Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան մեզ բարիք է արել

Եհովան մեզ բարիք է արել

ԵՍ ՈՒ ԿԻՆՍ՝ Դանիելան, հենց նոր էինք գրանցվել հյուրանոցում, երբ ընդունարանի աշխատողն ասաց ինձ. «Պարո՛ն, խնդրում եմ, զանգահարեք սահմանապահ ոստիկանություն»։ Մի քանի ժամ էր, ինչ եկել էինք Գաբոն՝ Արևմտյան Աֆրիկա։ Այդ ժամանակ՝ 1970-ականներին, մեր գործունեությունը այդ երկրում արգելքի տակ էր։

Դանիելան իրեն հատուկ շրջահայացությամբ անմիջապես գլխի ընկավ, թե ինչ է կատարվում, և ականջիս շշնջաց. «Նեղություն մի՛ քաշիր. ոստիկաններն արդեն այստեղ են»։ Հենց մեր հետևում՝ հյուրանոցի մուտքի մոտ, մի մեքենա կանգ առավ։ Րոպեներ անց զինվորները երկուսիս էլ ձերբակալեցին։ Բայց Դանիելայի նախազգուշացման շնորհիվ ես այդ մի քանի րոպեների ընթացքում հասցրի որոշ փաստաթղթեր փոխանցել հյուրանոցում գտնվող մեկ այլ եղբոր։

Մինչ մեզ տանում էին ոստիկանատուն, մտածում էի, թե ինչ հաջողակ եմ, որ Դանիելայի պես կին ունեմ՝ հոգևոր մտածելակերպ ունեցող ու քաջ։ Սա մեկն էր այն բազմաթիվ դեպքերից, երբ ես ու կինս համագործակցել ենք որպես մեկ թիմ։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես եղավ, որ սկսեցինք այցելել այն երկրներ, որտեղ մեր քարոզչական գործունեությունը արգելված էր կամ սահմանափակված։

ԵՀՈՎԱՆ ԲԱՑԵՑ ԱՉՔԵՐՍ

Ես ծնվել եմ 1930 թ.-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կրուա փոքր քաղաքում։ Ընտանիքիս անդամները նախանձախնդիր կաթոլիկներ էին։ Բոլորս ամեն շաբաթ մասնակցում էինք պատարագին։ Բացի այդ, հայրս ակտիվորեն զբաղվում էր ծխական գործերով։ Սակայն երբ 14 տարեկան էի, մի բան տեղի ունեցավ, ինչը բացեց աչքերս. ես տեսա, թե ինչ կեղծավորություն է տիրում եկեղեցում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը օկուպացրել էր Ֆրանսիան։ Մեր քահանան իր քարոզների ժամանակ մեզ միշտ հորդորում էր աջակցել «Վիշի» ֆաշիստամետ կառավարությանը։ Սակայն շատերի պես մենք BBC ռադիոկայանով լսում էինք լուրեր հակահիտլերյան դաշնակից ուժերի գործողությունների մասին։ Ուստի վրդովվում էինք քահանայի ելույթներից։ Երբ 1944 թ. սեպտեմբերին հակաֆաշիստական ուժերը զգալի հաջողությունների հասան, մեր քահանան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը և այդ ուժերի հաղթանակի պատվին եկեղեցում ժամերգություն կազմակերպեց։ Այդ կեղծավորությունը ցնցեց ինձ։ Այն հողին հավասարեցրեց հոգևորականության հանդեպ ունեցածս վստահությունը։

Պատերազմի ավարտից հետո հայրս մահացավ։ Այդ ժամանակ մեծ քույրս արդեն ամուսնացած էր և ապրում էր Բելգիայում, ուստի մորս մասին հոգ տանելու պարտականությունն ընկավ իմ ուսերին։ Ես աշխատանք գտա տեքստիլ արդյունաբերության ոլորտում։ Տնօրենս ու նրա որդիները նվիրյալ կաթոլիկներ էին։ Նրանց ընկերությունում ինձ պայծառ ապագա էր սպասում, սակայն շուտով կանգնելու էի ընտրության առաջ։

