Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ թողնելով՝ հետևեցի Տիրոջը

Ամեն ինչ թողնելով՝ հետևեցի Տիրոջը

«Եթե գնաս քարոզելու, տուն չվերադառնաս։ Եթե վերադառնաս, ոտքերդ կջարդեմ»։ Հորս սպառնալիքը հնչում էր իմ ականջներում, ուստի որոշեցի հեռանալ։ Կյանքումս առաջին անգամ էր, որ պետք է ինչ-որ բաներ թողնեի Տիրոջը հետևելու համար։ Այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էի։

ԱՅԺՄ պատմեմ, թե ինչպես հայտնվեցի նման իրավիճակում։ Ծնվել եմ 1929 թ. հուլիսի 29-ին։ Մեծացել եմ Ֆիլիպինների Բուլական նահանգի գյուղերից մեկում։ Մենք պարզ կյանքով էինք ապրում, քանի որ տնտեսական ճգնաժամի տարիներն էին։ Երբ փոքր էի, սկսվեց պատերազմը։ Ճապոնական բանակը ներխուժեց Ֆիլիպիններ։ Սակայն մեր գյուղը համեմատաբար հեռու էր, ուստի ռազմական գործողությունները մեզ վրա ուղղակիորեն չէին անդրադառնում։ Չկար ռադիո, հեռուստատեսություն, թերթեր, ուստի նորությունները մարդկանցից էինք իմանում։

Ես ութ երեխաներից երկրորդն էի։ Երբ ութ տարեկան էի, պապիկս ու տատիկս ինձ տարան իրենց տուն, որ այնտեղ ապրեմ։ Թեև մենք կաթոլիկներ էինք, պապիկս կրոնի հարցում լայնախոհ մարդ էր և իր ընկերներից կրոնական գրականություն էր հավաքում։ Մի անգամ նա ինձ ցույց տվեց տագալոգ լեզվով լույս տեսած «Պաշտպանություն», «Քողազերծված» և «Ապահովություն» գրքույկները *, ինչպես նաև Աստվածաշունչ։ Հաճույքով էի կարդում Սուրբ Գիրքը, հատկապես չորս Ավետարանները։ Դրա շնորհիվ իմ մեջ ցանկություն առաջացավ հետևելու Հիսուսի օրինակին (Հովհ. 10։27

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԵՏԵՎԵԼ ՏԻՐՈՋԸ

Ճապոնական օկուպացիան ավարտվեց 1945 թ.-ին։ Այդ ժամանակ ծնողներս խնդրեցին, որ վերադառնամ տուն։ Պապիկս նույնպես խորհուրդ տվեց գնալ։ Ուստի որոշեցի տեղափոխվել։

Կարճ ժամանակ անց՝ 1945 թ. դեկտեմբերին, մի խումբ Եհովայի վկաներ Անգատ քաղաքից եկան մեր գյուղ՝ քարոզելու։ Մի տարեց Վկա եկավ մեր տուն և պատմեց, թե Աստվածաշունչն ինչ է ասում «վերջին օրերի» մասին (2 Տիմոթ. 3։1–5)։ Նա մեզ հրավիրեց մասնակցելու հարևան գյուղում անցկացվող Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ծնողներս չցանկացան մասնակցել, բայց ես գնացի։ Այնտեղ մոտ 20 հոգի էր հավաքվել, որոնցից մի քանիսը աստվածաշնչային հարցեր էին տալիս։

Քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանում էի, ցանկացա հեռանալ։ Բայց հավաքվածները այդ պահին սկսեցին Թագավորության երգերից մեկը երգել։ Այն ինձ շատ դուր եկավ, ուստի որոշեցի մնալ։ Երգից ու աղոթքից հետո բոլորին հրավիրեցին հաջորդ կիրակի մասնակցելու ժողովի հանդիպմանը, որն անցկացվելու էր Անգատում։

