Ընթերցողների հարցերը
Առակներ 24։16-ում ասվում է. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա»։ Արդյո՞ք այս համարը այն անհատի մասին է, ով անընդհատ մեղք է գործում և ներում ստանում Աստծուց
Իրականում դա չէ այս համարի նշանակությունը։ Խոսքը այն անհատի մասին է, ով ընկնում է, այսինքն՝ անընդհատ բախվում է դժվարությունների ու խնդիրների, բայց նորից վեր է կենում այն իմաստով, որ կարողանում է հաղթահարել դրանք։
Քննենք այս համարի համատեքստը. «Ամբարշտի նման դարանամուտ մի՛ եղիր արդարի բնակատեղի մոտ և մի՛ կողոպտիր նրա բնակավայրը, որովհետև եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա, բայց ամբարիշտները փորձանքի պատճառով կսայթաքեն։ Երբ քո թշնամին ընկնի, մի՛ ուրախացիր, և երբ նա սայթաքի, թող քո սիրտը չցնծա» (Առակ. 24։15–17)։
Ոմանք կարծում են, որ 16-րդ համարը վերաբերում է այն մարդուն, ով մեղք է գործում, բայց հետո զղջում է և վերականգնում Աստծու հետ ունեցած լավ փոխհարաբերությունները։ Բրիտանացի երկու հոգևորական գրել են, որ «թե՛ անցյալի, թե՛ մեր օրերի քարոզիչները բազմիցս այս համարը [այդպես են] մեկնաբանել»։ Նրանք նաև նշել են, որ նման տեսակետը ենթադրում է, որ «արդար մարդը կարող է ընկնել.... լուրջ մեղքերի մեջ, բայց երբեք չի կորցնի իր սերը Աստծու հանդեպ և ամեն անգամ զղջալով՝ վեր կկենա»։ Նման բացատրությունը կարող է գրավիչ լինել այն մարդու համար, ով չի ցանկանում դիմադրել մեղք գործելու գայթակղությանը։ Նա գուցե մտածի, որ եթե նույնիսկ շարունակ մեղք գործի, միևնույնն է, Աստված կների իրեն։
Սակայն 16-րդ համարը այլ նշանակություն ունի։
16-րդ և 17-րդ համարներում «ընկնել» թարգմանված եբրայերեն բառը կարող է օգտագործվել տարբեր համատեքստերում։ Այն կարող է նշանակել բառացի ընկնել։ Օրինակ՝ ցուլը ընկել է ճանապարհի վրա, ինչ-որ մեկը ընկել է տանիքից, կամ քարը ընկել է գետնին (2 Օրենք 22։4, 8; Ամոս 9։9)։ Այդ բառը կարող է օգտագործվել նաև փոխաբերական իմաստով։ Օրինակ՝ այսպես. «Եհովան ամրապնդում է մարդու քայլերը, և նրա ճանապարհի մեջ ուրախություն է գտնում։ Թեպետ նա ընկնելիս էլ լինի, վայր չի գցվի, որովհետև Եհովան բռնում է նրա ձեռքից» (Սաղ. 37։23, 24; Առակ. 11։5; 13։17; 17։20)։
Սակայն ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասել պրոֆեսոր Էդվարդ Պլեմտրը. «Եբրայերեն [«ընկնել»] բառը երբեք չի օգտագործվում մեղքի մեջ ընկնելու իմաստով»։ Մեկ այլ գիտնական 16-րդ համարի հետ կապված հետևյալն է ասել. «Ապարդյուն է վատ վերաբերվել Աստծու ժողովրդին, քանի որ նրանք նորից ոտքի կկանգնեն, իսկ չարերը՝ ոչ»։
Այսպիսով՝ Առակներ 24։16-ը ոչ թե այն մարդու մասին է, ով մեղքի մեջ է ընկնում, այլ նրա մասին, ով դժվարություններ ու խնդիրներ է ունենում, նույնիսկ շատ անգամներ։ Այս չար աշխարհում արդար մարդը գուցե առողջական կամ այլ խնդիրներ ունենա։ Նա գուցե խիստ հակառակության բախվի կառավարության կողմից։ Բայց նման անհատը կարող է համոզված լինել, որ Աստված թիկունք կկանգնի իրեն և կօգնի դիմանալ դժվարություններին ու հաղթահարել դրանք։ Քանի՞ անգամ ես ականատես եղել, թե ինչպես է Աստծու ծառաների համար ամեն ինչ լավ ավարտվել։ Ինչի՞ շնորհիվ։ Քանի որ «Եհովան նեցուկ է լինում բոլոր ընկնողներին և վեր է բարձրացնում բոլոր կռացածներին» (Սաղ. 41։1–3; 145։14–19)։
«Արդարին» մխիթարում է ոչ թե այն, որ ուրիշներն էլ են խնդիրների բախվում, այլ այն բանի գիտակցումը, որ «ճշմարիտ Աստծուց վախեցողների համար» լավ է լինելու, «որովհետև նրանք վախենում են նրանից» (Ժող. 8։11–13; Հոբ 31։3–6; Սաղ. 27։5, 6)։