Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51

Շարունակիր «նրա՛ն լսել»

Շարունակիր «նրա՛ն լսել»

«Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» (ՄԱՏԹ. 17։5

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Ի՞նչ պատվեր ստացան Հիսուսի երեք առաքյալները, և ինչպե՞ս վարվեցին նրանք։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 32 ԹՎԱԿԱՆԻ Պենտեկոստեից հետո Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները մի զարմանահրաշ տեսիլքի ականատես եղան։ Մի բարձր լեռան՝ հավանաբար Հերմոն լեռան գագաթին, Հիսուսը այլակերպվեց նրանց առաջ։ «Նրա երեսը փայլեց, ինչպես արևը, և նրա վերնազգեստը դարձավ լույսի պես պայծառ» (Մատթ. 17։1–4)։ Տեսիլքում առաքյալները լսեցին Աստծու ձայնը. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» (Մատթ. 17։5)։ Այս երեք առաքյալները իրենց ողջ կյանքի ընթացքում փաստեցին, որ լսում են Հիսուսին։ Մենք ուզում ենք ընդօրինակել նրանց։

2 Նախորդ հոդվածից իմացանք, որ Հիսուսի ձայնը լսել նշանակում է չանել որոշ բաներ։ Այս հոդվածում կքննենք երկու բան, որ Հիսուսը պատվիրեց անել։

«ՆԵՂ ԴՌՆՈՎ ՆԵՐՍ ՄՏԵՔ»

3. Մատթեոս 7։13, 14 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք։

3 Կարդա Մատթեոս 7։13, 14։ Ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը նշեց միայն երկու ճանապարհի մասին՝ ընդարձակ և նեղ։ Երրորդ ճանապարհ չկա։ Մենք ենք որոշում, թե որ ճանապարհով գնանք։ Դա մեր կյանքի ամենակարևոր որոշումն է, քանի որ մեր հավիտենական կյանքն է կախված դրանից։

4. Ինչպե՞ս կնկարագրես ընդարձակ ճանապարհը։

4 Մենք պետք է հիշենք, թե ինչ տարբերություն կա երկու ճանապարհների միջև։ Շատերը նախընտրում են ընդարձակ ճանապարհը, քանի որ դրանով գնալը հեշտ է։ Ցավոք, նրանք որոշում են մնալ այդ ճանապարհին և անել այն, ինչ անում է մեծամասնությունը։ Նրանք չեն ուզում ընդունել, որ Սատանան է խրախուսում գնալ այդ ճանապարհով, և որ այն տանում է մահվան (1 Կորնթ. 6։9, 10; 1 Հովհ. 5։19

5. Ի՞նչ ջանքեր են ոմանք թափել, որպեսզի գտնեն նեղ ճանապարհը և սկսեն քայլել դրանով։

5 Ի տարբերություն ընդարձակ ճանապարհի՝ մյուս ճանապարհը նեղ է, և Հիսուսն ասաց, որ քչերն են այն գտնելու։ Ինչո՞ւ։ Հետաքրքիր է, որ հաջորդ համարում Հիսուսն ասում է, որ զգուշանանք սուտ մարգարեներից (Մատթ. 7։15)։ Այսօր հազարավոր կրոններ կան, և դրանցից շատերը պնդում են, թե ճշմարտությունն են սովորեցնում։ Այս ամենն այնքան է հիասթափեցրել ու շփոթեցրել միլիոնավոր մարդկանց, որ նրանք նույնիսկ չեն էլ փորձում փնտրել կյանքի տանող ճանապարհը։ Բայց այդ ճանապարհը հնարավոր է գտնել։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։31, 32)։ Գովելի է, որ մեծամասնությանը հետևելու փոխարեն դու փնտրել ես ճշմարտությունը։ Դու սկսել ես ջանասիրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որպեսզի իմանաս, թե Աստված ինչ է պահանջում քեզանից, և հետևել ես Հիսուսի սովորեցրածներին։ Բացի այդ՝ իմացել ես, որ Եհովան պահանջում է մերժել հակասուրբգրային ուսմունքները և չնշել կեղծ կրոնական տոնակատարություններ։ Դու նաև զգացել ես, որ Եհովայի ասածները անելը և նրան տհաճ որոշ սովորություններից հրաժարվելը կարող է դժվար լինել (Մատթ. 10։34–36)։ Քեզ համար այդքան էլ հեշտ չի եղել անել այդ փոփոխությունները։ Բայց դու չես հանձնվել, քանի որ սիրում ես քո երկնային Հորը և ուզում ես հաճեցնել նրան։ Անկասկած, նա հպարտանում է քեզնով (Առակ. 27։11

