Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51

Որքա՞ն լավ ես ճանաչում Եհովային

Որքա՞ն լավ ես ճանաչում Եհովային

«Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ. որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա» (ՍԱՂ. 9։10

ԵՐԳ 56 Ճշմարտությունը քոնը դարձրու

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ։ Բեր օրինակ։

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ընտանիքո՞ւմ ես մեծացել։ Եթե այո, ապա հիշիր, որ Եհովայի հետ մտերմությունը ծնողներիցդ ինքնաբերաբար չի փոխանցվում քեզ։ Անկախ այն բանից՝ մեր ծնողները ծառայում են Աստծուն, թե ոչ, յուրաքանչյուրս պետք է ի՛ր փոխհարաբերությունները կառուցի Եհովայի հետ։

2 Նկատի առնենք մեր եղբայրներից Անխելիտոյի օրինակը։ Նա մեծացել է Վկաների ընտանիքում, սակայն պատանեկության տարիներին այնքան էլ մտերիմ չէր Աստծու հետ։ Անխելիտոն ասում է. «Ես ծառայում էի Եհովային զուտ այն պատճառով, որ իմ ընտանիքն էր այդպես վարվում»։ Այնուամենայնիվ, Անխելիտոն որոշեց ավելի շատ ժամանակ հատկացնել Աստծու Խոսքը կարդալուն և խորհրդածելուն, նաև սկսեց ավելի հաճախ աղոթել։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Նա ասում է. «Հասկացա, որ իմ սիրելի Հոր՝ Եհովայի հետ մտերիմ լինելու միակ միջոցն այն է, որ ի՛նքս լավ ճանաչեմ նրան»։ Այսպիսով՝ արժե մի քանի կարևոր հարց քննել։ Ո՞րն է տարբերությունը Աստծուն ծանոթ լինելու և նրան ճանաչելու միջև, և ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել նրան։

3. Ո՞րն է տարբերությունը Աստծուն ծանոթ լինելու և նրան ճանաչելու միջև։

3 Կարելի է ասել, որ մարդը ծանոթ է Աստծուն, եթե գիտի նրա անունը և որոշ չափով տեղյակ է, թե ինչեր է նա արել կամ ասել։ Սակայն Աստծուն լավ ճանաչելը ավելին է ներառում։ Հարկավոր է ժամանակ տրամադրել և սովորել, թե Աստված ինչ մտածելակերպ և հատկություններ ունի։ Միայն այդ դեպքում կսկսենք հասկանալ, թե նա ինչու է այս կամ այն բանն ասել կամ արել։ Դա էլ իր հերթին կօգնի տեսնել, թե արդյոք մեր մտածելակերպը, որոշումներն ու գործերը հաճելի են Աստծուն։ Իսկ երբ հասկանանք, թե Եհովան ինչ է ակնկալում մեզանից, պետք է վարվենք նրա կամքի համաձայն։

4. Աստվածաշնչյան օրինակները ինչպե՞ս կարող են օգնել մեզ։

4 Որոշ մարդիկ գուցե ծաղրեն մեզ այն բանի համար, որ ցանկանում ենք ծառայել Եհովային, ու հնարավոր է՝ ուժգին հակառակվեն, երբ սկսենք ընկերակցել Աստծու ժողովրդի հետ։ Սակայն եթե վստահենք Եհովային, նա մեզ երբեք մենակ չի թողնի։ Այդպես կսկսենք մտերմանալ նրա հետ, և մեր ընկերությունը կմնա հավիտյան։ Բայց իրո՞ք հնարավոր է լավ ճանաչել Եհովային։ Անշո՛ւշտ։ Մովսեսն ու Դավիթ թագավորը, որոնք մեզ պես անկատար մարդիկ են եղել, փաստել են, որ դա հնարավոր է։ Եկեք այժմ քննենք նրանց օրինակը և տեսնենք, թե այդ մարդիկ ինչպես ճանաչեցին Եհովային, և ինչ կարող ենք սովորել նրանցից։

ՆԱ «ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ, ՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ Է»

