Հիշո՞ւմ եք
Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Ստուգեք՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Ի՞նչ է նշանակում «նորոգել միտքը» (Հռոմ. 12։2)։
Մեր կյանքում որոշ լավ գործեր անելով՝ չենք կարող ասել, որ մեր միտքը նորոգում ենք։ Այն նորոգելու համար մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի անձնավորություն ենք ներքուստ, և կատարենք անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի մեր կյանքը հնարավորինս համապատասխանեցնենք Եհովայի չափանիշներին (w23.01, էջ 8-9)։
Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռված լինել, երբ հետևում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։
Մենք ցանկանում ենք հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և տեսնել, թե դրանք ինչ կապ ունեն աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Այդ հարցի վերաբերյալ ենթադրություններ անելը կարող է պառակտման պատճառ լինել, ուստի լավ կլինի՝ մեր քննարկումները հիմնենք Եհովայի կազմակերպության հրատարակած տեղեկությունների վրա (1 Կորնթ. 1։10) (w23.02, էջ 16)։
Ինչո՞վ են իրարից տարբերվում Հիսուսի մկրտությունը և նրա հետևորդների մկրտությունը։
Հիսուսը կարիք չուներ նվիրվելու Եհովային, քանի որ ծնվել էր մի ազգի մեջ, որն արդեն նվիրված էր Աստծուն։ Հիսուսը կատարյալ էր և երբեք մեղք չէր գործել, ուստի կարիք չկար, որ նա զղջար իր մեղքերի համար (w23.03, էջ 5)։
Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ մեկնաբանություններ տան հանդիպումների ժամանակ։
Մենք կարող ենք հակիրճ մեկնաբանություններ տալ՝ թույլ տալով, որ շատերը մասնակցեն։ Լավ կլինի նաև, որ մեկնաբանելիս շատ մտքեր չներառենք։ Այդպես ուրիշներն էլ ասելու բան կունենան (w23.04, էջ 23)։
Ինչի՞ն է վերաբերում Եսայիա 35։8-ում գրված «Սրբության ճանապարհ» արտահայտությունը։
Այս խորհրդանշական ճանապարհը նախ վերաբերում էր հրեաների՝ Բաբելոնից հայրենիք վերադառնալու ճամփորդությանը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի հետ կապված։ 1919թ.-ից առաջ՝ դարեր շարունակ, նախապատրաստական աշխատանքներ են արվել, այդ թվում՝ թարգմանվել և տպագրվել է Աստվածաշունչը։ Աստծու ժողովուրդը քայլում է «Սրբության ճանապարհով», որը հոգևոր դրախտի միջով առաջնորդում է մեզ դեպի Թագավորության ապագա օրհնություններ (w23.05, էջ 15-19)։
Առակներ 9-րդ գլխում գրված խորհուրդը ո՞ր երկու այլաբանական կանանց օրինակի միջոցով է տրվում։
«Առակներ» գրքում խոսվում է «հիմար կնոջ» մասին, ում հրավերը տանում է դեպի «գերեզման», և «ճշմարիտ իմաստության» մասին, որը նկարագրվում է որպես կին, ում հրավերը տանում է «հասկացողության ճանապարհով» և դեպի կյանք է առաջնորդում (Առակ. 9։1, 6, 13, 18) (w23.06, էջ 22-24)։
Աստծու խոնարհությունն ու խոհեմությունը ինչպե՞ս են ակնհայտ երևում այն բանից, թե ինչպես նա վարվեց Ղովտի հետ։
Եհովան պատվիրեց Ղովտին Սոդոմից փախչել դեպի լեռները։ Բայց երբ Ղովտը աղաչեց Եհովային ապաստան գտնել Սեգոր քաղաքում, Եհովան կատարեց նրա խնդրանքը (w23.07, էջ 21)։
Ի՞նչ կարող է անել կինը, երբ իր ամուսինը պոռնկագրություն է դիտում։
Նա չպետք է ինքն իրեն մեղադրի դրա համար, այլ պետք է շարունակի մտերմանալ Աստծու հետ և խորհրդածի Աստվածաշնչում հիշատակված այն կանանց մասին, ովքեր մտահոգություններ են ունեցել, բայց մխիթարություն են գտել Աստծու մոտ։ Նա նաև կարող է օգնել իր կողակցին, որ վերջինս խուսափի այնպիսի իրավիճակներից, երբ գայթակղությանը տրվելու հավանականությունը մեծ է (w23.08, էջ 14-17)։
Երբ մեր հավատալիքները կասկածի տակ են դնում, ըմբռնողականությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ մեղմ լինել։
Անհատի առաջ քաշած հարցը կամ առարկությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե իրականում նա ինչ է մտածում կամ ինչին է հավատում։ Այդպիսով մենք ավելի պատրաստված կլինենք մեղմ պատասխան տալու (w23.09, էջ 17)։
Զորություն ստանալու հարցում ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։
Այն բանից հետո երբ Մարիամը իմացավ, որ դառնալու է Մեսիայի մայրը, զորացավ Գաբրիել հրեշտակի ու Եղիսաբեթի միջոցով։ Նրանք սուրբգրային մտքերով քաջալերեցին Մարիամին։ Մենք նույնպես կարող ենք զորանալ մեր հավատակիցների միջոցով (w23.10, էջ 15)։
Ինչպե՞ս կարող է Եհովան պատասխանել մեր աղոթքներին։
Նա խոստանում է լսել մեր աղոթքները և հաշվի է առնում, թե ինչպես են դրանք կապված իր նպատակի հետ (Երեմ. 29։12)։ Թեև նա նույնաբովանդակ աղոթքներին կարող է տարբեր կերպերով պատասխանել, բայց միշտ աջակցում է մեզ (w23.11, էջ 21-22)։
Եթե Հռոմեացիներ 5։2-ում խոսվում է հույսի մասին, ապա ինչո՞ւ է այդ մասին նորից խոսվում 4-րդ համարում։
Երբ անհատը լսում է բարի լուրը, նա երկրային դրախտում ապրելու հույս է ձեռք բերում։ Եվ երբ նա բախվում է դժվարությունների, բայց դիմանում է դրանց, արժանանում է Աստծու հավանությանը, և նրա հույսը ամրանում է և ավելի իրական դառնում (w23.12, էջ 12-13)։