ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 52
Երիտասա՛րդ քույրեր, ձգտեք դառնալ հասուն քրիստոնյաներ
«Կանայք էլ պետք է լինեն.... իրենց սովորությունների մեջ չափավոր, ամեն ինչում հավատարիմ» (1 ՏԻՄՈԹ. 3։11)։
ԵՐԳ 133 Երկրպագենք Եհովային վաղ տարիքից
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ի՞նչ պետք է անենք հոգևորապես հասունանալու համար։
ԶԱՐՄԱՆԱԼԻ է տեսնել, թե որքան արագ է երեխան մեծանում և դառնում չափահաս մարդ։ Այդ աճը կարծես ինքնաբերաբար է տեղի ունենում, սակայն հոգևորապես աճելու համար ջանքեր են պահանջվում (1 Կորնթ. 13։11; Եբր. 6։1)։ b Դրա համար պետք է մտերիմ հարաբերություններ ունենանք Եհովայի հետ։ Մենք նաև սուրբ ոգու կարիքն ունենք, որպեսզի զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ձեռք բերենք անհրաժեշտ հմտություններ և պատրաստվենք ստանձնելու պատասխանատվություններ, որ գուցե ունենանք ապագայում (Առակ. 1։5)։
2. Ի՞նչ ենք սովորում Ծննդոց 1։27-ից և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Եհովան է ստեղծել տղամարդուն և կնոջը (կարդա Ծննդոց 1։27)։ Ակնհայտ է, որ նրանք ֆիզիկապես տարբերվում են իրարից, բայց նրանց միջև այլ տարբերություններ էլ կան։ Եհովան տղամարդուն և կնոջը կոնկրետ դերեր է տվել, և յուրաքանչյուրը պետք է անհրաժեշտ հատկություններ և հմտություններ զարգացնի իր հանձնարարությունները կատարելու համար (Ծննդ. 2։18)։ Հոդվածից կիմանանք, թե երիտասարդ քույրերը ինչպես կարող են դառնալ հասուն քրիստոնյաներ։ Իսկ հաջորդ հոդվածում կխոսենք երիտասարդ եղբայրների մասին։
ԶԱՐԳԱՑՐՈՒ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3-4. Երիտասարդ քույրերը որտեղի՞ց կարող են ընդօրինակման արժանի օրինակներ գտնել (տես նաև նկարը)։
3 Աստվածաշնչում ընդօրինակման արժանի շատ կանայք են հիշատակված, ովքեր սիրել են Եհովային և ծառայել նրան (տես «Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված կանանցից» հոդվածը jw.org կայքում)։ Նրանք, ինչպես մեր բնաբանում է ասվում, «սովորությունների մեջ չափավոր» էին և «ամեն ինչում հավատարիմ»։ Քույրերը կարող են օրինակ վերցնել նաև իրենց ժողովներում ծառայող հասուն քրիստոնյա կանանցից։
4 Երիտասա՛րդ քույրեր, հավանաբար ճանաչում եք այնպիսի հասուն քույրերի, որոնց կցանկանաք ընդօրինակել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ լավ հատկություններ ունեն նրանք, այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք դրսևորել այդ հատկությունները։ Հաջորդ պարբերություններում կքննենք երեք կարևոր հատկություն, որ քույրերը պետք է զարգացնեն հոգևորապես հասունանալու համար։
5. Հոգևորապես հասունանալու համար քույրը ինչո՞ւ պետք է խոնարհ լինի։
5 Հասուն քրիստոնյային բնորոշ կարևոր հատկություններից մեկը խոնարհությունն է։ Խոնարհությունը կօգնի, որ կինը լավ հարաբերություններ ունենա Եհովայի և ուրիշների հետ (Հակ. 4։6)։ Օրինակ՝ Եհովային սիրող կինը խոնարհաբար հետևում է գլխավորության սկզբունքին, որն իր երկնային Հայրն է հաստատել (1 Կորնթ. 11։3)։ Այդ սկզբունքը կոնկրետ կիրառություն ունի ժողովում և ընտանիքում։ c