5. Մովսեսը ի՞նչը նախընտրեց։

5 Մովսեսը գործեց իր ստացած գիտելիքների համաձայն։ Երբ նա մոտ 40 տարեկան էր, նախընտրեց միանալ Աստծու ժողովրդին, ոչ թե ճանաչված լինել որպես «փարավոնի աղջկա որդի» (Եբր. 11։24)։ Մովսեսը հրաժարվեց իր ունեցած բարձր դիրքից՝ օգնելով եբրայեցիներին, որոնք Եգիպտոսում ստրուկ էին։ Նա գիտեր, որ այդպես վարվելով՝ իր վրա է բերում փարավոնի զայրույթը, ով այնքան հզոր ղեկավար էր, որ աստված էր համարվում։ Հավատի ի՜նչ բացառիկ դրսևորում։ Մովսեսը լիովին վստահում էր Եհովային։ Հենց այսպիսի վստահության վրա է կառուցվում մնայուն ընկերությունը (Առակ. 3։5

6. Ի՞նչ ենք սովորում Մովսեսի օրինակից։

6 Ի՞նչ ենք սովորում Մովսեսից։ Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է շատ կարևոր որոշում կայացնի՝ ծառայել Աստծուն և լինել նրա ժողովրդի մի մասը, թե ոչ։ Աստծուն ծառայելու համար գուցե զոհողություններ անելու և հալածանքների դիմագրավելու կարիք լինի։ Բայց եթե վստահենք մեր երկնային Հորը, նա անշուշտ կաջակցի մեզ։

7–8. Մովսեսը ի՞նչ շարունակեց անել։

7 Մովսեսը շարունակեց ճանաչել Եհովային՝ ավելին իմանալ նրա հատկությունների մասին և կատարել նրա կամքը։ Օրինակ, երբ Եհովան Մովսեսին պատվիրեց ազատել Իսրայել ազգին ստրկությունից, Մովսեսը, անվստահության զգացումից դրդված, մի քանի անգամ ասաց, որ անկարող է դա անել։ Եհովան, կարեկից լինելով, մտավ իր ծառայի դրության մեջ և օգնություն տրամադրեց նրան (Ելք 4։10–16)։ Արդյունքում Մովսեսը կարողացավ Աստծուց եկած դատաստանական խիստ լուրերը հաղորդել փարավոնին։ Հետո ականատես եղավ, թե ինչպես Եհովան, իր զորությունը գործի դնելով, փրկեց իսրայելացիներին և Կարմիր ծովում խորտակեց փարավոնին ու նրա զորքին (Ելք 14։26–31; Սաղ. 136։15

8 Այն բանից հետո, երբ Մովսեսի առաջնորդությամբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, նրանք անդադար պատճառներ էին գտնում տրտնջալու։ Բայց Մովսեսը տեսնում էր, թե նման իրավիճակներում Եհովան ինչ մեծ համբերությամբ էր վարվում իր ժողովրդի հետ, որին ազատել էր ստրկությունից (Սաղ. 78։40–43)։ Մովսեսը տեսավ նաև Եհովայի բացառիկ խոնարհությունը, երբ իր խնդրանքով վերջինս փոխեց որոշումը (Ելք 32։9–14

9. Համաձայն Եբրայեցիներ 11։27-ի՝ Մովսեսը որքա՞ն մտերիմ էր Եհովայի հետ։

9 Այս ողջ ընթացքում Մովսեսն այնքան մտերմացավ Եհովայի հետ, որ ասես տեսնում էր իր երկնային Հորը (կարդա Եբրայեցիներ 11։27)։ Նրանց փոխհարաբերությունները այնքան սերտ ու ջերմ էին, որ Աստվածաշունչն ասում է. «Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես, ինչպես որ մարդ իր մերձավորի հետ է խոսում» (Ելք 33։11

10. Եհովային լավ ճանաչելու համար ի՞նչ պետք է անենք։

10 Ի՞նչ ենք սովորում այս ամենից։ Եհովային լավ ճանաչելու համար մենք պետք է ոչ միայն իմանանք, թե նա ինչ հատկություններ ունի, այլև կատարենք նրա կամքը։ Այսօր Աստծու կամքն այն է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Երբ մարդկանց սովորեցնում ենք Եհովայի մասին, այդ ձևով ևս կատարում ենք նրա կամքը։

