ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 53
Երիտասա՛րդ եղբայրներ, ձգտեք դառնալ հասուն քրիստոնյաներ
«Դառնանք չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (ԵՓԵՍ. 4։13)։
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Հաջողության հասնելու համար ի՞նչ պետք է անի եղբայրը։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ հորդորեց Եփեսոսի քրիստոնյաներին. «[Դարձեք] չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13)։ Ինչ խոսք, տեղին է, որ այս հորդորին ուշադրություն դարձնեն հատկապես եղբայրները։ Այդպես վարվելու համար նրանք պետք է սովորեն հետևել Աստծու օրենքներին և աստվածաշնչյան սկզբունքները կիրառեն իրենց կյանքի բոլոր բնագավառներում (Ղուկ. 2։52)։ Ինչո՞ւ է շատ կարևոր, որ երիտասարդ եղբայրները դառնան հասուն քրիստոնյաներ։
2-3. Ինչո՞ւ է կարևոր, որ երիտասարդ եղբայրը հասուն քրիստոնյա դառնա։
2 Եղբայրները կարևոր պատասխանատվություններ ունեն ընտանիքում և ժողովում։ Երիտասա՛րդ եղբայրներ, անկասկած մտածել եք, թե ինչ կարող եք անել ապագայում։ Թերևս նպատակ եք դրել լիաժամ ծառայություն սկսել, դառնալ ծառայող օգնական, իսկ հետագայում երեց։ Հնարավոր է նաև՝ ցանկանում եք ամուսնանալ և երեխաներ ունենալ (Եփես. 6։4; 1 Տիմոթ. 3։1)։ Այս նպատակներին հասնելու և հաջողություն ունենալու համար դուք պետք է հոգևորապես հասուն լինեք։ b
3 Հոգևորապես հասունանալու համար կարևոր է որոշ հմտություններ զարգացնել։ Տեսնենք, թե ինչ կարող եք անել այսօր, որ ապագայում պատրաստ լինեք ստանձնելու ցանկացած պատասխանատվություն և հաջողությամբ կատարեք այն։
ՔԱՅԼԵՐ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
4. Ո՞ւմ կարող ես ընդօրինակել (տես նաև նկարը)։
4 Հետևիր ընդօրինակման արժանի մարդկանց։ Աստվածաշնչում Եհովային հավատարիմ շատ մարդկանց մասին է գրված, որոնց կարող ես ընդօրինակել։ Այդ մարդիկ սիրել են Եհովային և նրա ժողովրդին հոգ տանելու հարցում տարբեր պատասխանատվություններ են ունեցել։ Հասուն եղբայրների օրինակներ կարող ես գտնել նաև քո ընտանիքում կամ ժողովում (Եբր. 13։7)։ Բացի այդ՝ կարող ես հետևել Հիսուսի կատարյալ օրինակին (1 Պետ. 2։21)։ Խորությամբ մտածիր, թե ընդօրինակման արժանի ինչ հատկություններ ունեն նրանք (Եբր. 12։1, 2)։ Այնուհետև որոշիր, թե ինչպես ես հետևելու նրանց օրինակին։
5. Ինչպե՞ս կարող ես խորհելու կարողություն զարգացնել, և ինչո՞ւ է դա կարևոր (Սաղմոս 119։9)։
5 «Խորհելու կարողություն» զարգացրու և պահպանիր այն (Առակ. 3։21)։ Խորհելու կարողություն ունեցող մարդը հապճեպ չի գործում, այլ որոշում կայացնելուց առաջ ծանրութեթև է անում իր անելիքները։ Ամեն բան արա, որ ձեռք բերես և պահպանես այդ ունակությունը։ Դա շատ կարևոր է, քանի որ այս աշխարհի երիտասարդների մեծ մասը սեփական տեսակետով է առաջնորդվում և որոշումներ է կայացնում՝ հիմնվելով զգացմունքների վրա (Առակ. 7։7; 29։11)։ Քեզ վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ նաև մեդիան։ Բայց ինչպե՞ս կարող ես խորհելու կարողություն զարգացնել։ Նպատակ դիր