Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50

Հավատի և գործերի շնորհիվ արդար համարվենք

Հավատի և գործերի շնորհիվ արդար համարվենք

«Պատշաճորեն քայլ[ենք] մեր հայր Աբրահամի հավատի հետքերով» (ՀՌՈՄ. 4։12

ԵՐԳ 119 Մենք պետք է հավատ ունենանք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Աբրահամի հավատի մասին մտածելիս ո՞ր հարցը գուցե մեզ հետաքրքրի։

 ԱԲՐԱՀԱՄԻ մասին շատերն են լսել, բայց մարդկանց մեծ մասը չգիտի, թե ով է նա եղել իրականում։ Ի տարբերություն նրանց՝ դու շատ բան գիտես Աբրահամի մասին։ Օրինակ՝ այն, որ Աստվածաշնչում Աբրահամը կոչվում է «բոլոր հավատ ունեցող[ների].... հայրը» (Հռոմ. 4։11)։ Գուցե մտածես. «Կարո՞ղ եմ արդյոք ընդօրինակել Աբրահամին և նրա պես՝ ամուր հավատ ունենալ»։ Այո՛, կարող ես։

2. Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Աբրահամի օրինակը (Հակոբոս 2։22, 23

2 Աբրահամի հավատի պես ամուր հավատ զարգացնելու կերպերից մեկը նրա օրինակը ուսումնասիրելն է։ Աստծու պատվերին հնազանդվելով՝ Աբրահամը տեղափոխվեց մի հեռավոր երկիր, տասնամյակներ շարունակ ապրեց վրաններում և նույնիսկ պատրաստ էր զոհաբերելու իր սիրելի որդուն՝ Իսահակին։ Աբրահամը արեց այս ամենը, քանի որ ամուր հավատ ուներ Եհովայի հանդեպ։ Իր հավատի և գործերի շնորհիվ նա արժանացավ Աստծու հավանությանը և դարձավ նրա ընկերը (կարդա Հակոբոս 2։22, 23)։ Եհովան ուզում է, որ բոլորս ունենանք իր հավանությունը և դառնանք իր ընկերները, այդ թվում՝ դու։ Ուստի նա ներշնչեց Պողոսին և Հակոբոսին, որ Աստվածաշնչում գրեն Աբրահամի օրինակի մասին։ Տեսնենք, թե ինչ են նրանք գրել Հռոմեացիներ 4-րդ և Հակոբոս 2-րդ գլուխներում։ Աստվածաշնչի այս երկու գլուխներն էլ Աբրահամի վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ են պարունակում։

3. Աստվածաշնչյան ո՞ր համարն են մեջբերել թե՛ Պողոսը, թե՛ Հակոբոսը։

3 Թե՛ Պողոսը, թե՛ Հակոբոսը մեջբերել են Ծննդոց 15։6 համարը, որտեղ ասվում է. «[Աբրահամը] հավատ ընծայեց Եհովային, և դրա համար Նա նրան արդար համարեց»։ Աստված արդար և նույնիսկ անմեղ է համարում այն մարդուն, ով ունի իր հավանությունը։ Մի՞թե չես տպավորվում՝ իմանալով, որ Աստված կարող է անկատար ու մեղավոր մարդուն համարել մեղքից զերծ։ Անկասկած, դու էլ կուզեիր, որ Աստված քեզ համարեր արդար, և իրականում դա հնարավոր է։ Դրան հասնելու համար նախ եկեք տեսնենք, թե ինչի շնորհիվ Աբրահամը արդար համարվեց։

ՀԱՎԱՏԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

4. Ի՞նչն է խանգարում մարդկանց արդար լինել։

4 Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը նշեց, որ բոլոր մարդիկ էլ մեղքեր են գործում (Հռոմ. 3։23)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը արդար կամ անմեղ համարվել և արժանանալ Աստծու հավանությանը։ Աբրահամի օրինակի միջոցով Պողոսն օգնեց բոլոր անկեղծ սիրտ ունեցող քրիստոնյաներին գտնել այս հարցի պատասխանը։

