Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Կարո՞ղ են արդյոք ամուսնացած քրիստոնյաները ներարգանդային պարույրի (ՆԱՊ) օգտագործումը համարել ծնելիությունը վերահսկելու այնպիսի միջոց, որը չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։

Յուրաքանչյուր քրիստոնյա զույգ պետք է ծանրութեթև անի այս հարցին վերաբերող փաստերն ու աստվածաշնչյան սկզբունքները։ Այնուհետև ամուսինն ու կինը պետք է այնպիսի որոշում կայացնեն, որը թույլ կտա մաքուր խիղճ ունենալ Աստծու առաջ։

Այն ժամանակ, երբ երկրի վրա միայն երկու մարդ էր ապրում (իսկ Ջրհեղեղից հետո՝ ութ հոգի), Եհովան պատվիրեց. «Բազմացեք, շատացեք» (Ծննդ. 1։28; 9։1)։ Աստվածաշունչը չի ասում, որ այդ պատվերը վերաբերում է քրիստոնյաներին։ Ուստի յուրաքանչյուր զույգ ինքը պետք է որոշի՝ քանի երեխա ունենալ, երբ ունենալ, և թե արդյոք հարկավոր է ծնելիությունը վերահսկելու համար որևէ միջոց օգտագործել։ Ամուսինն ու կինը ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնեն։

Քրիստոնյաները պետք է ծնելիությունը վերահսկելու յուրաքանչյուր միջոց դիտարկեն աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո։ Այս առումով քրիստոնյաները մերժում են արհեստական վիժումը։ Կամավոր աբորտը հակասում է Աստվածաշնչին, որը պատվիրում է մեզ հարգել կյանքը։ Քրիստոնյաները չպետք է վերջ դնեն կնոջ արգանդում ձևավորվող կյանքին. չէ՞ որ, եթե հղիությունը նորմալ ընթանա, նոր մարդ լույս աշխարհ կգա (Ելք 20։13; 21։22, 23; Սաղ. 139։16; Երեմ. 1։5)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ՆԱՊ-ի օգտագործման մասին։

Այս հարցը քննարկվել է «Դիտարանի» 1979 թ. մայիսի 15-ի համարում (էջ 30, 31, անգլ.)։ * Այն ժամանակ լայնորեն տարածված շատ ՆԱՊ-եր պլաստմասսայե չեզոք առարկաներ էին, որոնք տեղադրվում էին արգանդի մեջ՝ հղիությունը կանխելու նպատակով։ Հոդվածում նշվում էր, որ այդ ժամանակ լիովին պարզ չէր, թե ինչպես էին գործում այդ ՆԱՊ-երը։ Շատ մասնագետներ ասում էին, որ չեզոք ՆԱՊ-երը արգանդում այնպիսի ռեակցիա էին առաջացնում, որը սերմնաբջիջներին թույլ չէր տալիս հասնել ձվաբջջին ու բեղմնավորել այն։ Եթե բեղմնավորում տեղի չէր ունենում, նոր կյանք չէր ձևավորվում։

Այնուամենայնիվ, այն ժամանակ առկա էին որոշ տվյալներ, որոնց համաձայն՝ երբեմն կարող էր ձվաբջջի բեղմնավորում տեղի ունենալ։ Այդ բեղմնավորված ձվաբջիջը կարող էր զարգանալ արգանդափողում (արտարգանդային հղիություն) կամ իջնել արգանդ։ Սակայն վերջին դեպքում ՆԱՊ-ը կարող էր խանգարել, որ բեղմնավորված ձվաբջիջը ամրանար արգանդի պատին և զարգանար, ինչպես նորմալ հղիության դեպքում։ Ձևավորվող կյանքին այս ձևով վերջ դնելը հավասարազոր կլիներ աբորտին։ Հոդվածում հետևյալ եզրակացությունն էր արվում. «Անկեղծ քրիստոնյաները, ում հուզում է այն հարցը, թե արդյոք տեղին է ՆԱՊ օգտագործել, պետք է այս տեղեկությունները լրջորեն քննեն աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո, որոնց համաձայն՝ հարկավոր է կյանքը սուրբ համարել ու հարգել այն» (Սաղ. 36։9

1979 թ.-ից ի վեր, երբ տպագրվեց այդ հոդվածը, գիտության կամ բժշկության մեջ նշանակալից փոփոխություններ եղե՞լ են։

Ներկայումս տարածված են երկու տեսակի ՆԱՊ-եր։ Մի տեսակը, որը պղինձ է պարունակում, 1988 թ.-ին արդեն լայնորեն տարածված էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսկ 2001 թ.-ին շուկա հանվեցին հորմոն պարունակող ՆԱՊ-եր։ Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են դրանք գործում։