6. Խոնարհության վերաբերյալ քույրերը ի՞նչ կարող են սովորել Ռեբեկայից։
6 Ուշադրություն դարձնենք Ռեբեկայի օրինակին։ Նա իմաստուն կին էր և իր ողջ կյանքի ընթացքում համարձակ որոշումներ կայացրեց։ Ռեբեկան գիտեր՝ երբ և ինչպես գործել (Ծննդ. 24։58; 27։5-17)։ Բայց միևնույն ժամանակ նա հարգալից էր և հնազանդ (Ծննդ. 24։17, 18, 65)։ Եթե Ռեբեկայի պես դու էլ խոնարհաբար հնազանդվես Եհովայի հաստատած գլխավորության սկզբունքին, դրական ազդեցություն կունենաս քո ընտանիքում և ժողովում։
7. Քույրերը ինչպե՞ս կարող են համեստության հարցում ընդօրինակել Եսթերին։
7 Հասուն քրիստոնյաներին բնորոշ մյուս հատկությունը համեստությունն է։ Աստվածաշնչում ասվում է. «Իմաստությունը համեստների հետ է» (Առակ. 11։2)։ Համեստության հարցում լավ օրինակ է Աստծու ծառաներից մեկը՝ Եսթերը։ Այդ հատկությունը օգնեց նրան, որ հանդուգն չդառնա։ Նա լսեց իր հորեղբոր որդու՝ Մուրթքեի խորհուրդը և վարվեց դրա համաձայն (Եսթ. 2։10, 20, 22)։ Ճիշտ խորհուրդներ փնտրելը և դրանք կիրառելը քեզ էլ կօգնեն, որ համեստ լինես (Տիտոս 2։3-5)։
8. 1 Տիմոթեոս 2։9, 10 համարների համաձայն՝ համեստությունը ինչպե՞ս կարող է օգնել քրոջը, որ հագուստի և հարդարանքի հարցում իմաստուն ընտրություն կատարի։
8 Եսթերը մեկ այլ կերպ էլ համեստություն դրսևորեց։ Թեև նա «բարեկազմ էր ու գեղեցիկ», սակայն անհարկի ուշադրություն չէր հրավիրում իր վրա (Եսթ. 2։7, 15)։ Ինչպե՞ս կարող են քրիստոնյա կանայք ընդօրինակել Եսթերին։ Կերպերից մեկը նշված է 1 Տիմոթեոս 2։9, 10 համարներում (կարդա)։ Պողոս առաքյալն ասում է, որ կանայք պետք է հագնվեն «համեստությամբ և ողջամտությամբ»։ Այստեղ օգտագործված հունարեն բառերը ցույց են տալիս, որ քրիստոնյա կինը պետք է այնպիսի հագուստ կրի, որից կերևա, որ նա հարգանք է դրսևորում ուրիշների հանդեպ և հաշվի է առնում նրանց զգացմունքներն ու տեսակետը։ Մենք հպարտանում ենք համեստ հագուկապ ունեցող հոգևորապես հասուն քույրերով։
9. Ի՞նչ կարող ենք սովորել Աբիգեայի օրինակից։
9 Խորաթափանցությունը նույնպես բնորոշ է հասուն քույրերին։ Իսկ ի՞նչ է այն։ Խորաթափանցությունը առողջ դատողությունն է՝ ճիշտը սխալից զանազանելու, ապա ճիշտ ուղի ընտրելու կարողությունը։ Այս հարցում հիանալի օրինակ է Աբիգեան։ Նրա ամուսինը սխալ որոշում կայացրեց, ինչը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ բոլոր նրանց վրա, ովքեր ապրում էին նրա տանը։ Ուստի Աբիգեան անհապաղ քայլեր ձեռնարկեց, և նրա ողջամտության շնորհիվ կյանքեր փրկվեցին (1 Սամ. 25։14-23, 32-35)։ Խորաթափանցությունը նաև օգնում է կողմնորոշվել, թե երբ խոսել և երբ լռել։ Այն օգնում է նաև ուրիշներով հետաքրքրվելիս հավասարակշռված լինել և նրանց անհարմար վիճակի մեջ չդնել (1 Թեսաղ. 4։11)։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՐՈՒ
10-11. Վարժ կարդալն ու ճիշտ գրելը ի՞նչ օգուտ կբերի քեզ և ուրիշներին (տես նաև նկարը)։
