Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սիրտդ դիր քո ծառայության մեջ

Սիրտդ դիր քո ծառայության մեջ

Ի՞ՆՉ ես զգում, երբ քաջալերական նամակ ես ստանում քո մտերիմ ընկերոջից։ Նման մի նամակ ստացավ Տիմոթեոսը Պողոս առաքյալից։ Այսօր այն մեզ հայտնի է որպես Աստվածաշնչի «2 Տիմոթեոս» գիրք։ Անկասկած, Տիմոթեոսը ցանկացել է առանձնանալ և մի հանգիստ վայրում կարդալ իր սիրելի ընկերոջ գրած խոսքերը։ Թերևս նա մտածում էր. «Տեսնես՝ ինչպե՞ս է Պողոսը։ Իմ ծառայության հետ կապված ինչ-որ խորհուրդ գրե՞լ է։ Գուցե նրա նամակը նպաստի, որ բարելավե՞մ քարոզելու և ուսուցանելու հմտություններս և օգնե՞մ ուրիշներին»։ Ինչպես կտեսնենք, Տիմոթեոսը իր համար կարևոր նշանակություն ունեցող այդ նամակում գտավ այս և այլ հարցերի պատասխանները։ Այժմ եկեք ուշադրություն դարձնենք այն հիմնական խորհուրդներին, որ Պողոսը գրել է «2 Տիմոթեոս» նամակում։

«ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՏՈԿԱԼ»

Երբ Տիմոթեոսը սկսեց կարդալ նամակը, անմիջապես զգաց Պողոսի սերն ու հոգատարությունը։ Առաքյալը նրան կոչում է «իմ սիրելի զավակ» (2 Տիմոթ. 1։2)։ Մոտ 65 թվականն էր, երբ Տիմոթեոսը ստացավ այս նամակը։ Այդ ժամանակ նա, հավանաբար, 30-ն անց էր և արդեն փորձառու երեց։ Նա ավելի քան տասը տարի համագործակցել էր Պողոսի հետ և շատ բաներ էր սովորել նրանից։

Տիմոթեոսը պետք է որ շատ քաջալերված լիներ՝ իմանալով, որ Պողոսը հավատարիմ է մնում հալածանքների ներքո։ Առաքյալը Հռոմում բանտարկված էր, և նրան մահ էր սպասում (2 Տիմոթ. 1։15, 16; 4։6–8)։ Չնայած դրան՝ նա Տիմոթեոսին գրեց. «Ամեն ինչում շարունակում եմ տոկալ» (2 Տիմոթ. 2։8–13)։ Նրա քաջությունը շատ զորացրեց Տիմոթեոսին։ Տոկունություն դրսևորելու հարցում Պողոսի հիանալի օրինակը մեր հավատն էլ է զորացնում։

«ԿՐԱԿԻ ՆՄԱՆ ՎԱՌ ՊԱՀԻՐ ԱՍՏԾՈՒ ՊԱՐԳԵՎԸ»

Պողոսը հորդորեց Տիմոթեոսին թանկ գնահատել ծառայության մեջ ունեցած իր հանձնարարությունները։ Առաքյալը ցանկանում էր, որ Տիմոթեոսը «կրակի նման վառ պահեր Աստծու պարգևը», որը նրա մեջ էր (2 Տիմոթ. 1։6)։ Պողոսը «պարգև» բառի համար օգտագործել է հունարեն խարիսմա բառը։ Այդ բառը հիմնականում նշանակում է ձրի պարգև, այնպիսի մի բան, որը տրվում է մարդուն, ով, սակայն, չի վաստակել այն կամ չի արժանացել դրան։ Տիմոթեոսը ստացել էր այդ պարգևը, երբ նշանակվել էր՝ ժողովում հատուկ ծառայություն կատարելու (1 Տիմոթ. 4։14

Ի՞նչ պետք է աներ Տիմոթեոսը այդ պարգևի հետ։ Կարդալով «կրակի նման վառ պահել» խոսքերը՝ նա թերևս օջախում վառվող կրակ պատկերացրեց, որից երբեմն միայն շիկացած ածուխներ են մնում։ Դրանք հարկավոր է խառնել, որ կրակը նորից բորբոքվի և ավելի շատ ջերմություն տա։ Մի բառարանում ասվում է, որ Պողոսի օգտագործած հունարեն բառը (անազոպիրեո) նշանակում է «բոցավառել, նոր շունչ հաղորդել, բորբոքել», փոխաբերական իմաստով՝ «ինչ-որ բան նոր եռանդով անել»։ Ուստի Պողոսը Տիմոթեոսին կարծես ասում էր. «Սիրտդ դիր քո ծառայության մեջ»։ Մենք էլ այսօր պետք է նույնն անենք՝ եռանդով ու ամբողջ սրտով կատարենք մեր ծառայությունը։

«ՔԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՅՍ ԲԱՐԻ ԳԱՆՁԸ ՊԱՀՊԱՆԻՐ»

Իր սիրելի ընկերոջ նամակը կարդալիս Տիմոթեոսը մեկ այլ խորհուրդ գտավ այնտեղ, որը կօգներ իրեն հաջողությամբ կատարել իր ծառայությունը։ Պողոսը գրել էր. «Քեզ վստահված այս բարի գանձը պահպանիր սուրբ ոգով, որը բնակվում է մեր մեջ» (2 Տիմոթ. 1։14)։ Իսկ ի՞նչ գանձ էր վստահված Տիմոթեոսին։ Նախորդ համարում Պողոսը խոսում է «առողջ խոսքերի»՝ Սուրբ Գրքում գրված ճշմարտության մասին (2 Տիմոթ. 1։13)։ Լինելով քրիստոնյա՝ Տիմոթեոսը պետք է սովորեցներ ճշմարտությունը թե՛ ժողովում, թե՛ ժողովից դուրս (2 Տիմոթ. 4։1–5)։ Բացի այդ՝ նա երեց էր և պետք է հովվեր Աստծու հոտը (1 Պետ. 5։2)։ Տիմոթեոսը կկարողանար պահպանել իրեն վստահված գանձը՝ ճշմարտությունը սովորեցնելու առանձնաշնորհումը, եթե ապավիներ սուրբ ոգուն և Աստծու Խոսքին (2 Տիմոթ. 3։14–17

Այսօր մենք էլ պատիվ ունենք մարդկանց սովորեցնելու ճշմարտությունը (Մատթ. 28։19, 20)։ Երբեք չպետք է կորցնենք մեր գնահատանքը այդ գանձի հանդեպ։ Դա կարող ենք անել՝ աղոթքում հարատևելով և կանոնավորաբար ուսումնասիրելով Աստծու Խոսքը (Հռոմ. 12։11, 12; 1 Տիմոթ. 4։13, 15, 16)։ Գուցե հավելյալ պատասխանատվություններ ունենք՝ երեց ենք կամ լիաժամ ծառայող։ Նման առանձնաշնորհումները պետք է մղեն մեզ խոնարհ լինել և գիտակցել, որ Աստծու աջակցության կարիքն ունենք։ Ուստի մենք կպահպանենք մեզ վստահված գանձը, եթե թանկ գնահատենք այն և մեր հանձնարարությունները կատարելու հարցում միշտ ապավինենք Եհովային։

«ՓՈԽԱՆՑԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տիմոթեոսի ստացած հանձնարարությունների մեջ մտնում էր նաև ուրիշներին կրթելը։ Ուստի Պողոսը հորդորեց նրան. «Այն ամենը, ինչ լսեցիր ինձանից.... փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 2։2)։ Այո՛, Տիմոթեոսը պետք է իր սովորած բաները սովորեցներ մյուս եղբայրներին։ Շատ կարևոր է, որ այսօր էլ ժողովում յուրաքանչյուր վերակացու ձգտի նույնն անել։ Լավ վերակացուն նախանձ չէ և իր հանձնարարության վերաբերյալ գիտելիքները չի պահում իրեն։ Փոխարենը՝ դրանք փոխանցում է ուրիշներին, որպեսզի նրանք էլ կարողանան անել այդ գործը։ Նա չի վախենում, որ ստվերում կմնա, եթե ուրիշները իրենից ավելի շատ բան իմանան կամ ավելի լավ կատարեն իր գործը։ Ուստի լավ վերակացուն չի սահմանափակվում՝ սովորեցնելով միայն հանձնարարության հետ կապված տարրական բաները։ Նա սովորեցնում է մյուսներին հոգևորապես աճել՝ զարգացնելով առողջ դատողություն և խորաթափանցություն։ Արդյունքում այն «հավատարիմ մարդիկ», ում նա կրթում է, ավելի շատ օգուտներ կբերեն ժողովին։

Անկասկած, Պողոսի սրտառուչ նամակը շատ թանկ էր Տիմոթեոսի համար։ Կարելի է պատկերացնել, թե քանի անգամ է Տիմոթեոսը կարդացել այնտեղ գրված արժեքավոր խորհուրդները և մտածել, թե ինչպես կարող է դրանք կիրառել իր ծառայության մեջ։

Մենք էլ ենք ուզում լուրջ վերաբերվել նրա տված խորհուրդներին։ Մենք կկիրառենք դրանք, եթե կրակի նման վառ պահենք Աստծու տված պարգևը, պահպանենք մեզ վստահված գանձը և մեր փորձն ու գիտելիքները փոխանցենք ուրիշներին։ Այդպիսով՝ Պողոսի խոսքերի համաձայն՝ կկարողանանք «ամբողջովին կատարել [մեր] ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5