Պղինձ պարունակող ՆԱՊ-եր։ Ինչպես արդեն նշվել է, ՆԱՊ-երը նվազեցնում են սերմնաբջիջների կենսունակությունը, երբ դրանք արգանդի միջով շարժվում են դեպի ձվաբջիջը։ Իսկ երբ պղինձ պարունակող ՆԱՊ-եր են օգտագործվում, պղինձը, ըստ երևույթին, թունավոր ազդեցություն է թողնում սերմնաբջիջների վրա՝ գործելով որպես սերմնասպան նյութ։ * Բացի այդ, պղինձ պարունակող ՆԱՊ-երը, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են առաջացնում արգանդի լորձաթաղանթում։

Հորմոն պարունակող ՆԱՊ-եր։ Գոյություն ունեն տարատեսակ ՆԱՊ-եր, որոնք այնպիսի հորմոն են պարունակում, որը հաճախ առկա է լինում հակաբեղմնավորիչ հաբերում։ Այս ՆԱՊ-երը հորմոնն արտազատում են արգանդի մեջ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նման ՆԱՊ-եր օգտագործելու դեպքում որոշ կանանց մոտ դադարում է ձվազատումը։ Եթե ձվաբջիջը ձվարանից դուրս չի գալիս, բեղմնավորում տեղի ունենալ չի կարող։ Համարվում է, որ նման ազդեցություն թողնելուց բացի՝ այս ՆԱՊ-երում պարունակվող հորմոնը բարակեցնում է արգանդի լորձաթաղանթը։ * Մյուս կողմից՝ այն խտացնում է արգանդի վզիկի լորձը՝ խոչընդոտելով սերմնաբջիջների տեղաշարժը հեշտոցից արգանդ։ Այսպիսով՝ նշված ՆԱՊ-երը լրացուցիչ ազդեցություն են թողնում՝ ի տարբերություն չեզոք ՆԱՊ-երի։

Ինչպես նշվեց, երկու տեսակի ՆԱՊ-երն էլ, առկա տվյալների համաձայն, փոփոխություններ են առաջացնում արգանդի լորձաթաղանթում։ Իսկ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ ձվազատումը, այնուամենայնիվ, տեղի է ունենում, և ձվաբջիջը բեղմնավորվում է։ Հնարավոր է՝ այն մտնի արգանդ, բայց չկարողանա ամրանալ դրա նվազ ընկալունակ լորձաթաղանթին։ Այդպիսով վաղ շրջանում հղիությանը վերջ կդրվի։ Սակայն գիտնականների կարծիքով՝ հազվադեպ է լինում, որ ձվաբջիջը չկարողանա ամրանալ արգանդի պատին, ինչը երբեմն կարող է պատահել նաև հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու դեպքում։

Ուստի ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, որ պղինձ կամ հորմոն պարունակող ՆԱՊ-երը միշտ կանխում են ձվաբջջի բեղմնավորումը։ Սակայն գիտական փաստերի համաձայն՝ նման ՆԱՊ-երի օգտագործման դեպքում կինը հազվադեպ է հղիանում։

Քրիստոնյա զույգը, որը մտածում է՝ օգտագործել ՆԱՊ, թե ոչ, կարող է խորհրդակցել բժշկության ոլորտի որակյալ մասնագետի հետ և տեղեկանալ, թե ՆԱՊ-ի ինչ տեսակներ են առկա տվյալ վայրում, և թե դրանք ինչ օգուտ կամ վնաս կարող են բերել կնոջը։ Ամուսինն ու կինը չպետք է ակնկալեն կամ թույլ տան, որ ինչ-որ մեկը, նույնիսկ բժիշկը որոշի, թե իրենք ինչ անեն (Հռոմ. 14։12; Գաղ. 6։4, 5)։ Դա անձնական որոշում է, որ պետք է կայացնի զույգը։ Նրանք պետք է ձգտեն հաճեցնել Աստծուն և նրա առաջ մաքուր խիղճ պահպանել (համեմատիր 1 Տիմոթեոս 1։18, 19; 2 Տիմոթեոս 1։3

^ պարբ. 4 Նշված հոդվածը ռուսերենով հրատարակվել է «Դիտարանի» 1999 թ. փետրվարի 15-ի համարում (էջ 30, 31)։

^ պարբ. 4 Անգլիայի առողջապահության ազգային ծառայության կողմից հրատարակված մի ձեռնարկում ասվում է. «Այն ՆԱՊ-երի արդյունավետությունը, որոնք ավելի շատ պղինձ են պարունակում, գերազանցում է 99 տոկոսը։ Դա նշանակում է, որ ՆԱՊ-ի օգտագործման դեպքում մի տարվա ընթացքում մեկ տոկոսից էլ քիչ կանայք կհղիանանան։ Պակաս պղինձ պարունակող ՆԱՊ-երի արդյունավետությունը ավելի ցածր է»։

^ պարբ. 5 Քանի որ հորմոն պարունակող ՆԱՊ-երը բարակեցնում են արգանդի լորձաթաղանթը, բժիշկները երբեմն դրանք նշանակում են ամուսնացած և ամուրի կանանց՝ կարգավորելու չափազանց առատ դաշտանը։