Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49

ԵՐԳ 147 Խոստացված հավիտենական կյանքը

Հավիտենական կյանքի բանալին

Հավիտենական կյանքի բանալին

«Ամեն ոք, ով ընդունում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա» (ՀՈՎՀ. 6։40

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները և ուրիշ ոչխարները օգուտ քաղում Հիսուս Քրիստոսի զոհից։

1. Ի՞նչ են շատերը մտածում հավիտյան ապրելու մասին։

 ՇԱՏ մարդիկ առողջ մնալու համար հետևում են իրենց սննդակարգին և կանոնավորաբար մարզվում են։ Այնուամենայնիվ, նրանք չեն ակնկալում, որ հավիտյան կապրեն։ Նրանք անիրական են համարում հավիտենական կյանքը և ծերության բերած տառապանքի պատճառով չեն էլ ցանկանում հավիտյան ապրել։ Սակայն, ինչպես իմանում ենք Հովհաննես 3։16 և 5։24 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերից, հավիտենական կյանքը իրական է։

2. Հովհաննես 6։39, 40 համարներում ի՞նչ է ասվում հավիտենական կյանքի մասին։

2 Մի անգամ Հիսուսը հրաշք գործեց և հացով ու ձկով կերակրեց հազարավորների։ a Դա, ինչ խոսք, զարմանալի էր, բայց այն, ինչ նա ասաց հաջորդ օրը հավաքված մարդկանց, ավելի շատ զարմացրեց նրանց։ Նրանք Հիսուսի հետևից գնացել էին Կափառնայում՝ Գալիլեայի ափի մոտ։ Այնտեղ նա խոսեց այն մասին, որ մարդիկ կարող են հարություն առնել և վայելել կյանքը հավիտյան (կարդա Հովհաննես 6։39, 40)։ Նրա ասածներն ի մտի ունենալով՝ խորհիր քո այն ընկերների ու հարազատների մասին, որոնք մահացել են։ Հիսուսի խոսքերը վստահեցնում են, որ մահացածներից շատերը կյանքի կկոչվեն, և դու նրանց հետ կկարողանաս երջանիկ ապրել հավիտյան։ Սակայն շատերը դժվարանում են հասկանալ Հովհաննես 6-րդ գլխում գրված Հիսուսի հետագա խոսքերը։ Եկեք ուսումնասիրենք դրանք։

3. Հիսուսն ի՞նչ հայտնեց իր մասին (Հովհաննես 6։51

3 Կափառնայումում հավաքված մարդիկ գլխի ընկան, որ Հիսուսի՝ հրաշքով տված հացերի և Եհովայի՝ իրենց նախահայրերին տված մանանայի միջև կապ կա։ Սուրբ Գրվածքներում մանանան կոչվում է «երկնային հաց» (Սաղ. 105։40; Հովհ. 6։31)։ Հիսուսը հիշատակեց մանանան, որ ժողովրդին մի շատ կարևոր բան սովորեցնի։ Թեպետ այն Աստծուց հրաշքով տրված ուտելիք էր, այնուամենայնիվ, նրանք, ովքեր կերան դրանից, ի վերջո մահացան (Հովհ. 6։49)։ Սակայն Հիսուսն ինքն իրեն կոչեց «ճշմարիտ հաց.... երկնքից», «Աստծու հացը» ու «կյանքի հացը» և ընդգծեց իր ու մանանայի միջև եղած հիմնական տարբերությունը (Հովհ. 6։32, 33, 35)։ Հետո ավելացրեց. «Ես եմ կենդանի հացը, որ իջել է երկնքից։ Եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի» (կարդա Հովհաննես 6։51)։ Հրեաները տարակուսել էին. ինչպե՞ս կարող էր Հիսուսը պնդել, որ երկնքից եկած «հաց» է և իրենց նախահայրերին հրաշքով տրված մանանայից գերազանց է։ Հիսուսն ասաց. «Այդ հացը իմ մարմինն է»։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Այս հարցի պատասխանն իմանալը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն բացահայտում է, թե ինչպես կարող ենք մենք և մեր սիրելիները հավիտենական կյանք ունենալ։ Եկեք տեսնենք, թե Հիսուսի խոսքերում ինչ իմաստ կա թաքնված։

