Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանինե՛ր, դուք կարող եք երջանիկ կյանքով ապրել

Պատանինե՛ր, դուք կարող եք երջանիկ կյանքով ապրել

«Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը» (ՍԱՂ. 16։11

ԵՐԳ 133, 89

1, 2. Թոնիի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ հնարավոր է կյանքում մեծ փոփոխություններ անել։

ԹՈՆԻ անունով մի պատանի, որն առանց հոր էր մեծանում, մտածում էր ավագ դպրոցը թողնելու մասին։ Ուսումը նրան չէր հետաքրքրում։ Հանգստյան օրերը նա անցկացնում էր կինոթատրոններում կամ ընկերների հետ։ Թոնին բռնասեր կամ թմրամոլ չէր, պարզապես կյանքում ոչ մի նպատակ չուներ։ Նա նաև կասկածում էր, որ Արարիչ գոյություն ունի։ Այդ ժամանակ էր, որ նրան մի Վկա ամուսնական զույգ հանդիպեց, և նա նրանց հետ խոսեց իր կասկածների մասին։ Նրանք տղային տվեցին «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» և «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկները։

2 Հաջորդ այցելության ժամանակ ամուսինները տեսան, որ տղայի տրամադրվածությունը լիովին փոխվել է։ Նա այնպես էր ուսումնասիրել գրքույկները, որ դրանք հալումաշ էին եղել։ Թոնին ասաց. «Երևի թե Աստված գոյություն ունի»։ Նա համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը և աստիճանաբար փոխեց իր աշխարհայացքը։ Թոնին նաև սկսեց ավելի լավ սովորել և դարձավ դպրոցի լավագույն աշակերտներից մեկը։ Նույնիսկ տնօրենը, ով լսել էր տղայի նոր հավատի մասին, զարմացած ասաց. «Դու էապես բարելավել ես գնահատականներդ ու վարքդ։ Դա Եհովայի վկաների հետ շփվելու արդյո՞ւնքն է»։ Թոնին հաստատեց դա և լավ վկայություն տվեց տնօրենին։ Տղան հաջողությամբ ավարտեց ավագ դպրոցը։ Նա այժմ ռահվիրա է ու ծառայող օգնական և շատ երջանիկ է, որ Եհովայի պես հրաշալի Հայր ունի (Սաղ. 68։5

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՀԱՋՈՂԱԿ ԿԼԻՆԵՍ

3. Եհովան ի՞նչ խորհուրդ է տալիս պատանիներին։

3 Սիրելի՛ պատանի, Թոնիի օրինակը հիշեցնում է, որ Եհովան խորապես հետաքրքրված է քեզանով։ Նա ուզում է, որ իսկապես հաջողակ լինես ու երջանիկ կյանքով ապրես։ Ուստի խորհուրդ է տալիս. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժող. 12։1)։ Այսօրվա աշխարհում դա անելը այնքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է։ Աստծու օգնությամբ դու կարող ես հաջողակ լինել ոչ միայն պատանեկության շրջանում, այլև ողջ կյանքում։ Դա ավելի լավ հասկանալու համար քննենք, թե ինչ կարող ենք սովորել այն դրվագից, երբ իսրայելացիները պատրաստվում էին նվաճել Ավետյաց երկիրը, ինչպես նաև Դավթի ու Գողիաթի պատմությունից։

4, 5. Ի՞նչ կարևոր դաս ենք քաղում այն բանից, թե իսրայելացիներն ինչպես նվաճեցին Քանանի երկիրը, և թե Դավիթն ինչպես հաղթեց Գողիաթին (տես հոդվածի սկզբի նկարը)։

4 Երբ իսրայելացիները մոտեցան Ավետյաց երկրին, Աստված նրանց չպատվիրեց մարտական հմտություններ զարգացնել (2 Օրենք 28։1, 2)։ Փոխարենն ասաց, որ կատարեն իր պատվիրանները և ապավինեն իրեն (Հեսու 1։7–9)։ Մարդկային տեսանկյունից այս խորհուրդը կարող էր անմիտ թվալ։ Սակայն դա լավագույն խորհուրդն էր, քանի որ Եհովան իր ժողովրդին հաղթանակներ շնորհեց՝ օգնելով նվաճել Քանանի երկիրը (Հեսու 24։11–13)։ Ինչ խոսք, Աստծուն հնազանդվելու համար հավատ է հարկավոր։ Այն զարգացնելու համար արժե ամեն ջանք թափել, քանի որ հավատը միշտ էլ օգնում է հաջողությունների հասնել։ Սա ժամանակի փորձությունն անցած ճշմարտություն է, որն այսօր էլ է արդիական։

