Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատրա՞ստ ես «ժառանգելու երկիրը»

Պատրա՞ստ ես «ժառանգելու երկիրը»

ԲՈԼՈՐՍ անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է իրականանալու Հիսուսի հետևյալ խոստումը. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5։5)։ Օծյալ քրիստոնյաները կժառանգեն երկիրը այն իմաստով, որ Հիսուսի հետ երկնքից կիշխեն երկրի վրա (Հայտն. 5։10; 20։6)։ Իսկ երկրային հույս ունեցող քրիստոնյաները անհամբերությամբ սպասում են այն ժամանակին, երբ հավիտյան կապրեն երկրի վրա։ Նրանք կվայելեն կատարյալ, խաղաղ ու երջանիկ կյանք։ Բայց այդպիսի պայմաններում ապրելու համար որոշ կարևոր գործեր անելու կարիք կլինի։ Օրինակ՝ նրանք պետք է երկիրը դրախտի վերածեն, հոգ տանեն հարություն առածների մասին և ուսուցանեն նրանց։ Այժմ խոսենք այս աշխատանքների մասին և տեսնենք, թե ինչ կարող ենք անել հիմա, որպեսզի ցույց տանք, որ ցանկանում ենք մասնակցել դրանց։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

Պատվիրելով մարդկանց «լցնել երկիրը և տիրել նրան»՝ Եհովան ուզում էր, որ ողջ մոլորակը ի վերջո դրախտ դառնար (Ծննդ. 1։28)։ Նրանք, ովքեր կժառանգեն երկիրը, պետք է կատարեն այս պատվերը։ Չէ՞ որ Եդեմի պարտեզը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ Արմագեդոնից հետո երկիրը անմիջապես դրախտ չի դառնալու։ Ուստի հենց սկզբից շատ գործ կունենանք անելու, քանի որ երկիրը պետք է մաքրենք ավերակներից։ Իրոք որ, մեզ հսկայածավալ աշխատանք է սպասում։

Այս ամենը մեզ հիշեցնում է այն աշխատանքը, որ իսրայելացիները պետք է կատարեին Բաբելոնից վերադառնալուց հետո։ 70 տարի իրենց երկիրը անմարդաբնակ էր մնացել։ Բայց Եսայիան մարգարեացել էր, որ Եհովայի օգնությամբ նրանք նորից գեղեցիկ վայր էին դարձնելու այն։ Մարգարեության մեջ ասվում էր. «[Եհովան] նրա անապատը Եդեմի պես կդարձնի և անապատային հարթավայրը՝ Եհովայի պարտեզի պես» (Ես. 51։3)։ Իսրայելացիներին հաջողվեց անել դա։ Եհովայի օրհնությամբ նոր աշխարհում բնակվողներին էլ կհաջողվի երկիրը վերածել գեղեցիկ դրախտի։ Այսօր իսկ դու կարող ես ցույց տալ, որ ցանկանում ես մասնակցել այդ գործին։ Ինչպե՞ս։

Քո հնարավորության սահմաններում դու կարող ես մաքուր ու կոկիկ պահել քո տունը և դրա շրջակայքը՝ անկախ նրանից, թե ինչպես են վարվում քո հարևանները։ Նաև կարող ես մասնակցել տեղի Թագավորության սրահի և համաժողովների սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքներին։ Բացի այդ՝ եթե հանգամանքներդ թույլ են տալիս, կամավորի դիմում գրիր, որպեսզի ձեր տարածքում մասնակցես աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին։ Այդպիսով ցույց կտաս, որ պատրաստ ես օգնելու եղբայրներիդ ու քույրերիդ, եթե դրա կարիքն առաջանա։ Ինքդ քեզ հարցրու. «Կարո՞ղ եմ այնպիսի հմտություններ ձեռք բերել, որոնք կօգտագործեմ նոր աշխարհում»։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Հայրոսի աղջկան հարություն տալուց անմիջապես հետո Հիսուսն ասաց, որ աղջկան ուտելու բան տան (Մարկ. 5։42, 43)։ Ինչ խոսք, դժվար չէր կերակրել 12-ամյա աղջկան։ Բայց պատկերացրու, թե որքան շատ գործ կլինի անելու, երբ Հիսուսը իրականացնի իր հետևյալ խոստումը. «Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Աստվածաշունչը շատ մանրամասներ չի հայտնում, բայց բնական է, որ հարություն առածները ուտելիքի, կացարանի և հագուստի կարիք կունենան։ Կարո՞ղ ես այսօրվանից ցույց տալ, որ պատրաստ ես օգնության հասնել։ Ահա մի քանի հարց, որոնց շուրջ լավ կլինի՝ խորհրդածես։