10 Քրիստոնյա կինը պետք է օգտակար հմտություններ զարգացնի։ Որոշ հմտություններ նա ձեռք է բերում դեռ երեխա ժամանակ և դրանք շարունակում է օգտագործել ամբողջ կյանքի ընթացքում։ Քննենք դրանցից մի քանիսը։
11 Սովորիր վարժ կարդալ և ճիշտ գրել։ Որոշ մշակույթներում գրելն ու կարդալը կնոջ համար կարևոր հմտություններ չեն։ Իրականում, սակայն, դրանք կարևոր են յուրաքանչյուր քրիստոնյայի համար (1 Տիմոթ. 4։13)։ d Ուստի թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի քեզ սովորել վարժ կարդալ և ճիշտ գրել։ Այդ հմտությունները կօգնեն, որ աշխատանք գտնես և չկորցնես այն։ Այդպես դու Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող և լավ ուսուցիչ կդառնաս։ Իսկ որ ամենակարևորն է, կմտերմանաս Եհովայի հետ, քանի որ կկարողանաս կարդալ նրա Խոսքը և խորհրդածել դրա շուրջ (Հեսու 1։8; 1 Տիմոթ. 4։15)։
12. Ինչպե՞ս կարող է Առակներ 31։26-ը օգնել քեզ, որ լավ հաղորդակցվելու հմտություն ձեռք բերես։
12 Սովորիր լավ հաղորդակցվել։ Սա անչափ կարևոր է Եհովայի ծառաների համար։ Այս առնչությամբ Հակոբոս աշակերտը հետևյալ գործնական խորհուրդն է տվել. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակ. 1։19)։ Երբ ուշադրությամբ լսես ուրիշներին, կկարողանաս «ցավակից» լինել նրանց (1 Պետ. 3։8)։ Եթե համոզված չես, որ հասկացել ես, թե ինչ է ասում կամ զգում անհատը, լավ կլինի՝ տեղին հարցեր տաս և նախքան որևէ բան ասելը՝ մի փոքր մտածես (Առակ. 15։28)։ Հարցրու ինքդ քեզ. «Այն ինչ պատրաստվում եմ ասել, ճի՞շտ է։ Իսկ քաջալերակա՞ն է։ Դա նրբանկատության կամ բարության դրսևորում կլինի՞»։ Ձգտիր սովորել հասուն քույրերից, ովքեր լավ հաղորդակցվելու հմտություն ունեն (կարդա Առակներ 31։26)։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես են նրանք խոսում։ Որքան լավ հաղորդակցվես մարդկանց հետ, այնքան ավելի լավ հարաբերություններ կունենաս նրանց հետ։
13. Ինչպե՞ս կարող ես սովորել տնային տնտեսություն վարել (տես նաև նկարը)։
13 Սովորիր տնային գործեր անել։ Շատ երկրներում տնային գործերի մեծ մասը կանայք են անում։ Մայրդ կամ մի տնարար քույր կարող է օգնել, որ սովորես հմտորեն անել դրանք։ Սինդի անունով մի քույր ասում է. «Մորս սովորեցրած ամենաարժեքավոր բաներից մեկը հաճույքով աշխատելն է։ Այնպիսի հմտություններ ձեռք բերելը, ինչպիսիք են՝ խոհարարությունը, մաքրություն անելը, կարուձևն ու ճիշտ գնումներ կատարելը, կյանքս հեշտացրել է։ Դա նաև հնարավորություն է տվել ինձ ավելին անելու Եհովայի գործում։ Մայրս ինձ սովորեցրել է հյուրասեր լինել, ինչի շնորհիվ ծանոթացել եմ բազմաթիվ եղբայրների ու քույրերի հետ, որոնց կարող եմ ընդօրինակել» (Առակ. 31։15, 21, 22)։ Աշխատասեր և հյուրասեր կինը, ով գիտի, թե ինչպես վարել իր տնային տնտեսությունը, մեծ օրհնություն է իր ընտանիքի և ժողովի համար (Առակ. 31։13, 17, 27; Գործ. 16։15)։
14. Ի՞նչ ես սովորում Քրիստալի օրինակից, և ինչի՞ վրա պետք է կենտրոնանաս։
14 Սովորիր ինքնուրույն հոգալ ծախսերդ։ Ծախսերը ինքնուրույն հոգալը և ունեցածով բավարարվելը կարևոր նպատակ է բոլոր հասուն քրիստոնյաների համար (Փիլիպ. 4։11; 2 Թեսաղ. 3։7, 8)։ Քրիստալ անունով մի քույր ասում է. «Ծնողներս հորդորել են ինձ ավագ դպրոցում այնպիսի դասեր ընտրեմ, որոնց շնորհիվ գործնական հմտություններ ձեռք կբերեմ, որ պետք կգան ինձ կյանքում։ Հայրս խորհուրդ տվեց ինձ հաշվապահական դասընթացներ անցնել, որոնք շատ օգտակար եղան ինձ համար»։ Բավական չէ միայն այնպիսի հմտություններ ձեռք բերել, որոնք կօգնեն քեզ աշխատանք գտնել, փորձիր նաև սովորել բյուջե կազմել և հետևել դրան (Առակ. 31։16, 18)։ Անտեղի պարտքերից խուսափելով և պարզ ապրելակերպ վարելով՝ կկարողանաս կենտրոնացած մնալ հոգևոր նպատակներիդ վրա (1 Տիմոթ. 6։8)։
ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԱՊԱԳԱՅԻՆ
15-16. Ինչո՞ւ ենք ասում, որ ամուրի քույրերը օրհնություն են ժողովի համար (Մարկոս 10։29, 30)։
15 Քրիստոնեական հատկություններ զարգացնելը և արժեքավոր հմտություններ ձեռք բերելը կօգնեն քեզ պատրաստված լինել ապագային։ Քննենք մի քանի իրավիճակ։
16 Գուցե որոշ ժամանակ ամուրի մնաս։ Ինչպես Հիսուսն ասաց, ոմանք որոշում են չամուսնանալ, նույնիսկ եթե իրենց մշակույթում ամուրի մնալը չի խրախուսվում (Մատթ. 19։10-12)։ Ուրիշներն էլ ամուրի են մնում հանգամանքների բերումով։ Համոզված եղիր, որ Եհովան և Հիսուսը ամուրի քրիստոնյաներին պակաս արժեքավոր չեն համարում։ Ամբողջ աշխարհի ժողովներում ամուրի քույրերը մեծ գործ են անում։ Ուրիշների հանդեպ անկեղծ սիրուց ու հոգատարությունից մղված՝ այս քրիստոնյաները շատերի համար հոգևոր քույրեր ու մայրեր են դառնում (կարդա Մարկոս 10։29, 30; 1 Տիմոթ. 5։2)։
17. Երիտասարդ քույրերը ինչպե՞ս կարող են այսօրվանից պատրաստվել լիաժամ ծառայություն սկսելուն։
17 Գուցե լիաժամ ծառայություն սկսես։ Քույրերը մեծ դեր են խաղում համաշխարհային քարոզչական գործում (Սաղ. 68։11)։ Կարո՞ղ ես այսօրվանից ծրագրել լիաժամ ծառայող դառնալ, օրինակ՝ ռահվիրա, շինարարության կամավոր կամ բեթելցի։ Դրան հասնելու համար կարող ես աղոթել, խոսել նրանց հետ, ովքեր արդեն հասել են նմանատիպ նպատակների, ինչպես նաև փորձես իմանալ, թե ինչ պահանջների պետք է համապատասխանես։ Այնուհետև դրա համար իրատեսական պլան մշակիր։ Անկասկած, լիաժամ ծառայությունը Եհովայի համար ավելին անելու դուռ կբացի քո առաջ։
18. Ինչո՞ւ է կարևոր, որ քույրը լավ մտածի նախքան կողակից ընտրելը (տես նաև նկարը)։
18 Գուցե որոշես ամուսնանալ։ Մեր քննարկած հատկություններն ու հմտությունները կօգնեն քեզ շնորհալի կին դառնալ։ Ինչ խոսք, կողակցի ընտրությանը պետք է շատ լուրջ վերաբերվես։ Դա քո կյանքում ամենակարևոր որոշումներից մեկը կլինի։ Հիշիր, որ ամուսնանալով ընդունում ես քո ամուսնու գլխավորությունը (Հռոմ. 7։2; Եփես. 5։23, 33)։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք նա հասուն քրիստոնյա է, հոգևոր բաները առաջնայի՞ն են նրա համար, նրա կայացրած որոշումները իմաստո՞ւն են, ընդունո՞ւմ է իր սխալները, հարգո՞ւմ է կանանց, կարո՞ղ է հոգ տանել իմ հոգևոր, նյութական և էմոցիոնալ կարիքների մասին։ Արդյո՞ք իր պատասխանատվությունները լավ է կատարում։ Օրինակ՝ ի՞նչ պատասխանատվություններ ունի ժողովում և ինչպե՞ս է դրանք կատարում» (Ղուկ. 16։10; 1 Տիմոթ. 5։8)։ Ինչ խոսք, եթե ուզում ես լավ ամուսին գտնել, անհրաժեշտ է, որ դու լավ կնոջը բնորոշ հատկություններ և հմտություններ զարգացնես։