5. Ինչի՞ հիման վրա Եհովան Աբրահամին արդար հայտարարեց (Հռոմեացիներ 4։2, 4

5 Եհովան Աբրահամին արդար հայտարարեց, երբ վերջինս դեռ բնակվում էր Քանանում։ Ինչի՞ հիման վրա Եհովան այդպես վարվեց։ Մի՞թե պատճառն այն էր, որ Աբրահամը կատարելապես պահում էր Մովսիսական օրենքը։ Իհարկե ո՛չ (Հռոմ. 4։13)։ Մովսիսական օրենքը Իսրայել ազգին տրվեց դրանից ավելի քան 400 տարի հետո միայն։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա Աստված Աբրահամին արդար հայտարարեց։ «Անզուգական բարություն» դրսևորելով՝ Եհովան Աբրահամին արդար հայտարարեց վերջինիս հավատի շնորհիվ (կարդա Հռոմեացիներ 4։2-4

6. Ինչի՞ հիման վրա է Եհովան մեղավոր մարդուն արդար հայտարարում։

6 Այնուհետև Պողոսն իր նամակում նշում է, որ երբ անհատը հավատ է դրսևորում Աստծու հանդեպ, «նրա հավատը արդարություն է համարվում» (Հռոմ. 4։5)։ Նա նաև ավելացնում է. «Ինչպես որ Դավիթն էլ է խոսում այն մարդու երջանկության մասին, որին Աստված արդար է համարում՝ անկախ գործերից. «Երջանիկ են նրանք, որոնց անօրեն գործերը ներվեցին և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երջանիկ է այն մարդը, որի մեղքը Եհովան բնավ հաշվի չի առնի»» (Հռոմ. 4։6-8; Սաղ. 32։1, 2)։ Աստված ներում է կամ ծածկում է նրանց մեղքերը, ովքեր հավատ են ցուցաբերում իր հանդեպ։ Նա ամբողջությամբ է ներում և այլևս չի մտաբերում նրանց մեղքերը։ Այդպիսի մարդկանց Եհովան համարում է անմեղ և արդար նրանց ցուցաբերած հավատի հիման վրա։

7. Ի՞նչ իմաստով էին անցյալում ապրած Աստծու ծառաները արդար։

7 Թեև Աբրահամը, Դավիթը և Աստծու այլ հավատարիմ ծառաներ արդար էին հայտարարվել, բայց, միևնույն է, նրանք մնում էին անկատար և մեղավոր։ Նրանց հավատի շնորհիվ էր, որ Աստված այս հավատարիմներին համարում էր անմեղ՝ հատկապես համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես հավատ չունեին իր հանդեպ (Եփես. 2։12)։ Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը հստակ ցույց տվեց, որ հավատը առանցքային դեր ունի Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու հարցում։ Այո՛, թե՛ Աբրահամը, թե՛ Դավիթը Աստծու ընկերներն էին, քանի որ հավատ էին ցուցաբերում նրա հանդեպ։ Նույնը կարող է լինել նաև մեր դեպքում։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՎԱՏՆ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ ԿԱՊՎԱԾ

8-9. Ոմանք ի՞նչ սխալ եզրակացություններ են արել Պողոսի և Հակոբոսի գրածներից և ինչո՞ւ։

8 Դարեր շարունակ կրոնական առաջնորդների շրջանում հավատի և գործերի միջև եղած կապը թեժ քննարկումների պատճառ է եղել։ Նրանցից ոմանք սովորեցնում են, որ փրկվելու համար պարզապես պետք է հավատ ցուցաբերել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Թերևս լսել ես, որ ասում են. «Հավատա Տեր Հիսուսին և կփրկվես»։ Որոշ կրոնականներ նույնիսկ մեջբերում են Պողոսի հետևյալ խոսքերը. «Աստված [մարդուն] արդար է համարում՝ անկախ գործերից» (Հռոմ. 4։6)։ Ոմանք էլ ասում են, որ կարող ես փրկվել, եթե ուխտագնացություններ կատարես և եկեղեցու սահմանած գործերն անես։ Նրանք թերևս մեջբերում են Հակոբոս 2։24-ը, որտեղ ասվում է. «Մարդը գործերով է արդար հայտարարվելու և ոչ միայն հավատով»։

