Ընթերցողների հարցերը
Սաղմոս 61։8-ում Դավիթն ասաց, որ կփառաբանի Աստծու անունը «հավիտյան»։ Արդյո՞ք նրա խոսքերը անիրատեսական էին և չափազանցված
Ո՛չ, Դավթի խոսքերը չափազանցված չէին և միանգամայն իրատեսական էին։
Նկատի առնենք, թե ինչ է գրել Դավիթը այս և նմանատիպ այլ համարներում. «Այսպես սաղմոս կերգեմ քո անվանը հավիտյան, որպեսզի խոստումներս ամեն օր կատարեմ»։ «Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա, ես կփառաբանեմ քո անունը հավիտյան»։ «Պիտի գովաբանեմ քո անունը դարեդար, այո՛, հավիտյան» (Սաղ. 61։8; 86։12; 145։1, 2)։
Դավթի այս խոսքերը չափազանցված չէին։ Նա նկատի չուներ, որ ինքը երբեք չի մահանալու։ Դավիթը գիտեր, որ ըստ Եհովայի վճռի՝ մարդիկ մեղքի պատճառով մահանում են, և վստահաբար ընդունում էր, որ ինքն էլ է մեղավոր մարդ (Ծննդ. 3։3, 17-19; Սաղ. 51։4, 5)։ Նա տեղյակ էր նաև, որ նույնիսկ Աստծու հավանությունն ունեցող մարդիկ, ինչպես, օրինակ, Աբրահամը, Իսահակը և Հակոբը, մահացել են։ Նա նաև գիտակցում էր, որ մի օր ինքն էլ կմահանա (Սաղ. 37։25; 39։4)։ Ուստի Սաղմոս 61։8-ում արտահայտված է Դավթի ցանկությունն ու վճռականությունը փառաբանելու Աստծուն հավիտյան, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է (2 Սամ. 7։12)։
Երբեմն Դավիթը հենց իր կյանքից էր որոշ դեպքեր արձանագրում, ինչպես դա երևում է 18-րդ, 51-րդ և 52-րդ սաղմոսների ենթախորագրերից։ Դավիթը հովիվ էր, ուստի 23-րդ սաղմոսում նա Եհովային նկարագրում է որպես մի հովվի, ով առաջնորդություն է տալիս, թարմացնում և պաշտպանում։ Եհովայի այս գործելակերպից մղված՝ Դավիթը ցանկանում էր ծառայել Աստծուն իր «կյանքի բոլոր օրերում» (Սաղ. 23։6)։
Հիշենք նաև, որ Դավիթը Եհովայի ներշնչմամբ է գրել այս ամենը։ Նրա գրածների մեջ կան շատ մարգարեություններ, որոնք պետք է կատարվեին հետագայում։ Օրինակ՝ 110-րդ սաղմոսում Դավիթը գրել է այն ժամանակի մասին, երբ իր Տերը պետք է երկնքում «նստեր [Աստծու] աջ կողմը» և մեծ իշխանություն ստանար։ Ի՞նչ նպատակով։ Որպեսզի «տիրեր իր թշնամիների մեջ» և երկրի վրա «դատաստան աներ ազգերի մեջ»։ Դավիթը Մեսիայի նախահայրն էր՝ նրա, ով պետք է իշխեր երկնքում և «հավիտենական քահանա» լիներ (Սաղ. 110։1-6)։ Հիսուսը հաստատեց, որ 110-րդ սաղմոսում արձանագրված մարգարեությունը վերաբերում է իրեն և կատարվելու է ապագայում (Մատթ. 22։41-45)։
Փաստորեն, Դավիթը Աստծու ներշնչմամբ գրել է թե՛ իր ժամանակների և թե՛ ապագայի մասին, երբ հարություն կառնի և կկարողանա Եհովային փառաբանել հավիտյան։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ Սաղմոս 37։10, 11 և 29 համարներում նկարագրվածը վերաբերում է ոչ միայն հին Իսրայելում տիրող պայմաններին, այլև այն պայմաններին, որ պետք է ապագայում լինեն ողջ երկրի վրա, երբ Աստված իրականացնի իր խոստումները (տես նաև այս համարում տպագրված «Դու ինձ հետ Դրախտում կլինես» հոդվածը, պրբ. 8)։
Այսպիսով՝ Սաղմոս 61։8-ը և նմանատիպ այլ համարներ ցույց են տալիս, որ Դավիթն ուզում էր մինչև իր կյանքի վերջը փառաբանել Եհովային։ Սակայն դրանք նաև նկարագրում են, թե Դավիթն ինչ է անելու ապագայում, երբ Եհովան հարություն տա նրան։