11. Ուրիշներին Եհովայի մասին սովորեցնելիս ինչպե՞ս ենք ավելի լավ ճանաչում նրան։

11 Հաճախ, երբ ուրիշներին սովորեցնում ենք Եհովայի մասին, ինքներս էլ ենք սկսում ավելի լավ ճանաչել նրան։ Օրինակ, երբ նա մեզ առաջնորդում է այն մարդկանց մոտ, որոնք սրտի ճիշտ տրամադրվածություն ունեն, տեսնում ենք նրա կարեկցանքը (Հովհ. 6։44; Գործ. 13։48)։ Երբ նրանք, ում ուսուցանում ենք ճշմարտությունը, ազատվում են իրենց վնասակար սովորություններից ու ջանքեր են թափում, որ «հագնեն նոր անձնավորությունը», տեսնում ենք Աստծու Խոսքի զորությունը (Կող. 3։9, 10)։ Իսկ Եհովայի համբերության մասին է վկայում այն փաստը, որ նա մարդկանց բազմաթիվ հնարավորություններ է տալիս իմանալու իր մասին և ծառայելու իրեն (Հռոմ. 10։13–15

12. Համաձայն Ելք 33։13-ի՝ Մովսեսը ինչի՞ մասին խնդրեց Եհովային և ինչո՞ւ։

12 Մովսեսը Եհովայի հետ ունեցած մտերմությունը թանկ էր համարում։ Աստված Մովսեսի միջոցով բազմաթիվ զորավոր գործեր էր արել, ուստի վերջինս շատ լավ էր ճանաչում նրան։ Բայց չնայած դրան՝ Մովսեսը Եհովային խնդրեց, որ թույլ տա ավելի մոտիկից ճանաչել իրեն (կարդա Ելք 33։13)։ Ճիշտ է, այդ ժամանակ Մովսեսն արդեն 80-ն անց էր, բայց գիտակցում էր, որ դեռ շատ բան ունի սովորելու իր երկնային սիրառատ Հոր մասին։

13. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ գնահատում ենք Աստծու հետ մեր մտերմությունը։

13 Ի՞նչ ենք սովորում։ Անկախ այն բանից, թե քանի տարի ենք ծառայում Եհովային՝ մենք երբեք չպետք է նրա հետ ունեցած մտերմությունը սովորական բան համարենք։ Մենք կարող ենք փաստել, որ թանկ ենք գնահատում Աստծու հետ մեր ընկերությունը, եթե, օրինակ, աղոթքի միջոցով կանոնավորաբար զրուցենք նրա հետ։

14. Աղոթելն ինչո՞ւ է շատ կարևոր Եհովային ավելի լավ ճանաչելու համար։

14 Հաճախակի ու անկեղծ հաղորդակցությունը ամուր փոխհարաբերությունների արյունատար համակարգն է։ Ուստի եթե ուզում ես մտերմանալ Աստծու հետ, հաճախակի աղոթիր և մի՛ վախեցիր պատմել նրան քո ամենախոր մտքերի ու զգացմունքների մասին (Եփես. 6։18)։ Քրիստա անունով մի քույր, որն ապրում է Թուրքիայում, ասում է. «Ամեն անգամ, երբ աղոթելիս սիրտս բացում եմ Եհովայի առաջ և հետո տեսնում եմ, թե նա ինչպես է ինձ օգնում, սերս ու վստահությունս նրա հանդեպ մեծանում են։ Նկատելով, թե նա ինչպես է պատասխանում իմ աղոթքներին՝ ես ավելի մտերմացա նրա հետ, և նա դարձավ իմ Հայրն ու իմ Ընկերը»։

ԵՀՈՎԱՅԻ ՍՐՏԻՆ ՀԱՃԵԼԻ ՄԱՐԴ

15. Եհովան ինչպե՞ս արտահայտվեց Դավթի մասին։

15 Դավիթ թագավորը ծնվել էր մի ազգի մեջ, որը նվիրված էր Եհովա Աստծուն։ Բայց նա երկրպագում էր Եհովային ոչ թե զուտ այն պատճառով, որ ուզում էր հետևել իր ազգի ու ընտանիքի կրոնական ավանդույթներին, այլ որովհետև իր անձնական փոխհարաբերություններն էր զարգացրել Աստծու հետ։ Ուստի Եհովան առանձնահատուկ ձևով էր սիրում նրան։ Դավթի մասին խոսելիս Աստված ասաց, որ նա իր սրտին հաճելի մարդ է (Գործ. 13։22)։ Իսկ ինչպե՞ս էր Դավիթն այդքան մտերմացել Եհովայի հետ։