Մի քանի հոգով անցանք մոտ 8 կիլոմետր (5 մղոն), որպեսզի ներկա գտնվենք Կրուսների տանն անցկացվող հանդիպմանը։ Հավաքվեց մոտ 50 հոգի։ Ինձ շատ տպավորեց այն, որ նույնիսկ փոքր երեխաները մեկնաբանություններ էին տալիս աստվածաշնչյան խոր հարցերի շուրջ։ Այն բանից հետո, երբ մի քանի անգամ մասնակցեցի հանդիպումներին, մի տարեց ռահվիրա՝ եղբայր Դամիան Սանտոսը, որը նախկինում քաղաքապետ էր եղել, ինձ հրավիրեց գիշերելու իրենց տանը։ Գրեթե ամբողջ գիշեր Աստվածաշնչից էինք խոսում։

Այն ժամանակներում մեզնից շատերն էին արագ քայլեր անում, երբ իմանում էին Սուրբ Գրքի հիմնական ճշմարտությունները։ Ես ընդամենը մի քանի հանդիպման էի հաճախել, սակայն եղբայրները ինձ և ուրիշներին հարցրին. «Կուզե՞ք մկրտվել»։ Ես ասացի. «Այո՛, կուզեմ»։ Ես ցանկանում էի «Տիրոջը՝ Քրիստոսին ծառայել» (Կող. 3։24)։ Մենք գնացինք մոտակա գետի մոտ, և մեզնից երկու հոգի մկրտվեց։ 1946 թ. փետրվարի 15-ն էր։

Մենք գիտակցում էինք, որ լինելով մկրտված քրիստոնյաներ՝ պետք է ընդօրինակենք Հիսուսին և կանոնավորաբար քարոզենք։ Սակայն հորս դուր չեկավ, որ ես մասնակցում եմ քարոզչությանը։ Նա ինձ ասաց. «Դու շատ փոքր ես քարոզելու համար։ Այն, որ քեզ գետի մեջ են մտցրել, դեռ չի նշանակում, որ քարոզիչ ես դարձել»։ Ես նրան ասացի, որ Աստված է ուզում՝ քարոզենք իր Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Ապա ավելացրի. «Ես պետք է կատարեմ Աստծուն տված խոստումս»։ Այդ ժամանակ էր, որ հայրս սպառնաց ինձ՝ ասելով այն խոսքերը, որ բերված են հոդվածի սկզբում։ Նա մտադրվել էր թույլ չտալ, որ քարոզեմ։ Այսպես կյանքումս առաջին անգամ առիթ ստեղծվեց, որ հոգևոր նպատակների հասնելու համար ինչ-որ բան թողնեմ։

Կրուսների ընտանիքը ինձ հրավիրեց ապրելու իրենց տանը՝ Անգատում։ Նրանք նաև ինձ ու իրենց կրտսեր աղջկան՝ Նորային, հորդորեցին ռահվիրայական ծառայություն սկսել։ 1947 թ. նոյեմբերի 1-ից երկուսս էլ սկսեցինք ծառայել որպես ռահվիրա։ Նորան ուրիշ քաղաքում էր ծառայում, իսկ ես շարունակում էի քարոզել Անգատում։

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՆՈՐ ԱՌԻԹ

Իմ ռահվիրայական ծառայության երրորդ տարում եղբայր Էրլ Ստյուարտը, որը մասնաճյուղից էր, ելույթ ունեցավ Անգատի հրապարակում հավաքված ավելի քան 500 հոգու առաջ։ Նա անգլերեն խոսեց, իսկ վերջում ես տագալոգ լեզվով հակիրճ ներկայացրի նրա ասածը։ Ես ընդամենը յոթ տարվա կրթություն ունեի, բայց մեր ուսուցիչները հաճախ էին անգլերեն խոսում։ Անգլերենս բարելավելու հարցում ինձ օգնեց նաև այն, որ մեր աստվածաշնչյան հրատարակություններից քչերն էին տագալոգ լեզվով թարգմանված։ Ուստի դրանցից շատերը անգլերենով էի ուսումնասիրում։ Արդյունքում բավականաչափ սովորեցի այդ լեզուն, ինչի շնորհիվ կարողացա թարգմանել վերոնշյալ ելույթը, իսկ հետագայում՝ այլ ելույթներ։