հասկանալ աստվածաշնչյան սկզբունքները և մտածել դրանցով առաջնորդվելու օգուտների մասին։ Հետո կիրառիր այդ սկզբունքները, որպեսզի կարողանաս ճիշտ որոշումներ կայացնել և հաճեցնել Եհովային (կարդա Սաղմոս 119։9)։ Խորհելու կարողություն զարգացնելը կարևոր քայլ է հոգևորապես հասունանալու համար (Առակ. 2։11, 12; Եբր. 5։14)։ Այժմ տեսնենք, թե այդ կարևոր ունակությունը ինչպես կարող է անդրադառնալ՝ 1) քույրերի հետ քո վարվելակերպի և 2) հագուկապի ու հարդարանքի հետ կապված քո որոշումների վրա։
6. Խորհելու կարողությունը ինչպե՞ս կօգնի երիտասարդ եղբորը հարգել քույրերին։
6 Խորհելու կարողությունը կօգնի, որ հարգես կանանց։ Բնական է, որ եղբայրը ամուսնանալու ցանկություն ունենա, քանի որ Եհովան է այդ ցանկությունը դրել մարդկանց մեջ։ Բայց եթե եղբայրը ամուսնանալու նպատակ չունի, ապա որևէ քրոջ հետ շփվելիս պետք է որոշ բաներ ի մտի ունենա։ Գործի դնելով խորհելու կարողությունը՝ նա չի ասի, գրի կամ անի այնպիսի բան, ինչը ռոմանտիկ հետաքրքրության դրսևորում կլինի քրոջ հանդեպ (1 Տիմոթ. 5։1, 2)։ Իսկ եթե եղբայրը ընկերություն է անում որևէ քրոջ հետ, ապա այդ քրոջ լավ համբավը չարատավորելու համար երբեք մենակ չի մնա նրա հետ, այլ քայլեր կձեռնարկի, որ իրենց ուղեկցի երրորդ անձ (1 Կորնթ. 6։18)։
7. Խորհելու կարողությունը ինչպե՞ս կօգնի երիտասարդ եղբորը հագուստի ու հարդարանքի հարցում որոշում կայացնելիս։
7 Երիտասարդ եղբոր խորհելու կարողությունը կերևա նաև այն բանից, թե նա ինչ որոշումներ է կայացնում հագուստի և հարդարանքի վերաբերյալ։ Շատ հաճախ նոր թրենդներ ստեղծող և դրանք գովազդող մարդիկ հարգանք չունեն Աստծու հանդեպ կամ անբարո ապրելակերպ են վարում։ Նրանց ապականված մտածելակերպը արտացոլվում է հագուստի ոճերի վրա, ինչպիսին, օրինակ, կիպ կամ տղամարդուն կանացի տեսք տվող հագուստն է։ Քրիստոնեական հասունության ձգտող երիտասարդ եղբայրը հագուստի ընտրության հարցում կառաջնորդվի աստվածաշնչյան սկզբունքներով և ժողովի հասուն քրիստոնյաների օրինակով։ Նա կարող է մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Հագուստի իմ ընտրությունը ցույց տալի՞ս է, որ ողջամիտ եմ և հարգում եմ ուրիշներին։ Իմ արտաքին տեսքից հստակ երևո՞ւմ է, որ ես Աստծու ծառա եմ» (1 Կորնթ. 10։31-33; Տիտոս 2։6)։ Խորհելու կարողություն ունեցող եղբայրը կարժանանա ոչ միայն հավատակիցների, այլև իր երկնային Հոր հավանությանը։
8. Ինչպե՞ս կարող է երիտասարդ եղբայրը վստահելի դառնալ։
8 Վստահելի եղիր։ Վստահելի եղբայրը ջանասիրաբար է կատարում իր բոլոր պատասխանատվությունները (Ղուկ. 16։10)։ Այդ հարցում կատարյալ օրինակ է Հիսուսը։ Նա երբեք անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք չէր դրսևորում, այլ միշտ կատարում էր Եհովայի տված հանձնարարությունները, անգամ եթե այդպես վարվելը դժվար էր։ Նա սիրում էր մարդկանց, հատկապես իր աշակերտներին, և պատրաստակամորեն իր կյանքը տվեց նրանց համար (Հովհ. 13։1)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ քո լավագույնն արա հանձնարարություններդ կատարելու հարցում։ Եթե չգիտես ինչպես անել որևէ բան, խոնարհաբար օգնություն խնդրիր հասուն եղբայրներից։ Երբեք մի՛ բավարարվիր պահանջված նվազագույնը անելով (Հռոմ. 12։11)։ Եթե քո գործը անես «Եհովայի համար և ոչ թե մարդկանց», ապա մեծ պատասխանատվությամբ կվերաբերվես քո հանձնարարությանը (Կող. 3։23)։ Իհարկե, դու կատարյալ չես, ուստի խոնարհ եղիր և ընդունիր սխալներդ (Առակ. 11։2)։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՐՈՒ
9. Ինչո՞ւ պետք է երիտասարդ եղբայրը որոշ հմտություններ ձեռք բերի։
9 Հոգևորապես հասունանալու համար պետք է որոշ հմտություններ ձեռք բերես։ Դրանք կօգնեն, որ պատասխանատվություններ ստանձնես ժողովում, քո կամ ընտանիքիդ կարիքները հոգալու համար որևէ աշխատանք կատարես և ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենաս։ Տեսնենք, թե եղբայրը ինչ կարևոր հմտություններ կարող է զարգացնել։
10-11. Եթե եղբայրը լավ գրել-կարդալ սովորի, դա ի՞նչ օգուտներ կբերի թե՛ իրեն, թե՛ ժողովին (Սաղմոս 1։1-3; տես նաև նկարը)։
10 Սովորիր վարժ կարդալ և ճիշտ գրել։ Աստվածաշնչում ասվում է, որ երջանիկ ու հաջողակ մարդը ամեն օր կարդում է Աստծու Խոսքը և խորհրդածում դրա շուրջ (կարդա Սաղմոս 1։1-3)։ Այդպես նա ծանոթանում է Եհովայի մտածելակերպին, ինչի արդյունքում սովորում է առողջ դատել և տրամաբանել (Առակ. 1։3, 4)։ Ժողովում նման հմտություն ունեցող եղբայրների կարիք կա։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
11 Մեր եղբայրներն ու քույրերը Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն և խորհուրդ ստանալու կարիք ունեն, իսկ այդ հարցում նրանց կարող են օգնել հոգևորապես հասուն եղբայրները (Տիտոս 1։9)։ Լավ գրել-կարդալ իմանալը կօգնի քեզ բովանդակալից և հավատ զորացնող ելույթներ ու մեկնաբանություններ պատրաստել։ Դրա շնորհիվ կկարողանաս նաև իմաստալից գրառումներ անել, երբ անձնական ուսումնասիրություն ես անում կամ ժողովի և համաժողովի ժամանակ ելույթներ ես լսում։ Այդ նշումները կօգնեն, որ ամրացնես հավատդ և քաջալերես ուրիշներին։
12. Ինչպե՞ս կարող ես սովորել լավ հաղորդակցվել։
12 Սովորիր լավ հաղորդակցվել։ Եղբայրը պետք է սովորի լավ հաղորդակցվել։ Այդ հմտությունը ունեցող անհատը ուշադիր լսում է իր զրուցակցին և հասկանում է նրա մտքերն ու զգացմունքները (Առակ. 20։5)։ Նա կարող է նույնիսկ սովորել հասկանալ դիմացինին՝ նրա ձայնի տոնից, դեմքի արտահայտությունից և ժեստերից։ Այս հմտությունը հնարավոր չէ զարգացնել՝ առանց մարդկանց հետ ժամանակ անցկացնելու։ Եթե մարդկանց հետ միշտ էլեկտրոնային սարքերի միջոցով հաղորդակցվես, օրինակ՝ նրանց հետ շփվես էլեկտրոնային նամակների կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ապա մարդկանց հետ երես առ երես շփվելը դժվար կլինի քեզ համար։ Ուստի մարդկանց հետ ֆիզիկապես շփվելու առիթներ ստեղծիր (2 Հովհ. 12)։
13. Ուրիշ ի՞նչ կարող է սովորել երիտասարդ եղբայրը (1 Տիմոթեոս 5։8; տես նաև նկարը)։