16. Աստծու ստեղծագործությունները զննելով՝ Դավիթը ի՞նչ էր իմացել նրա մասին։

16 Դավիթը Եհովայի մասին շատ բան իմացել էր նրա ձեռքի գործերից։ Պատանի հասակում Դավիթը հովվում էր իր հոր ոչխարներին, ուստի երկար ժամանակ բաց երկնքի տակ էր անցկացնում։ Հնարավոր է՝ նա հենց այդ ժամանակ էր սկսել խորհրդածել Եհովայի ստեղծագործությունների շուրջ։ Օրինակ՝ գիշերային աստղազարդ երկնքին նայելիս Դավիթը ոչ միայն աստղերն էր տեսնում, այլև դրանք ստեղծած Արարչի հատկությունները։ Դրա համար էլ գրել է. «Երկինքը հռչակում է Աստծու փառքը, և երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը» (Սաղ. 19։1, 2)։ Երբ Դավիթը մտորում էր այն մասին, թե ինչ հիասքանչ ձևով է Աստված ստեղծել մարդ արարածին և մյուս բաները, հասկանում էր, թե որքան իմաստուն է Նա, և որքան աննշան է ինքը (Սաղ. 139։14

17. Եհովայի ստեղծագործությունները ի՞նչ «կպատմեն» մեզ, եթե խորհենք դրանց շուրջ։

17 Ի՞նչ ենք սովորում։ Անտարբեր մի՛ եղիր Եհովայի հրաշալի ստեղծագործությունների նկատմամբ։ Կանգ առ, զննիր դրանք, հիացիր դրանցով։ Առօրյա գործերով զբաղվելիս ուշադրություն դարձրու շուրջդ եղած բաներին՝ բույսերին, կենդանիներին, մարդկանց։ «Ականջ դիր», թե դրանք ինչ են «պատմում» Եհովայի մասին։ Այդպես ամեն օր նորանոր բաներ կբացահայտես քո երկնային սիրառատ Հոր մեջ, և նրա հանդեպ սերդ օր օրի կուժգնանա (Հռոմ. 1։20

18. Ինչպես երևում է 18-րդ սաղմոսից, Դավիթը ի՞նչ էր հասկանում։

18 Դավիթը հասկանում էր, որ Եհովան է օգնում իրեն։ Օրինակ, երբ Դավիթը իր հոր ոչխարներին պաշտպանում էր առյուծից ու արջից, գիտակցում էր, որ Եհովան է իրեն օգնում հաղթել այդ ահարկու գիշատիչներին։ Երբ նա պարտության մատնեց զորեղ Գողիաթին, կրկին հստակ տեսավ Եհովայի փրկարար ձեռքը (1 Սամ. 17։37)։ Եվ երբ փախչում էր Սավուղ թագավորից, որի սիրտը լի էր նախանձով, համոզված էր, որ Եհովան է փրկում իր կյանքը (Սաղ. 18, ենթախորագիր)։ Հպարտ մարդը այդ բոլոր ձեռքբերումները իրեն կվերագրեր, բայց ոչ Դավիթը։ Նա խոնարհ էր, ուստի գիտակցում էր, որ իր կյանքում Եհովան միշտ էլ օգնության ձեռք է մեկնել իրեն (Սաղ. 138։6

19. Ի՞նչ ենք սովորում Դավթից։

19 Ի՞նչ ենք սովորում Դավթից։ Մենք պետք է ոչ միայն օգնություն խնդրենք Եհովայից, այլև փորձենք հասկանալ, թե նա երբ և ինչպես է օգնում մեզ։ Եթե խոնարհաբար ընդունենք, որ մեր կարողությունները սահմանափակ են, կհասկանանք, որ այն, ինչ մեր ուժերով չէինք կարող անել, Եհովայի աջակցությամբ ենք արել։ Եվ ամեն անգամ, երբ մեր կյանքում տեսնենք Աստծու ձեռքը, մեր մտերմությունը նրա հետ կամրանա։ Ֆիջիում բնակվող մի եղբայր՝ Այզեքը, որը երկար տարիներ հավատարմորեն ծառայում է Եհովային, անձամբ է զգացել դա։ Նա ասում է. «Հետադարձ հայացք նետելով կյանքիս՝ տեսնում եմ, թե Եհովան ինչպես է օգնել ինձ՝ սկսած դեռ այն ժամանակից, երբ նոր էի ուսումնասիրում Աստվածաշունչը։ Ուստի նա շատ իրական է ինձ համար»։