9 Նման տեսակետների պատճառով որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ Պողոսն ու Հակոբոսը տարակարծիք են եղել այն հարցում, թե Աստծու հավանությանն արժանանալու համար ինչ դեր ունեն հավատն ու գործերը։ Որոշ կրոնական առաջնորդներ պնդում են, թե ըստ Պողոսի՝ մարդ արդար է հայտարարվում հավատի շնորհիվ՝ անկախ իր կատարած գործերից, իսկ Հակոբոսը սովորեցնում էր, որ Աստծու հավանությանը արժանանալու համար գործերն են կարևոր։ Աստվածաբանության մի պրոֆեսոր դրա հետ կապված հետևյալն է ասել. «Հակոբոսը չէր հասկանում, թե ինչու էր Պողոսը պնդում, որ արդար հայտարարվելու համար միայն հավատ է պետք, ոչ թե գործեր»։ Բայց չէ՞ որ Եհովան էր ներշնչել թե՛ Պողոսին, թե՛ Հակոբոսին (2 Տիմոթ. 3։16)։ Ուրեմն ինչո՞ւ են նրանց գրածները տարբերվում իրարից։ Դրան պետք է որ տրամաբանական բացատրություն լինի։ Հարկավոր է ուսումնասիրել նրանց գրածները՝ հաշվի առնելով համատեքստը։

Պողոսը Հռոմում բնակվող հրեա քրիստոնյաներին գրեց, որ Մովսիսական օրենքով պահանջվող գործեր անելու փոխարեն հարկավոր է հավատ դրսևորել (տես պարբերություն 10) b

10. Ո՞ր «գործերի» մասին էր խոսում Պողոսը (Հռոմեացիներ 3։21, 28; տես նաև նկարը)։

10 Ո՞ր «գործերի» մասին էր խոսում Պողոսը Հռոմեացիներ 3-րդ և 4-րդ գլուխներում։ Հիմնականում նա խոսում էր «օրենքի գործերի» մասին՝ Մովսիսական օրենքի, որ տրվել էր Սինա լեռան վրա (կարդա Հռոմեացիներ 3։21, 28)։ Հավանաբար, Պողոսի օրերում որոշ հրեա քրիստոնյաներ դժվարանում էին ընդունել, որ այլևս կարիք չկա անելու այն գործերը, որոնք պահանջվում էին Մովսիսական օրենքով։ Հետևաբար Պողոսը Աբրահամի օրինակի միջոցով ցույց տվեց, որ «օրենքի գործերը» անելով չէ, որ մարդը Աստծու հավանությանն է արժանանում։ Նա բացատրեց, որ հավատ է անհրաժեշտ։ Այս միտքը շատ քաջալերական է, քանի որ այն վստահեցնում է մեզ, որ Աստծու առաջ լավ համբավ ունենալը մեզ համար հասանելի նպատակ է։ Ուստի մենք կարող ենք հավատ զարգացնել Աստծու և Քրիստոսի հանդեպ և ունենալ Աստծու հավանությունը։

Հակոբոսը հորդորեց քրիստոնյաներին, որ իրենց հավատը փաստեն «գործերով», օրինակ՝ առանց խտրականության բարի գործեր անեն (տես պարբերություն 11-12) c

11. Ո՞ր «գործերի» մասին էր խոսում Հակոբոսը։

11 Հակոբոս 2-րդ գլխում նշված «գործերը» «օրենքի գործերը» չեն, որոնց մասին խոսեց Պողոս առաքյալը։ Հակոբոսը խոսում էր այն գործերի մասին, որոնք քրիստոնյաները անում են իրենց առօրյա կյանքում։ Նման գործերից երևում է, թե արդյոք քրիստոնյան իսկական հավատ ունի Աստծու հանդեպ, թե ոչ։ Եկեք քննենք երկու օրինակ, որոնց մասին խոսեց Հակոբոսը։