Քույրս՝ Սիմոնան, դարձել էր Եհովայի վկա։ Նա 1953 թ.-ին այցելեց մեզ։ Իր Աստվածաշնչի միջոցով նա հմտորեն մերկացրեց դժոխքի կրակների, Երրորդության և հոգու անմահության կեղծ ուսմունքները, որ սովորեցնում է կաթոլիկ եկեղեցին։ Սկզբում ես վիճում էի նրա հետ՝ ասելով, որ նա կաթոլիկ եկեղեցու թողարկած Աստվածաշնչից չի օգտվում, բայց շուտով համոզվեցի, որ քույրս ճշմարտությունն է ասում։ Ավելի ուշ նա ինձ «Դիտարան» պարբերագրի մի քանի հին թողարկում բերեց, որոնք ես մի գիշերում ծայրից ծայր կարդացի։ Միանգամից հասկացա, որ սա ճշմարտությունն է, սակայն մտավախություն ունեի, որ Եհովայի վկա դառնալով՝ կկորցնեմ աշխատանքս։

Մի քանի ամիս շարունակ ինքնուրույն ուսումնասիրեցի Աստվածաշունչը և «Դիտարանի» հոդվածները։ Ի վերջո որոշեցի գնալ Թագավորության սրահ։ Ժողովում տիրող ջերմ մթնոլորտը հուզեց սիրտս։ Վեց ամիս մի փորձառու եղբոր օգնությամբ ուսումնասիրեցի Աստվածաշունչը և 1954 թ. սեպտեմբերին մկրտվեցի։ Շուտով մեծ ուրախություն ապրեցի, երբ մայրս և փոքր քույրս նույնպես Վկաներ դարձան։

ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ

Ցավոք, 1958 թ.-ին Նյու Յորքում կայանալիք միջազգային համաժողովից մի քանի շաբաթ առաջ մայրս մահացավ։ Սակայն ես ներկա եղա այդ համաժողովին։ Քանի որ այլևս ընտանեկան պարտականություններ չունեի, վերադառնալուցս հետո աշխատանքից ազատվեցի և ռահվիրայություն սկսեցի։ Այդ ընթացքում նշանվեցի մի եռանդուն ռահվիրա քրոջ՝ Դանիելայի հետ, ով 1959 թ. մայիսին դարձավ իմ կինը։

Դանիելան իր լիաժամ ծառայությունը սկսել էր հայրական տնից հեռու գտնվող մի շրջանում՝ Բրետանում։ Նախանձախնդիր կաթոլիկներով բնակեցված այդ տարածքում քարոզելու և գյուղական վայրերում հեծանվով ճանապարհորդելու համար նրանից քաջություն էր պահանջվում։ Նա էլ ինձ նման հրատապության մեծ զգացում ուներ, քանի որ համոզված էր, որ վերջը ամեն րոպե կարող է գալ (Մատթ. 25։13)։ Դանիելան նաև անձնազոհ ոգի ուներ։ Դա մեզ շատ օգնեց տոկունությամբ շարունակելու մեր լիաժամ ծառայությունը։

Ամուսնությունից մի քանի օր անց մեզ նշանակեցին շրջանային ծառայություն կատարելու, որի ընթացքում մենք սովորեցինք ապրել ոչ այնքան հարմարավետ պայմաններում։ Առաջին ժողովը, որ այցելեցինք, 14 քարոզիչներից էր բաղկացած։ Նրանցից ոչ ոք հնարավորություն չուներ մեզ հյուրընկալելու։ Ուստի գիշերում էինք Թագավորության սրահում։ Մեզ համար բեմի վրա ներքնակներ էին դրել։ Իհարկե, չէի ասի, թե պայմաններն իդեալական էին, բայց որ այդպես քնելը ողնաշարի համար շատ լավ է, դա հաստատ է։

Մեր փոքր մեքենայով այցելում ենք ժողովներ

Չնայած լարված գրաֆիկին՝ Դանիելան լավ հարմարվել էր շրջագայական ծառայության դժվարություններին։ Նա հաճախ էր ստիպված լինում մեր փոքր մեքենայի մեջ երկար սպասել, մինչ ես չնախատեսված հանդիպումներ էի ունենում երեցների հետ, սակայն երբեք չէր տրտնջում։ Շրջանային ծառայության մեջ ընդամենը երկու տարի անցկացրինք։ Այդ տարիներին նաև սովորեցինք, թե որքան կարևոր է, որ ամուսինները անկեղծորեն հաղորդակցվեն միմյանց հետ և գործեն որպես մեկ թիմ (Ժող. 4։9