Այն օրը, երբ թարգմանում էի եղբայր Ստյուարտի համար, նա տեղի ժողովին հայտնեց, որ մասնաճյուղը ցանկանում է մեկ կամ երկու ռահվիրա եղբոր հրավիրել Բեթել։ Բանն այն էր, որ միսիոներները մասնակցելու էին «Աստվածապետության աճը» համաժողովին, որը կայանալու էր 1950 թ.-ին Նյու Յորքում (ԱՄՆ), ուստի Բեթելում օգնության կարիք էր լինելու։ Հրավիրված եղբայրներից մեկը ես էի։ Եվ նորից ես թողեցի հարազատ միջավայրը, այս անգամ՝ Բեթելի աշխատանքին աջակցելու համար։

1950 թ. հունիսի 19-ին եկա Բեթել ու սկսեցի իմ նոր ծառայությունը։ Բեթելի շենքը մի հին ընդարձակ տուն էր՝ շրջապատված մեծ ծառերով։ Ամբողջ տարածքը կազմում էր 1 հեկտար (2,5 ակր)։ Այնտեղ ծառայում էին մոտ մեկ տասնյակ ամուրի եղբայրներ։ Վաղ առավոտյան ես օգնում էի խոհանոցում։ Հետո՝ մոտ ժամը իննից, աշխատում էի լվացքատանը, որտեղ արդուկ էի անում։ Նույնպիսի գրաֆիկ ունեի ճաշից հետո։ Երբ միսիոներները միջազգային համաժողովից վերադարձան, ես շարունակեցի ծառայել Բեթելում։ Առաքման համար փաթեթավորում էի ամսագրերը, զբաղվում էի բաժանորդագրություններով և աշխատում էի ընդունարանում։ Ես անում էի ինձ հանձնարարվող ցանկացած գործ։

ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԸ ԵՎ ԳՆՈՒՄ «ԳԱՂԱԱԴ»

Անչափ ուրախացա, երբ 1952 թ.-ին ես և Ֆիլիպիններից ևս վեց հոգի հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 20-րդ դասարանում։ Միացյալ Նահանգներում մեր տեսած բաներից շատերը մեզ համար նոր էին և օտար։ Դրանք շատ էին տարբերվում այն ամենից, ինչ տեսել էի մեր փոքր գյուղում։

Համադասարանցիներիս հետ՝ «Գաղաադ» դպրոցում

Օրինակ՝ մենք պետք է սովորեինք օգտագործել մեզ անծանոթ սարքերն ու պիտույքները։ Իսկ եղանակի մասին էլ չեմ խոսում։ Մի առավոտ փողոց դուրս եկա ու տեսա մի զարմանահրաշ ճերմակ աշխարհ։ Կյանքումս առաջին անգամ էի ձյուն տեսնում։ Այդ ժամանակ էր, որ հայտնաբերեցի, թե որքան սառն է ձյունը։

Սակայն ոչ մի դժվարություն աչքիս չէր երևում, քանի որ հաճույք էի ստանում «Գաղաադում» տրամադրվող հրաշալի կրթությունից։ Մեր ուսուցիչները կրթական արդյունավետ մեթոդներ էին կիրառում։ Մենք սովորեցինք մանրակրկիտ հետազոտություններ անել։ «Գաղաադում» ստացածս կրթությունը ինձ շատ օգնեց հոգևորապես հասունանալ։

Երբ այն ավարտեցի, ինձ ժամանակավորապես հատուկ ռահվիրա նշանակեցին Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում։ Դրա շնորհիվ 1953 թ. հուլիսին կարողացա մասնակցել «Նոր աշխարհի հասարակությունը» համաժողովին, որն անցկացվում էր քաղաքի նույն շրջանում։ Համաժողովից հետո ես նոր նշանակում ստացա Ֆիլիպիններում։

ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԻ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնաճյուղի եղբայրները ասացին ինձ. «Այժմ պետք է շրջանային ծառայություն սկսես»։ Դա ինձ նոր հնարավորություն կտար բառացիորեն հետևելու Տիրոջ հետքերին, ով գնում էր հեռավոր քաղաքներ ու գյուղեր՝ օգնելու Եհովայի գառներին (1 Պետ. 2։21)։ Ինձ նշանակեցին մի շրջան, որն ընդգրկում էր մի հսկայական տարածք Ֆիլիպինների ամենամեծ կղզու՝ Լուսոնի կենտրոնական մասում։ Իմ շրջանի մեջ մտնում էին Բուլական, Նուևա Էսիխա, Տառլակ և Սամբալես նահանգները։ Որոշ քաղաքներ հասնելու համար պետք է անցնեի Սիեռա Մադրե լեռներով։ Հասարակական տրանսպորտ չկար, ուստի բեռնատարների վարորդներին խնդրում էի, որ ինձ թույլ տան նստել թափքում դարսված գերանների վրա։ Հաճախ նրանք թույլ էին տալիս, թեև դա ամենահարմար տրանսպորտը չէր։

Ժողովները հիմնականում փոքր էին ու նոր։ Ուստի եղբայրները երախտապարտ էին, որ իրենց օգնում էի ավելի արդյունավետորեն կազմակերպել հանդիպումներն ու քարոզչական ծառայությունը։

Հետագայում ինձ տեղափոխեցին մի շրջան, որն ընդգրկում էր ամբողջ Բիկոլ տարածաշրջանը։ Այնտեղ հիմնականում մեկուսի խմբեր էին։ Հատուկ ռահվիրաները չմշակված տարածքներում էին ծառայում։ Մեկի տանը միակ զուգարանը պարզապես մի փոս էր, որի վրա երկու գերան էր դրված։ Երբ կանգնեցի գերանների վրա, դրանք ընկան փոսը, ես էլ՝ դրանց հետ։ Բավական ժամանակ պահանջվեց, որ մաքրվեմ ու գնամ նախաճաշելու։

Այս ծառայությունը կատարելու ժամանակ էր, որ սկսեցի մտածել Նորայի մասին, ով մինչ այդ ռահվիրայություն էր սկսել Բուլականում։ Այդ ժամանակ նա որպես հատուկ ռահվիրա էր ծառայում Դումագետե քաղաքում։ Ես այցելեցի նրան։ Դրանից հետո մենք որոշ ժամանակ նամակներ էինք գրում իրար, իսկ 1956 թ.-ին ամուսնացանք։ Հարսանիքից հետո առաջին իսկ շաբաթն այցելեցինք Ռապու-Ռապու կղզում գտնվող մի ժողով։ Այնտեղ պետք է սարեր բարձրանայինք և շատ քայլեինք։ Սակայն ի՜նչ մեծ ուրախություն էինք ստանում՝ որպես ամուսիններ ծառայելով հեռավոր վայրերում ապրող եղբայրներին։

ՆՈՐԻՑ ԲԵԹԵԼ

Շրջագայական ծառայության մեջ գրեթե չորս տարի միասին անցկացնելուց հետո հրավեր ստացանք ծառայելու մասնաճյուղում։ Այդպես 1960 թ. հունվարին սկսվեց մեր երկարատև ծառայությունը Բեթելում։ Լուրջ պատասխանատվություններ ունեցող եղբայրների կողքին ծառայելով՝ շատ բան սովորեցի։ Նորան էլ Բեթելում տարբեր նշանակումներ ունեցավ։

