Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50

Լսիր բարի Հովվի ձայնը

Լսիր բարի Հովվի ձայնը

«Նրանք կլսեն իմ ձայնը» (ՀՈՎՀ. 10։16

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ Հիսուսը իր հետևորդներին համեմատեց ոչխարների հետ։

 ՀԻՍՈՒՍԸ իր հետևորդների հետ ունեցած փոխհարաբերությունները համեմատեց հովվի և ոչխարների միջև եղած կապվածության հետ (Հովհ. 10։14)։ Այս համեմատությունը շատ տեղին է, քանի որ ոչխարները ճանաչում են իրենց հովվին և հնազանդվում են նրա ձայնին։ Նման բանի ականատես եղավ մի զբոսաշրջիկ։ Նա պատմում է. «Մենք ցանկանում էինք լուսանկարել ոչխարների և փորձում էինք այնպես անել, որ նրանք մոտ գային, բայց դա մեզ չէր հաջողվում, քանի որ նրանք չէին ճանաչում մեր ձայները։ Հետո եկավ նրանց հովիվը, ով մի փոքր տղա էր։ Հենց որ ոչխարները լսեցին նրա ձայնը, անմիջապես նրա մոտ եկան»։

2–3. ա) Հիսուսի հետևորդները ինչպե՞ս են ցույց տալիս, որ լսում են նրա ձայնը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս և հաջորդ հոդվածներում։

2 Զբոսաշրջիկի պատմածը մեզ հիշեցնում է Հիսուսի խոսքերը իր գառների՝ իր աշակերտների վերաբերյալ։ Նա ասաց. «Նրանք կլսեն իմ ձայնը» (Հովհ. 10։16)։ Բայց ինչպե՞ս կարող ենք լսել Հիսուսի ձայնը. չէ՞ որ նա երկնքում է։ Մենք լսում ենք մեր Տիրոջ ձայնը, երբ կիրառում ենք նրա սովորեցրածները մեր կյանքում (Մատթ. 7։24, 25

3 Այս և հաջորդ հոդվածներում կքննենք Հիսուսի պատվերներից մի քանիսը։ Ինչպես կտեսնենք, Հիսուսը սովորեցրել է մեզ, թե ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք։ Նախ կխոսենք երկու բանի մասին, որ մեր բարի Հովիվը պատվիրել է մեզ չանել։

«ՄԻ՛ ՄՏԱՏԱՆՋՎԵՔ»

4. Ըստ Ղուկաս 12։29-ի՝ ինչի՞ համար գուցե մտատանջվենք։

4 Կարդա Ղուկաս 12։29։ Հիսուսը իր հետևորդներին հորդորեց, որ այլևս չմտատանջվեն նյութական բաների համար։ Մենք գիտենք, որ Հիսուսի տված խորհուրդները միշտ ճիշտ են և իմաստուն։ Բոլորս էլ ցանկանում ենք կիրառել դրանք, բայց երբեմն դա գուցե դժվար լինի։ Տեսնենք, թե ինչու։

5. Ինչո՞ւ են ոմանք անհանգստանում, թե ինչպես են հոգալու իրենց նյութական կարիքները։

 5 Ոմանք գուցե մտահոգվեն այն պատճառով, թե ինչ պիտի ուտեն, հագնեն կամ որտեղ պետք է ապրեն։ Հնարավոր է՝ նրանք ապրում են ծանր տնտեսական պայմաններ ունեցող երկրում։ Հավանաբար նրանց համար դժվար է բավականաչափ գումար վաստակել իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Կամ գուցե ընտանիքի ապրուստը վաստակողը մահացել է։ Շատերն էլ COVID-19 համավարակի հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը (Ժող. 9։11)։ Եթե մենք էլ նմանատիպ կամ այլ դժվարություններ ունենք, ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի պատվերին և այլևս չմտատանջվել։

Մտահոգությունների ծովում սուզվելու փոխարեն ամրացրու համոզվածությունդ Եհովայի հանդեպ (տես պարբերություն 6–8) *

