Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Առաջնորդվիր ալկոհոլի վերաբերյալ Աստծու տեսակետով

Առաջնորդվիր ալկոհոլի վերաբերյալ Աստծու տեսակետով

ԱՆԿԱՍԿԱԾ, թանկ ես գնահատում Եհովայի տված պարգևները, այդ թվում՝ ազատ կամքը, որի շնորհիվ կարող ես որոշել, թե ինչպես օգտվել դրանցից։ Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում գինին նույնպես ներկայացվում է որպես Աստծու կողմից տրված պարգև։ Այնտեղ ասվում է. «Հացը աշխատողների ծիծաղի համար է, գինին կյանքը ուրախ է դարձնում» (Ժող. 10։19; Սաղ. 104։15)։ Սակայն հավանաբար նկատել ես, որ ոմանց համար ալկոհոլ օգտագործելու հարցը խնդիր է դարձել։ Աշխարհի տարբեր մասերում և մշակույթներում ալկոհոլի վերաբերյալ տարբեր տեսակետներ և չափանիշներ կան։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են ճշմարիտ քրիստոնյաները այս հարցի հետ կապված իմաստուն որոշումներ կայացնել։

Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում և ինչ մշակույթում ենք մեծացել՝ մենք երջանիկ կյանքով կապրենք, եթե թույլ տանք, որ Աստծու տեսակետը ազդի մեր մտածելակերպի և որոշումների վրա։

Գուցե նկատել ես, որ այսօր շատ մարդիկ հաճախ են ալկոհոլ օգտագործում և մեծ քանակությամբ։ Ոմանք դա անում են հանգստանալու և թուլանալու համար, ոմանք էլ խմում են, որ մոռանան իրենց խնդիրները։ Որոշ վայրերում էլ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը հասունության և ուժեղ լինելու նշան է։

Մեր սիրելի Ստեղծիչը իմաստուն առաջնորդություն է տվել մեզ։ Օրինակ՝ նա մեզ նախազգուշացրել է չափից շատ խմելու աղետալի հետևանքների մասին։ Առակներ 23։29-35 համարներում մանրամասնորեն նկարագրվում է հարբած մարդու վարքագիծը և խոսվում այն մասին, թե ինչ խնդիրներ են առաջանում հարբելու հետևանքով։ a Դենիել անունով մի երեց, ով ապրում է Եվրոպայում, հիշում է, թե ինչպիսին էր իր կյանքը նախքան ճշմարտությունը ընդունելը. «Ես չափից շատ էի խմում, ինչի հետևանքով սխալ որոշումներ էի կայացնում։ Արդյունքում բազմաթիվ վատ իրավիճակների մեջ էի հայտնվում, որոնք խոր սպիներ են թողել ինձ վրա»։

Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնել և խուսափել այն չարաշահելու հետևանքներից։ Այս հարցում հաջողության հասնելու համար պետք է թույլ տանք, որ Աստծու տեսակետը ազդի մեր մտածելակերպի և գործերի վրա։

Այժմ տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի վերաբերյալ, և ի՞նչ պատճառներով են մարդիկ ալկոհոլ օգտագործում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Աստվածաշնչում ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը չի դատապարտվում։ Իրականում այնտեղ նշվում է, որ գինի խմելը կարող է հաճելի լինել։ Կարդում ենք. «Ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր» (Ժող. 9։7)։ Հիսուսը և Եհովայի այլ հավատարիմ ծառաներ նույնպես երբեմն գինի են օգտագործել (Մատթ. 26։27-29; Ղուկ. 7։34; 1 Տիմոթ. 5։23

Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հստակ տարբերություն է դնում ալկոհոլի չափավոր օգտագործման և հարբեցողության միջև։ Այնտեղ հստակ ասվում է. «Մի՛ հարբեք գինով» (Եփես. 5։18)։ Աստծու Խոսքում նույնիսկ գրված է, որ «հարբեցողները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթ. 6։10)։ Այո՛, Եհովան խստորեն դատապարտում է ալկոհոլի չարաշահումն ու հարբեցողությունը։ Մեր մշակույթում ընդունված սովորություններին հետևելու փոխարեն մենք առաջնորդվում ենք Աստծու տեսակետով։

Ոմանց թվում է, թե կարող են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, բայց չհարբել, սակայն դա շատ վտանգավոր է։ Աստվածաշնչում հստակ նշվում է, որ «չափից շատ գինի խմելուն գերի» տղամարդը կամ կինը կարող է լուրջ սխալներ թույլ տալ և նույնիսկ մեղք գործել Եհովայի դեմ (Տիտոս 2։3; Առակ. 20։1)։ Հիսուսը նույնիսկ նախազգուշացրեց, որ հարբեցողությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ անհատը զրկվի նոր աշխարհում ապրելու հնարավորությունից (Ղուկ. 21։34-36)։ Այդ դեպքում ի՞նչը կարող է օգնել քրիստոնյային խուսափել այն խնդիրներից, որոնք կապված են ալկոհոլը չարաշահելու հետ։