Համաժողովին ելույթ եմ ունենում սեբուաներենի թարգմանչի օգնությամբ

Բեթելում ծառայելու տարիներին ականատես եղա Ֆիլիպիններում գրանցվող վիթխարի հոգևոր աճին։ Դա մեծ օրհնություն էր ինձ համար։ Երբ առաջին անգամ եկա Բեթել, ամբողջ երկրում մոտ 10 000 քարոզիչ կար։ Այժմ Ֆիլիպիններում ավելի քան 200 000 քարոզիչ կա, իսկ Բեթելում ծառայող հարյուրավոր եղբայրներ ու քույրեր աջակցում են կենսական նշանակություն ունեցող քարոզչական գործին։

Քանի որ տարիների ընթացքում մեր գործունեությունն ընդլայնվեց, Բեթելի տարածքն այլևս չէր բավականացնում։ Ուստի Կառավարիչ մարմինը մեզ խնդրեց տարածք փնտրել նոր՝ ավելի մեծ շենք կառուցելու համար։ Ես և տպարանի վերակացուն մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տարածքում շրջում էինք տնից տուն և մարդկանց հարցնում, թե կցանկանան արդյոք վաճառել իրենց սեփականությունը։ Ոչ ոք չցանկացավ, իսկ մի սեփականատեր ասաց. «Մենք՝ չինացիներս, չենք վաճառում։ Մենք առնում ենք»։

Թարգմանում եմ եղբայր Ալբերտ Շրյոդերի ելույթը

Սակայն մի օր սեփականատերերից մեկը անսպասելիորեն հարցրեց, թե չենք ուզի արդյոք գնել իր հողատարածքը։ Նա պատրաստվում էր տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Դա առաջ բերեց անհավատալի դեպքերի մի շղթա։ Մյուս հարևանն էլ որոշեց վաճառել իր տարածքը և շրջակայքում բնակվող մարդկանց հորդորեց նույնն անել։ Մեզ նույնիսկ հաջողվեց գնել այն մարդու տարածքը, ով ասել էր, թե չինացիները չեն վաճառում։ Կարճ ժամանակ անց մասնաճյուղի տարածքը ավելի քան երեք անգամ ընդարձակվեց։ Ես համոզված եմ, որ այս ամենը Եհովա Աստծու ցանկությամբ եղավ։

1950 թ.-ին ես Բեթելի ընտանիքի ամենաերիտասարդ անդամն էի։ Իսկ հիմա ես ու կինս ամենատարեց անդամներն ենք։ Ես բացարձակապես չեմ ափսոսում, որ հետևել եմ Տիրոջը, ուր էլ նա ինձ ուղարկեր։ Ճիշտ է, ծնողներս ինձ դուրս արեցին տնից, բայց Եհովան ինձ մի մեծ հոգևոր ընտանիք տվեց։ Կասկածի նշույլ անգամ չունեմ, որ ինչ նշանակում էլ ստանանք, Եհովան մեզ կտա ամեն բան, ինչի կարիքն ունենանք։ Ես ու Նորան շատ շնորհակալ ենք Եհովային նրա բոլոր բարի պարգևների համար և ուրիշներին էլ հորդորում ենք «ստուգել» Եհովային (Մաղ. 3։10

Մի անգամ Հիսուսը կանչեց հարկահավաք Մատթեոս Ղևիին՝ ասելով. «Իմ հետևո՛րդը դարձիր»։ Ինչպե՞ս արձագանքեց Մատթեոսը։ «Նա.... ամեն բան թողնելով, վեր կացավ ու [Հիսուսի] հետևից գնաց» (Ղուկ. 5։27, 28)։ Ես նույնպես նման առիթներ եմ ունեցել, ուստի ուրիշներին սրտանց հորդորում եմ նույնն անել և բազում օրհնություններ ստանալ։

Երջանիկ եմ, որ շարունակում եմ իմ ներդրումն ունենալ Ֆիլիպիններում գրանցվող աճի մեջ

^ պարբ. 6 Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։ Այժմ չեն տպագրվում։