Ի՞նչ կարող ես անել այսօր, որպեսզի ցույց տաս, որ պատրաստ ես ժառանգելու երկիրը

Երբ հայտարարվում է, որ ձեր ժողով է այցելելու շրջանային վերակացուն, նրան ճաշի հրավիրելու ցանկություն հայտնո՞ւմ ես։ Երբ բեթելցու կամ շրջանային վերակացուի հատուկ լիաժամ ծառայությունը ավարտվում է, կարո՞ղ ես օգնել նրան, որ կացարան գտնի։ Իսկ երբ ձեր տարածքում տեղի է ունենում տարածաշրջանային կամ հատուկ համաժողով, կարո՞ղ ես ծրագրից առաջ կամ հետո կամավոր ծառայել, կամ պատվիրակներին դիմավորելու ցանկություն հայտնել։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ

Համաձայն Գործեր 24։15-ի՝ միլիարդավոր մարդիկ են հարություն առնելու։ Նրանցից շատերը նախկինում հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային, բայց հարությունից հետո նրանց կընձեռվի այդ հնարավորությունը։ a Աստծու հավատարիմ և փորձառու ծառաները կուսուցանեն նրանց Եհովայի մասին (Ես. 11։9)։ Շառլոտը, ով մասնակցել է քարոզչական գործին Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում, անհամբերությամբ սպասում է այդ ժամանակներին։ Նա ասում է. «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ քարոզելու հարություն առածներին։ Երբ կարդում եմ անցյալում ապրած ինչ-որ մեկի մասին, ով չի ճանաչել Եհովային, մտածում եմ. «Երանի՜ այս մարդը իմանար Եհովայի մասին։ Նրա կյանքը բոլորովին այլ կլիներ»։ Չեմ համբերում, թե երբ եմ հարություն առածներին պատմելու, թե ինչպիսին կլինի նրանց կյանքը, եթե ճանաչեն ու ծառայեն Եհովային»։

Անգամ Եհովայի այն հավատարիմ ծառաները, ովքեր ապրել են նախքան Հիսուսի՝ երկիր գալը, շատ բան կունենան սովորելու։ Պատկերացրու, թե ինչ մեծ պատիվ կլինի բացատրել Դանիելին այն մարգարեությունների կատարումը, որոնք նա գրել է, սակայն չի հասկացել (Դան. 12։8)։ Կամ երբ Հռութին ու Նոեմիին պատմես, որ նրանց ընտանիքը Մեսիայի շառավղի մաս է կազմել։ Անկասկած, մենք մեծ ուրախություն կստանանք՝ մասնակցելով այդ համաշխարհային կրթական գործին, երբ այլևս չեն լինի այս չար աշխարհի ճնշումներն ու շեղող բաները։

Ի՞նչ կարող ես անել այսօր, որ ցույց տաս այդ գործին մասնակցելու պատրաստակամությունդ։ Դու կարող ես բարելավել ուսուցանելու հմտություններդ և կանոնավորաբար մասնակցել քարոզչական գործին (Մատթ. 24։14)։ Եթե այս պահին տարիքի կամ այլ հանգամանքների պատճառով չես կարողանում անել այնքան, որքան կցանկանայիր, միևնույն է, դու կարող ես քո ջանքերով փաստել, որ պատրաստ ես ուսուցանելու հարություն առածներին։

Այսպիսով՝ լավ կլինի՝ մտածես հետևյալ կարևոր հարցերի շուրջ. «Անհամբերությամբ սպասո՞ւմ եմ, որ ժառանգեմ երկիրը։ Իսկապե՞ս ցանկանում եմ երկիրը դրախտ դարձնել, հոգ տանել հարություն առածների մասին և կրթել նրանց»։ Դու կփաստես, որ պատրաստ ես ժառանգելու երկիրը, եթե ամեն առիթ օգտագործես, որ մասնակցես այն գործերին, որոնք անելու ենք դրախտում։

a Տես ««Շատերը արդարության» կբերվեն» հոդվածը «Դիտարանի» 2022 թ. սեպտեմբերի համարում։