ԻՆՉՊԵՍ ՄՆԱՆՔ ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

Աստծու խորհուրդներն ու սկզբունքները օգնում են մեզ մնալ նեղ ճանապարհի վրա (տես պարբերություն 6–8) *

6. Ըստ Սաղմոս 119։9, 10, 45, 133 համարների՝ ի՞նչը կօգնի մեզ մնալ նեղ ճանապարհի վրա։

6 Ի՞նչը կօգնի մեզ մնալ նեղ ճանապարհի վրա։ Պատասխանն իմանալու համար քննենք մի օրինակ։ Լեռնային նեղ ճանապարհի եզրին դրված արգելապատնեշը պաշտպանություն է վարորդների համար։ Դրա շնորհիվ նրանք չափից շատ չեն մոտենում ճանապարհի եզրին։ Դժվար թե վարորդները բողոքեն, որ արգելապատնեշը սահմանափակում է իրենց ազատությունը։ Եհովայի տված սկզբունքները նման են այդ արգելապատնեշին։ Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք մնալ նեղ ճանապարհի վրա (կարդա Սաղմոս 119։9, 10, 45, 133

7. Ի՞նչ տեսակետ պետք է ունենան երիտասարդները նեղ ճանապարհի վերաբերյալ։

7 Սիրելի՛ երիտասարդներ, լինո՞ւմ է այնպես, որ մտածեք, թե Եհովայի տված սկզբունքները չափազանց սահմանափակող են։ Իրականում Սատանան է ուզում, որ այդպես մտածեք։ Նա ուզում է, որ ձեր ուշադրությունը կենտրոնացնեք այն բանի վրա, թե ինչեր են անում ընդարձակ ճանապարհով գնացողները, և կարծեք, թե նրանք իսկապես վայելում են կյանքը։ Նա ձեր համադասարանցիների և ինտերնետի միջոցով փորձում է այնպես անել, որ ձեզ թվա, թե զրկված եք կյանքի հաճույքներից։ Սատանայի նպատակն է, որ դուք մտածեք, թե Եհովայի տված սկզբունքները թույլ չեն տալիս լիարժեքորեն վայելել կյանքը։ * Բայց մի բան հիշեք. Սատանան չի ցանկանում, որ իր ճանապարհով գնացողները իմանան, թե ինչ է իրենց սպասվում ճանապարհի վերջում։ Իսկ Եհովան ասել է, թե ինչ հիանալի ապագա կունենան նրանք, ովքեր կմնան կյանքի տանող ճանապարհի վրա (Սաղ. 37։29; Ես. 35։5, 6; 65։21–23

8. Երիտասարդներն ի՞նչ կարող են սովորել Օլաֆի օրինակից։

8 Քննենք Օլաֆ անունով մի երիտասարդ եղբոր օրինակը։ * Նրա համադասարանցիները ճնշում էին բանեցնում նրա վրա, որ անբարոյականություն գործի։ Երբ նա բացատրեց, որ Եհովայի վկաները ապրում են աստվածաշնչյան բարձր բարոյական չափանիշներով, նրա դասընկերուհիներից ոմանք դա որպես մարտահրավեր ընդունեցին և փորձեցին ամեն գնով համոզել, որ սեքսով զբաղվի իրենց հետ։ Սակայն Օլաֆը իր սկզբունքներին դեմ չգնաց։ Բացի այդ՝ նա մեկ ուրիշ ճնշման ենթարկվեց։ Օլաֆը պատմում է. «Ուսուցիչներս փորձում էին համոզել ինձ, որ բարձրագույն կրթություն ստանամ, քանի որ դրա շնորհիվ ազդեցիկ մարդ կդառնամ։ Հակառակ դեպքում ես հաջողության չեմ հասնի կյանքում»։ Ի՞նչն օգնեց Օլաֆին դիմակայել այս ճնշմանը։ Եղբայրը նշում է. «Ես մտերմացա հավատակիցներիս հետ։ Նրանք ասես իմ ընտանիքը դարձան։ Նաև սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Որքան շատ էի ուսումնասիրում, այնքան ավելի էի համոզվում, որ գտել եմ ճշմարտությունը։ Արդյունքում վճռեցի ծառայել Եհովային»։

9. Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր ուզում են մնալ նեղ ճանապարհի վրա։

9 Սատանայի նպատակն է, որ շեղվենք կյանքի տանող ճանապարհից։ Նա ուզում է, որ միանանք մարդկանց մեծամասնությանը և քայլենք ընդարձակ ճանապարհով, «որը դեպի կործանում է տանում» (Մատթ. 7։13)։ Սակայն մեզ կհաջողվի մնալ այդ ճանապարհի վրա, եթե շարունակենք լսել Հիսուսին և այդ ճանապարհով քայլելը պաշտպանություն համարենք։ Քննենք ևս մի բան, որ Հիսուսը պատվիրել է անել։

ՀԱՇՏՎԻՐ ՔՈ ԵՂԲՈՐ ՀԵՏ

10. Ըստ Մատթեոս 5։23, 24-ի՝ ի՞նչ պետք է անենք։

10 Կարդա Մատթեոս 5։23, 24։ Այս համարներում Հիսուսը նկարագրում է մի իրավիճակ, որը շատ կարևոր էր հրեաների համար։ Մի մարդ իր ընծան բերում է զոհասեղանի մոտ և այդ պահին հիշում է, որ իր եղբայրը ինչ-որ բան ունի իր դեմ։ Հիսուսն ասում է, որ նա պետք է թողնի ընծան և գնա։ Ինչո՞ւ։ Ի՞նչը կարող էր ավելի կարևոր լինել, քան Եհովային զոհ մատուցելը։ Հիսուսը հստակ ասաց. «Նախ հաշտվիր քո եղբոր հետ»։

Կընդօրինակե՞ս Հակոբին, ով խոնարհաբար հաշտվեց իր եղբոր հետ (տես պարբերություն 11–12) *

11. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Հակոբը, որպեսզի հաշտվի Եսավի հետ։

11 Հաշտվելու վերաբերյալ արժեքավոր դասեր կարող ենք քաղել՝ ուշադրություն դարձնելով Հակոբ նահապետի կյանքից մի դրվագի։ Մոտ 20 տարի օտարության մեջ լինելուց հետո Հակոբը Աստծուց պատվեր ստացավ, որ վերադառնա իր ծննդավայր (Ծննդ. 31։11, 13, 38)։ Բայց մի խնդիր կար. նա փախել էր իր ավագ եղբայր Եսավից, ով ցանկանում էր սպանել իրեն (Ծննդ. 27։41)։ Հակոբը «շատ վախեցած ու տագնապած» էր այն մտքից, որ Եսավը գուցե դեռ ոխ է պահում իր դեմ (Ծննդ. 32։7)։ Ի՞նչ արեց Հակոբը, որպեսզի հաշտվեր իր եղբոր հետ։ Նախ՝ այդ հարցի վերաբերյալ ջերմեռանդորեն աղոթեց Եհովային, հետո՝ բազմաթիվ նվերներ ուղարկեց Եսավին (Ծննդ. 32։9–15)։ Իսկ երբ իրարից օտարացած եղբայրները երես առ երես հանդիպեցին, Հակոբը, նախաձեռնություն վերցնելով, պատվեց Եսավին և ի նշան հարգանքի՝ խոնարհվեց նրա առաջ։ Նա դա արեց ոչ թե մեկ կամ երկու, այլ յոթ անգամ։ Հակոբն իր խոնարհության և հարգալից վերաբերմունքի շնորհիվ շահեց իր եղբորը և հաշտվեց նրա հետ (Ծննդ. 33։3, 4

