ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51
Մեր հույսը անկասկած կիրականանա
«Հույսը չի հիասթափեցնում» (ՀՌՈՄ. 5։5)։
ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ինչո՞ւ ենք ասում, որ Աբրահամի հույսը ամուր հիմքեր ուներ։
ԵՀՈՎԱՆ իր ընկեր Աբրահամին խոստացավ, որ երկրի բոլոր ազգերը նրա սերնդով են օրհնվելու (Ծննդ. 15։5; 22։18)։ Քանի որ Աբրահամը մեծ հավատ ուներ Աստծու հանդեպ, համոզված էր, որ Աստծու խոստումը իրականություն կդառնա։ Նա 100 տարեկան էր, իսկ նրա կինը 90, բայց այս հավատարիմ զույգը դեռ որդի չուներ (Ծննդ. 21։1-7)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչն ասում է. «Հույս ունենալով՝ [Աբրահամը] հավատաց, որ դառնալու է շատ ազգերի հայր, ինչպես որ ասվել էր» (Հռոմ. 4։18)։ Մենք գիտենք, որ Աբրահամի հույսը իրականացավ։ Ծնվեց նրա երկար սպասված որդին՝ Իսահակը։ Իսկ ո՞րն էր նրա վստահության հիմքը։
2. Ինչո՞ւ էր Աբրահամը համոզված, որ Եհովայի խոստումը իրականություն կդառնա։
2 Աբրահամը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ, ուստի «լիովին համոզված [էր], որ նա, ինչ որ խոստացել է», կկատարի (Հռոմ. 4։21)։ Եհովան հավանություն տվեց Աբրահամին և արդար համարեց, քանի որ նա հավատ ուներ (Հակ. 2։23)։ Ինչպես նշվում է Հռոմեացիներ 4։18-ում, Աբրահամի հավատն ու հույսը փոխկապակցված էին։ Այժմ քննենք, թե Պողոսը ինչ է ասել հույսի մասին Հռոմեացիներ 5-րդ գլխում։
3. Ի՞նչ է ասել Պողոսը հույսի վերաբերյալ։
3 Պողոսը բացատրում է, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ մեր «հույսը չի հիասթափեցնի» (Հռոմ. 5։5)։ Նա օգնում է նաև հասկանալ, որ քրիստոնյայի հույսը ժամանակի ընթացքում կարող է ավելի ամուր դառնալ։ Պողոսը նկարագրում է այդ գործընթացը Հռոմեացիներ 5։1-5 համարներում։ Դրանք քննելիս մտածիր քո օրինակի շուրջ։ Այդպես վարվելով՝ հավանաբար կնկատես, որ ժամանակի ընթացքում քո հույսը ավելի է ամրացել։ Հոդվածը կօգնի քեզ իմանալ, թե ինչպես կարող ես հույսդ է՛լ ավելի ամրացնել։ Բայց մինչ այդ քննենք Պողոսի հիշատակած հրաշալի հույսը, որը երբեք չի հիասթափեցնի։
ՄԵՐ ՓԱՌԱՀԵՂ ՀՈՒՅՍԸ
4. Ինչի՞ մասին է խոսվում Հռոմեացիներ 5։1, 2 համարներում։
4 Կարդա Հռոմեացիներ 5։1, 2։ Պողոսը այս խոսքերը գրեց Հռոմի ժողովին։ Այդ ժողովի եղբայրներն ու քույրերը ճանաչել էին Եհովային և Հիսուսին, հավատ էին ընծայել նրանց նկատմամբ և քրիստոնյա էին դարձել։ Այդ պատճառով Աստված նրանց «արդար հայտարարեց հավատի շնորհիվ» և օծեց սուրբ ոգով։ Անկասկած, նրանք հրաշալի հույս ձեռք բերեցին և կարող էին համոզված լինել, որ այն կիրականանա։
5. Ի՞նչ հույս ունեն օծյալ քրիստոնյաները։
5 Հետագայում Պողոսը Եփեսոսում ապրող օծյալ քրիստոնյաներին գրեց, թե ինչ հույս է Աստված իրենց տվել։ Այդ հույսը ներառում էր սրբերի համար պահված «ժառանգությունը» (Եփես. 1։18)։ Պողոսը կողոսացիներին էլ հիշեցրեց, որ իրենց հույսը իրականություն կդառնա։ Նա այն անվանեց «հույս.... որը [նրանց] համար պահվում է երկնքում» (Կող. 1։4, 5)։ Ուստի օծյալ քրիստոնյաները հույս ունեն հավիտյան ապրել երկնքում և թագավորել Քրիստոսի հետ (1 Թեսաղ. 4։13-17; Հայտն. 20։6)։
6. Ի՞նչ ասաց մի օծյալ եղբայր իր հույսի մասին։
