Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ներգաղթյալ ծնողները իրենց երեխաներին հոգևորապես օգնելու համար ինչո՞ւ պետք է հաշվի առնեն, թե նրանց համար որ լեզուն է հարազատ։

Ըստ ամենայնի, ձեր երեխաները տեղի լեզուն կսովորեն դպրոցում և շրջապատի մարդկանցից։ Մեկից ավելի լեզուներ իմանալը երեխայի համար կարող է օգտակար լինել։ Ծնողները պետք է մտածեն, թե որ դեպքում իրենց երեխաները ավելի լավ կհասկանան ճշմարտությունը և հոգևորապես կառաջադիմեն. եթե այցելեն այն ժողով, որի հանդիպումները տեղի՞ լեզվով են անցկացվում, թե՞ իրենց մայրենի լեզվով։ Քրիստոնյա ծնողները իրենց երեխաների հոգևոր բարօրությունը սեփական շահերից բարձր են դասում (w17.05, էջ 9–11)։

Երբ Հիսուսը Պետրոսին հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել», ի՞նչ նկատի ուներ՝ «սրանցից» ասելով (Հովհ. 21։15

Ըստ ամենայնի, Հիսուսը նկատի ուներ այնտեղ դրված ձկները, կամ՝ ձկնորսությունը։ Հիսուսի մահից հետո Պետրոսը վերադարձել էր իր նախկին գործին՝ ձկնորսությանը։ Քրիստոնյաները պետք է քննեն, թե իրենց աշխարհիկ աշխատանքը ինչ տեղ է զբաղեցնում իրենց սրտում (w17.05, էջ 22, 23)։

Աբրահամն ինչո՞ւ խնդրեց իր կնոջը Եգիպտոսում ներկայանալ որպես իր քույր (Ծննդ. 12։10–13

Սառան իսկապես Աբրահամի քույրն էր՝ նրա հոր աղջիկը։ Եթե Սառան ասեր, որ Աբրահամի կինն է, հնարավոր է՝ վերջինիս սպանեին, ինչի պատճառով առաջ չէր գա այն սերունդը, որը Աստված խոստացել էր նրան (wp17.3, էջ 14, 15)։

Եբրայերեն սովորող ուսանողներին օգնելու համար Էլիաս Հատերը ի՞նչ հնարք գործի դրեց։

Նա ցանկանում էր օգնել ուսանողներին հեշտությամբ որոշել, թե որն է Աստվածաշնչում օգտագործված եբրայերեն բառի արմատը, և որն է նախածանցը կամ վերջածանցը։ Այդ նպատակով նա բառերի արմատները տպագրեց հոծ տառերով, իսկ ածանցները՝ ուրվագծային տառերով։ Այդպիսի հնարք կիրառվել է նաև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության մեջ՝ տողատակի ծանոթագրություններում (wp17.4, էջ 11, 12)։

Ի՞նչ պետք է հաշվի առնի քրիստոնյան, երբ որոշում է, թե արդյոք տեղին է ուրիշներից պաշտպանվելու համար հրազեն պահել։

Նա պետք է հաշվի առնի հետևյալ սկզբունքները։ Աստծու աչքում կյանքը սուրբ է։ Հիսուսը չհորդորեց իր հետևորդներին պաշտպանվելու համար սուր ունենալ (Ղուկ. 22։36, 38)։ Մենք պետք է մեր սրերից խոփեր կոփենք։ Կյանքն ավելի թանկ է, քան նյութական բաները։ Մենք հարգում ենք ուրիշների խիղճը և ուզում ենք օրինակելի լինել (2 Կորնթ. 4։2) (w17.07, էջ 31, 32)։

Հիսուսի կյանքի վաղ տարիների մասին Մատթեոսի և Ղուկասի արձանագրությունները ինչո՞ւ են տարբեր։

Մատթեոսը ավելի շատ խոսում է Հովսեփի մասին, օրինակ, թե ինչպես նա սկզբում արձագանքեց, երբ իմացավ, որ Մարիամը հղի է, ինչպես, Աստծուց առաջնորդություն ստանալով, ընտանիքի հետ փախավ Եգիպտոս և հետագայում վերադարձավ հայրենիք։ Իսկ Ղուկասն ավելի շատ խոսում է Մարիամի մասին։ Օրինակ՝ նա գրում է, որ Մարիամը այցելեց իր ազգական Եղիսաբեթին, և պատմում է, թե նա ինչ զգաց, երբ պատանի Հիսուսը մնացել էր տաճարում (w17.08, էջ 32)։

Չնայած ո՞ր խոչընդոտներին է պահպանվել Աստվածաշունչը։

Աստվածաշնչում գործածված բառերի ու արտահայտությունների իմաստը ժամանակի ընթացքում փոխվել է։ Քաղաքական զարգացումները երբեմն ազդել են այն բանի վրա, թե տվյալ ժամանակաշրջանում որ լեզուն է տարբեր ազգերի համար ծառայել որպես հաղորդակցության միջոց։ Երբ մարդիկ փորձել են Աստվածաշունչը թարգմանել ժողովրդի համար հասկանալի լեզվով, հալածանքների են ենթարկվել (w17.09, էջ 19–21)։

Ունե՞նք պահապան հրեշտակ։

Ո՛չ։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտների հրեշտակները տեսնում են Աստծու երեսը (Մատթ. 18։10)։ Սակայն նա նկատի ուներ, որ հրեշտակները հետաքրքրված են իր աշակերտների բարօրությամբ, ոչ թե հրաշքով պաշտպանում են նրանցից յուրաքանչյուրին (wp17.5, էջ 5)։

Ո՞րն է սիրո ամենավեհ տեսակը։

Դա ագապե-ն է, որը հիմնված է ճիշտ սկզբունքների վրա։ Այն կարող է ներառել կապվածություն ու ջերմություն, միևնույն ժամանակ արտացոլում է վեհ սկզբունքներ, օրինակ՝ դրսևորվում է ուրիշների համար անշահախնդրորեն արված գործերով (w17.10, էջ 7)։