5 Գողիաթը հզոր ռազմիկ էր։ Նրա հասակը կազմում էր մոտ 3 մետր (9,5 ֆուտ)։ Բացի այդ, նա լավ զինված էր (1 Սամ. 17։4–7)։ Իսկ Դավիթը երկու բան ուներ՝ պարսատիկ և հավատ իր Աստծու՝ Եհովայի հանդեպ։ Հավատ չունեցողները, անշուշտ, Դավթին հիմար էին համարում։ Սակայն որքա՜ն էին նրանք սխալվում։ Իրականում Գողիաթն էր հիմար (1 Սամ. 17։48–51

6. Ի՞նչ ենք խորությամբ քննելու։

6 Նախորդ հոդվածում քննարկեցինք չորս բան, որոնց շնորհիվ ավելի երջանիկ ենք դառնում ու կյանքում հաջողությունների ենք հասնում։ Խոսեցինք այն մասին, որ հարկավոր է բավարարել մեր հոգևոր կարիքները, գնահատել Աստծու պարգևած ընկերներին, վեհ նպատակներ դնել և իմաստությամբ օգտագործել այն ազատությունը, որ վայելում ենք որպես Աստծու ծառաներ։ Այժմ եկեք ավելի մանրամասնորեն քննենք այս ամենը՝ խորհելով 16-րդ սաղմոսում պարփակված մի շարք սկզբունքների շուրջ։

ԲԱՎԱՐԱՐԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԴ

7. ա) Ինչպե՞ս կնկարագրես հոգևոր մարդուն։ բ) Ի՞նչն էր Դավթի «բաժինը», և նա ի՞նչ էր զգում։

7 Հոգևոր մարդը հավատում է Եհովային և նրա մտածելակերպն ունի։ Նա Աստծուց է առաջնորդություն խնդրում և իր սրտում վճռել է հնազանդվել նրան (1 Կորնթ. 2։12, 13)։ Դավիթը լավ օրինակ է թողել այս հարցում։ Նա ասել է. «Եհովան ինձ նշանակված բաժինն է ու իմ բաժակը» (Սաղ. 16։5)։ Դավիթը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ և նրա մոտ ապաստան էր գտնում։ Դա էր նրա «բաժինը» (Սաղ. 16։1)։ Ուստի նա կարող էր ասել. «Սիրտն իմ ուրախանում է, և փառքն իմ ցնծում է»։ Այո՛, ոչինչ այնքան չէր ուրախացնում Դավթին, որքան Աստծու հետ մտերմությունը (կարդա Սաղմոս 16։9, 11

8. Ի՞նչն է իսկապես երջանկացնում մարդուն։

8 Դավթի ունեցած ուրախությունը չեն կարող զգալ նրանք, ում ուշքն ու միտքը հաճույքներն են և հարստությունը (1 Տիմոթ. 6։9, 10)։ Կանադայում ապրող մի եղբայր ասում է. «Իսկական բավարարվածություն զգում ես ոչ թե այն ժամանակ, երբ կյանքից ինչ-որ բան ես վերցնում, այլ երբ ինչ-որ բան ես տալիս բարի պարգևներ Տվողին՝ Եհովա Աստծուն» (Հակ. 1։17)։ Եթե հավատ զարգացնես Եհովայի հանդեպ ու ծառայես նրան, կյանքդ կիմաստավորվի, և բավարարվածության զգացում կունենաս։ Իսկ ինչպե՞ս կարող ես հավատ զարգացնել։ Այսպես ասած, ժամանակ անցկացնելով Աստծու հետ, այսինքն՝ կարդալով նրա Խոսքը, դիտելով նրա ստեղծագործությունները և խորհելով նրա հատկությունների շուրջ, որոնցից մեկը սերն է, որ նա տածում է քո հանդեպ (Հռոմ. 1։20; 5։8