ԿԵՆԴԱՆԻ ՀԱՑՆ ՈՒ ԻՐ ՄԱՐՄԻՆԸ

4. Ինչո՞ւ ոմանք զարմացան Հիսուսի խոսքերից։

4 Հիսուսի ունկնդիրներից ոմանք ապշեցին, երբ նա ասաց, որ իր «մարմինը.... տալու է, որպեսզի աշխարհը կյանք ունենա»։ Թերևս նրանք մտածեցին, թե նա ուզում է, որ իր բառացի մարմինը ուտեն, ինչը մարդակերություն կլիներ (Հովհ. 6։52)։ Ապա նա առավել ապշեցուցիչ բան ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ստանա» (Հովհ. 6։53

5. Ինչո՞ւ ենք համոզված, որ Հիսուսը չէր խոսում իր բառացի մարմինն ուտելու և արյունը խմելու մասին։

5 Դեռևս Նոյի օրերում Աստված մարդկանց արգելել էր արյուն ուտել (Ծննդ. 9։3, 4)։ Հետագայում Եհովան կրկնել էր այդ արգելքը Իսրայելին տված իր Օրենքում։ Ցանկացած մարդ, ով արյուն ուտեր, պետք է «վերացվեր իր ժողովրդի միջից» (Ղևտ. 7։27)։ Հիսուսը հնազանդվում էր Օրենքին (Մատթ. 5։17-19)։ Ուստի անտրամաբանական է մտածել, որ նա հրեաներին կհորդորեր ուտել իր բառացի մարմինը և խմել իր երակներում հոսող արյունը։ Իրականում այդ արտասովոր խոսքերով Հիսուսը սովորեցնում էր մարդկանց, թե ինչպես կարող են «հավիտենական կյանք» ստանալ (Հովհ. 6։54

6. Ի՞նչ իմաստով ենք հասկանում մարմինը ուտելու և արյունը խմելու մասին Հիսուսի խոսքերը։

6 Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Նա, անկասկած, այդ խոսքերը փոխաբերական իմաստով էր ասում, ինչպես դա արել էր սամարուհու հետ զրուցելիս։ Նա ասել էր. «Ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի։ Իմ տված ջուրը աղբյուր կդառնա նրա մեջ, որը կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհ. 4։7, 14 b Հիսուսը նկատի չէր ունեցել, որ սամարուհին հավիտյան կապրեր, եթե պարզապես հատուկ ջրհորից ջուր խմեր։ Նմանապես՝ Կափառնայումում հավաքված մարդկանց հետ խոսելիս նա նկատի չուներ, որ նրանք հավիտյան կապրեն, եթե ուտեն իր բառացի մարմինն ու խմեն իր արյունը։

ԵՐԿՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Ի՞նչ կարծիք ունեն ոմանք Հիսուսի խոսքերի մասին՝ գրված Հովհաննես 6։53-ում։

7 Ոմանք պնդում են, որ Հովհաննես 6։53-ում գրված՝ մարմինը ուտելու և արյունը խմելու մասին Հիսուսի խոսքերը վերաբերում են այն բանին, թե ինչպես է հարկավոր նշել Տիրոջ ընթրիքը, քանի որ այդ երեկո նա նմանատիպ խոսքեր է ասել (Մատթ. 26։26-28)։ Ըստ նրանց՝ Տիրոջ ընթրիքին ներկա յուրաքանչյուր մարդ պետք է ուտի փոխանցվող հացից ու խմի գինուց։ Բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Այդ հարցի վերաբերյալ ճշմարտությունը շատ կարևոր է իմանալ, քանի որ ամեն տարի միլիոնավոր մարդիկ հավաքվում են մեզ հետ նշելու այդ իրադարձությունը։ Ուստի տեսնենք, թե ինչ տարբերություններ կան Հովհաննես 6։53-ում նշված խոսքերի և Տիրոջ ընթրիքի ժամանակ ասված խոսքերի միջև։