6 Օծյալ քրիստոնյաները իրենց հույսը անչափ թանկ են համարում։ Նրանցից մեկը՝ եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցը, տասնամյակներ շարունակ Եհովային հավատարմորեն ծառայելուց հետո՝ 1991 թ.-ին հետևյալն է ասել. «Մեր հույսը հաստատ է։ Փոքր հոտի 144 000 անդամներից յուրաքանչյուրի հույսը անպայման կիրագործվի և այնպես, որ մենք չենք էլ կարող պատկերացնել.... [Մենք] չենք մոռացել այն մասին, թե որքան արժեքավոր է մեր հույսը.... Որքան շատ ենք սպասում նրա իրականացմանը, այնքան ավելի ենք գնահատում այն։ Դա մի բան է, որին արժե սպասել, նույնիսկ եթե դրա համար միլիոն տարի պահանջվի։ Հիմա ես մեր հույսը շատ ավելի թանկ եմ համարում, քան նախկինում»։
7-8. Ի՞նչ հույս ունեն Եհովայի ծառաներից շատերը (Հռոմեացիներ 8։20, 21)։
7 Եհովայի ծառաների մեծամասնությունը այսօր այլ հույս ունի։ Դա այն հույսն է, որն Աբրահամն ուներ. հավիտյան ապրել երկրի վրա Աստծու Թագավորության ներքո (Եբր. 11։8-10, 13)։ Պողոսը գրեց, թե ինչ է սպասում նրանց, ովքեր այս հույսն են տածում (կարդա Հռոմեացիներ 8։20, 21)։ Երբ սկզբում իմացար ապագայի վերաբերյալ Աստծու խոստման մասին, հատկապես ի՞նչը քեզ տպավորեց։ Գուցե այն, որ մի օր դու կատարյալ կդառնաս և այլևս մեղք չես գործի։ Կամ հնարավոր է՝ քեզ շատ է տպավորել այն միտքը, որ մահացած հարազատներդ հարություն են առնելու դրախտային երկրի վրա։ Այո՛, Աստծու տված «հույսի հիման վրա» քեզ հրաշալի ապագա է սպասում։
8 Անկախ նրանից՝ հույս ունենք հավիտյան ապրելու երկնքում, թե երկրի վրա՝ մեր հույսը մեզ ուրախություն է պատճառում։ Ժամանակի ընթացքում մեր հույսը կարող է ավելի ամրանալ։ Պողոսը բացատրել է, թե ինչպես։ Տեսնենք, թե նա ինչ է ասել այդ մասին։ Դա կօգնի մեզ ավելի համոզված լինել, որ մեր հույսը երբեք չի հիասթափեցնի մեզ։
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՈՒՅՍԸ ԱՄՐԱՆՈՒՄ
9-10. Ինչպես երևում է Պողոսի խոսքերից, ի՞նչ պետք է ակնկալեն քրիստոնյաները (Հռոմեացիներ 5։3; տես նաև նկարները)։
9 Կարդա Հռոմեացիներ 5։3։ Պողոսը նշեց, որ նեղությունը օգնում է, որ մեր հույսը ավելի ամրանա։ Առաջին հայացքից այս միտքը կարող է տարօրինակ թվալ։ Բայց իրականությունն այն է, որ Քրիստոսի բոլոր հետևորդներն էլ նեղություններ են ունենում։ Նկատի առնենք Պողոսի օրինակը։ Նա թեսաղոնիկեցիներին գրել է. «Երբ ձեզ հետ էինք, նախապես ասում էինք, որ պետք է նեղություններ կրենք, ինչպես որ դա պատահեց» (1 Թեսաղ. 3։4)։ Իսկ կորնթացիներին նա հետևյալն է գրել. «Ուզում ենք, եղբայրնե՛ր, որ դուք տեղյակ լինեք այն նեղություններին, որ պատահեց մեզ.... [մենք] գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը» (2 Կորնթ. 1։8; 11։23-27)։
10 Այսօր էլ քրիստոնյաները պետք է ակնկալեն, որ ինչ-որ տեսակի նեղություն են կրելու (2 Տիմոթ. 3։12)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Հիսուսին հավատալու և նրա հետևորդը դառնալու համար հալածվե՞լ ես։ Հնարավոր է՝ ընկերներդ ու հարազատներդ ծաղրել են քեզ և նույնիսկ թշնամաբար վարվել քեզ հետ։ Կամ՝ գուցե ամեն ինչում ազնիվ լինելու քո վճռականության պատճառով խնդիրներ ես ունեցել աշխատավայրում (Եբր. 13։18)։ Կամ էլ թերևս քարոզչական ծառայությանը մասնակցելիս պետական պաշտոնյաների կողմից խոչընդոտների ես հանդիպել։ Պողոսն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ դժվարության կբախվենք, պետք է ուրախ լինենք։ Ինչո՞ւ։