ՔՆՆԻՐ ՄՂՈՒՄՆԵՐԴ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ

Ալկոհոլի օգտագործման վերաբերյալ տեղի մշակույթում ընդունված սովորություններով առաջնորդվելը վտանգավոր է։ Քրիստոնյան իմաստուն վարված կլինի, եթե փորձի հասկանալ, թե ուտելու և խմելու առնչությամբ որ որոշումներն են հաճելի Եհովային։ Աստվածաշնչում հետևյալ հիշեցումն է տրվում. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթ. 10։31)։ Այժմ քննենք որոշ հարցեր և աստվածաշնչյան սկզբունքներ։

Արդյո՞ք ալկոհոլ եմ օգտագործում ուրիշներին հաճեցնելու համար։ Ելք 23։2-ում ասվում է. «Բազմությանը չհետևես»։ Այս համարում Եհովան իսրայելացիներին զգուշացնում էր չընդօրինակել այն մարդկանց, ովքեր իր չափանիշներով չէին ապրում։ Այս խորհուրդը կարևոր է նաև մեզ՝ քրիստոնյաներիս համար։ Եթե թույլ տանք, որ ուրիշները ազդեն ալկոհոլի վերաբերյալ մեր տեսակետի և որոշումների վրա, ապա հնարավոր է՝ ժամանակի ընթացքում հեռանանք Եհովայից և դադարենք պահել նրա չափանիշները (Հռոմ. 12։2

Արդյո՞ք ալկոհոլ եմ օգտագործում ուժեղ մարդու տպավորություն թողնելու համար։ Որոշ մշակույթներում հաճախակի և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը ընդունված է (1 Պետ. 4։3)։ Բայց նկատենք, թե 1 Կորնթացիներ 16։13-ում մեզ ինչ հորդոր է տրվում. «Արթուն մնացեք, հավատի մեջ հաստատ կանգնեք, արիացեք, զորացեք»։ Իսկ ալկոհոլը կարո՞ղ է օգնել մարդուն զորանալ։ Ճիշտ հակառակը, այն բթացնում է մարդու միտքը, և նա չի կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։ Հետևաբար չափից շատ ալկոհոլ օգտագործելը ոչ թե մարդուն ավելի ուժեղ է դարձնում, այլ թուլացնում է։ Եսայիա 28։7-ում հարբած մարդը նկարագրվում է որպես մեկը, ով շեղվել է ճանապարհից և սխալ որոշումներ է կայացնում։

Իսկական ուժը Եհովան է տալիս, և այն ունեցող մարդը մնում է հոգևորապես արթուն և հավատի մեջ հաստատ կանգնած (Սաղ. 18։32)։ Իսկ դա անելու համար մենք պետք է զգոն լինենք և վճռական քայլեր ձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք մեզ հոգևոր վնասից։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հենց այդպես էր վարվում, և շատերը հարգում էին նրան իր քաջության և ճիշտ վարվելու վճռականության համար։

Արդյո՞ք փորձում եմ ալկոհոլի միջոցով մոռանալ խնդիրներս։ Սաղմոսերգուն Աստծու ներշնչմամբ գրել է. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո [Եհովայի] մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19)։ Եթե դժվարությունները ծանրաբեռնել են քեզ, խմիչքին տրվելու փոխարեն թեթևացում փնտրիր Եհովայի մոտ։ Այս հարցում քեզ կօգնի Եհովային ավելի հաճախ աղոթելը։ Շատերի համար օգտակար է եղել նաև հասուն քրիստոնյայից խորհուրդ հարցնելը։ Երբ մարդը փորձում է դժվարությունները հաղթահարել ալկոհոլի օգնությամբ, իրականում դա կարող է թուլացնել բարոյապես մաքուր մնալու և ճիշտն անելու նրա վճռականությունը (Օս. 4։11)։ Դենիելը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Մեղավորության զգացումը և մտահոգությունները ինձ հանգիստ չէին տալիս։ Խմում էի, որ թեթևանամ, բայց խնդիրներս ավելի էին շատանում։ Արդյունքում՝ կորցրի ընկերներիս և ինքնահարգանքս»։ Ի՞նչը օգնեց Դենիելին։ Նա ասում է. «Ես հասկացա, որ Եհովայի օգնության կարիքն ունեի, ոչ թե ալկոհոլի։ Նրա օգնությամբ վերջապես կարողացա պայքարել խնդիրներիս դեմ և հաղթահարել դրանք»։ Փաստն այն է, որ Եհովան միշտ պատրաստ է օգնել մեզ, անգամ այն ժամանակ, երբ իրավիճակը անհույս է թվում (Փիլիպ. 4։6, 7; 1 Պետ. 5։7