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

1962 թ.-ին հրավիրվեցինք Բրուքլին (Նյու Յորք)՝ սովորելու «Գաղաադ» դպրոցի 37-րդ դասարանում։ Այն ժամանակ դասընթացը տասը ամիս էր տևում։ 100 ուսանողների մեջ ընդամենը 13 ամուսնական զույգ կար։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ այդ զույգերից մեկը մենք էինք։ Հոգևոր «հսկաների» հետ շփումը, ինչպիսիք էին Ֆրեդերիկ Ֆրանցը, Յուլիսիզ Գլասը և Ալեքսանդր Մակմիլանը, ջերմ հիշողություններ է թողել իմ սրտում։

Ուրախ ենք, որ միասին սովորում ենք «Գաղաադում»

Սովորելու ողջ ընթացքում մեզ հորդորում էին դիտունակություն զարգացնել։ Երբեմն շաբաթ օրերին, երբ դասերն ավարտվում էին, մեզ տանում էին շրջելու Նյու Յորքի տեսարժան վայրերով. դա ուսումնական ծրագրի մաս էր կազմում։ Իսկ երկուշաբթի օրը պետք է գրեինք, թե ինչ ենք տեսել այդ ընթացքում։ Երբ շաբաթ օրը երեկոյան հետ էինք գալիս, սովորաբար հալից ընկած էինք լինում, բայց մեր էքսկուրսավարը՝ բեթելցի մի կամավոր, մեզ հարցեր էր տալիս, որոնք օգնում էին մտապահել այն գլխավոր մտքերը, որ լինելու էին գրավոր թեստում։ Այդպես մի անգամ շաբաթ օրվա ողջ երկրորդ կեսը անցկացրինք քաղաքում։ Այցելեցինք աստղադիտարան, որտեղ սովորեցինք, թե ասուպները ինչով են տարբերվում երկնաքարերից։ Իսկ Ամերիկյան բնագիտական թանգարանում մեզ բացատրեցին, թե ինչ տարբերություն կա ալիգատորների և կոկորդիլոսների միջև։ Բեթել վերադառնալուց անմիջապես հետո մեր էքսկուրսավարը հարցրեց. «Այսպես, ուրեմն, ի՞նչ տարբերություն կա ասուպի և երկնաքարի միջև»։ Դանիելան էլ հոգնած պատասխանեց. «Դե՜, երկնաքարերի ատամները ավելի երկար են»։

Հաճույքով այցելում ենք Աֆրիկայի մեր հավատակիցներին

Մենք շատ զարմացանք, երբ իմացանք, որ նշանակվել ենք Ֆրանսիայի մասնաճյուղ, որտեղ միասին ծառայեցինք ավելի քան 53 տարի։ 1976-ին ես նշանակվեցի մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր, ինչպես նաև ինձ հանձնարարվեց այցելել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ, որտեղ մեր քարոզչական գործունեությունը արգելված էր կամ սահմանափակված։ Հենց այդ պատճառով էլ մենք հայտնվեցինք Գաբոնում, որտեղ և տեղի ունեցավ այն, ինչ պատմեցի սկզբում։ Անկեղծ ասած՝ այս պարտականությունները ստանձնելու համար ինձ այնքան էլ պատրաստ չէի համարում։ Բայց Դանիելան անչափ օգնել է ինձ, որ ոչ մի հանձնարարությունից չվախենամ։

«Աստծու արդարությունը» մարզային համաժողովին թարգմանում եմ եղբայր Թեոդոր Յարաչի ելույթը (1988)

ԲԱԽՎՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ

Հենց սկզբից էլ մեզ դուր եկավ մեր կյանքը Բեթելում։ Դանիելան, ով «Գաղաադ» գնալուց առաջ հինգ ամսում անգլերեն էր սովորել, դարձավ մեր հրատարակությունների հմուտ թարգմանիչ։ Բեթելի ծառայությունը բավարարվածության մեծ զգացումով էր լցնում մեզ։ Բայց ժողովի գործունեության մեջ ներգրավված լինելը կրկնապատկում էր մեր ուրախությունը։ Հիշում եմ, որ մի անգամ Փարիզում Դանիելայի հետ ուշ գիշերով մետրո էինք նստել ահավոր հոգնած, բայց շատ երջանիկ, քանի որ այդ օրը Աստվածաշնչի ուսումնասիրություն էինք անցկացրել հոգևորապես առաջադիմող մի քանի մարդկանց հետ։ Սակայն, ցավոք, առջևում մեզ ծանր փորձություն էր սպասում. որոշ ժամանակ անց Դանիելայի առողջական վիճակը կտրուկ վատացավ՝ խանգարելով նրան առաջվա պես գործունյա լինել։

1993-ին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին։ Բուժման ընթացքը ծանր էր լինելու. այն ներառելու էր վիրահատություն և ագրեսիվ քիմիաթերապիա։ Դրանից տասնհինգ տարի անց նրա մոտ կրկին քաղցկեղ հայտնաբերվեց, այս անգամ՝ ավելի բարդ տեսակի։ Սակայն երբ Դանիելայի վիճակը փոքր-ինչ կայունանում էր, նա նորից վերադառնում էր թարգմանչի իր աշխատանքին, քանի որ շատ էր գնահատում իր առանձնաշնորհումը։

Չնայած կնոջս անողոք հիվանդությանը՝ մտքներովս էլ չէր անցնում թողնել Բեթելի ծառայությունը։ Սակայն Բեթելում հիվանդ լինելը իր ուրույն դժվարություններն ունի, հատկապես եթե մյուսները տեղյակ չեն, թե որքան ծանր է վիճակդ (Առակ. 14։13)։ Նույնիսկ երբ Դանիելան 80-ին մոտ էր, նրա անուշիկ դեմքը և բնատուր նրբագեղությունը քողարկում էին այն ֆիզիկական ցավը, որ զգում էր։ Սակայն նա իր հանդեպ խղճահարությամբ չէր լցվում։ Հակառակը՝ կենտրոնանում էր ուրիշներին օգնելու վրա։ Նա շատ լավ հասկանում էր, որ տառապողները լսող ականջի կարիք ունեն (Առակ. 17։17)։ Իհարկե, Դանիելան երբեք հանդես չէր գալիս որպես խորհրդատու, բայց իր փորձից ելնելով՝ օգնում էր բազմաթիվ քույրերի, որ չվախենան քաղցկեղից։

Մենք նաև պետք է հարմարվեինք այն սահմանափակումներին, որ իր հետ բերում է այդ հիվանդությունը։ Երբ Դանիելան այլևս ի վիճակի չէր ամբողջ օրն աշխատելու, սկսեց ավելի շատ ինձ աջակցել։ Նա այնքա՜ն բան էր անում, որ կյանքս թեթևացներ։ Դրա շնորհիվ կարողացա շուրջ 37 տարի ծառայել որպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։ Օրինակ՝ նա ամեն օր մեր սենյակում սեղան էր գցում, որ միասին ճաշեինք ու մի փոքր հանգստանայինք (Առակ. 18։22

ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՅՔԱՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Դանիելան միշտ լի էր լավատեսությամբ և կենսասիրությամբ։ Բայց քաղցկեղը չէր ուզում զենքերը վայր դնել։ Երբ կնոջս մոտ երրորդ անգամ էլ քաղցկեղ զարգացավ, մենք մեզ բոլորովին անօգնական էինք զգում։ Քիմիաթերապիան և ճառագայթաբուժությունը նրանից այնքան ուժ էին խլում, որ երբեմն նա հազիվ էր կարողանում քայլել։ Սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ իմ թանկագին կինը՝ երբեմնի հմուտ թարգմանիչը, չէր կարողանում բառեր գտնել, որ խոսեր։

Նույնիսկ երբ մեզ բոլորովին անզոր էինք զգում, անդադար աղոթում էինք՝ համոզված լինելով, որ Եհովան երբեք թույլ չի տա, որ մեր կարողությունից վեր փորձվենք (1 Կորնթ. 10։13)։ Մենք երախտապարտ էինք այն օգնության համար, որ նա տալիս էր իր Խոսքի, Բեթելի բժշկական անձնակազմի և մեր մյուս հավատակիցների միջոցով։