12. Ի՞նչ ենք սովորում Հակոբի օրինակից։

12 Մենք կարևոր դաս ենք սովորում այն բանից, թե Հակոբն ինչ քայլեր ձեռնարկեց նախքան Եսավի հետ հանդիպելը և թե ինչպես վարվեց, երբ տեսավ նրան։ Սկզբում նա խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրեց։ Այնուհետև իր աղոթքի համաձայն վարվելով՝ քայլեր ձեռնարկեց, որ իրենց հանդիպումը խաղաղ մթնոլորտում անցնի։ Եվ երբ նրանք հանդիպեցին, Հակոբը չփորձեց վիճել Եսավի հետ ու պարզել, թե ով է ճիշտ և ով՝ սխալ։ Հակոբի նպատակը եղբոր հետ հաշտվելն էր։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

ԻՆՉՊԵՍ ՀԱՇՏՎԵԼ

13–14. Ի՞նչ պետք է անենք, եթե վիրավորել ենք մեր հավատակցին։

13 Եթե ուզում ենք քայլել կյանքի տանող ճանապարհով, պետք է խաղաղ փոխհարաբերություններ ունենանք մեր եղբայրների հետ (Հռոմ. 12։18)։ Ի՞նչ պետք է անենք, եթե զգում ենք, որ վիրավորել ենք մեր հավատակցին։ Հակոբի նման մենք պետք է սրտանց աղոթենք Եհովային և խնդրենք, որ նա օրհնի այն ջանքերը, որ թափում ենք մեր հավատակցի հետ հաշտվելու համար։

14 Մենք նաև պետք է ինքնաքննություն անենք՝ խորհելով հետևյալ հարցերի շուրջ. «Պատրա՞ստ եմ մի կողմ դնել հպարտությունս, խոնարհաբար ներողություն խնդրել և հաշտվել եղբորս հետ։ Ի՞նչ կզգան Եհովան և Հիսուսը, երբ հավատակցիս հետ հաշտվելու հարցում նախաձեռնություն վերցնեմ»։ Այս հարցերի շուրջ մտածելը կմղի մեզ, որ լսենք Հիսուսին և խոնարհություն դրսևորելով՝ մոտենանք հավատակցին ու հաշտվենք նրա հետ։ Հակոբը այս հարցում լավ օրինակ թողեց։

15. Եփեսացիներ 4։2, 3 համարներում գրված սկզբունքը ինչպե՞ս կօգնի հաշտվել մեր եղբոր հետ։

15 Պատկերացրու, թե ինչ կլիներ, եթե Հակոբը իր եղբոր հետ հանդիպման ժամանակ հպարտություն դրսևորեր։ Արդյունքը միանգամայն այլ կլիներ։ Եթե ուզում ենք հարթել հավատակցի հետ ունեցած տարաձայնությունը, դա պետք է անենք խոնարհությամբ (կարդա Եփեսացիներ 4։2, 3Առակներ 18։19-ում ասվում է. «Այն եղբայրը, որի դեմ հանցանք են գործել, ավելի անառիկ է, քան ամուր քաղաքը, և կան վեճեր, որոնք ամրոցի նիգերի են նման»։ Անկեղծորեն ներողություն խնդրելը գուցե օգնի մեզ մուտք գործել այդ «ամրոց»։

16. Ինչի՞ մասին պետք է մտածենք և ինչո՞ւ։

16 Մենք պետք է նաև լավ մտածենք, թե ինչ ենք ասելու մեր եղբորը և ինչպես։ Երբ արդեն պատրաստ լինենք վիրավորված հավատակցին մոտենալու, պետք է հիշենք, որ մեր նպատակն է նրա սրտից հանել վիրավորանքը։ Սկզբում նա գուցե ասի բաներ, որոնք լսելը մեզ հաճելի չլինի։ Այդ ժամանակ թերևս հակված լինենք բարկանալու և ինքներս մեզ արդարացնելու։ Բայց արդյո՞ք դա կնպաստի խաղաղությանը։ Դժվար թե։ Լավ կլինի՝ հիշենք, որ հավատակցի հետ խաղաղությունը վերականգնելը ավելի կարևոր է, քան պարզելը, թե ով է ճիշտ և ով՝ սխալ (1 Կորնթ. 6։7