20. Աստծու և Դավթի փոխհարաբերություններից ի՞նչ ենք սովորում։

20 Դավիթն ընդօրինակում էր Եհովային։ Աստված մեզ այնպես է ստեղծել, որ կարողանանք զարգացնել իր հատկությունները (Ծննդ. 1։26)։ Որքան շատ բան ենք իմանում Եհովայի մասին, այնքան ավելի լավ ենք կարողանում նմանվել նրան։ Դավիթը լավ էր ճանաչում իր երկնային Հորը, ուստի կարողանում էր նրան ընդօրինակել։ Նա շատ անգամներ էր կյանքում ողորմած գտնվել ուրիշների հանդեպ։ Ուստի երբ մի անգամ պոռնկություն գործեց Բերսաբեի հետ ու սպանել տվեց նրա ամուսնուն, ինչը ծանր մեղք էր Աստծու դեմ, վերջինս որոշեց ողորմել նրան (2 Սամ. 11։1–4, 15)։ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալու շնորհիվ Դավիթը Իսրայելի ամենասիրված թագավորներից մեկն էր։ Աստված էլ Դավթին միշտ որպես հավատարմության օրինակ էր բերում մյուս թագավորների համար (1 Թագ. 15։11; 2 Թագ. 14։1–3

21. Եփեսացիներ 4։24 և 5։1 համարների համաձայն՝ Աստծուն ընդօրինակելը ինչի՞ն կնպաստի։

21 Ի՞նչ ենք սովորում։ Մենք պետք է ընդօրինակենք Աստծուն։ Ընդ որում՝ դա պետք է անենք ոչ միայն այն պատճառով, որ այդպես վարվելը ճիշտ է, այլև որ դրա շնորհիվ ավելի լավ կճանաչենք մեր Արարչին։ Բացի այդ, երբ զարգացնում ենք նրա հատկությունները, փաստում ենք, որ նրա զավակներն ենք (կարդա Եփեսացիներ 4։24; 5։1

ՁԳՏԻՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

22–23. Եթե կիրառենք մեր իմացածը, արդյունքը ի՞նչ կլինի։

22 Ինչպես տեսանք, Եհովան իր մասին «պատմում է» ստեղծագործությունների և իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Այդ յուրահատուկ գիրքը լի է Աստծուն հավատարիմ մարդկանց օրինակներով, որոնցից են Մովսեսն ու Դավիթը։ Եհովան խորհրդավորության մշուշով չի պատել իրեն. մնում է՝ մենք էլ բաց պահենք մեր աչքերը, ականջներն ու սիրտը, որ կարողանանք ավելի ու ավելի լավ ճանաչել նրան։

23 Մենք երբեք չենք դադարելու ճանաչել Եհովային (Ժող. 3։11)։ Սակայն կարևորը ոչ միայն այն է, թե որքան բան գիտենք նրա մասին, այլև թե որքանով ենք կիրառում մեր իմացածը։ Եթե այդ գիտելիքները գործի դնենք և ընդօրինակենք մեր սիրառատ Հորը, նա ավելի կմոտենա մեզ (Հակ. 4։8)։ Իր Խոսքի միջոցով Եհովան հավաստիացրել է, որ երբեք չի թողնի նրանց, ովքեր փնտրում են իրեն։

ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

^ պարբ. 5 Շատերն են հավատում, որ Աստված գոյություն ունի, սակայն իրականում չեն ճանաչում նրան։ Ի՞նչ է նշանակում ճանաչել Աստծուն։ Ինչպե՞ս մտերմանալ նրա հետ։ Հոդվածում կքննենք Եհովայի վաղեմի ծառաներից Մովսեսի ու Դավթի օրինակը և կտեսնենք, թե այս առումով ինչ կարող ենք սովորել նրանցից։