13 Սովորիր գումար վաստակել։ Հասուն եղբայրը պետք է կարողանա հոգալ իր և իր ընտանիքի կարիքները (կարդա 1 Տիմոթեոս 5։8)։ Որոշ երկրներում երիտասարդ եղբայրները կարող են որևէ հմտություն սովորել իրենց հորից կամ բարեկամից։ Այլ երկրներում նրանք կարող են որևէ մասնագիտություն կամ արհեստ սովորել ավագ դպրոցում։ Որն էլ լինի պարագան, լավ կլինի՝ ինչ-որ հմտություն ձեռք բերես, որ հետագայում կարողանաս աշխատանք գտնել (Գործ. 18։2, 3; 20։34; Եփես. 4։28)։ Այնպիսի մարդու համբավ ունեցիր, ով ջանասեր է և իր գործը միշտ ավարտին է հասցնում։ Եթե այդպես վարվես, աշխատանք գտնելու և այն չկորցնելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Մեր քննարկած հմտությունները երիտասարդ եղբայրներին կօգնեն նաև պատրաստվել այն պատասխանատվություններին, որոնք գուցե ստանձնեն ապագայում։ Քննենք դրանցից մի քանիսը։
ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԱՊԱԳԱՅԻՆ
14. Ինչպե՞ս կարող է երիտասարդ եղբայրը պատրաստվել լիաժամ ծառայության։
14 Լիաժամ ծառայություն սկսիր։ Շատ հասուն քրիստոնյաներ երիտասարդ տարիքից լիաժամ ծառայություն են սկսել։ Ռահվիրայությունը օգնում է երիտասարդ եղբայրներին արդյունավետորեն համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Այն սովորեցնում է նաև ողջամիտ բյուջե կազմել և հետևել դրան (Փիլիպ. 4։11-13)։ Լիաժամ ծառայությանը պատրաստվելու համար կարող ես ծառայել որպես ենթառահվիրա։ Շատերն են նախքան ռահվիրա դառնալը ենթառահվիրա ծառայում։ Իսկ ռահվիրայությունը կարող է լիաժամ ծառայության այլ դռներ բացել քո առաջ։ Օրինակ՝ գուցե հրավիրվես ծառայելու շինարարական որևէ նախագծում կամ Բեթելում։
15-16. Ինչպե՞ս կարող է երիտասարդ եղբայրը համապատասխանել սուրբգրային չափանիշներին։
15 Ձգտիր դառնալ ծառայող օգնական կամ երեց։ Եղբայրները պետք է փորձեն համապատասխանել երեց ծառայելու սուրբգրային պահանջներին, ինչով էլ կկարողանան ծառայել իրենց հավատակիցներին։ Աստվածաշունչն ասում է, որ այդպիսի նպատակ ունեցող անհատը «լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։ Սակայն նախքան երեց ծառայելը եղբայրը պետք է համապատասխանի ծառայող օգնական դառնալու չափանիշներին։ Ծառայող օգնականները աջակցում են երեցներին ժողովին առնչվող տարբեր հարցերում։ Թե՛ երեցները, թե՛ ծառայող օգնականները խոնարհաբար ծառայում են իրենց եղբայրներին ու քույրերին և եռանդորեն մասնակցում են քարոզչական գործին։ Երիտասարդ եղբայրները կարող են համապատասխանել ծառայող օգնական նշանակվելու պահանջներին նույնիսկ ուշ պատանեկան տարիքում։ Իսկ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականը կարող է երեց նշանակվել վաղ 20-ական տարիքում։
16 Ծառայող օգնական և երեց դառնալու պահանջները գրված են Աստվածաշնչում, և դրանց հիմքում ընկած է Եհովայի, ընտանիքի և ժողովի հանդեպ սերը (1 Տիմոթ. 3։1-13; Տիտոս 1։6-9; 1 Պետ. 5։2, 3)։ Իսկ ինչպե՞ս կարող ես հասնել ծառայող օգնական կամ երեց դառնալու նպատակին։ Փորձիր լավ հասկանալ յուրաքանչյուր պահանջի էությունը և Եհովայից օգնություն խնդրիր դրանց համապատասխանելու համար։ c
17. Երիտասարդ եղբայրը ինչպե՞ս կարող է պատրաստվել ստանձնելու ընտանիքի գլխի դերը (տես նաև նկարը)։
