Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Աստվածաշունչն ասում է, որ կատարված հանցանքը հաստատելու համար առնվազն երկու վկայի ցուցմունք է անհրաժեշտ (Թվեր 35։30; 2 Օրենք 17։6; 19։15; Մատթ. 18։16; 1 Տիմոթ. 5։19)։ Սակայն ըստ Մովսիսական օրենքի, եթե տղամարդը նշանված աղջկա էր բռնաբարել դաշտում, և աղջիկը բղավել էր, վերջինս անմեղ էր համարվում, իսկ տղամարդը՝ հանցավոր։ Նման դեպքերում ինչո՞ւ էր տղամարդը առանց վկաների ցուցմունքի մեղավոր ճանաչվում, իսկ աղջիկը՝ անմեղ։

2 Օրենք 22։25–27 համարները չեն վերաբերում տղամարդու մեղքն ապացուցելուն. նրա մասին արդեն իսկ խոսվում է որպես մեղավորի։ Այս օրենքը կենտրոնանում է աղջկա անմեղության վրա։ Նկատի առնենք համատեքստը։

Նախորդ համարներում խոսվում է տղամարդու մասին, որը նշանված աղջկա հետ սեռական հարաբերություն էր ունեցել քաղաքում։ Այդպես վարվելով՝ նա հանցավոր էր դարձել շնության մեջ, քանի որ նշանված աղջիկը համարվում էր ամուսնացած։ Իսկ աղջիկը հանցավո՞ր էր։ Ասվում է, որ նա «չէր բղավել»։ Եթե բղավեր, ուրիշները հավանաբար կլսեին և օգնության կհասնեին։ Բայց նա չէր բղավել, հետևաբար մասնակից էր դարձել շնությանը։ Ուստի երկուսն էլ մեղավոր էին ճանաչվում (2 Օրենք 22։23, 24

Այնուհետև Օրենքում մեկ այլ իրավիճակ է նկարագրվում. «Բայց եթե տղամարդը նշանված աղջկան հանդիպել է դաշտում, բռնել է նրան ու պառկել նրա հետ, ապա միայն նրա հետ պառկող տղամարդը պիտի մեռնի, իսկ աղջկան ոչինչ չանես։ Աղջիկը մահվան արժանի մեղք չի գործել, որովհետև սա նման է այն դեպքին, երբ մարդ հարձակվում է իր մերձավորի վրա ու սպանում նրան՝ նրա հոգին։ Նա դաշտում է հանդիպել նշանված աղջկան. աղջիկը բղավել է, բայց ազատող չի եղել» (2 Օրենք 22։25–27

Այս դեպքում դատավորները հավատում էին աղջկան։ Ինչո՞ւ։ Ենթադրվում էր, որ նա «բղավել էր, բայց ազատող չէր եղել», հետևաբար նա շնություն չէր գործել։ Իսկ տղամարդը մեղավոր էր ճանաչվում բռնաբարության և շնության համար, քանի որ «բռնել էր [նշանված աղջկան] ու պառկել նրա հետ»։

Թեև այս օրենքը կենտրոնանում էր կնոջ անմեղության վրա և տղամարդուն ներկայացնում էր որպես բռնաբարության ու շնության համար մեղավոր, կարող ենք համոզված լինել, որ դատավորները «մանրակրկիտ քննում էին» գործը և որոշում էին կայացնում՝ հիմնվելով Աստծու չափանիշների վրա, որոնք նա հստակորեն գրել էր տվել իր Խոսքում և մի քանի անգամ կրկնել էր (2 Օրենք 13։14; 17։4; Ելք 20։14