Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Աստվածաշունչն ինչպե՞ս է փաստում, որ Աստված կարեկցում է մեզ։

Երբ իսրայելացիները Եգիպտոսում ստրկության մեջ էին, Աստված ոչ միայն տեղյակ էր նրանց նեղություններին, այլև զգում էր նրանց ցավը (Ելք 3։7; Ես. 63։9)։ Մենք ստեղծվել ենք Աստծու պատկերով, ուստի մենք էլ կարող ենք կարեկցանք դրսևորել։ Աստված մեզ կարեկցում է, նույնիսկ եթե մեզ արժանի չենք համարում նրա սիրուն (wp18.3, էջ 8, 9)։

Հիսուսի սովորեցրած սկզբունքները ինչպե՞ս էին մարդկանց օգնում ազատվել նախապաշարմունքներից։

Հիսուսի օրերում նախապաշարմունքները խոր արմատներ էին գցել մարդկանց սրտերում։ Հիսուսը ընդգծեց խոնարհության կարևորությունը և դատապարտեց ազգային հպարտությունը։ Նա իր աշակերտներին պատվիրեց միմյանց վերաբերվել որպես եղբայրների (w18.06, էջ 9, 10)։

Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Աստված ինչու Մովսեսին թույլ չտվեց մտնել Ավետյաց երկիր։

Մովսեսը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ (2 Օրենք 34։10)։ Երբ Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց հետո մոտ 40 տարի էր անցել, և նրանց դեգերումներն անապատում մոտենում էին ավարտին, նրանք երկրորդ անգամ բողոքեցին, որ ջուր չկա։ Աստված Մովսեսին պատվիրեց ասել ժայռին, որ ջուր տա։ Սակայն վերջինս հարվածեց ժայռին։ Եհովան բարկացավ հավանաբար այն պատճառով, որ Մովսեսը չգործեց Իր տված հրահանգների համաձայն կամ այդ հրաշքի համար Իրեն չպատվեց (Թվեր 20։6–12)։ Այս դեպքից սովորում ենք, թե որքան կարևոր է հնազանդվել Եհովային ու պատվել նրան (w18.07, էջ 13, 14)։

Ինչո՞ւ է սխալ մարդկանց դատել աչքի տեսածով։

Կա երեք գործոն, որոնց պատճառով մարդիկ հաճախ իրենց աչքի տեսածով են դատում։ Խոսքը ռասայական կամ էթնիկական պատկանելության, ունեցվածքի և տարիքի մասին է։ Կարևոր է սովորել մարդկանց նայել Եհովայի՝ մեր անկողմնակալ Աստծու աչքերով (Գործ. 10։34, 35) (w18.08, էջ 8–12)։

Տարեց քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են օգնել ուրիշներին։

Աստված առաջվա պես թանկ է գնահատում տարեց եղբայրներին, ում նշանակումը փոխվել է։ Նրանք դեռ շատ բան կարող են անել ուրիշներին աջակցելու համար։ Օրինակ՝ կարող են հոգևորապես օգնել քույրերի անհավատ ամուսիններին և ոչ ակտիվ քարոզիչներին, ավելի շատ մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և ընդլայնել իրենց ծառայությունը (w18.09, էջ 8–11)։

Ի՞նչ կա «Ուսուցանելու գործիքների արկղում»։

Այնտեղ կան այցեքարտեր և հրավիրատոմսեր, հարմար ձևաչափ ունեցող ութ թերթիկ, «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի համարներ, մի քանի գրքույկ, ուսումնասիրության համար նախատեսված երկու հիմնական գիրք, ինչպես նաև չորս տեսանյութ, այդ թվում՝ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը (w18.10, էջ 16)։

Առակներ 23։23-ի համաձայն՝ քրիստոնյան ինչպե՞ս կարող է գնել ճշմարտությունը։

Ճշմարտության դիմաց Աստված մեզնից փող չի ուզում։ Սակայն այն ձեռք բերելու համար մենք պետք է ժամանակ ծախսենք և ջանքեր թափենք (w18.11, էջ 4)։

Ի՞նչ ենք սովորում Օսեեի և Գոմերի պատմությունից։

Գոմերը շարունակ դավաճանում էր իր ամուսնուն։ Չնայած դրան՝ Օսեեն ներում էր Գոմերին և չէր բաժանվում նրանից։ Եթե քրիստոնյայի կողակիցը անբարոյություն է գործել, նա գուցե որոշի ներել նրան։ Եթե անմեղ կողմը վերականգնի սեռական հարաբերությունները, այլևս սուրբգրային հիմք չի ունենա ամուսնալուծվելու (w18.12, էջ 13)։