11. Ինչո՞ւ պետք է վճռական լինենք հաղթահարելու ցանկացած դժվարություն։
11 Փորձությունների միջով անցնելիս կարող ենք ուրախանալ՝ մտածելով, թե ինչ օգուտ է այն մեզ տալու։ Ինչպես Հռոմեացիներ 5։3-ում է ասվում, «նեղությունը տոկունություն է առաջ բերում»։ Բոլոր քրիստոնյաներն էլ դժվարություններ են ունենալու, ուստի բոլորս էլ պետք է տոկուն լինենք, այսինքն՝ վճռական դիմանալու ցանկացած փորձության։ Միայն այդ դեպքում մեր հույսը իրականություն կդառնա։ Մենք չենք ուզում լինել այն մարդկանց պես, ում նկատի ուներ Հիսուսը, երբ խոսեց ժայռոտ տեղերում ընկած սերմերի մասին։ Թեև նրանք սկզբում ուրախությամբ ընդունեցին խոսքը, բայց երբ «նեղություն կամ հալածանք սկսվեց», գայթակղվեցին (Մատթ. 13։5, 6, 20, 21)։ Այսպիսով՝ հակառակության բախվելը կամ դժվարությունների և նեղությունների միջով անցնելը ոչ հեշտ է, ոչ էլ հաճելի, բայց երբ դիմանում ենք, մնայուն օգուտներ ենք քաղում։ Ի՞նչ օգուտների մասին է խոսքը։
12. Փորձություններին դիմանալով՝ ի՞նչ օգուտներ ենք քաղում։
12 Հակոբոս աշակերտը նշել է, թե փորձություններին դիմանալով՝ ինչ օգուտներ ենք ստանում։ Նա գրել է. «Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակ. 1։2-4)։ Հակոբոսը ասում է, որ տոկունությունը կարծես որևէ գործ է անում կամ նպատակ է իրագործում։ Այն կարող է օգնել քեզ լինել ավելի համբերատար, ավելի մեծ հավատ ունենալ և ավելի շատ վստահել Աստծուն։ Սակայն դժվարություններին դիմանալու արդյունքում մի կարևոր օգուտ էլ ենք ստանում։
13-14. Ի՞նչ ենք ձեռք բերում տոկունության արդյունքում, և դա ինչպե՞ս է կապված հույսի հետ (Հռոմեացիներ 5։4)։
13 Կարդա Հռոմեացիներ 5։4։ Պողոսը նշել է, որ տոկունությունը «հավանություն» է առաջ բերում, այսինքն՝ դիմանալով որևէ դժվարության՝ Աստծու հավանությանն ես արժանանում։ Սա չի նշանակում, որ Եհովային հաճելի է, երբ դու որևէ դժվարություն կամ փորձություն ես ունենում։ Նա հավանություն է տալիս քեզ, ոչ թե քո դժվարությանը, իսկ Աստծու հավանությունը ունենալը իսկապես որ մեծ օրհնություն է (Սաղ. 5։12)։
14 Հիշենք, որ Աբրահամը բազմաթիվ դժվարությունների միջով անցավ, և քանի որ հավատարիմ մնաց, արժանացավ Եհովայի հավանությանը։ Եհովան նրան իր ընկերոջ պես էր վերաբերվում և արդար էր համարում (Ծննդ. 15։6; Հռոմ. 4։13, 22)։ Մեր պարագայում էլ է այդպես։ Մենք Աստծու հավանությանն ենք արժանանում ոչ թե այն բանի համար, թե որքան ենք ծառայում կամ ինչ պատասխանատվություններ ունենք, այլ որ հավատարմորեն դիմանում ենք դժվարություններին։ Անկախ մեր տարիքից, հանգամանքներից կամ կարողություններից՝ բոլորս էլ կարող ենք դիմանալ։ Եթե այժմ դժվարությունների միջով ես անցնում և հավատարմորեն դիմանում ես, ապա մխիթարվիր այն մտքից, որ ունես Աստծու հավանությունը։ Այդ բանի գիտակցումը կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա և ամրացնել մեր հույսը։
ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ՀՈՒՅՍ
15. Ի՞նչ է Պողոս առաքյալը գրել Հռոմեացիներ 5։4, 5 համարներում, և ինչո՞ւ դա կարող է շփոթության մեջ գցել ոմանց։
15 Ինչպես Պողոսը բացատրեց, դժվարություններին հավատարմորեն դիմանալով՝ մենք Եհովայի հավանությունն ենք ստանում։ Պողոսը նաև նշել է. «Հավանությունը [առաջ է բերում] հույս, իսկ հույսը չի հիասթափեցնում» (Հռոմ. 5։4, 5)։ Այս միտքը գուցե ոմանց շփոթության մեջ գցի։ Ինչո՞ւ։ Քանի որ ավելի վաղ Հռոմեացիներ 5։2-ում Պողոսը նշել էր, որ Հռոմի քրիստոնյաները արդեն իսկ ունեին հույս՝ «Աստծու փառքի հույսը»։ Ուստի կարող է տրամաբանական հարց առաջանալ. «Ինչո՞ւ է Պողոսը ևս մեկ անգամ հիշատակում հույսի մասին»։