9. Ինչպե՞ս կարող ես Դավթի պես թույլ տալ, որ Աստծու Խոսքը ձևավորի քեզ։

9 Եհովան երբեմն իր սերն արտահայտում է հոր պես խրատելով։ Դավիթը սիրով ընդունում էր Աստծու բարի խորհուրդները։ Նա ասել է. «Ես կօրհնեմ Եհովային, որն ինձ խորհուրդ է տալիս։ Նույնիսկ գիշերները իմ խորին զգացմունքները կրթում են ինձ» (Սաղ. 16։7)։ Դավիթը խորհում էր Աստծու մտքերի շուրջ և թույլ էր տալիս, որ դրանք ձևավորեն իրեն։ Նա Եհովայի մտածելակերպը իրենն էր դարձնում։ Եթե դու էլ հավատ զարգացնես ու Դավթի պես վարվես, ավելի շատ կսիրես Աստծուն և ավելի շատ կցանկանաս հնազանդվել նրան։ Բացի այդ, հոգևորապես կհասունանաս։ Քրիստին անունով մի քույր ասում է. «Երբ փնտրտուքներ եմ անում և խորհում եմ կարդացածիս շուրջ, այնպիսի զգացում եմ ունենում, ասես Եհովան դա հենց ինձ համար է գրել տվել»։

10. Եսայիա 26։3-ի համաձայն՝ կյանքին Աստծու աչքերով նայելը ի՞նչ օգուտ է տալիս։

10 Չափազանցություն չի լինի ասել, որ երբ կյանքին Աստծու աչքերով ես նայում, դառնում ես խելամիտ ու խորաթափանց, քանի որ սկսում ես աշխարհին ու դրա ապագային Աստծու տեսանկյունից նայել։ Իսկ ինչո՞ւ է Եհովան քեզ այսպիսի խոր գիտելիքներ ու հասկացողություն տալիս։ Նա ուզում է, որ կյանքում ճիշտ առաջնահերթություններ սահմանես, իմաստուն որոշումներ կայացնես և ապագային վստահությամբ նայես (կարդա Եսայիա 26։3)։ Ջոշուա անունով մի եղբայր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է, որ Եհովայի հետ մտերիմ մնալով՝ կարողանում ես հստակ հասկանալ, թե ինչն է հիմա կարևոր, և ինչը՝ ոչ։ Իսկապես որ։ Այդպիսի կյանքը նաև բավարարվածության խոր զգացումով է լցնում մարդուն։

ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԳՏԻՐ

11. Ըստ Դավթի՝ ո՞րն է լավ ընկերներ գտնելու գաղտնիքը։

11 Կարդա Սաղմոս 16։3։ Դավիթը գիտեր լավ ընկերներ գտնելու գաղտնիքը։ Նա մեծ ուրախություն էր ստանում՝ շփվելով նրանց հետ, ովքեր սիրում էին Եհովային։ Նրանք կոչվում են «սրբեր», քանի որ արդար էին և բարոյապես մաքուր։ Մեկ ուրիշ սաղմոսերգու նույն կարծիքն ուներ ընկերների ընտրության հարցում։ Ահա նրա խոսքերը. «Ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզանից, և ովքեր պահում են քո պատվերները» (Սաղ. 119։63)։ Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, դու նույնպես կարող ես բազմաթիվ լավ ընկերներ գտնել նրանց մեջ, ովքեր աստվածավախ են ու սրտանց հնազանդվում են Եհովային։ Եվ պարտադիր չէ, որ ընկերներդ միայն քո տարիքի լինեն։

12. Ինչի՞ վրա էր հիմնված Դավթի ու Հովնաթանի ընկերությունը։

12 Դավիթը միայն իր հասակակիցների հետ չէ, որ ընկերություն էր անում։ Հիշո՞ւմ ես «փառահեղներից» մեկի անունը, ով դարձավ նրա թանկագին ընկերը։ Դա Հովնաթանն էր։ Դավիթն ու Հովնաթանը Աստվածաշնչում հիշատակված ամենահավատարիմ ընկերներից են։ Իսկ գիտե՞ս, որ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից։ Ուրեմն ի՞նչն էր նրանց ընկերության հիմքը։ Հավատն առ Աստված, հարգանքն իրար հանդեպ և այն, որ նրանք գնահատում էին միմյանց լավ հատկությունները, օրինակ՝ քաջությունը, որն իրենց մղում էր կռվել Եհովայի թշնամիների դեմ (1 Սամ. 13։3; 14։13; 17։48–50; 18։1