6. Նկարագրիր, թե մի անգամ ինչ տեղի ունեցավ Պետրոս առաքյալի հետ։

6 Մի անգամ, երբ Պետրոսն ու մյուս առաքյալները նավարկում էին Գալիլեայի ծովում, փոթորիկ բարձրացավ։ Հանկարծ նրանք տեսան Հիսուսին ջրի վրայով քայլելիս։ Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Հիսուսն էլ ասաց. «Ե՛կ»։ Այդ ժամանակ «Պետրոսը նավից իջավ և ջրերի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը»։ Հետաքրքիր է՝ ինչ եղավ հետո։ Պետրոսը, «փոթորկին նայելով, վախեցավ, ու երբ սկսեց սուզվել, բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»»։ Հիսուսը մեկնեց իր ձեռքը և փրկեց նրան։ Հատկանշական է, որ Պետրոսը կարողացավ քայլել մոլեգնած ջրերի վրայով այնքան ժամանակ, քանի դեռ իր ուշադրությունը կենտրոնացած էր Հիսուսի վրա։ Բայց փոթորկին նայելով՝ նա համակվեց վախով ու կասկածներով և սկսեց սուզվել (Մատթ. 14։24–31

7. Ի՞նչ ենք սովորում Պետրոսի հետ պատահածից։

7 Մենք շատ բան կարող ենք սովորել Պետրոսի հետ տեղի ունեցածից։ Երբ նա ոտք դրեց ծովի ջրերի վրա, չէր ակնկալում, որ կշեղվի և կսկսի սուզվել։ Նա ցանկանում էր ջրերի վրայով քայլելով հասնել իր Տիրոջը։ Սակայն Պետրոսի ուշադրությունը կենտրոնացած չմնաց Հիսուսի վրա։ Ինչպես Պետրոսը հավատի կարիք ուներ ջրի վրայով քայլելու համար, այնպես էլ մենք հավատի կարիք ունենք, որ հաղթահարենք տարբեր փորձություններ։ Եթե կենտրոնացած չմնանք Եհովայի և նրա խոստումների վրա, կսկսենք հոգևորապես սուզվել։ Անկախ նրանից, թե ինչ փոթորիկներ կլինեն մեր կյանքում՝ մենք պետք է մեր միտքը կենտրոնացած պահենք Եհովայի վրա և միշտ հիշենք, որ նա ի զորու է օգնելու մեզ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

8. Ի՞նչը կօգնի մեզ, որ չափից շատ չանհանգստանանք մեր նյութական կարիքների համար։

8 Անհանգստանալու փոխարեն մենք պետք է վստահենք Եհովային։ Հիշենք, որ մեր սիրառատ Հայրը հավաստիացնում է, որ հոգ կտանի մեր նյութական կարիքների մասին, եթե հոգևոր գործերով զբաղվելը առաջնային լինի մեզ համար (Մատթ. 6։32, 33)։ Նա միշտ վարվել է իր այդ խոստման համաձայն (2 Օրենք 8։4, 15, 16; Սաղ. 37։25)։ Եթե Եհովան հոգ է տանում թռչունների ու ծաղիկների մասին, ուրեմն մենք չպետք է անհանգստանանք, թե ինչ պիտի ուտենք կամ հագնենք (Մատթ. 6։26–30; Փիլիպ. 4։6, 7)։ Ինչպես սերն է մղում ծնողներին հոգալ իրենց երեխաների կարիքները, այնպես էլ մեր երկնային Հայրն է, սիրուց մղված, հոգ տանում իր ժողովրդի նյութական կարիքների մասին։ Անկասկած, կարող ենք վստահ լինել, որ Եհովան հոգ կտանի նաև մեր մասին։