19. Ինչո՞ւ ենք ասում, որ «օգնական» լինելը պատվավոր դեր է։
19 Աստվածաշնչում ասվում է, որ լավ կինը «օգնական» և «լրացում» է իր ամուսնու համար (Ծննդ. 2։18)։ Արդյո՞ք այս դերը նվաստացուցիչ է։ Ո՛չ, Եհովան կնոջը պատվավոր դեր է տվել։ Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում Եհովան նույնպես հաճախ նկարագրվում է որպես «օգնական» (Սաղ. 54։4; Եբր. 13։6)։ Կինը լավ օգնական կլինի, եթե աջակցի ամուսնուն ընտանիքին առնչվող որոշումները հաջողությամբ իրագործելու հարցում։ Եվ քանի որ նա սիրում է Եհովային, ամեն ինչ կանի, որ իր ամուսինը լավ համբավ ունենա ուրիշների մոտ (Առակ. 31։11, 12; 1 Տիմոթ. 3։11)։ Այսպիսով՝ ապագայում լավ կին լինելու համար կարող ես այսօրվանից խորացնել քո սերը Եհովայի հանդեպ և լավ օգնական լինել ուրիշների համար թե՛ ժողովում, թե՛ ընտանիքում։
20. Ի՞նչ լավ ազդեցություն ունի մայրը իր ընտանիքի վրա։
20 Ապագայում գուցե մայր դառնաս։ Ամուսնանալուց հետո գուցե երեխաներ ունենաս (Սաղ. 127։3)։ Ուստի լավ կլինի, որ նախապես մտածես, թե ինչ է պետք լավ մայր լինելու համար։ Այս հոդվածում քննարկված հատկություններն ու հմտությունները օգտակար կլինեն քեզ համար թե՛ որպես կին, թե՛ որպես մայր։ Քո դրսևորած սերը, բարությունն ու համբերատարությունը կնպաստեն, որ ընտանիքում ջերմ մթնոլորտ տիրի, որտեղ երեխաները իրենց ապահով ու սիրված կզգան (Առակ. 24։3)։
21. Ինչպե՞ս ենք վերաբերվում քույրերին, և ինչո՞ւ (տես ամսագրի շապիկի նկարը)։
21 Մենք սիրում ենք ձեզ, քույրե՛ր, այն ամենի համար, որ անում եք Եհովայի և նրա ժողովրդի համար (Եբր. 6։10)։ Հատկություններ զարգացնելու և հմտություններ ձեռք բերելու հարցում ջանք չխնայելով՝ դուք ձեր և ձեր շրջապատի մարդկանց կյանքը ավելի ուրախ եք դարձնում։ Այդպես նաև պատրաստվում եք այն ամենին, ինչ սպասվում է ձեզ ապագայում։ Սիրելի՛ քույրեր, դուք անչափ թանկ եք Եհովայի կազմակերպության համար։
ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր
a Սիրելի՛ քույրեր, դուք մեծ արժեք ունեք քրիստոնեական ժողովում։ Հոգևորապես հասունանալու համար դուք պետք է զարգացնեք քրիստոնեական հատկություններ, ձեռք բերեք օգտակար հմտություններ և պատրաստ լինեք ստանձնելու որոշ պատասխանատվություններ, որ գուցե ապագայում ունենաք։ Այդպես դուք բազմաթիվ օրհնություններ կվայելեք։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր հասունության հասած քրիստոնյան առաջնորդվում է Աստծու ոգով, ոչ թե աշխարհի իմաստությամբ։ Նա ընդօրինակում է Հիսուսին, ջանք է թափում, որ մտերիմ հարաբերություններ պահպանի Եհովայի հետ և անձնազոհ սեր է դրսևորում ուրիշների հանդեպ։
d Ընթերցանության կարևորության վերաբերյալ տես «Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 1)։ Դիտե՞լ, թե՞ ընթերցել» հոդվածը jw.org կայքում։