Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18

Քաջալերենք միմյանց ժողովի հանդիպումներին

Քաջալերենք միմյանց ժողովի հանդիպումներին

«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ.... քաջալերենք միմյանց» (ԵԲՐ. 10։24, 25

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւ ենք մեկնաբանություններ տալիս։

 ԻՆՉՈ՞Ւ ենք հաճախում ժողովի հանդիպումներին։ Գլխավոր պատճառը Եհովային գովաբանելն է (Սաղ. 26։12; 111։1)։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այս դժվար ժամանակներում ցանկանում ենք քաջալերել միմյանց (1 Թեսաղ. 5։11)։ Այս երկու նպատակներին հասնելու համար մենք ձեռք ենք բարձրացնում և մեկնաբանում։

2. Հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալու ի՞նչ հնարավորություններ ունենք։

2 Ամեն շաբաթ ժողովի հանդիպումների ժամանակ մենք մեկնաբանություններ տալու հնարավորություն ենք ունենում։ Օրինակ՝ շաբաթավերջի հանդիպմանը կարող ենք մեկնաբանել «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ, իսկ միջշաբաթյա հանդիպմանը՝ «Հոգևոր գանձերի», «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրության» և այլ քննարկումների ժամանակ։

3. Մեկնաբանելու հետ կապված ի՞նչ դժվարություններ գուցե ունենանք, և Եբրայեցիներ 10։24, 25 համարները ինչպե՞ս կարող են օգնել մեզ։

3 Բոլորս էլ ցանկանում ենք փառաբանել Եհովային և քաջալերել մեր հավատակիցներին։ Բայց մեկնաբանություններ տալու հետ կապված գուցե դժվարություններ ունենանք։ Հնարավոր է՝ պատասխանելիս լարվենք կամ մեծ ցանկություն ունենանք պատասխանելու, բայց մեզ չհարցնեն այնքան հաճախ, որքան կուզեինք։ Ինչպե՞ս կարող ենք վարվել նման իրավիճակներում։ Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի նամակը կարող է օգնել մեզ այս հարցում։ Միասին հավաքվելու կարևորությունն ընդգծելիս նա ասաց, որ պետք է «քաջալերենք միմյանց» (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Երբ մտածում ենք այն մասին, որ ժողովում մյուսները քաջալերվում են մեր հավատն արտահայտող նույնիսկ պարզ պատասխանից, մղվում ենք ավելի հաճախ ձեռք բարձրացնելու։ Իսկ եթե մեզ այդքան էլ հաճախ չեն հարցնում, կարող ենք ուրախանալ այն մտքից, որ ժողովում մյուսներն են պատասխանելու հնարավորություն ունենում (1 Պետ. 3։8

4. Ո՞ր երեք մտքերը կքննենք այս հոդվածում։

4 Հոդվածից նախ կիմանանք, թե ինչպես կարող ենք քաջալերել միմյանց, եթե ծառայում ենք փոքր ժողովում, որտեղ մեկնաբանություն տվողների թիվը քիչ է։ Այնուհետև կտեսնենք, թե ինչպես կարող ենք քաջալերել միմյանց, եթե ծառայում ենք մեծ ժողովում, որտեղ ձեռք բարձրացնողները շատ են։ Իսկ հոդվածի վերջում կքննենք, թե մեր մեկնաբանությունների բովանդակությունը ինչպիսին պետք է լինի, որպեսզի մյուսները իսկապես քաջալերվեն։

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՄ

5. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել միմյանց, եթե ծառայում ենք փոքր ժողովում։

5 Փոքր ժողովներում կամ խմբերում մեկնաբանողներ քիչ են լինում։ Երբեմն անցկացնողը նույնիսկ պետք է որոշ ժամանակ սպասի, մինչև որ ինչ-որ մեկը ձեռք բարձրացնի։ Նման իրավիճակում գուցե թվա, թե հանդիպումները ձանձրալի են, ինչը դժվար թե քաջալերական լինի։ Այդ դեպքում պատրաստ եղիր հաճախ ձեռք բարձրացնելու։ Եթե այդպես վարվես, ուրիշներին էլ կմղես ավելի հաճախ մեկնաբանություններ տալու։

6-7. Ինչպե՞ս կարելի է թուլացնել մեկնաբանություններ տալու հետ կապված լարվածությունը։

6 Լարվո՞ւմ ես մեկնաբանություն տալու մտքից։ Շատերն են լարվում։ Սակայն եթե ուզում ես քաջալերանքի աղբյուր լինել քո եղբայրների ու քույրերի համար, լարվածությունդ թուլացնելու կերպեր փնտրիր։ Ինչպե՞ս կարող ես դա անել։