13. Ինչպե՞ս կարող ես ընդլայնել ընկերական շրջապատդ։ Բեր օրինակ։

13 Դավթի ու Հովնաթանի պես մենք էլ ենք մեծ ուրախությամբ լցվում, երբ սիրում ենք նրանց, ովքեր սիրում են Եհովային և փաստում են իրենց հավատը նրա հանդեպ։ Կիրան, ով տարիներ շարունակ ծառայում է Աստծուն, ասում է. «Ես ընկերություն եմ անում աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց հետ, ովքեր այլ ծագում ունեն և ուրիշ մշակույթի են պատկանում»։ Եթե դու էլ այդպես ընդլայնես ընկերական շրջապատդ, քո աչքերով կտեսնես, թե Եհովան ինչպես է իր Խոսքի ու ոգու միջոցով միավորում իր ծառաներին։

ՎԵՀ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

14. ա) Ի՞նչը կօգնի քեզ վեհ նպատակներ դնել կյանքում։ բ) Որոշ երիտասարդներ ի՞նչ են մտածում հոգևոր նպատակներ դնելու մասին։

14 Կարդա Սաղմոս 16։8։ Դավթի կյանքը պտտվում էր Աստծուն ծառայելու շուրջ։ Դու էլ իսկապես երջանիկ կյանքով կապրես, եթե Եհովային ծառայելը ամենակարևոր բանը համարես և նպատակներ դնելիս հաշվի առնես նրան։ Ստիվեն անունով մի եղբայր պատմում է. «Երբ ձգտում եմ որևէ նպատակի, հասնում եմ դրան և տեսնում եմ առաջընթացս, բավարարվածության զգացում եմ ունենում»։ Գերմանիայից մի երիտասարդ եղբայր, ով այժմ այլ երկրում է ծառայում, ասում է. «Երբ շատ տարիներ անց հետ նայեմ կյանքիս, չեմ ուզենա տեսնել, որ միայն ինձ համար եմ ապրել»։ Դու է՞լ ես այսպես մտածում։ Եթե այո, ապա քո ստացած պարգևներն օգտագործիր Աստծուն պատվելու և ուրիշներին օգնելու համար (Գաղ. 6։10)։ Քո առաջ հոգևոր նպատակներ դիր և խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասնել դրանց։ Նա մեծ ուրախությամբ է պատասխանում այդպիսի աղոթքներին (1 Հովհ. 3։22; 5։14, 15

15. Ի՞նչ նպատակներ կարող ես դնել քո առաջ (տես « Հասանելի նպատակներ» շրջանակը)։

15 Ի՞նչ նպատակներ կարող ես դնել։ Օրինակ՝ կարող ես ձգտել հանդիպումների ժամանակ քո բառերով մեկնաբանություններ տալ, ռահվիրայական ծառայություն սկսել կամ ծառայել Բեթելում։ Գուցե փորձես օտար լեզու սովորել, որպեսզի ծառայես օտարալեզու դաշտում։ Բարաք անունով մի երիտասարդ լիաժամ ծառայող ասում է. «Երբ ամեն օր արթնանում եմ այն բանի գիտակցմամբ, որ ողջ ուժս Եհովային եմ տալիս, բավարարվածության այնպիսի զգացում եմ ունենում, որ ոչ մի ուրիշ գործ չի կարող առաջացնել»։

ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԻՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԴ

16. Դավիթն ինչպե՞ս էր վերաբերվում Եհովայի արդար չափանիշներին և ինչո՞ւ։

16 Կարդա Սաղմոս 16։2, 4։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Աստծու արդար օրենքներն ու սկզբունքները ազատում են մեզ՝ օգնելով սիրել բարին և ատել չարը (Ամոս 5։15)։ Սաղմոսերգու Դավիթը հասկանում էր, որ առաքինության աղբյուրը Եհովան է։ Առաքինությունը բարձր բարոյականությունն է։ Դավիթը մեծ ջանքեր էր թափում, որ ընդօրինակեր Աստծուն և առաջնորդվեր նրա բարոյական չափանիշներով։ Բացի այդ, նա իր սրտում ատելություն էր զարգացնում այն ամենի հանդեպ, ինչը Աստծու աչքում սխալ է։ Այդ բաներից է կռապաշտությունը, որը նվաստացնում է մարդուն ու Եհովայից խլում է այն փառքը, որին նա արժանի է (Ես. 2։8, 9; Հայտն. 4։11

17, 18. ա) Դավիթն ի՞նչ է ասել կեղծ երկրպագության հետևանքների մասին։ բ) Մարդիկ ինչպե՞ս են այսօր շատացնում իրենց ցավերը։