8. Ի՞նչ տարբերություններ կան երկու դեպքերի միջև (տես նաև նկարները)։

8 Ուշադրություն դարձնենք այդ դեպքերի միջև եղած երկու տարբերություններին։ Առաջին՝ ե՞րբ և որտե՞ղ Հիսուսն ասաց Հովհաննես 6։53-56 համարներում գրված խոսքերը։ Դրանք նա ասաց 32 թ.-ին Գալիլեայում՝ հրեաներից կազմված մի բազմության առաջ։ Դա Երուսաղեմում Տիրոջ ընթրիքը հաստատելուց մոտ մեկ տարի առաջ էր։Երկրորդ՝ ո՞ւմ էին ուղղված նրա խոսքերը։ Գալիլեայում նրա ունկնդիրների մեծ մասն այն մարդիկ էին, ում հետաքրքրում էին իրենց ֆիզիկական կարիքները, ոչ թե հոգևոր (Հովհ. 6։26)։ Երբ Հիսուսը նրանց դժվարհասկանալի բաներ ասաց, նրանք դադարեցին նրան հավատալուց։ Անգամ նրա աշակերտներից ոմանք դադարեցին հետևել նրան (Հովհ. 6։14, 36, 42, 60, 64, 66)։ Այս մարդիկ միանգամայն տարբերվում էին այն մարդկանցից, ովքեր 33 թ.-ին ներկա եղան Տիրոջ ընթրիքին։ Այդ երեկո Հիսուսի 11 հավատարիմ առաքյալները նրա հետ մնացին, թեև ամբողջությամբ չէին հասկանում նրա սովորեցրածները։ Ի տարբերություն Գալիլեայում հավաքված մարդկանց մեծամասնությանը՝ նրա առաքյալները համոզված էին, որ Հիսուսը Աստծու Որդին է և երկնքից է եկել (Մատթ. 16։16)։ Նա գովեց նրանց՝ ասելով. «Դուք հավատարմորեն ինձ հետ եք մնացել» (Ղուկ. 22։28)։ Միայն այս երկու տարբերությունները բավական են հերքելու համար այն պնդումը, որ Հովհաննես 6։53-ում գրված խոսքերը վերաբերում են Տիրոջ ընթրիքը նշելուն։ Սակայն ուրիշ տարբերություններ էլ կան։

Հովհաննես 6-րդ գլխում պատմվում է այն մասին, թե Գալիլեայում Հիսուսն ինչ ասաց բազմությանը (ձախ կողմում)։ Մեկ տարի անց նա Երուսաղեմում խոսում է իր հավատարիմ առաքյալներից կազմված փոքր խմբի հետ (աջ կողմում) (տես պարբերություն 8)


ՀԻՍՈՒՍԻ ԽՈՍՔԵՐԸ ՔԵԶ ԷԼ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

9. Ո՞ւմ են վերաբերում Տիրոջ ընթրիքի ժամանակ Հիսուսի ասած խոսքերը։

9 Տիրոջ ընթրիքի ընթացքում Հիսուսն իր առաքյալներին անթթխմոր հացեր տվեց և ասաց, որ դրանք խորհրդանշում են իր մարմինը։ Հետո նրանց գինի տվեց և ասաց, որ այն խորհրդանշում է իր արյունը, որով «վավերացվելու էր ուխտը» (Մարկ. 14։22-25; Ղուկ. 22։20; 1 Կորնթ. 11։24)։ Ուխտի վերաբերյալ Հիսուսի խոսքերը անչափ կարևոր են։ Նոր ուխտը կապվել է ոչ թե ողջ մարդկության, այլ «[հոգևոր] Իսրայելի» հետ՝ այն մարդկանց, ովքեր իշխելու են «Աստծու թագավորության մեջ» (Եբր. 8։6, 10; 9։15)։ Այդ ժամանակ առաքյալները չէին հասկանում նրա ասածը, բայց շուտով նրանք օծվելու էին սուրբ ոգով, նոր ուխտի մեջ էին մտնելու և Հիսուսի հետ լինելու էին երկնքում (Հովհ. 14։2, 3

