Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ էին Դավիթ թագավորի բանակում նաև այլազգիներ ծառայում
ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻ բանակում իսրայելացիներից բացի ծառայում էին նաև այլազգիներ, որոնցից էին ամմոնացի Սելեկը, քետացի Ուրիան և մովաբացի Եթեման (1 Տար. 11։39, 41, 46)։ a Նրա զինվորների մեջ կային նաև «քերեթցիներ.... փելեթցիներ.... [և] գեթացիներ» (2 Սամ. 15։18)։ Գեթի բնակիչները փղշտացիներ էին, և կարծիք կա, որ քերեթցիներն ու փելեթցիները սերտ ազգակցական կապ ունեին փղշտացիների հետ (Եզեկ. 25։16; Հեսու 13։2, 3; 1 Սամ. 6։17, 18)։
Ինչո՞ւ էր Դավիթը թույլ տալիս, որ իր բանակում այլազգիներ ծառայեին։ Նա համոզված էր, որ նրանք հավատարիմ են իրեն, և, որ ավելի կարևոր է, հավատարիմ են Եհովային։ Քերեթցիների ու փելեթցիների մասին աստվածաշնչյան մի բառարանում հետևյալն է ասվում. «Նրանք հավատարիմ մնացին Դավթին նրա իշխանության ամենադժվար ժամանակներում» (The New Interpreter’s Dictionary of the Bible)։ Ինչի՞ց է դա երևում։ Երբ «Իսրայելի բոլոր մարդիկ» լքեցին Դավթին և «Սաբա անունով մի անպիտան մարդու» հետևից գնացին, քերեթցիներն ու փելեթցիները հավատարիմ մնացին նրան և օգնեցին ճնշել Սաբայի հրահրած ապստամբությունը (2 Սամ. 20։1, 2, 7)։ Մի անգամ էլ Դավթի որդի Ադոնիան փորձեց տիրանալ իր հոր գահին։ Սակայն այս անգամ էլ քերեթցիներն ու փելեթցիները հավատարիմ մնացին Դավթին և աջակցեցին, որ գահին նստի Սողոմոնը, ում Եհովան օծել էր որպես հաջորդ թագավոր (1 Թագ. 1։24-27, 38, 39)։
Մյուս այլազգին, ով նվիրված մնաց Դավթին, գեթացի Եթթային էր։ Եթթային և նրա 600 ռազմիկները թիկունք կանգնեցին Դավթին, երբ վերջինիս որդի Աբիսողոմը ըմբոստացավ և Իսրայելի մարդկանց սրտերը թագավորի դեմ տրամադրեց։ Սկզբում Դավիթը Եթթայիին ասաց, որ նա այլազգի է, ուստի կարող է չմասնակցել այդ կռվին։ Բայց Եթթային պատասխանեց. «Կենդանի է Եհովան, և կենդանի է իմ տեր թագավորը. ուր որ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի։ Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնել քեզ հետ» (2 Սամ. 15։6, 18-21)։
Թեև քերեթցիները, փելեթցիները և գեթացիները այլազգի էին, սակայն ընդունում էին, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, և որ Դավիթը նրա օծյալն է։ Դավիթը պետք է որ անչափ ուրախ լիներ, որ իր կողքին նման հավատարիմ տղամարդիկ կային։
a 2 Օրենք 23։3-6 համարներում արձանագրված Աստծու օրենքը ամմոնացիներին և մովաբացիներին արգելում էր մտնել Իսրայելի ժողով։ Բայց թերևս դա չէր նշանակում, որ այդ ազգերի մարդիկ չէին կարող դառնալ Իսրայել ազգի լիիրավ անդամ և չէին կարող շփում ունենալ իսրայելացիների հետ կամ բնակվել նրանց հետ (տես it, «Ամմոնացիներ», պրբ. 20 [it-1-E, էջ 95])։