Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 52

Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային

Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային

«Որդիները ժառանգություն են Եհովայից» (ՍԱՂ. 127։3

ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովան ի՞նչ պարտականություն է տվել ծնողներին։

ԵՐԲ Եհովան ստեղծեց մարդկային առաջին զույգին, նրանց մեջ երեխաներ ունենալու ցանկություն դրեց։ Ուստի պատահական չէ, որ Աստվածաշնչում գրված է. «Որդիները [երեխաները] ժառանգություն են Եհովայից» (Սաղ. 127։3)։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատկերացրեք՝ ձեր մտերիմ ընկերը մեծ գումար է տալիս ձեզ և խնդրում է, որ պահեք այն։ Ի՞նչ կզգաք նման իրավիճակում։ Հավանաբար, պատիվ կհամարեք, որ նա վստահում է ձեզ։ Բայց միևնույն ժամանակ կանհանգստանաք՝ մտածելով, թե ինչպես ապահով պահեք այդ հարստությունը։ Եհովան՝ մեր ամենամտերիմ Ընկերը, ծնողներին փողից անհամեմատ ավելի թանկ բան է վստահել։ Խոսքը երեխաների մասին է։ Աստված ծնողներին պարտականություն է տվել, որ հոգ տանեն ու երջանկացնեն իրենց երեխաներին։

2. Ի՞նչ հարցեր ենք քննելու։

2 Իսկ առհասարակ ո՞վ է որոշում՝ ամուսնական զույգը երեխա ունենա, թե ոչ, կամ երբ ունենա։ Եվ եթե արդեն ծնող եք, ի՞նչ կարող եք անել, որ ձեր երեխաները երջանիկ կյանքով ապրեն։ Եկեք Աստվածաշնչից մի քանի սկզբունք քննենք, որոնք քրիստոնյա զույգերին կօգնեն այս առումով ևս իմաստուն որոշումներ կայացնել։

ՀԱՐԳԵՔ ՆՐԱՆՑ ՈՐՈՇՈՒՄԸ

3. ա) Ո՞վ պետք է որոշի՝ զույգը երեխա ունենա, թե ոչ։ բ) Ընտանիքի անդամներն ու ընկերները աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները միշտ պետք է հիշեն։

3 Որոշ մշակույթներում ընդունված է, որ նորապսակները պետք է հնարավորինս շուտ երեխա ունենան։ Նրանց ընտանիքի անդամները, շրջապատի մարդիկ և ուրիշները գուցե նույնիսկ ճնշում բանեցնեն զույգի վրա։ Ասիայում բնակվող Ջեթրո անունով մի եղբայր ասում է. «Ժողովում որոշ զույգեր, որոնք արդեն ծնող են, մյուս զույգերին համոզում են երեխաներ ունենալ»։ Ջեֆրի անունով մի եղբայր էլ ասում է. «Ոմանք երեխա չունեցող զույգերին ասում են, որ ծերության օրոք նրանց ձեռքը մի բաժակ ջուր տվող չի լինի»։ Սակայն հարկավոր է միշտ հիշել, որ յուրաքանչյուր զույգ ի՛նքը պետք է որոշի՝ երեխա ունենա, թե ոչ։ Այդ որոշումը միայն ու միայն նրանք պետք է կայացնեն. դա նրա՛նց իրավունքն է (Գաղ. 6։5)։ Իհարկե, հասկանալի է, որ ընտանիքի անդամներն ու ընկերները նորապսակներին երջանկություն են ցանկանում, բայց նրանք պետք է ընդունեն, որ երեխա ունենալ-չունենալու որոշումը զույգն է կայացնում (1 Թեսաղ. 4։11

4–5. Զույգը ի՞նչ երկու հարց պետք է քննարկի, և ե՞րբ է դրանք քննարկելու լավագույն ժամանակը։ Բացատրիր։