12. Ինչպե՞ս Հակոբոսը ցույց տվեց, որ հավատն ու գործերը փոխկապակցված են (տես նաև նկարը)։

12 Առաջին օրինակում Հակոբոսն ընդգծեց, որ քրիստոնյաները պետք է անկողմնակալ լինեն։ Նա խոսեց մի մարդու մասին, ով լավ վերաբերմունք էր ցույց տալիս հարուստ մարդուն, սակայն անտեսում էր աղքատին։ Հակոբոսը նշեց, որ այդ մարդը գուցե պնդում էր, թե հավատ ունի, բայց նրա գործերը այլ բանի մասին էին խոսում (Հակ. 2։1-5, 9)։ Երկրորդ օրինակում Հակոբոսը խոսեց մի մարդու մասին, ով տեսնում էր, որ իր եղբայրը կամ քույրը հագուստ և բավականաչափ ուտելիք չունի, բայց ոչ մի գործնական օգնություն չէր ցուցաբերում նրան։ Անգամ եթե այդ մարդը պնդում էր, թե հավատ ունի, նա գործերով չէր փաստում դա, հետևաբար նրա հավատն անօգուտ էր։ Ինչպես Հակոբոսը գրեց, «եթե հավատը գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (Հակ. 2։14-17

13. Ո՞ր օրինակի միջոցով Հակոբոսը ընդգծեց հավատի ու գործերի կարևորությունը (Հակոբոս 2։25, 26

13 Հակոբոսը Ռախաբի մասին խոսեց որպես մեկի, ով գործերով փաստեց իր հավատը (կարդա Հակոբոս 2։25, 26)։ Նա լսել էր Եհովայի մասին և գիտեր, որ Եհովան աջակցում է իսրայելացիներին (Հեսու 2։9-11)։ Ռախաբը փաստեց իր հավատը գործերով, երբ պաշտպանեց երկու իսրայելացի լրտեսների, որոնց կյանքը վտանգի տակ էր։ Թեև այս անկատար կինը իսրայելացի չէր, սակայն արդար հայտարարվեց, ճիշտ ինչպես Աբրահամը։ Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է, որ հավատը դրսևորվի գործերով։

14. Ինչո՞ւ ենք ասում, որ Պողոսի և Հակոբոսի գրածների միջև հակասություն չկա։

14 Պողոսը և Հակոբոսը հավատի և գործերի մասին տարբեր տեսանկյուններից էին խոսում։ Պողոսը հրեա քրիստոնյաներին ասում էր, որ պարզապես Մովսիսական օրենքի գործերը կատարելով՝ նրանք երբեք չէին կարողանա ունենալ Աստծու հավանությունը։ Իսկ Հակոբոսը ընդգծում էր այն միտքը, որ բոլոր քրիստոնյաները պետք է փաստեն իրենց հավատը՝ ուրիշների համար բարի գործեր անելով։

Հավատդ մղո՞ւմ է քեզ անելու գործեր, որոնք հաճելի են Եհովային (տես պարբերություն 15)