9. Ի՞նչ ես սովորում մի ամուսնական զույգի հետ պատահածից։

9 Քննենք մի դեպք, որը փաստում է, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։ Մի ռահվիրա զույգ իր հին մեքենայով մեկ ժամվա ճանապարհ անցավ, որպեսզի փախստականների ճամբարից մի քանի քրոջ բերի հանդիպման։ Եղբայրը պատմում է. «Ժողովից հետո մենք այդ քույրերին հրավիրեցինք ճաշի, բայց հետո հասկացանք, որ նրանց հյուրասիրելու բան չունենք»։ Ի՞նչ էին անելու նրանք։ Եղբայրը շարունակում է. «Երբ տուն հասանք, մթերքով լի երկու մեծ տոպրակ էր դրված մեր դռան առաջ։ Մենք չգիտեինք, թե դա ով էր բերել, բայց մի բան պարզ էր. Եհովան հոգ էր տարել մեր մասին»։ Որոշ ժամանակ հետո այս զույգի մեքենան փչացավ։ Այդ մեքենան նրանց անհրաժեշտ էր ծառայության համար, սակայն նրանք փող չունեին, որ նորոգեին այն։ Երբ մեքենան տարան ավտոտեխսպասարկման կենտրոն, որպեսզի իմանան, թե որքան կարժենա նորոգումը, մի մարդ եկավ ու հարցրեց. «Ո՞ւմ մեքենան է սա»։ Եղբայրն ասաց, որ իր մեքենան է, և այն նորոգման կարիք ունի։ Այդ մարդն ասաց. «Դա կապ չունի, կինս այս մակնիշի և հենց այս գույնի մեքենա է ուզում։ Որքանո՞վ կվաճառես»։ Այդ մարդը մեքենայի համար այնքան վճարեց, որ եղբայրը կարողացավ մեկ այլ մեքենա գնել։ Նա ասում է. «Էլ չասեմ, թե որքան ուրախ էինք օրվա վերջում։ Մենք վստահ էինք, որ տեղի ունեցածը պատահականություն չէր։ Այդ ամենում մենք տեսանք Եհովայի ձեռքը»։

10. Ինչպե՞ս է Սաղմոս 37։5-ը օգնում մեզ չանհանգստանալ մեր նյութական կարիքները բավարարելու համար։

10 Եթե լսենք բարի Հովվին և չափից շատ չմտահոգվենք մեր առօրյա հոգսերով, կարող ենք վստահ լինել, որ Եհովան հոգ կտանի մեր մասին (կարդա Սաղմոս 37։5; 1 Պետ. 5։7)։ Մտածենք այն իրավիճակների մասին, որ նշված էին  5-րդ պարբերության մեջ։ Հնարավոր է՝ մինչև հիմա Եհովան հոգ է տարել մեր անհրաժեշտ կարիքների մասին մեր ընտանիքի գլխի կամ գործատուի միջոցով։ Բայց եթե մեր ընտանիքի գլուխը այլևս ի վիճակի չէ վաստակել օրվա հացը, կամ կորցրել ենք մեր աշխատանքը, ապա Եհովան հոգ կտանի մեր մասին մեկ այլ ձևով։ Մենք կարող ենք համոզված լինել դրանում։ Այժմ քննենք, թե մեր բարի Հովիվը էլ ինչ ասաց, որ չանենք։

«ՄԻ՛ ԴԱՏԵՔ»

Երևացող բաներից այն կողմ տեսնելը կօգնի մեզ չդատել ուրիշներին (տես պարբերություն 11, 14–16) *

11. Ըստ Մատթեոս 7։1, 2 համարների՝ Հիսուսն ի՞նչ ասաց, որ այլևս չանենք, և դա ինչո՞ւ կարող է դժվար լինել։

11 Կարդա Մատթեոս 7։1, 2։ Հիսուսը գիտեր, որ մարդիկ անկատար են և հակված են ուրիշներին դատելու, ուստի ասաց. «Մի՛ դատեք»։ Մենք ձգտում ենք չդատել մեր հավատակիցներին, բայց քանի որ անկատար ենք, երբեմն դա մեզ չի հաջողվում։ Ի՞նչ պետք է անենք, եթե զգում ենք, որ քննադատական ոգի ենք ձեռք բերել։ Պետք է լսենք Հիսուսին և այլևս չդատենք։

12–13. Դավթի հանդեպ Եհովայի վերաբերմունքն ինչպե՞ս է օգնում մեզ, որ չդատենք ուրիշներին։