4 Այն զույգը, որը որոշում է երեխաներ ունենալ, լավ կանի՝ երկու կարևոր հարց քննարկի։ Առաջին՝ ե՞րբ են ցանկանում ծնող դառնալ և երկրորդ՝ քանի՞ երեխա են ուզում։ Այս հարցերը քննարկելը ինչո՞ւ է շատ կարևոր, և ո՞րն է դա անելու լավագույն ժամանակը։

5 Լավ կլինի, որ զույգը մինչև ամուսնանալը քննարկի երեխա ունենալ-չունենալու հարցը։ Իսկ ինչո՞ւ հենց այդ ժամանակ։ Որովհետև շատ կարևոր է, որ այս հարցում կողմերը համակարծիք լինեն։ Նրանք նաև պետք է հաշվի առնեն, թե արդյոք պատրաստ են այդպիսի պատասխանատվություն ստանձնելու։ Որոշ զույգեր որոշել են ամուսնությունից հետո ամենաքիչը մեկ-երկու տարի երեխա չունենալ, որպեսզի նախ հարմարվեն ամուսնական կյանքին։ Դա օգնում է ամուսիններին մինչև ծնող դառնալը ավելի մտերմանալ միմյանց հետ, քանի որ երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ծնողների ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսվում է փոքրիկին խնամելու վրա (Եփես. 5։33

6. Ապրելով այս չափազանց դժվար ժամանակներում՝ որոշ զույգեր ի՞նչ որոշում են կայացրել։

6 Կան զույգեր էլ, որոնք որոշել են ապրել Նոյի երեք որդիների և նրանց կանանց պես։ Այս երեք զույգերը նախքան Ջրհեղեղը երեխաներ չունեցան (Ծննդ. 6։18; 9։18, 19; 10։1; 2 Պետ. 2։5)։ Հիսուսը մեր ժամանակները համեմատեց «Նոյի օրերի» հետ։ Կասկած չկա, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (Մատթ. 24։37; 2 Տիմոթ. 3։1)։ Դա գիտակցելով՝ որոշ զույգեր նախընտրել են հետաձգել երեխաներ ունենալը, որպեսզի կարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։

Երեխա ունենալ-չունենալու և քանի երեխա ունենալու որոշումը կայացնելուց առաջ իմաստուն զույգերը նախ «հաշվում են ծախսը» (տես պարբերություն 7) *

7. Ղուկաս 14։28, 29 և Առակներ 21։5 համարներում գրված սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել զույգերին։

7 Երբ որոշում եք՝ երեխա ունենալ, թե ոչ, կամ քանի երեխա ունենալ, իմաստուն կվարվեք, եթե նախ «հաշվեք ծախսը» (կարդա Ղուկաս 14։28, 29)։ Փորձառու ծնողները հաստատում են, որ երեխաներ ունենալն ու նրանց մեծացնելը ոչ միայն ծախսեր, այլև շատ ուժ և ժամանակ է պահանջում։ Ուստի կարևոր է, որ զույգը մտածի հետևյալ հարցերի շուրջ. «Երկուսս էլ աշխատելո՞ւ ենք, որ հոգանք մեր ընտանիքի հիմնական կարիքները։ «Հիմնական կարիքներ» ասելով՝ երկուսս էլ նույն բա՞նն ենք հասկանում։ Եթե երկուսս էլ աշխատելու ենք, ո՞վ է մնալու երեխայի մոտ։ Ուզում ենք՝ ո՞ւմ ազդեցությամբ ձևավորվի նրա մտածելակերպն ու վարքը»։ Այս հարցերը քննարկելով՝ զույգերը կիրառում են Առակներ 21։5 համարում գրված սկզբունքը (կարդա

Հոգատար ամուսինը ձեռքից եկածը կանի, որ օգնի իր կնոջը (տես պարբերություն 8)

8. Ծնող լինելը իր հետ ի՞նչ դժվարություններ է բերում, և հոգատար ամուսինը ի՞նչ կանի։