17. Ի՞նչ ենք սովորում Ժիլբերտի օրինակից։

17 Ժիլբերտ անունով մի եղբայր շատ ջանքեր էր թափում, որպեսզի խաղաղարար լիներ։ Նա պատմում է. «Ինձ համար շատ դժվար էր լեզու գտնել ընտանիքիս անդամներից մեկի հետ։ Ավելի քան երկու տարի շարունակ ես անկեղծորեն և հանդարտորեն փորձում էի վերականգնել մեր միջև եղած լավ փոխհարաբերությունները»։ Ուրիշ ի՞նչ էր անում Ժիլբերտը։ Նա ասում է. «Նրա հետ խոսելուց առաջ ես աղոթում էի և տրամադրվում, որ գուցե տհաճ խոսքեր լսեմ իմ հասցեին։ Սովորեցի, որ իրավունքներիս համար պայքարելու փոխարեն պետք է նպաստեմ խաղաղությանը»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Ժիլբերտն ասում է. «Հիմա ես մտքի խաղաղություն ունեմ, քանի որ լավ փոխհարաբերություններ եմ վայելում ընտանիքիս բոլոր անդամների հետ»։

18–19. Ի՞նչ պետք է անենք, եթե վիրավորել ենք ինչ-որ մեկին, և ինչո՞ւ։

18 Ի՞նչ պետք է վճռես անել, եթե վիրավորել ես հավատակցիդ։ Հետևիր Հիսուսի պատվերին և հաշտվիր եղբորդ հետ։ Աղոթիր այդ մասին և Աստծուց խնդրիր նրա սուրբ ոգին, որպեսզի կարողանաս խաղաղարար լինել։ Այդ դեպքում երջանիկ կլինես և կփաստես, որ լսում ես Հիսուսին (Մատթ. 5։9

19 Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ սիրառատ խորհուրդներ է տրամադրել «ժողովի գլխի»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եփես. 5։23)։ Եկեք վճռենք Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների նման «նրա՛ն լսել» (Մատթ. 17։5)։ Տեսանք, որ դա կարող ենք անել, եթե հաշտվենք մեր այն հավատակցի հետ, ում վիրավորել ենք։ Այդպես վարվելով, ինչպես նաև նեղ ճանապարհի վրա մնալով՝ մենք շատ օրհնություններ կունենանք, իսկ ապագայում անսահման երջանկություն կվայելենք։

ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք

^ Հիսուսը հորդորեց, որ նեղ դռնով ներս մտնենք, որը դեպի կյանք է տանում։ Նա նաև պատվիրեց, որ հաշտվենք այն հավատակցի հետ, ում հետ խնդիր ունենք։ Հոդվածում կքննենք, թե ինչու գուցե դժվար լինի այս խորհուրդներին հետևելը, և թե ինչպես կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները։

^ Տես «Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները» գրքույկի 6-րդ հարցը՝ «Ինչպե՞ս դիմադրեմ հասակակիցներիս ճնշմանը» և «Մի՛ ենթարկվիր հասակակիցներիդ ճնշմանը» անիմացիան jw.org կայքում (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)։

^ Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ ՆԿԱՐ։ Մնալով նեղ ճանապարհի վրա, որը պաշտպանված է Աստծու տված արգելապատնեշով՝ մենք հեռու ենք մնում այնպիսի վտանգներից, ինչպիսիք են պոռնկագրությունը, վատ ընկերակցությունը և բարձրագույն կրթությունը կյանքում առաջնային համարելը։

^ ՆԿԱՐ։ Ձգտելով խաղաղություն հաստատել՝ Հակոբը մի քանի անգամ խոնարհվեց Եսավի առաջ։