Եթե դու էլ ես երբեմն ալկոհոլ օգտագործում, հետևյալ հարցերը կօգնեն քեզ, որ ինքնաքննություն անես. «Արդյո՞ք ընտանիքիս անդամը կամ ընկերս մտահոգություն է հայտնել այն մասին, թե ինչպես եմ վերաբերվում խմիչքին»։ Եթե այո, ապա դա գուցե նշան է, որ քեզ մոտ որևէ խնդիր կամ սովորություն է զարգանում, ինչը չես նկատել։ «Սկսել եմ ավելի շա՞տ խմել»։ Սա կարող է վերաբերել այն անհատներին, ովքեր թեև դեռ կախվածություն չունեն ալկոհոլից, բայց այդ ուղին են բռնել։ «Մի որոշ ժամանակ ալկոհոլ չօգտագործելը դժվա՞ր է ինձ համար»։ Եթե այո, ապա խմելը թերևս արմատացած սովորություն է դարձել քեզ համար, կամ կախվածություն ես ձեռք բերել ալկոհոլից։ Այդ դեպքում խնդիրը հաղթահարելու համար գուցե մասնագիտական օգնության կարիք ունենաս։

Քանի որ ալկոհոլը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջ բերել, քրիստոնյաներից ոմանք որոշել են հրաժարվել դրանից։ Ոմանք էլ չեն օգտագործում, քանի որ ալկոհոլ չեն սիրում։ Եթե ընկերներիցդ մեկը նման որոշում է կայացրել, ապա բարություն դրսևորած կլինես, եթե հարգես նրա որոշումը և չքննադատես նրան։

Հնարավոր է նաև՝ իմաստուն համարես որոշ սահմանափակումներ դնել քո առաջ։ Օրինակ՝ գուցե հարմար գտնես խմելու համար կոնկրետ չափ որոշել կամ քեզ համար օրենք սահմանել խմելու հաճախականության հետ կապված՝ խմել շաբաթը մեկ անգամ կամ ճաշերի ընթացքում չափավոր քանակությամբ։ Ուրիշներն էլ ընտրողական են որոշ խմիչքների հարցում, օրինակ՝ չափավոր օգտագործում են գարեջուր և գինի, բայց հրաժարվում են ավելի թունդ խմիչքներից, անգամ դրանցով պատրաստված կոկտեյլներից։ Երբ անհատը ալկոհոլի օգտագործման հետ կապված կոնկրետ սահմաններ է դնում, իր համար ավելի հեշտ է լինում կառչած մնալ դրանց։ Հասուն քրիստոնյան չի մտահոգվի, թե իր մասին ինչ կմտածեն ուրիշները, երբ ինքը իր համար օրենքներ սահմանի և հետևողական լինի դրանք պահելու հարցում։

Ուրիշների զգացմունքների մասին մտածելը նույնպես կարևոր է։ Հռոմեացիներ 14։21-ում ասվում է. «Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է»։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս խորհուրդը։ Եղբայրական սեր դրսևորելով՝ կարող ես որոշել որևէ առիթի դեպքում հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց, եթե կարծում ես, որ հավաքույթին ներկա որևէ մեկին դա տհաճություն կարող է պատճառել։ Այդպիսով ցույց կտաս, որ հարգում ես ուրիշների զգացմունքները, մտածում ես նրանց մասին և ոչ թե քո օգուտն ես փնտրում, այլ նրանց (1 Կորնթ. 10։24

Բացի այդ՝ քրիստոնյան, իհարկե, պետք է ենթարկվի նաև ալկոհոլի վերաբերյալ կառավարության սահմանած օրենքներին։ Օրինակ՝ հնարավոր է՝ ալկոհոլ օգտագործելու համար նվազագույն տարիք սահմանված լինի կամ արգելված լինի ալկոհոլ օգտագործելուց հետո մեքենա վարել կամ որոշակի սարքավորումներ աշխատեցնել (Հռոմ. 13։1-5

Եհովան մեզ պատվի է արժանացրել՝ ազատություն տալով, որ ինքներս որոշենք, թե ինչպես ենք օգտագործելու նրա տված բազմաթիվ պարգևները, այդ թվում՝ ուտելիքն ու խմիչքը։ Թող մեր որոշումներից երևա, որ թանկ ենք համարում ընտրելու մեր ազատությունը և միշտ ձգտում ենք հաճեցնել մեր երկնային Հորը։

a ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ալկոհոլը նույնիսկ մեկ անգամ չարաշահելու դեպքում կարող են նման հետևանքներ լինել՝ սպանություն, ինքնասպանություն, սեռական ոտնձգություն, զուգընկերոջ կողմից բռնություն, վիժում, անցանկալի հղիություն և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ։