Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբեք չեմ դադարել սովորելուց

Երբեք չեմ դադարել սովորելուց

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ եմ Եհովային, որ պատվի է արժանացրել ինձ՝ լինելով իմ «Մեծագույն Ուսուցիչը» (Ես. 30։20)։ Նա իր Խոսքի՝ Աստվածաշնչի, զարմանահրաշ ստեղծագործության և իր կազմակերպության միջոցով ուսուցանում է իրեն երկրպագողներին։ Նա դա անում է նաև մեր հոգևոր եղբայրների ու քույրերի միջոցով։ Ես մոտ մեկ դար կյանք եմ ապրել, բայց շարունակում եմ օգուտներ քաղել Եհովայի տրամադրած կրթության այս բոլոր ձևերից։ Պատմեմ, թե ինչպես։

1948թ.-ին՝ ընտանիքիս հետ

Ծնվել եմ 1927թ.-ին Չիկագոյի մոտ գտնվող մի փոքր քաղաքում (Իլինոյս, ԱՄՆ)։ Մենք հինգ երեխա էինք՝ Ջեթան, Դոնը, ես, Կարլը ու Ջոյը։ Բոլորս վճռել էինք ողջ սրտով ծառայել Եհովային։ Ջեթան 1943-ին սովորեց «Գաղաադի» երկրորդ դասարանում։ Դոնը 1944-ին, Կարլը 1947-ին, իսկ Ջոյը 1951-ին հրավիրվեցին Բրուքլինի Բեթել։ Նրանք, ինչպես նաև ծնողներս, իրենց օրինակով դրական ազդեցություն թողեցին ինձ վրա։

ԸՆՏԱՆԻՔՍ ԻՄԱՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայրս ու մայրս ընթերցում էին Աստվածաշունչը ու սիրում էին Աստծուն և մեր՝ երեխաներիս մեջ նույնպես սեր էին սերմանում նրա հանդեպ։ Հայրս, սակայն, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում զինվորական լինելուց հետո կորցրել էր եկեղեցու նկատմամբ հարգանքը։ Մայրս անչափ շնորհակալ էր Աստծուն, որ հայրս ողջ էր մնացել ու վերադարձել էր տուն, ուստի ասաց նրան. «Կա՛րլ, արի առաջվա պես եկեղեցի գնանք»։ Հայրս պատասխանեց. «Ես կուղեկցեմ քեզ այնտեղ, բայց ինքս չեմ մտնի»։ Մայրս հարցրեց. «Ինչո՞ւ»։ Հայրս պատասխանեց. «Պատերազմի ընթացքում նույն կրոնին պատկանող, բայց իրար դեմ կռվող երկրների հոգևորականները օրհնում էին զինվորներին և նրանց զենքերը։ Ի՞նչ է, Աստված երկուսի կո՞ղմն էր»։

Մի օր, երբ մայրս եկեղեցում էր, երկու Եհովայի վկաներ թակեցին մեր դուռը։ Նրանք հորս առաջարկեցին Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված «Լույս» երկհատոր ձեռնարկը, որում «Հայտնություն» գրքից մտքեր էին քննարկվում։ Հորս հետաքրքրեց, և նա վերցրեց դրանք։ Երբ մայրս տուն եկավ, տեսավ այդ գրքերը ու սկսեց կարդալ։ Մի օր մայրս տեղի թերթից իմացավ, որ հետաքրքրվող մարդկանց առաջարկում են «Լույս» ձեռնարկի միջոցով ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա որոշեց գնալ։ Երբ գնաց նշված հասցեով, դուռը բացեց իրենից տարիքով մեծ մի կին։ Մայրս, որի ձեռքին գրքերն էին, հարցրեց. «Այստե՞ղ է ուսումնասիրություն անցկացվում»։ «Այո՛, անուշի՛կս,– պատասխանեց այդ կինը,– ներս արի»։ Հաջորդ շաբաթ մայրս մեզ՝ երեխաներիս, տարավ իր հետ, և դրանից հետո մենք կանոնավոր գնում էինք այնտեղ։

Մի անգամ ուսումնասիրություն անցկացնողը խնդրեց ինձ կարդալ Սաղմոս 144։15-ը, որտեղ ասվում է, որ Եհովային պաշտողները երջանիկ են։ Ինձ տպավորեցին այդ խոսքերը, ինչպես նաև 1 Տիմոթեոս 1։11-ը, որտեղ գրված է, որ Եհովան «երջանիկ Աստված» է, և Եփեսացիներ 5։1-ը, որում հորդոր է տրվում «ընդօրինակել Աստծուն»։ Հասկացա, որ ինչ էլ իմ Ստեղծչի համար անեմ, պետք է ուրախությամբ անեմ, և որ պետք է շնորհակալություն հայտնեմ նրան իրեն ծառայելու պատվին արժանացնելու համար։ Այս երկու բաները ձգտել եմ անել ողջ կյանքիս ընթացքում։

Մեզ ամենամոտ ժողովը Չիկագոյում էր՝ մեզնից 32կմ (20 մղոն) հեռու։ Այնուամենայնիվ, մենք հաճախում էինք հանդիպումներին, և աստվածաշնչյան գիտելիքներս ավելանում էին։ Հիշում եմ՝ մի անգամ քննարկման ժամանակ հանդիպումն անցկացնողը հարց տվեց, և Ջեթան ձեռք բարձրացրեց ու մեկնաբանություն արեց։ Նրան լսելուց հետո մտածեցի. «Ես գիտեի դա, ես էլ կարող էի ձեռք բարձրացնել ու մեկնաբանել»։ Դրանից հետո սկսեցի պատրաստվել ժողովին և մեկնաբանություններ անել։ Մենք հոգևորապես առաջադիմեցինք, և 1941թ.-ին ես մկրտվեցի։

ԵՀՈՎԱՅԻՑ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Ինձ համար հատկապես հիշարժան է եղել 1942թ. համաժողովը, որն անցկացվեց Քլիվլենդում (Օհայո)։ Ծրագրին հեռախոսով միացել էին Միացյալ Նահանգների ավելի քան 50 վայրերից։ Եղբայրները համաժողովի անցկացման տարածքի մոտ վրաններ էին կանգնեցրել։ Մենք այլ ընտանիքների հետ այնտեղ էինք ապրում։ Այդ ժամանակ մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, ու Եհովայի վկաների նկատմամբ հալածանքը ուժգնանում էր։ Երեկոյան եղբայրները մեքենաները այնպես էին կայանել, որ լուսարձակները ուղղված լինեին ճամբարից դուրս։ Պայմանավորվել էին, որ յուրաքանչյուր մեքենայի մեջ լինի մեկը, ով գիշերվա ընթացքում կհսկի։ Եթե եղբայրները ինչ-որ վտանգ նկատեին, պետք է միացնեին մեքենայի հեռահար լույսերը, որ կուրացնեին մոտեցողներին, և ձայնային ազդանշան տային։ Այդպես մյուսները կկարողանային օգնության հասնել։ Ես մտածեցի. «Եհովայի ժողովուրդը պատրաստված է ամեն ինչի համար»։ Դա ինձ վստահությամբ լցրեց, ու ես հանգիստ քնեցի։ Ոչ մի վատ բան տեղի չունեցավ։

Տարիներ անց մտածելով այդ համաժողովի մասին՝ հիշեցի, որ մայրս անհանգստության ու վախի նշույլ անգամ չէր ցուցաբերում։ Նա լիովին վստահում էր Եհովային ու նրա կազմակերպությանը։ Երբեք չեմ մոռանա նրա հիանալի օրինակը։

Այդ համաժողովից կարճ ժամանակ առաջ մայրս սկսել էր ռահվիրա ծառայել, ուստի հատուկ ուշադրություն էր դարձնում այն ելույթներին, որոնցում խոսվում էր լիաժամ ծառայության մասին։ Տունդարձի ճանապարհին նա ասաց. «Ուզում եմ շարունակել ռահվիրայությունս, բայց չեմ կարող և՛ դա անել, և՛ տան գործերը հասցնել»։ Հետո հարցրեց, թե արդյոք կօգնենք իրեն։ Մենք ասացինք՝ այո՛։ Մայրս յուրաքանչյուրիս հանձնարարեց նախաճաշից առաջ մեկ կամ երկու սենյակ մաքրել։ Երբ մենք դպրոց էինք գնում, նա ստուգում էր, թե արդյոք տունը մաքուր է, և հետո գնում էր ծառայության։ Մայրս շատ զբաղված էր, բայց երբեք չէր անտեսում մեզ։ Երբ ճաշին կամ դպրոցից հետո տուն էինք գալիս, նա միշտ տանն էր լինում։ Որոշ օրերի դպրոցից հետո միասին գնում էինք ծառայության։ Դա օգնեց մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում ռահվիրա լինել։

ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԿՍՈՒՄ

16 տարեկանում ռահվիրայություն սկսեցի։ Թեև հայրս դեռ Վկա չէր, բայց հետաքրքրվում էր՝ ինչպես է անցնում ծառայությունս։ Մի երեկո նրան պատմեցի, որ չնայած ջանքերիս՝ ոչ ոք չցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի փոքր դադարից հետո հարցրի. «Կուզե՞ս միասին ուսումնասիրենք»։ Նա մի պահ մտածեց ու ասաց. «Պատճառ չունեմ մերժելու»։ Այո՛, առաջին մարդը, ում Աստվածաշունչ ուսուցանեցի, հայրս էր։ Դա մեծ պատիվ էր ինձ համար։

Մենք ուսումնասիրում էինք «Ճշմարտությունը կազատի ձեզ» գրքի միջոցով։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ հորս հետ ուսումնասիրությունը օգնում է, որ ավելի խորությամբ ուսումնասիրեմ Աստվածաշունչը և ավելի լավ ուսուցիչ դառնամ։ Օրինակ՝ մի անգամ պարբերությունը կարդալուց հետո նա ասաց. «Հասկանում եմ՝ ինչ է գրված գրքում, բայց ինչո՞ւ ես համոզված, որ գրվածը ճիշտ է»։ Ես պատրաստ չէի այդ հարցին, ուստի ասացի. «Հիմա չեմ կարող պատասխանել քո հարցին, բայց մեր հաջորդ ուսումնասիրությանը կպատասխանեմ»։ Այդպես էլ արեցի. մեր քննարկած մտքին թիկունք կանգնող աստվածաշնչյան համարներ գտա։ Դրանից հետո սկսեցի ավելի լավ պատրաստվել ուսումնասիրությանը և սովորեցի փնտրտուքներ անել։ Դա մեծապես նպաստեց իմ և հորս հոգևոր աճին։ Նա կիրառում էր իր սովորածը և ի վերջո 1952թ.-ին մկրտվեց։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԲԵԹԵԼՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԻՍ

17 տարեկանում սկսեցի առանձին ապրել։ Ջեթան a դարձավ միսիոներ, իսկ Դոնը՝ Բեթելցի։ Երկուսն էլ սիրում էին իրենց ծառայությունը, և դա ինձ շատ էր քաջալերում։ Ուստի ես թե՛ Բեթելում ծառայելու, թե՛ «Գաղաադում» սովորելու դիմում գրեցի և թողեցի, որ Եհովան որոշի՝ որտեղ ծառայեմ։ 1946թ.-ին հրավիրվեցի Բեթել։

Տարիների ընթացքում տարբեր հանձնարարություններ եմ կատարել Բեթելում և նորանոր բաներ եմ սովորել։ 75 տարվա ծառայության ընթացքում սովորեցի գրքեր տպել և հաշվապահություն անել։ Նաև սովորեցի ներմուծման և արտահանման գործը։ Բայց ամենից առավել ես վայելում եմ այն հոգևոր կրթությունը, որ Բեթելը տրամադրում է առավոտյան երկրպագության և Աստվածաշնչի վրա հիմնված դասախոսությունների միջոցով։

Դասավանդում եմ երեցների դպրոցում

Ես շատ բան սովորեցի նաև իմ փոքր եղբորից՝ Կարլից, ով Բեթել եկավ 1947թ.-ին։ Նա Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրող էր և հիանալի ուսուցիչ։ Մի անգամ, երբ ինձ հանձնարարեցին ելույթ ներկայացնել, նրանից խորհուրդ հարցրի։ Նրան ասացի, որ շատ նյութեր եմ գտել, բայց չեմ կողմնորոշվում, թե ինչպես օգտվել դրանցից։ Եղբայրս ինձ մի հարց տվեց. «Ջոել, ո՞րն է ելույթիդ թեման»։ Անմիջապես գլխի ընկա՝ ինչ է ուզում ասել։ Ես պետք է օգտագործեի այն նյութերը, որոնք վերաբերում էին բուն թեմային, և ավելորդ տեղեկություն չներառեի։ Այդ դասը երբեք չեմ մոռանա։

Բեթելում երջանիկ լինելու համար պետք է լիարժեքորեն մասնակցենք քարոզչությանը, ինչի արդյունքում կարող են քաջալերիչ դեպքեր լինել։ Այդպիսի դեպքերից մեկը, որ լավ հիշում եմ, եղավ մի երեկո Բրոնքսում (Նյու Յորք)։ Ես ու մի եղբայր այցելեցինք մի կնոջ, ում «Դիտարան» և «Արթնացե՛ք» էին տվել։ Մենք ներկայացանք և ասացինք. «Այս երեկո մարդկանց հետ Աստվածաշնչից ոգևորիչ թեմաների շուրջ ենք զրուցում»։ Նա պատասխանեց. «Դե որ Աստվածաշնչից եք խոսում, ներս եկեք»։ Մենք Աստծու թագավորության և գալիք նոր աշխարհի մասին մի քանի համարներ քննարկեցինք։ Դա ակներևաբար տպավորեց նրան, որովհետև նա իր ընկերներից մի քանիսին հրավիրեց հաջորդ շաբաթ միանալ մեզ։ Հետագայում նա և իր ամուսինը Եհովային հավատարիմ ծառաներ դարձան։

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԿՆՈՋԻՑՍ

Մոտ 10 տարի կողակից էի փնտրում, մինչև որ հանդիպեցի ապագա կնոջս։ Ի՞նչն օգնեց ինձ համապատասխան կողակից գտնել։ Ես աղոթեցի ու մտածեցի. «Ի՞նչ եմ ուզում անել ամուսնությունից հետո»։

Մերիի հետ՝ շրջանային ծառայության մեջ

1953թ.-ին «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցած համաժողովին հանդիպեցի Մերի Անյոլ անունով մի քրոջ։ Նա ու Ջեթան սովորել էին Գաղաադի երկրորդ դասարանում, և նա քրոջս հետ միսիոներ էր ծառայել։ Մերին ինձ մեծ եռանդով պատմում էր Կարիբյան երկրներում իր միսիոներական ծառայության մասին, ինչպես նաև այն մարդկանց մասին, ում հետ տարիների ընթացքում Աստվածաշունչ էր ուսումնասիրել։ Երբ սկսեցինք ավելի լավ ճանաչել իրար, հասկացանք, որ նույն հոգևոր նպատակներն ունենք։ Մեր սերն ավելի խորացավ, և 1955-ի ապրիլին մենք ամուսնացանք։ Մերին տարբեր կերպերով փաստել է, որ Եհովայի կողմից տրված պարգև է ինձ համար և արժանի է ընդօրինակման։ Ինչ նշանակում էլ որ ունեցել է, միշտ ուրախ է եղել։ Նա ջանասեր էր, սրտանց հոգ էր տանում ուրիշների համար և Թագավորության շահերը նրա կյանքում միշտ առաջնային էին (Մատթ. 6։33)։ Երեք տարի շրջանային ծառայության մեջ եղանք, իսկ 1958թ.-ին երկուսով հրավիրվեցինք Բեթել։

Մերիից շատ բան եմ սովորել։ Երբ նոր էինք ամուսնացել, որոշեցինք միասին Աստվածաշունչ ընթերցել՝ օրական 15 համար։ Մեկս կարդում էր համարները, իսկ հետո միասին վերլուծում էինք դրանք և քննարկում, թե ինչպես կիրառենք մեր կյանքում։ Մերին հաճախ հետաքրքիր մտքեր էր ասում «Գաղաադ» դպրոցից և իր միսիոներական ծառայությունից։ Այսպիսի զրույցները խորացրին իմ ըմբռնողականությունը և օգնեցին բարելավել ելույթներս ու քույրերին քաջալերելու հմտությունս (Առակ. 25։11

Իմ սիրելի Մերին մահացավ 2013թ.-ին։ Որքա՜ն եմ փափագում տեսնել նրան նոր աշխարհում։ Միևնույն ժամանակ վճռել եմ շարունակել սովորել Եհովայից և ողջ սրտով վստահել նրան (Առակ. 3։5, 6)։ Ես մխիթարվում և ուրախությամբ եմ լցվում, երբ խորհում եմ այն մասին, թե Եհովայի ժողովուրդն ինչ է անելու նոր աշխարհում։ Մենք նոր բաներ ենք իմանալու մեր Մեծագույն Ուսուցչի մասին և սովորելու ենք նրանից։ Խոսքերով չեմ կարող արտահայտել երախտագիտությունս Եհովայի ցուցաբերած անզուգական բարության և այն բոլոր բաների համար, որ նա սովորեցրել է ինձ։

a Ջեթա Սունալի կենսագրությունը տես «Դիտարանի» 2003թ. մարտի 1-ի համարում (էջ 23-29)։