8 Երկու ծնողներն էլ պետք է բավականաչափ ժամանակ տրամադրեն երեխային։ Նա ունի դրա կարիքը և արժանի է դրան։ Ուստի եթե զույգը մի քանի երեխա ունի, որոնց տարիքային տարբերությունը մեծ չէ, ծնողների համար դժվար է լինում յուրաքանչյուր երեխային այնքան ուշադրություն դարձնել, որքան անհրաժեշտ է։ Փոքր երեխաներ ունեցող որոշ զույգեր ասել են, որ հաճախ հալից ընկնում են։ Մայրերը գրեթե միշտ ֆիզիկական ու էմոցիոնալ առումով սպառվում են։ Նրանք սովորաբար այնքան են հոգնում, որ ուժ չեն ունենում կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անելու, աղոթելու և քարոզչական գործին մասնակցելու։ Նրանց համար դժվար է լինում նաև ուշադիր լսել ժողովի հանդիպումների ժամանակ և օգտակար մտքեր քաղել ծրագրից։ Իհարկե, ուշադիր ամուսինները ձեռքից եկած ամեն բան կանեն, որ ինչպես տանը, այնպես էլ ժողովում օգնեն իրենց կանանց հոգ տանել երեխաներին։ Օրինակ՝ ամուսինները կարող են օգնել տնային գործերում։ Բացի այդ՝ նրանք մեծ ջանքեր կթափեն, որ կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անեն և այնպես անեն, որ տան բոլոր անդամները օգուտ քաղեն դրանից։ Նաև հոգատար հայրը իր ընտանիքի անդամների հետ կանոնավորաբար կգնա քարոզչական ծառայության։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՍԻՐԻ ԵՀՈՎԱՅԻՆ

9–10. Ծնողները ի՞նչ պետք է անեն իրենց երեխաների համար։

9 Ծնողները ի՞նչ կարող են անել, որ իրենց երեխաները սովորեն սիրել Եհովային։ Ինչպե՞ս կարող են այս չար աշխարհի վտանգներից պաշտպանել նրանց։ Քննենք մի քանի քայլ։

10 Եհովայից օգնություն խնդրեք։ Նկատի առնենք Սամսոնի ծնողների օրինակը։ Երբ Մանուեն և իր կինը իմացան, որ որդի են ունենալու, Մանուեն աղերսեց Եհովային, որ սովորեցնի՝ ինչպես մեծացնեն իրենց մանկանը։

11. Հաշվի առնելով Դատավորներ 13։8-ը՝ ծնողները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Մանուեին։

11 Բոսնիա և Հերցեգովինայում բնակվող մի զույգ՝ Նիհադն ու Ալման, օրինակ վերցրին Մանուեից։ Նրանք ասում են. «Մանուեի պես աղերսեցինք Եհովային, որ սովորեցնի մեզ լավ ծնող լինել։ Եհովան էլ Աստվածաշնչի, մեր հրատարակությունների, ժողովի հանդիպումների և համաժողովների միջոցով պատասխանեց մեր աղոթքներին» (կարդա Դատավորներ 13։8

12. Հովսեփն ու Մարիամը ինչպիսի՞ օրինակ էին իրենց երեխաների համար։

12 Սովորեցրեք ձեր օրինակով։ Երեխային խոսքով կրթելը անշուշտ կարևոր է, սակայն ձեր գործերը ավելի մեծ ազդեցություն են թողնում նրա վրա։ Կարող ենք համոզված լինել, որ Հովսեփն ու Մարիամը հիանալի օրինակ են եղել իրենց երեխաների, այդ թվում՝ Հիսուսի համար։ Հովսեփը տքնաջան աշխատում էր, որ հոգար ընտանիքի կարիքները։ Բայց նա չէր մոռանում նաև նրանց հոգևոր կարիքների մասին, ուստի սովորեցնում էր սրտանց ծառայել Եհովային (2 Օրենք 4։9, 10)։ Թեև Մովսիսական օրենքով չէր պահանջվում, որ Պասեքի տոնը նշելու համար Հովսեփն իր ողջ ընտանիքին Երուսաղեմ տաներ, բայց նա տարեցտարի անում էր դա (Ղուկ. 2։41, 42)։ Որոշ հայրեր գուցե կարծում էին, որ ամբողջ ընտանիքով այդպիսի ճանապարհորդություն անելը չափազանց դժվար է, ժամանակատար ու ծախսատար։ Սակայն Հովսեփը շատ էր գնահատում հոգևոր բաները և ուզում էր, որ իր երեխաներն էլ սովորեին նույնն անել։ Մարիամը նույնպես հոգևոր մարդ էր. նա շատ լավ գիտեր Սուրբ Գրքերը։ Անկասկած, նա ևս իր խոսքերով ու գործերով սովորեցնում էր երեխաներին սիրել Աստծուն ու Նրա Խոսքը։