12 Այս հարցի վերաբերյալ մենք շատ բան կարող ենք սովորել՝ խորհելով Եհովայի օրինակի շուրջ։ Նա կենտրոնանում է մարդկանց լավ կողմերի վրա։ Դա երևում է այն բանից, թե Եհովան ինչպես վարվեց Դավիթ թագավորի հետ, ով իր կյանքում լուրջ սխալներ գործեց։ Մի անգամ Դավիթը շնություն գործեց Բերսաբեի հետ և նույնիսկ սպանել տվեց նրա ամուսնուն (2 Սամ. 11։2–4, 14, 15, 24)։ Արդյունքում ոչ միայն Դավիթը վնասներ կրեց, այլև իր ողջ ընտանիքը, այդ թվում՝ իր մյուս կանայք (2 Սամ. 12։10, 11)։ Մի անգամ էլ Դավիթը չապավինեց Եհովային և հրամայեց մարդահամար անցկացնել, որպեսզի իմանա, թե քանի զինվոր ունի։ Նա հավանաբար հպարտությունից դրդված արեց դա և ցույց տվեց, որ ապավինում է իր զորքին։ Արդյունքում մոտ 70 000 իսրայելացի մահացավ համաճարակից (2 Սամ. 24։1–4, 10–15

13 Եթե այդ ժամանակ ապրեիր Իսրայելում, ի՞նչ կմտածեիր Դավթի մասին։ Կմտածեի՞ր, որ նա արժանի չէ Եհովայի ողորմությանը։ Եհովան այդպես չէր մտածում։ Նա կենտրոնանում էր այն բանի վրա, որ Դավիթը ողջ կյանքում հավատարիմ է եղել իրեն և որ անկեղծորեն զղջում էր իր կատարած սխալների համար։ Ուստի Եհովան ներում էր Դավթի մեղքերը։ Նա գիտեր, որ իր ծառան շատ է սիրում իրեն և ցանկանում է ճիշտն անել։ Մի՞թե երախտապարտ չենք Եհովային, որ մեր մեջ լավն է տեսնում (1 Թագ. 9։4; 1 Տար. 29։10, 17

14. Ի՞նչը կօգնի քրիստոնյաներին չդատել։

14 Եթե Եհովան անկատար մարդկանցից կատարելություն չի պահանջում, ուրեմն մենք էլ իրարից չպետք է կատարելություն պահանջենք։ Մենք պետք է ձգտենք լավը տեսնել ուրիշների մեջ։ Սովորաբար ջանքեր չեն պահանջվում ուրիշների անկատարությունը տեսնելու և նրանց դատելու համար։ Բայց հոգևորապես հասուն անհատը, ուրիշների անկատարությունը տեսնելով հանդերձ, շարունակում է լավ փոխհարաբերություններ ունենալ նրանց հետ։ Անմշակ ադամանդը գուցե անշուք տեսք ունենա, բայց գործից հասկացող մարդը չի կենտրոնանա տեսքի վրա և կտեսնի այն արժեքը, որ ադամանդը կունենա հղկվելուց հետո։ Եհովայի և Հիսուսի պես մենք պետք է կենտրոնանանք ոչ թե մարդկանց թերությունների, այլ նրանց լավ կողմերի վրա։

15. Մարդկանց հանգամանքները հաշվի առնելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ չքննադատել նրանց։

15 Ուրիշ ի՞նչը կօգնի մեզ չքննադատել մարդկանց։ Փորձիր նրանց դրության մեջ մտնել։ Այս հարցում լավ օրինակ է Հիսուսը։ Մի օր նա տաճարում տեսավ մի աղքատ այրու, ով չնչին արժողության երկու մետաղադրամ գցեց գանձանակը։ Հիսուսը չասաց. «Ինչո՞ւ նա այդքան քիչ նվիրաբերեց»։ Հիսուսը չկենտրոնացավ տվածի չափի վրա, այլ հաշվի առավ նրա մղումները և հանգամանքները։ Նա գովեց այրի կնոջը այն բանի համար, որ արեց այնքան, որքան կարող էր (Ղուկ. 21։1–4