16. Ինչպե՞ս է հույսը ամրանում (տես նաև նկարները)։
16 Պողոսի ասածը ավելի հեշտ կլինի հասկանալ, եթե հիշենք, որ հույսը ժամանակի ընթացքում ամրանում է։ Օրինակ՝ հիշո՞ւմ ես՝ ինչ զգացիր, երբ առաջին անգամ լսեցիր Աստծու Խոսքում գրված հրաշալի հույսի մասին։ Այդ ժամանակ դրախտ երկրի վրա հավիտյան ապրելու հույսը գուցե պարզապես երազանք թվաց քեզ։ Սակայն որքան շատ բան իմացար Եհովայի և նրա խոստումների մասին, այնքան ավելի մեծ համոզվածությամբ լցվեցիր, որ այդ հույսը իրականություն կդառնա։
17. Նվիրումից և մկրտությունից հետո քո հույսը ինչպե՞ս է շարունակում ամրանալ։
17 Քո նվիրումից և մկրտությունից հետո էլ է հույսդ շարունակել ամրանալ, քանի որ ավելին ես իմացել Եհովայի մասին և հոգևորապես աճել ես (Եբր. 5։13-6։1)։ Հավանաբար՝ դու էլ ես զգացել այն, ինչ գրված է Հռոմեացիներ 5։2-4-ում։ Դու տարբեր դժվարություններ ես ունեցել, բայց հաղթահարել ես դրանք և զգացել ես, որ ունես Աստծու հավանությունը։ Դրա շնորհիվ ավելի մեծ համոզվածությամբ ես լցվել, որ Աստծու խոստումները կիրականանան։ Այդպիսով ժամանակի ընթացքում հույսդ մեծացել է։ Այն ավելի իրական է դարձել քեզ համար և ավելի մեծ ազդեցություն ունի քեզ վրա։ Այդ հույսը արտացոլվում է կյանքիդ բոլոր բնագավառներում և անդրադառնում այն հարցերի վրա, թե ինչպես ես վերաբերվում ընտանիքիդ անդամներին, որոշումներ կայացնում և տնօրինում ժամանակդ։
18. Ի՞նչ հավաստիացում է տալիս Եհովան։
18 Պողոս առաքյալը մի կարևոր միտք էլ է ընդգծում։ Նա ասում է, որ Աստծու հավանությունը ստանալուց հետո քո հույսը կիրականանա։ Ինչո՞ւ կարող ես համոզված լինել դրանում։ Քանի որ Եհովան Պողոսի միջոցով հետևյալ հավաստիացումն է տվել. «Հույսը չի հիասթափեցնում, որովհետև Աստծու սերը հորդել է մեր սրտերի մեջ սուրբ ոգու միջոցով, որը տրվեց մեզ» (Հռոմ. 5։5)։ Ուստի կարող ես համոզված լինել, որ այդ հույսը՝ քո հույսը, իրականություն կդառնա։
19. Քո հույսի հետ կապված ինչո՞ւմ կարող ես համոզված լինել։
19 Մտածիր այն խոստման շուրջ որ Եհովան տվել էր Աբրահամին, ինչպես նաև այն մասին, որ Եհովան նրան իր հավանությանն էր արժանացրել և իր ընկերն էր համարում։ Ինչպես տեսնում ենք աստվածաշնչյան հետևյալ արձանագրությունից, Աբրահամի հույսը իրականություն դարձավ. «Համբերությամբ սպասելուց հետո Աբրահամը ստացավ այս խոստումը» (Եբր. 6։15; 11։9, 18; Հռոմ. 4։20-22)։ Հաստատ կարող ենք ասել, որ նա չի հիասթափվել։ Դու էլ կարող ես համոզված լինել, որ եթե հավատարիմ մնաս, քո հույսն էլ կիրականանա։ Այո՛, քո հույսը իրական է, այն ուրախության պատճառ է, ոչ թե հիասթափության (Հռոմ. 12։12)։ Պողոսը գրել է. «Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով» (Հռոմ. 15։13)։
ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում
a Հոդվածում կքննենք, թե ինչ հույս ունեն բոլոր քրիստոնյաները, և ինչու կարող ենք համոզված լինել, որ այն կիրականանա։ Հռոմեացիներ 5-րդ գլուխը կօգնի մեզ տեսնել, որ այժմ մենք ավելի մեծ հույս ունենք, քան այն ժամանակ, երբ նոր էինք իմացել ճշմարտությունը։