7 Գուցե օգտակար համարես վերանայել որոշ առաջարկներ, որոնք հրատարակվել են «Դիտարանի» նախորդ թողարկումներում։ b Այդ առաջարկներից է լավ նախապատրաստվելը (Առակ. 21։5)։ Որքան լավ հասկանաս նյութը, այնքան ձեռք բարձրացնելը հեշտ կլինի։ Եվս մի առաջարկ է կարճ մեկնաբանություն տալը (Առակ. 15։23; 17։27)։ Այդպես ավելի քիչ կլարվես։ Քո եղբայրներն ու քույրերը ավելի հեշտ կհասկանան ընդամենը մեկ կամ երկու նախադասություն պարունակող պարզ մեկնաբանությունը, քան շատ մտքերով հագեցած երկար մեկնաբանությունը։ Քո բառերով կարճ մեկնաբանություն տալով՝ ցույց կտաս, որ պատրաստված ես և լավ ես հասկանում նյութը։

8. Ի՞նչ արժեք ունեն Եհովայի համար մեր թափած ջանքերը։

8 Հնարավոր է՝ այս առաջարկները կիրառելուց հետո էլ քեզ համար դժվար լինի մեկ կամ երկու անգամից ավելի մեկնաբանություն տալ։ Համոզված եղիր, որ Եհովան գնահատում է այն, որ անկեղծորեն ձգտում ես քո լավագույնն անել (Ղուկ. 21։1-4)։ Իհարկե, լավագույնն անել չի նշանակում անել ավելին, քան կարող ես (Փիլիպ. 4։5)։ Փորձիր հասկանալ, թե որն է քո լավագույնը, և նպատակ դիր, որ անես դա։ Այնուհետև աղոթիր, որ լարվածությունդ անցնի։ Գուցե սկզբում նպատակ դնես, որ առնվազն մեկ կարճ մեկնաբանություն տաս։

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՄ

9. Ի՞նչ դժվարության գուցե բախվենք մեծ ժողովում։

9 Եթե ձեր ժողովում շատ քարոզիչներ կան, գուցե այլ դժվարության բախվես։ Հնարավոր է՝ շատերը ձեռք բարձրացնեն, և քո ձեռքը հաճախ չնկատվի։ Օրինակ՝ Դանիելա անունով մի քույր շատ է սիրում մեկնաբանություններ տալ։ c Մեկնաբանելը նա դիտում է որպես երկրպագության մի մաս, ինչպես նաև ուրիշներին քաջալերելու և աստվածաշնչյան ճշմարտությունը իր իսկ սրտում դաջելու միջոց։ Երբ նա տեղափոխվեց ավելի մեծ ժողով, պատասխանելու քիչ առիթներ էր ունենում։ Երբեմն նույնիսկ ամբողջ հանդիպման ընթացքում նրան չէին հարցնում։ Նա ասում է. «Ես վհատված էի։ Այնպիսի զգացում ունեի, կարծես մի կարևոր բանից զրկված լինեի։ Եվ երբ դա անընդհատ կրկնվում է, սկսում ես մտածել, որ քեզ դիտավորյալ չեն հարցնում»։

10. Ի՞նչ կարող ենք անել, որ մեկնաբանություն տալու հավանականությունը մեծանա։

10 Դանիելայի զգացումները ծանո՞թ են քեզ։ Եթե այո, ապա գուցե գայթակղություն առաջանա այլևս ձեռք չբարձրացնելու, այլ պարզապես լսելու ժողովը։ Բայց լավ կլինի՝ շարունակես ձգտել մեկնաբանություն տալ։ Ուշադրություն դարձնենք որոշ առաջարկների։ Յուրաքանչյուր հանդիպման համար մի քանի մեկնաբանություն պատրաստիր։ Այդ դեպքում, եթե քննարկման սկզբում քեզ չհարցնեն, ընթացքում դու դեռ հնարավորություն կունենաս պատասխանելու։ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս մտածիր, թե յուրաքանչյուր պարբերություն ինչպես է կապված հոդվածի թեմայի հետ։ Եթե այդպես վարվես, քննարկման ընթացքում միշտ պատրաստ կլինես մեկնաբանելու։ Բացի այդ՝ կարող ես ձեռք բարձրացնել այն պարբերությունների ժամանակ, որոնցում աստվածաշնչյան այնպիսի խոր ճշմարտություններ են ընդգրկված, որոնց բացատրություններն ավելի բարդ են (1 Կորնթ. 2։10)։ Այդպիսի պարբերությունների հարցերին պատասխանելու համար հավանաբար քչերը ձեռք կբարձրացնեն։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե այս խորհուրդները կիրառելուց հետո էլ մի քանի հանդիպում շարունակ քեզ չեն հարցնում։ Այդ դեպքում հանդիպումից առաջ կարող ես մոտենալ անցկացնողին և նրան ասել, թե որ պարբերության հարցին ես ուզում պատասխանել։