17 Եղիր լավ ընտանիքի գլուխ։ Ինչպես Հիսուսը նշեց, հասուն եղբայրներից ոմանք ամուրի են մնում (Մատթ. 19։12)։ Սակայն եթե որոշես ամուսնանալ, հավելյալ պատասխանատվություններ պետք է ստանձնես որպես ընտանիքի գլուխ (1 Կորնթ. 11։3)։ Եհովան ակնկալում է, որ ամուսինը սիրի իր կնոջը և հոգա նրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները (Եփես. 5։28, 29)։ Հոդվածում քննարկված հատկությունները, հմտությունները և ունակությունները, ինչպիսիք են՝ խորհելու կարողությունը, կանանց հանդեպ հարգանքը և վստահելի լինելը, կօգնեն քեզ լավ կողակից դառնալ։ Եթե հետևես այդ խորհուրդներին, պատրաստ կլինես ստանձնելու ընտանիքի գլխի դերը։
18. Երիտասարդ եղբայրը ինչպե՞ս կարող է պատրաստվել ապագայում հայր դառնալուն։
18 Եղիր լավ հայր։ Ամուսնությունից հետո գուցե հայր դառնաս։ Լավ հայր լինելու հարցում Եհովայից շատ բան կարող ես սովորել (Եփես. 6։4)։ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, ասաց, որ սիրում և հավանում է նրան (Մատթ. 3։17)։ Եթե հայր դառնաս, ամեն բան արա, որ երեխաներիդ կանոնավորաբար հավաստիացնես քո սիրո մեջ։ Հաճախ գովիր նրանց իրենց արած լավ բաների համար։ Եհովային ընդօրինակող հայրերը օգնում են իրենց երեխաներին դառնալ հասուն քրիստոնյաներ։ Դու այսօրվանից կարող ես պատրաստվել ստանձնելու այդ դերը, եթե սիրով հոգ տանես քո ընտանիքի անդամների և հավատակիցների մասին և սովորես սեր ու գնահատանք արտահայտել նրանց հանդեպ (Հովհ. 15։9)։ Սա կօգնի, որ ապագայում լինես լավ ամուսին և հայր։ Այդ դեպքում Եհովան շատ թանկ կգնահատի քեզ, և դու մեծ օրհնություն կլինես քո ընտանիքի և ժողովի համար։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
19-20. Ի՞նչը կօգնի երիտասարդ եղբայրներին հոգևորապես հասունանալ (տես ամսագրի շապիկի նկարը)։
19 Երիտասա՛րդ եղբայրներ, հիշեք, որ հոգևորապես հասունանալու համար ջանքեր են պետք։ Դուք պետք է հետևեք հոգևորապես հասուն անհատների լավ օրինակին, խորհելու կարողություն զարգացնեք, վստահելի լինեք, տարբեր հմտություններ ձեռք բերեք և պատրաստվեք որոշ պատասխանատվություններ ստանձնելու ապագայում։
20 Երբ մտածում ես այն ամենի մասին, ինչի վրա պետք է աշխատես, գուցե թվա, թե դա շատ բարդ է։ Բայց դու կարող ես հաջողության հասնել։ Հիշի՛ր, որ Եհովան ուզում է օգնել քեզ (Ես. 41։10, 13)։ Քո եղբայրներն ու քույրերն էլ նույն ցանկությունն ունեն։ Երբ օգտագործես քո ողջ ներուժը և հասնես հոգևոր հասունության, հագեցած ու բավականություն պատճառող կյանք կունենաս։ Երիտասա՛րդ եղբայրներ, մենք սիրում ենք ձեզ։ Թող Եհովան առատապես օրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք հասուն քրիստոնյա դառնալու համար (Առակ. 22։4)։
ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ
a Քրիստոնեական ժողովում հոգևոր հասուն եղբայրների կարիք կա։ Հոդվածում կխոսենք այն մասին, թե երիտասարդ եղբայրները ինչպես կարող են հոգևորապես հասունանալ։
b Տես նախորդ հոդվածի «Բառամեկնությունը»։
c Տես «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը (գլուխ 5 և 6)։