10. Ուրիշ ի՞նչ տարբերություն կա Գալիլեայում Հիսուսի ասածների և Տիրոջ ընթրիքի ժամանակ նրա ասածների միջև (տես նաև նկարը)։

10 Նկատենք, որ Տիրոջ ընթրիքի ժամանակ Հիսուսը կենտրոնացավ «փոքր հոտի» վրա։ Այդ խմբի առաջին անդամները նրա առաքյալներն էին, ովքեր այդ պահին իր հետ էին (Ղուկ. 12։32)։ Առաքյալները, ինչպես նաև նրանք, ովքեր հետագայում կմիանային «փոքր հոտին», օգտվելու էին երկու խորհրդանիշներից՝ հացից ու գինուց։ Նրանք Հիսուսի հետ լինելու էին երկնքում։ Այն, ինչ այդ ժամանակ Հիսուսն ասաց իր առաքյալներին, մեծապես տարբերվում էր Գալիլեայում նրա ասածներից, որոնք վերաբերում էին մեծ թվով մարդկանց։

Ովքեր օգտվում են հացից ու գինուց, փոքր խումբ են կազմում, սակայն յուրաքանչյուր ոք կարող է հավիտենական կյանք ունենալ, եթե Հիսուսի հանդեպ հավատ դրսևորի (տես պարբերություն 10)


11. Ի՞նչ ասաց Հիսուսը Գալիլեայում, ինչից հասկանում ենք, որ նրա ասածը չի վերաբերում սահմանափակ թվով մարդկանց։

11 32թ.-ին Գալիլեայում Հիսուսի ասած խոսքերը հիմնականում ուղղված էին այն հրեաներին, ովքեր նրանից հաց էին ուզում։ Սակայն նա նրանց ուշադրությունը հրավիրեց մի բանի վրա, ինչը ավելի մեծ օգուտներ կբերեր, քան ֆիզիկական սնունդը։ Նա ցույց տվեց հավիտենական կյանքի դուռը բացող բանալին։ Հիսուսը նույնիսկ ասաց, որ նրանք, ովքեր մահացել են, կարող են հարություն առնել վերջին օրը և ապրել հավիտյան։ Ակնհայտ է, որ նա չէր խոսում սահմանափակ թվով մարդկանց մասին, ում մասին խոսեց Տիրոջ ընթրիքի ժամանակ։ Գալիլեայում նա խոսել էր հավիտենական կյանքի մասին, որը ստանալու հնարավորություն ունեն բոլոր մարդիկ։ Դա է պատճառը, որ նա ասաց. «Եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այդ հացը իմ մարմինն է. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6։51

12. Ի՞նչ է անհրաժեշտ հավիտենական կյանք ստանալու համար։

12 Հիսուսը Գալիլեայում հրեաներին չասաց, որ հավիտենական կյանք կունենան բոլոր մարդիկ՝ և՛ նրանք, ովքեր ապրել են մինչ այդ, և՛ նրանք, ովքեր ծնվելու են հետագայում։ Այդ օրհնությունը կվայելեն միայն նրանք, ովքեր «կուտեն այդ հացից», այսինքն՝ կհավատան Հիսուսին։ Շատերը կարծում են, որ կփրկվեն, եթե պարզապես հավատան Հիսուսին և նրան համարեն իրենց փրկիչը (Հովհ. 6։29)։ Նկատի առնենք, սակայն, որ Գալիլեայում հավաքվածներից ոմանք, ովքեր սկզբում հավատացին Հիսուսին, հեռացան նրանից։ Ո՞րն էր պատճառը։

13. Ի՞նչ է անհրաժեշտ Հիսուսի աշակերտը լինելու համար։

13 Մարդկանց մեծ մասը, ում Հիսուսը կերակրել էր, ուրախությամբ հետևում էր նրան, քանի դեռ նա տալիս էր այն, ինչ իրենք ուզում էին։ Նրանց հետաքրքրում էին հրաշքով բուժումները, ձրի ուտելիքը, ինչպես նաև Հիսուսի այն խոսքերը, որոնք համընկնում էին իրենց ակնկալիքներին։ Սակայն Հիսուսը ցույց տվեց, որ իր աշակերտներից ավելին է պահանջվում։ Նա երկիր չէր եկել պարզապես մարդկանց ցանկությունները բավարարելու համար։ Նրանք պետք է ընդունեին իր մոտ գալու նրա հրավերը և հնազանդվեին նրա սովորեցրածներին (Հովհ. 5։40; 6։44

14. Ի՞նչ պետք է անենք, որ օգուտներ քաղենք Հիսուսի զոհից։

14 Հիսուսը հավաքված մարդկանց հստակ ցույց տվեց հավատ դրսևորելու կարևորությունը։ Իսկ ինչի՞ հանդեպ. իր մարմնի և արյան քավիչ զորության հանդեպ, որոնք նա զոհաբերելու էր։ Նման հավատը կենսական էր այդ հրեաների համար։ Այն կենսական է նաև մեզ համար (Հովհ. 6։40)։ Ուստի Հովհաննես 6։53-ում գրված Հիսուսի խոսքերից հասկանում ենք, որ հավիտենական կյանք ունենալու համար պետք է հավատանք Հիսուսի զոհագործությանը։ Այս օրհնությունը կարող են վայելել անսահմանափակ թվով մարդիկ (Եփես. 1։7

15-16. Ի՞նչ կարևոր բաներ սովորեցինք Հովհաննես 6-րդ գլխից։

15 Հովհաննես 6-րդ գլխի արձանագրությունը մեծ արժեք ունի մեզ և մեր սիրելիների համար։ Դրանից երևում է, թե որքան բարի է Հիսուսը մարդկանց հանդեպ։ Գալիլեայում եղած ժամանակ նա բուժեց հիվանդներին, սովորեցրեց Աստծու թագավորության մասին և կերակրեց մարդկանց (Ղուկ. 9։11; Հովհ. 6։2, 11, 12)։ Իսկ, որ ավելի կարևոր է, նա սովորեցրեց, որ ինքն է «կյանքի հացը» (Հովհ. 6։35, 48

16 Նրանք, ում Հիսուսը կոչեց «ուրիշ ոչխարներ», ամեն տարի անցկացվող Տիրոջ ընթրիքին չեն օգտվում և չպետք է օգտվեն հացից ու գինուց (Հովհ. 10։16)։ Այնուամենայնիվ, նրանք մեծ օգուտ են քաղում Հիսուս Քրիստոսի «մարմնից ու արյունից»։ Նրանք փոխաբերական իմաստով են դա անում՝ հավատ դրսևորելով Հիսուսի քավիչ զոհի հանդեպ և արժևորելով դրա բերած օրհնությունները (Հովհ. 6։53)։ Ի տարբերություն նրանց՝ այն մարդիկ, ովքեր օգտվում են հացից ու գինուց, այդպիսով ցույց են տալիս, որ նոր ուխտի մեջ են և հույս ունեն ժառանգելու երկնային Թագավորությունը։ Հետևաբար անկախ նրանից՝ օծյալ ենք, թե «ուրիշ ոչխարների» խմբին ենք պատկանում, Հովհաննես 6-րդ գլխի արձանագրությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Դրանում ընդգծվում է այն միտքը, որ հավիտենական կյանք ստանալու համար հավատ դրսևորելը պարտադիր պայման է։

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

a Այս հրաշքը, որն արձանագրված է Հովհաննես 6։5-35 համարներում, քննարկվում է նախորդ հոդվածում։

b Ջուրը, որի մասին խոսեց Հիսուսը, խորհրդանշում է այն ամենը, ինչ Եհովան արել է և անում է, որպեսզի մարդիկ հավիտենական կյանք ունենան։