17 Աստվածաշնչյան ժամանակներում կեղծ երկրպագությունը հաճախ ուղեկցվում էր խայտառակ անբարոյականությամբ (Օս. 4։13, 14)։ Թեև պաշտամունքի այդ ձևը գրավիչ էր մեղավոր մարմնի համար, սակայն երջանկություն չէր բերում։ Ընդհակառակը, ինչպես ասաց Դավիթը, «շատանում են նրանց ցավերը, ովքեր շտապում են հետևել ուրիշ աստծու»։ Դեռ ավելին՝ այդ մարդիկ անգթորեն նույնիսկ իրենց երեխաներին էին զոհաբերում կեղծ աստվածներին (Ես. 57։5)։ Եհովայի համար զզվելի էր նրանց դաժանությունը (Երեմ. 7։31)։ Եթե այն ժամանակներում ապրեիր, ապա, անկասկած, շատ շնորհակալ կլինեիր, որ քո ծնողները Եհովային են հավատում ու հնազանդվում։

18 Այսօր կեղծ կրոններից շատերը ընդունելի են համարում սեռական անբարոյությունը, նույնիսկ համասեռամոլությունը։ Սակայն այսպես կոչված բարոյական ազատության հետևանքները աստվածաշնչյան ժամանակներից ի վեր չեն փոխվել (1 Կորնթ. 6։18, 19)։ Հավանաբար նկատել ես, որ այդպիսի կյանք վարելով՝ մարդիկ շատացնում են իրենց ցավերը։ Ուստի, սիրելի՛ պատանի, լսիր քո երկնային Հորը։ Լիովին համոզված եղիր, որ նրան հնազանդվելը քեզ միայն օգուտ կբերի։ Քո սրտում փորագրիր այն միտքը, որ վատ արարքների բերած վնասը շատ ավելի մեծ է, քան դրանց պատճառած ժամանակավոր հաճույքը (Գաղ. 6։8)։ Ջոշուան, որի մասին արդեն հիշատակել ենք, ասում է. «Մենք կարող ենք մեր ազատությունն օգտագործել այնպես, ինչպես ուզում ենք, բայց եթե սխալ օգտագործենք, երջանիկ չենք լինի»։

19, 20. Ի՞նչ օրհնություններ են սպասում այն պատանիներին, ովքեր հավատում են Եհովային ու հնազանդվում նրան։

19 Հիսուսն իր հետևորդներին ասել է. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։31, 32)։ Ճշմարտությունն իմանալով՝ մենք ազատվում ենք կեղծ կրոնից, անգիտությունից և սնահավատությունից։ Դեռ ավելին, ինչպես արդեն իմացանք, ապագայում կստանանք «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Դու այսօր իսկ կարող ես առնել այդ ազատության համը՝ պահելով Քրիստոսի խոսքը։ Այդպես «ճշմարտությունը կիմանաս» ոչ միայն սովորելով դրա մասին, այլև ապրելով դրա համաձայն։

20 Սիրելի՛ պատանի, թանկ գնահատիր և իմաստությամբ օգտագործիր այն ազատությունը, որ Աստված տվել է քեզ։ Այդպես ապագայի լավ հիմք կդնես։ Մի երիտասարդ եղբայր ասում է. «Եթե պատանեկան տարիքում ազատությունդ իմաստությամբ օգտագործես, հետագայում հեշտությամբ կկարողանաս լուրջ որոշումներ կայացնել, օրինակ՝ համապատասխան աշխատանք ընտրել կամ որոշել՝ ամուսնանալ, թե որոշ ժամանակ ամուրի մնալ»։

21. Ինչպե՞ս կարող ես մնալ այն ճանապարհի վրա, որն «իսկական կյանքի» է առաջնորդում։

21 Այս հին աշխարհում նույնիսկ այսպես կոչված լավ կյանքը կարճ է ու լի է անորոշությամբ։ Մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ կպատահի (Հակ. 4։13, 14)։ Ուստի որքա՜ն իմաստուն է մնալ այն ճանապարհի վրա, որն «իսկական կյանքի»՝ հավիտենական կյանքի է առաջնորդում (1 Տիմոթ. 6։19)։ Աստված, ինչ խոսք, մեզ չի ստիպում այդ ճանապարհով գնալ։ Ընտրությունը մերն է։ Սիրելի՛ պատանի, Եհովային քո «բաժինը» դարձրու։ Գնահատիր այն բազմաթիվ լավ բաները, որ նա տալիս է քեզ (Սաղ. 103։5)։ Եվ հավատա, որ նա քեզ հավիտյան կլցնի «ուրախության լիությամբ» և «ցնծությամբ» (Սաղ. 16։11