16. Ի՞նչ ենք սովորում Վերոնիկայի օրինակից։

16 Տեսնենք, թե ինչ է պատմում Վերոնիկա անունով մի քույր։ Նրա օրինակը ցույց է տալիս, թե ինչու է կարևոր հաշվի առնել ուրիշների հանգամանքները։ Նրա ժողովում մի քույր կար, ով մենակ էր մեծացնում իր որդուն։ Վերոնիկան ասում է. «Մտածում էի, թե ինչու նրանք կանոնավորաբար չեն հաճախում ժողովի հանդիպումներին և լիարժեքորեն չեն մասնակցում ծառայությանը։ Ուստի ես այդքան էլ լավ կարծիք չունեի նրանց մասին։ Բայց մի օր այդ քրոջ հետ գնացի ծառայության։ Նա ասաց, որ իր որդին աուտիզմով է տառապում։ Չնայած դժվարություններին՝ այդ քույրը ամեն ինչ անում էր, որ հոգար իրենց ֆիզիկական ու հոգևոր կարիքները։ Երբեմն որդու առողջական խնդիրների պատճառով նրանք ստիպված էին լինում մեկ այլ ժողով գնալ։ Մտքովս անգամ չէր անցնի, որ նա այդքան լուրջ դժվարություններ ունի։ Այժմ նրան ավելի շատ եմ սիրում ու հարգում, քանի որ նա ջանք չի խնայում Եհովային ծառայելու համար»։

17. Հակոբոս 2։8 համարը ի՞նչ է հորդորում մեզ անել, և ինչպե՞ս կարող ենք հետևել այդ հորդորին։

17 Ի՞նչ պետք է անենք, եթե զգում ենք, որ սկսել ենք դատել մեր հավատակցին։ Մենք պետք է հիշենք, որ պարտավոր ենք սիրել մեր եղբայրներին (կարդա Հակոբոս 2։8)։ Նաև պետք է ջերմեռանդորեն աղոթենք Եհովային՝ աղաչելով, որ նա օգնի մեզ ձերբազատվել քննադատական ոգուց։ Մենք մեր աղոթքների համաձայն վարված կլինենք, եթե նախաձեռնություն վերցնենք և ժամանակ անցկացնենք այն անհատի հետ, ում սկսել ենք քննադատել։ Դրա շնորհիվ մենք նրան ավելի լավ կճանաչենք։ Գուցե նրան ծառայության կամ ճաշի հրավիրենք։ Ավելի լավ ճանաչելով մեր եղբորը՝ հնարավորություն կունենանք նրա մեջ լավը տեսնելու, ինչով և կընդօրինակենք Եհովային ու Հիսուսին։ Այդպես կլսենք բարի Հովվի ձայնը և այլևս չենք դատի ուրիշներին։

18. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ լսում ենք բարի Հովվի ձայնը։

18 Ինչպես գառնուկն է լսում հովվի ձայնը, այնպես էլ Հիսուսի հետևորդներն են լսում նրա ձայնը։ Եհովան ու Հիսուսը կօրհնեն մեր ջանքերը, եթե ձգտենք չմտահոգվել մեր նյութական կարիքները բավարարելու մասին և չդատենք ուրիշներին։ Անկախ նրանից՝ «փոքր հոտի» անդամներ ենք, թե «ուրիշ ոչխարների» թվում ենք՝ թող որ լսենք բարի Հովվի ձայնը և հնազանդվենք նրան (Ղուկ. 12։32; Հովհ. 10։11, 14, 16)։ Հաջորդ հոդվածում կքննենք երկու բան, որ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին անել։

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

^ Երբ Հիսուսն ասաց, որ իր գառները կլսեն իր ձայնը, նկատի ուներ, որ իր աշակերտները կլսեն ու կկիրառեն այն, ինչ ինքը սովորեցնում է։ Այս հոդվածում կքննենք երկու կարևոր բան, որ սովորեցրել է Հիսուսը. մենք չպետք է մտատանջվենք նյութական բաների համար և չպետք է դատենք ուրիշներին։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ենք կիրառել այս խորհուրդները։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը կորցրել է աշխատանքը, բավականաչափ գումար չունի սնունդ գնելու համար և պետք է նոր կացարան գտնի։ Հնարավոր է՝ նա այնքան տարվի իր հոգսերով, որ Աստծուն ծառայելը նրա համար այլևս առաջնային չլինի։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը ուշացած մտնում է Թագավորության սրահ, բայց մյուս կողմից նա լավ հատկություններ է դրսևորում՝ անպաշտոն վկայություն տալով, տարեցներին գործնական օգնություն տրամադրելով և Սրահի մասին հոգ տանելով։