11. Ի՞նչ հորդոր է մեզ տրվում Փիլիպպեցիներ 2։4-ում։

11 Կարդա Փիլիպպեցիներ 2։4։ Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին ուրիշների շահը փնտրել։ Ինչպե՞ս կարող ենք այս խորհուրդը կիրառել ժողովի հանդիպումներին։ Դա կարող ենք անել, եթե հիշենք, որ ուրիշներն էլ մեզ պես՝ ուզում են մեկնաբանել։

Ինչպես որ զրուցելիս թույլ ես տալիս, որ մյուսները նույնպես խոսեն, այդպես էլ հանդիպումների ժամանակ հնարավորություն տուր, որ մյուսներն էլ մեկնաբանեն (տես պարբերություն 12)

12. Հանդիպումների ժամանակ ո՞րն է հավատակիցներին քաջալերելու կերպերից մեկը (տես նաև նկարը)։

12 Բերենք մի օրինակ։ Երբ զրուցում ես ընկերներիդ հետ, այնքան շատ չես խոսում, որ նրանց հերթ չհասնի։ Դու ուզում ես, որ նրանք էլ մասնակցեն զրույցին։ Հանդիպումների ժամանակ մենք նույնպես ցանկանում ենք, որ հնարավորինս շատերը մեկնաբանելու հնարավորություն ունենան։ Իրականում, մեր եղբայրներին ու քույրերին քաջալերելու կերպերից մեկն այն է, որ նրանց հնարավորություն տանք արտահայտելու իրենց հավատը (1 Կորնթ. 10։24)։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։

13. Ի՞նչ կարող ենք անել, որ շատերը հնարավորություն ունենան պատասխանելու։

13 Այդ նպատակին հասնելու համար կարող ենք հակիրճ մեկնաբանություններ տալ՝ թույլ տալով, որ շատերը մասնակցեն։ Երեցներն ու այլ փորձառու քարոզիչները կարող են օրինակ ծառայել այդ հարցում։ Նույնիսկ եթե կարճ մեկնաբանություն ես տալիս, խուսափիր շատ մտքեր ներառելուց։ Եթե պարբերության բոլոր մտքերին անդրադառնաս, ուրիշներին ասելու բան չի մնա։ Օրինակ՝ այս պարբերության մեջ երկու միտք է նշվում՝ հակիրճ մեկնաբանել և չափից շատ մտքերի չանդրադառնալ։ Եթե այս պարբերության հարցին առաջինը դու պատասխանես, փորձիր նշել այդ մտքերից միայն մեկը։

Ո՞ր դեպքում գուցե ձեռք չբարձրացնենք (տես պարբերություն 14) f

14. Ի՞նչը կօգնի մեզ որոշել, թե որքան հաճախ արժե ձեռք բարձրացնել (տես նաև նկարը)։

14 Խոհեմություն դրսևորիր, երբ որոշում ես, թե որքան հաճախ ձեռք բարձրացնել։ Եթե շատ հաճախ ձեռք բարձրացնես, այդպիսով ճնշում կգործադրես անցկացնողի վրա, որ անընդհատ քեզ հարցնի, անգամ եթե այդ պահին ձեռք են բարձրացրել նրանք, ովքեր պատասխանելու հնարավորություն դեռ չեն ունեցել։ Դրա պատճառով մարդիկ գուցե վհատվեն և այլևս չցանկանան պատասխանել (Ժող. 3։7

15. ա) Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեզ չեն հարցնում։ բ) Քննարկումն անցկացնողը ինչպե՞ս կարող է ուշադիր լինել բոլորի հանդեպ (տես « Ինչպես անցկացնել քննարկումը» շրջանակը)։

15 Երբ քննարկման ընթացքում շատերն են ձեռք բարձրացնում, մենք գուցե այնքան հաճախ առիթ չունենանք պատասխանելու, որքան կցանկանայինք։ Երբեմն հնարավոր է, որ քննարկումն անցկացնողը ընդհանրապես չկարողանա մեզ հարցնել։ Ինչ խոսք, գուցե վհատվենք, բայց մենք չպետք է դա անձնական վիրավորանք համարենք (Ժող. 7։9

16. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել մեկնաբանություն տվողներին։

16 Եթե առիթ չես ունենում մեկնաբանելու այնքան հաճախ, որքան կցանկանայիր, ուշադրությամբ լսիր ուրիշների մեկնաբանությունները և հանդիպումից հետո գովիր նրանց։ Հավատակիցներիդ համար գովասանքը նույնքան քաջալերական կարող է լինել, որքան քո մեկնաբանությունները (Առակ. 10։21)։ Իրոք որ, գովասանքը միմյանց քաջալերելու լավ միջոց է։

