդ արձանագրությունները՝ մենք Եհովայի և Հիսուսի մասին հավատ զորացնող ճշմարտություններ ենք սովորում, ինչպես նաև տեսնում ենք, թե Աստծուն հաճելի ինչ հատկություններ կարող ենք զարգացնել։

b Մի աստվածաշնչագետ ասում է. «Արևելքում հյուրասիրություն ցուցաբերելը սուրբ պարտականություն էր։ Սովորաբար հյուրընկալողը ավելի շատ սնունդ էր նախատեսում, քան անհրաժեշտ էր։ Լավ հյուրասիրությունը, հատկապես հարսանեկան խնջույքների ժամանակ, պետք է սովորականից ավելի առատ լիներ»։

c Ավետարաններում հիշատակվում են ավելի քան 30 հրաշքներ, որ կատարել է Հիսուսը։ Նա ուրիշ շատ հրաշքներ էլ է գործել։ Բայց Աստվածաշնչում դրանք առանձին-առանձին չեն հիշատակվում։ Օրինակ՝ մի առիթով «ամբողջ քաղաքը» եկավ նրա մոտ, և նա «տարբեր հիվանդություններով տառապող բազում մարդկանց բուժեց» (Մարկ. 1։32-34

d Սգացողներին մխիթարելու վերաբերյալ օգտակար առաջարկներ կարող ես գտնել «Դիտարանի» 2010 թ. նոյեմբերի 1-ի համարում տպագրված «Մխիթարիր սգավորին, ինչպես Հիսուսը» հոդվածում։

e ՆԿԱՐ։ Հիսուսը հեռվից նայում է, թե ինչպես են հարսը, փեսան և նրանց հյուրերը վայելում ընտիր գինին։