13. Նիհադն ու Ալման ինչպե՞ս ընդօրինակեցին Հովսեփին ու Մարիամին։

13 Նիհադն ու Ալման, որոնց մասին արդեն հիշատակել ենք, օրինակ վերցրին նաև Հովսեփից ու Մարիամից։ Դա ինչպե՞ս օգնեց, որ իրենց որդուն սովորեցնեն սիրել ու ծառայել Աստծուն։ Նրանք ասում են. «Մենք փորձում էինք մեր ապրելակերպով ցույց տալ մեր որդուն, թե որքան իմաստուն է Եհովայի սկզբունքներով ապրելը»։ Նիհադն ավելացնում է. «Եղիր այնպիսի մարդ, ինչպիսին որ ուզում ես՝ երեխադ դառնա»։

14. Ծնողները ինչո՞ւ պետք է տեղյակ լինեն, թե իրենց երեխան ում հետ է շփվում։

14 Օգնեք երեխային ճիշտ ընկերներ ընտրել։ Ինչպես մայրը, այնպես էլ հայրը պետք է տեղյակ լինեն, թե իրենց երեխան ում հետ է ընկերակցում և ինչով է զբաղվում։ Սա նաև նշանակում է, որ ծնողները պետք է իմանան, թե իրենց երեխան սոցիալական ցանցերով և բջջային հեռախոսով ում հետ է շփվում։ Հիշեք. այդ շփումը կարող է մեծ ազդեցություն ունենալ նրա մտածելակերպի ու վարվելակերպի վրա (1 Կորնթ. 15։33

15. Ծնողները ի՞նչ կարող են սովորել Ջեսիի օրինակից։

15 Իսկ ի՞նչ անել, եթե ծնողները չեն կարողանում օգտվել համակարգիչներից կամ բջջային հեռախոսներից։ Ջեսի անունով ֆիլիպինցի մի հայր պատմում է. «Թեև մենք լավ չէինք կարողանում օգտվել էլեկտրոնային սարքերից, բայց դա մեզ չխանգարեց, որ երեխաներին սովորեցնեինք, թե ինչ հնարավոր վտանգների կարող էին բախվել դրանցից օգտվելիս»։ Ջեսին իր երեխաներին չարգելեց օգտվել այդ սարքերից զուտ այն պատճառով, որ ինքը չէր կարողանում օգտագործել դրանք։ Նա պարզաբանում է. «Երեխաներիս հորդորում էի, որ իրենց սարքերով նոր լեզու սովորեն, ժողովի հանդիպումներին պատրաստվեն և ամեն օր կարդան Աստվածաշունչը»։ Եթե ծնող եք, ձեր զավակների հետ կարդացե՞լ ու քննարկե՞լ եք տեքստային հաղորդագրությունների և ինտերնետում նկարներ տեղադրելու վերաբերյալ այն ողջամիտ խորհուրդները, որ գտնվում են jw.org® կայքի «Պատանիներ» բաժնում։ Նրանց հետ դիտե՞լ եք «Ո՞վ է իշխում՝ դո՞ւ, թե՞ քո սարքը» և «Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս» անիմացիաները։ * Այդ նյութերը կարող են շատ օգնել ձեզ, երբ երեխաներին սովորեցնում եք, թե ինչպես իմաստնորեն օգտվեն էլեկտրոնային սարքերից (Առակ. 13։20