15. Ի՞նչ կերպերով կարող ենք փաստել մեր հավատը (տես նաև նկարները)։

15 Եհովան չի ասում, որ արդար հայտարարվելու համար պետք է անենք այն նույն բաները, որ Աբրահամն արեց։ Իրականում, մեր հավատը գործերով փաստելու շատ կերպեր կան։ Օրինակ՝ մենք կարող ենք ջերմորեն ողջունել առաջին անգամ մեր ժողով այցելած մարդկանց, օգնել եղբայրներին ու քույրերին, ովքեր իսկապես կարիքի մեջ են և բարի գործեր անել մեր ընտանիքի անդամների համար։ Այս բոլորն էլ այնպիսի գործեր են, որոնք անելով՝ կարժանանանք Աստծու հավանությանն ու օրհնությանը (Հռոմ. 15։7; 1 Տիմոթ. 5։4, 8; 1 Հովհ. 3։18)։ Հավատը փաստող կարևոր գործերից մեկն էլ բարի լուրը ուրիշներին եռանդորեն պատմելն է (1 Տիմոթ. 4։16)։ Բոլորս էլ կարող ենք մեր գործերով փաստել, որ հավատում ենք Եհովայի խոստումների իրականացմանը, և որ նրա չափանիշներով ապրելը լավագույն ուղին է։ Եթե այդպես վարվենք, կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ արդար կհամարի և իր ընկերները կկոչի։

ՀՈՒՅՍԸ ԿԵՆՍԱԿԱՆ Է ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ

16. Ի՞նչ հույս ուներ Աբրահամը և ինչի՞ն էր հավատում։

16 Հռոմեացիներ 4-րդ գլխում մեկ այլ կարևոր դաս կա, որ կարող ենք սովորել Աբրահամից։ Այնտեղ ընդգծվում է հույսի կարևորությունը։ Եհովան խոստացել էր, որ «բազում ազգեր» կօրհնվեն Աբրահամի միջոցով։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ հրաշալի հույս ուներ Աբրահամը (Ծննդ. 12։3; 15։5; 17։4; Հռոմ. 4։17)։ Սակայն նա արդեն 100 տարեկան էր, իսկ Սառան 90, և նրանք դեռ զավակ չունեին։ Մարդկային տեսանկյունից այդ տարիքում երեխա ունենալը անհնար էր։ Իհարկե, դա իսկական փորձություն էր Աբրահամի համար, «բայց հույս ունենալով՝ նա հավատաց, որ դառնալու է շատ ազգերի հայր» (Հռոմ. 4։18, 19)։ Ի վերջո նրա հույսը իրականացավ։ Ծնվեց նրանց երկար սպասված որդին՝ Իսահակը (Հռոմ. 4։20-22

17. Որտեղի՞ց գիտենք, որ կարող ենք արդար համարվել և լինել Աստծու ընկերը։

17 Ինչպես տեսանք, Աբրահամի պես մենք կարող ենք ստանալ Աստծու հավանությունը և, արդար համարվելով, դառնալ նրա ընկերը։ Այս միտքը ընդգծեց նաև Պողոս առաքյալը՝ գրելով. «Այն, որ գրվեց, թե «նա արդար համարվեց», միայն [Աբրահամի] համար չգրվեց, այլ նաև մեզ համար, որ պետք է արդար համարվեինք, որովհետև մենք հավատում ենք նրան, ով Հիսուսին.... հարություն տվեց» (Հռոմ. 4։23, 24)։ Աբրահամի պես մենք պետք է հավատ ցուցաբերենք, բարի գործեր անենք և Եհովայի խոստումների հանդեպ ամուր հույս ունենանք։ Պողոս առաքյալը հույսին անդրադարձավ նաև Հռոմեացիներ 5-րդ գլխում, ինչի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

a Մենք ցանկանում ենք ունենալ Աստծու հավանությունը և արդար համարվել։ Պողոսի և Հակոբոսի գրածները քննելով՝ կտեսնենք, թե ինչպես է դա հնարավոր։ Կիմանանք նաև, թե հավատն ու գործերը Աստծու հավանությունը ունենալու հարցում ինչ դեր են խաղում։

b ՆԿԱՐ։ Պողոսը հորդորեց հրեա քրիստոնյաներին կենտրոնանալ հավատի վրա, ոչ թե «օրենքի գործերի», ինչպիսիք են հագուստի վրա կապույտ թել անցկացնելը, Պասեքը նշելը կամ ծիսականորեն լվացվելը։

c ՆԿԱՐ։ Հակոբոսը հորդորեց քրիստոնյաներին փաստել հավատը՝ ուրիշների համար բարի գործեր անելով, օրինակ՝ աղքատներին օգնելով։