Բուժմեթոդների ընտրության հարցում հաճախ էինք Եհովայից առաջնորդություն խնդրում։ Օրինակ՝ եղավ մի շրջան, երբ մնացինք առանց որևէ բուժման։ Այն բժիշկը, ով 23 տարի շարունակ բուժում էր Դանիելային, չէր հասկանում, թե նա ինչու է ամեն քիմիաթերապիայից հետո կորցնում գիտակցությունը, և չէր կարողանում որևէ այլ բուժմեթոդ առաջարկել։ Մեզ բոլորովին անպաշտպան էինք զգում։ Շվարել էինք՝ չիմանալով՝ ինչ անել։ Բայց հետո մի ուռուցքաբան համաձայնվեց շարունակել Դանիելայի բուժումը։ Կարծես Եհովան ինքը ելք տվեց, որ կարողանանք շունչ քաշել։

Մենք սովորեցինք պայքարել մտահոգությունների դեմ՝ ապրելով միայն տվյալ օրով։ Չէ՞ որ Հիսուսն ասել է. «Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթ. 6։34)։ Ամենօրյա այդ պայքարում մեզ օգնում էին նաև դրական տրամադրվածությունն ու հումորի զգացումը։ Օրինակ, երբ պատահում էր, որ Դանիելան երկու ամիս քիմիաթերապիա չէր ընդունում, իր չարաճճի ժպիտով նայում էր ինձ ու ասում. «Գիտես, ես ինձ բողկի պես եմ զգում» (Առակ. 17։22)։ Չնայած իր ցավերին՝ նա հաճույք էր ստանում, երբ տանը խրոխտ ձայնով երգում էր Թագավորության նոր երգերը։

Կնոջս դրական տրամադրվածությունը փոխանցվում էր ինձ՝ օգնելով հաղթահարել նաև իմ խնդիրները։ Պետք է խոստովանեմ, որ 57 տարվա համատեղ կյանքի ընթացքում իմ կարիքները Դանիելան է հոգացել։ Նա նույնիսկ չի ցանկացել սովորեցնել ինձ ձվածեղ պատրաստել։ Երբ նա հիվանդության պատճառով այլևս ոչինչ չէր կարողանում անել, միայն այդ ժամանակ սովորեցի լվանալ ափսեները, լվացք անել և պարզ կերակուր պատրաստել։ Այդ ընթացքում, իհարկե, մի քանի բաժակ կոտրեցի, բայց նրա համար հաճելի բաներ անելը մեծ ուրախություն էր պատճառում ինձ։ *

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԵՀՈՎԱՅԻՆ ՆՐԱ ՍԻՐԱՌԱՏ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ հիվանդությունների և ծերության բերած սահմանափակումների շնորհիվ շատ բաներ եմ հասկացել։ Առաջին՝ մենք երբեք չպետք է այնքան զբաղված լինենք, որ անտեսենք մեր սիրելի կողակցին։ Պետք է լավագույնս օգտագործենք այն տարիները, երբ մեր ուժը տեղն է, և դեռ կարող ենք հոգ տանել մեր սիրելիների մասին (Ժող. 9։9)։ Եվ երկրորդ՝ չպետք է չափից շատ անհանգստանանք աննշան բաների համար, հակառակ դեպքում հնարավոր է՝ աչքաթող անենք այն բազմաթիվ օրհնությունները, որ Եհովան ամեն օր տալիս է մեզ (Առակ. 15։15

Երբ խորհում եմ լիաժամ ծառայության մեջ մեր անցկացրած տարիների մասին, ինձ մի հրաշալի զգացում է պարուրում. հասկանում եմ, որ Եհովան մեր մտածածից էլ առավել է օրհնել մեզ։ Ես ի սրտե համաձայն եմ սաղմոսերգուի հետ, որն ասել է. «Ո՛վ իմ հոգի.... Եհովան քեզ բարիք է արել» (Սաղ. 116։7

^ պարբ. 32 Մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության, քույր Դանիելա Բոկաերը մահացավ։ Նա 78 տարեկան էր։