16. Ի՞նչ են արել շատ ծնողներ, և ի՞նչ արդյունքներ են եղել։

16 Շատ ծնողներ ջանքեր են թափել, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան շփվելու այնպիսի մարդկանց հետ, որոնք հավատարմորեն ծառայում են Աստծուն։ Օրինակ՝ Կոտ դ’Իվուարում բնակվող մի զույգ՝ Ն’Դենին և Բոմինը, հաճախ էին շրջանային վերակացուին հյուրընկալում իրենց տանը։ Ն’Դենին ասում է. «Սա շատ լավ ազդեցություն ունեցավ մեր ավագ որդու վրա։ Նա ռահվիրայություն սկսեց, իսկ այժմ ծառայում է որպես շրջանային վերակացուի փոխարինող»։ Կարո՞ղ եք դուք էլ այդպիսի շփում կազմակերպել ձեր երեխաների համար։

17–18. Ծնողները ե՞րբ պետք է սկսեն կրթել երեխաներին։

17 Հնարավորինս վաղ սկսեք կրթել երեխային։ Ինչքան շուտ սկսեք կրթել ձեր երեխաներին, այնքան լավ (Առակ. 22։6)։ Քննենք Տիմոթեոսի օրինակը, որը ժամանակի ընթացքում սկսեց Պողոս առաքյալի հետ շրջագայել։ Տիմոթեոսի մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան, «վաղ մանկությունից» էին կրթել նրան (2 Տիմոթ. 1։5; 3։15

18 Կոտ դ’Իվուարում բնակվող մեկ ուրիշ զույգի՝ Ժան-Կլոդին ու նրա կնոջը, հաջողվել է այնպես դաստիարակել իրենց վեց երեխաներին, որ բոլորն էլ սիրեն ու ծառայեն Եհովային։ Իսկ ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը։ Նրանք հետևել են Եվնիկեի և Լոիդայի օրինակին։ Ժան-Կլոդն ու իր կինը ասում են. «Մենք երեխաների ծնվելուց կարճ ժամանակ անց ենք սկսել Աստծու Խոսքը արմատավորել նրանց սրտում» (2 Օրենք 6։6, 7

19. Ի՞նչ է նշանակում Աստծու Խոսքն արմատավորել երեխայի սրտում։

19 Ինչպե՞ս է հնարավոր Աստծու Խոսքն արմատավորել երեխայի սրտում։ «Արմատավորել» թարգմանված բառը կարող է նշանակել «հաճախակի կրկնության միջոցով սովորեցնել»։ Դա անելու համար ծնողները պետք է կանոնավորաբար ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։ Երբեմն ծնողները գուցե հուսահատվեն, քանի որ հարկ է լինում նորից ու նորից կրկնել այն, ինչ սովորեցրել են։ Բայց, սիրելի՛ ծնողներ, դա համարեք ևս մեկ հնարավորություն օգնելու ձեր երեխային հասկանալ Աստծու Խոսքը և կիրառել այն։

Ծնողները պետք է ամեն երեխային կրթեն՝ հաշվի առնելով նրա անհատականությունը (տես պարբերություն 20) *

20. Բացատրիր, թե Սաղմոս 127։4-ը ինչպես կարելի է կիրառել երեխաների դաստիարակության մեջ։