ՄԻՄՅԱՆՑ ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ԱՅԼ ԿԵՐՊԵՐ

17. ա) Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին, որ իրենց տարիքին համապատասխան մեկնաբանություններ պատրաստեն։ բ) Տեսանյութի համաձայն՝ ո՞ր չորս քայլերն են օգնում մեկնաբանություններ պատրաստել (տես նաև ծանոթագրությունը)։

17 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք քաջալերել միմյանց հանդիպումների ժամանակ։ Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին, որ նրանք իրենց տարիքին համապատասխան մեկնաբանություններ պատրաստեն (Մատթ. 21։16)։ Երբեմն ուսումնասիրության ժամանակ շոշափվում են այնպիսի լուրջ թեմաներ, ինչպիսիք են ամուսնական խնդիրներն ու բարոյական հարցերը։ Նույնիսկ այդպիսի հոդվածներում թերևս հնարավոր լինի գտնել մեկ կամ երկու պարբերություն, որոնց երեխաները կարող են պատասխանել։ Նաև օգնիր երեխաներիդ հասկանալ, որ անցկացնողը երբեմն չի հարցնի նրանց։ Այդպիսով նրանք չեն վհատվի, երբ ոչ թե իրենց հարցնեն, այլ ուրիշներին (1 Տիմոթ. 6։18 d

18. Մեկնաբանություն տալիս ինչպե՞ս կարող ենք մեզ վրա անհարկի ուշադրություն չհրավիրել (Առակներ 27։2

18 Բոլորս էլ կարող ենք պատրաստել քաջալերական մեկնաբանություններ, որոնք կփառաբանեն Եհովային և թև կտան մեր հավատակիցներին (Առակ. 25։11)։ Թեև սխալ չէ երբեմն մի բան պատմել մեր փորձից, սակայն չպետք է մեզ վրա չափից շատ ուշադրություն հրավիրենք (կարդա Առակներ 27։2; 2 Կորնթ. 10։18)։ Փոխարենը՝ լավ կլինի՝ խոսենք Եհովայի, նրա Խոսքի և ժողովրդի մասին (Հայտն. 4։11)։ Իսկ եթե պարբերության հարցն անձնական բնույթի է, կարող ենք արտահայտել տվյալ հարցի հետ կապված մեր տեսակետը։ Հաջորդ պարբերության հարցը հենց այդպիսին է։

19. ա) Ի՞նչ կլինի, եթե ուշադիր լինենք բոլոր ներկաների հանդեպ (Հռոմեացիներ 1։11, 12)։ բ) Ինչո՞ւ ես թանկ համարում մեկնաբանություններ տալու հնարավորությունը։

19 Թեև մեկնաբանություն տալու հետ կապված խիստ կանոններ չկան, մեզանից յուրաքանչյուրը պետք է ջանքեր թափի, որ իր պատասխանները քաջալերական լինեն։ Դա նշանակում է, որ ոմանք պետք է ավելի հաճախ մեկնաբանեն, ոմանք էլ՝ բավարարվեն ընձեռված հնարավորություններով և ուրախ լինեն, որ մյուսները նույնպես կարող են մասնակցել։ Եթե հանդիպումների ժամանակ մյուսների շահը մեր շահից վեր դասենք, բոլորս «փոխադարձ քաջալերություն» կստանանք (կարդա Հռոմեացիներ 1։11, 12

ԵՐԳ 93 Օրհնիր մեր հանդիպումները

a Մենք քաջալերում ենք միմյանց, երբ մեր հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ ենք տալիս։ Սակայն մեզանից ոմանք մեկնաբանելիս լարվում են։ Իսկ մյուսները հեշտությամբ են մեկնաբանում, բայց կցանկանային, որ իրենց ավելի հաճախ հարցնեին։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք ուշադիր լինել միմյանց հանդեպ, որպեսզի բոլորը քաջալերվեն՝ անկախ նրանից, թե մեկնաբանություններ տալու հարցում ինչ դժվարություններ ենք ունենում։ Նաև կտեսնենք, թե ինչպիսի մեկնաբանությունները կարող են մեր եղբայրներին ու քույրերին մղել բարի գործերի։

b Հավելյալ առաջարկների համար տես «Դիտարանի» 2019 թ. հունվարի 1-ի համարը (էջ 8-13), ինչպես նաև 2003 թ. սեպտեմբերի 1-ի համարը (էջ 19-22)։

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

e Տես «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարը (էջ 32) և 2003 թ. սեպտեմբերի 1-ի համարը (էջ 21-22)։

f ՆԿԱՐ։ Մեծ ժողովում եղբայրը, ով արդեն մեկնաբանություն է տվել, հնարավորություն է տալիս, որ մյուսները նույնպես մասնակցեն։