20 Խորաթափանց եղեք։ 127-րդ սաղմոսը գրողը երեխաներին համեմատում է նետերի հետ (կարդա Սաղմոս 127։4)։ Ճիշտ ինչպես նետերն են տարբեր մետաղներից լինում և տարբեր չափեր ունենում, այնպես էլ երեխաներն են տարբեր լինում. չկա իրար լիովին նման երկու երեխա։ Ուստի ծնողները պետք է ամեն երեխային կրթեն՝ հաշվի առնելով նրա անհատականությունը։ Իսրայելում բնակվող մի զույգ, որի երկու երեխաները հավատարմորեն ծառայում են Եհովային, ասում է, թե ինչն է իրենց շատ օգնել. «Մենք մեր երեխաներից յուրաքանչյուրի հետ առանձին էինք ուսումնասիրում Աստվածաշունչը»։ Իհարկե, սա կանոն չէ. ամեն ընտանիքի գլուխ ինքը կարող է որոշել, թե արդյոք հնարավոր է և նպատակահարմար է յուրաքանչյուր երեխայի հետ առանձին ուսումնասիրել Աստծու Խոսքը։

ԵՀՈՎԱՆ ԿՕԳՆԻ ՁԵԶ

21. Ծնողները ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Եհովայից։

21 Երբեմն ծնողները գուցե անզոր զգան այն դժվարությունների դեմ, որոնց բախվում են։ Սակայն մի՛ մոռացեք. երեխաները պարգև են Եհովայից։ Ուստի նա միշտ պատրաստ է օգնության հասնել ձեզ։ Եհովան սիրով լսում է ձեր աղոթքները և պատասխանում է դրանց։ Նա դա անում է Աստվածաշնչի, մեր հրատարակությունների, ինչպես նաև իրեն նվիրված այլ փորձառու ծնողների խորհուրդների և օրինակի միջոցով։

22. Որո՞նք են ամենալավ բաները, որ ծնողները կարող են տալ իրենց երեխաներին։

22 Ասում են, թե երեխա մեծացնելը 20 տարի տևող նախագիծ է, բայց փաստն այն է, որ ծնողները երբեք չեն դադարում ծնող լինելուց։ Ամենալավ բաների թվում, որ նրանք կարող են տալ երեխաներին, իրենց սերն է, ժամանակը և աստվածաշնչյան կրթությունը։ Ամեն երեխա յուրովի է արձագանքում այդ կրթությանը։ Սակայն երեխաներից շատերը, որոնց մեծացրել են Եհովային սիրող ծնողներ, համակարծիք են Ասիայում բնակվող մեր քույր Ջոաննայի հետ։ Նա ասում է. «Երբ մտածում եմ ծնողներիս տված դաստիարակության մասին, երախտագիտությամբ եմ լցվում նրանց հանդեպ։ Այնքա՜ն շնորհակալ եմ, որ նրանք խրատել են ինձ ու սովորեցրել են սիրել Եհովային։ Ծնողներս ոչ թե պարզապես կյանք, այլ իմաստալի՛ց կյանք են տվել ինձ» (Առակ. 23։24, 25)։ Միլիոնավոր եղբայրներ ու քույրեր իրենց աստվածավախ ծնողների հանդեպ նույն զգացումներն ունեն։

ԵՐԳ 59 Գովաբանի՛ր ինձ հետ Յահին

^ պարբ. 5 Պարտադի՞ր է, որ ամուսնական զույգը երեխաներ ունենա։ Եթե ամուսինները որոշում են ծնող դառնալ, քանի՞ երեխա պետք է ունենան։ Եվ ինչպե՞ս պետք է կրթեն երեխաներին, որ վերջիններս սիրեն ու ծառայեն Եհովային։ Այս հոդվածում բերված են մերօրյա ամուսնական զույգերի օրինակներ և աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն պատասխանել նշված հարցերին։

^ պարբ. 15 Տես նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի 36-րդ գլուխը և 2-րդ հատորի 11-րդ գլուխը։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Քրիստոնյա զույգը քննարկում է երեխա ունենալ-չունենալու հարցը։ Նրանք ծանրութեթև են անում ինչպես դրա հետ կապված ուրախությունները, այնպես էլ պարտավորությունները։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Ծնողները, հաշվի առնելով երեխաների տարիքը և ունակությունները, առանձին են Աստվածաշունչ ուսումնասիրում նրանց հետ։