Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48

ԵՐԳ 97 Մարդ կապրի Աստծու Խոսքով

Հացերը շատացնելու հրաշքը

Հացերը շատացնելու հրաշքը

«Ե՛ս եմ կյանքի հացը։ Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա» (ՀՈՎՀ. 6։35

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս Հիսուսը շատացրեց հացն ու ձուկը բազմաքանակ ժողովրդի համար, և ի՞նչ ենք սովորում Հովհաննես 6-րդ գլխում արձանագրված այդ դեպքից։

1. Ի՞նչ նշանակություն ուներ հացը աստվածաշնչյան ժամանակներում։

 ՀԱՑԸ աստվածաշնչյան ժամանակներում մարդկանց հիմնական կերակուրն էր (Ծննդ. 14։18; Ղուկ. 4։4)։ Հացն այնքան կարևոր էր, որ Աստվածաշնչում «հաց» բառը երբեմն օգտագործվում է առհասարակ կերակուր մատնանշելու համար (Մատթ. 6։11)։ Հիսուսն իր հայտնի երկու հրաշքները գործելիս հաց օգտագործեց (Մատթ. 16։9, 10)։ Այդ արձանագրություններից մեկը կարդում ենք Հովհաննես 6-րդ գլխում։ Այն քննելիս մեզ համար գործնական դասեր կքաղենք։

2. Ի՞նչ իրավիճակում մարդկանց կերակրելու կարիք առաջացավ։

2 Երբ Հիսուսի առաքյալները քարոզչությունից հետո վերադարձան, Հիսուսը նրանց հետ նավակով անցավ Գալիլեայի ծովը, որպեսզի փոքր-ինչ հանգիստ առնեն (Մարկ. 6։7, 30-32; Ղուկ. 9։10)։ Նրանք գնացին Բեթսայիդայի տարածքում գտնվող մի մեկուսի վայր։ Սակայն շուտով հազարավոր մարդիկ հավաքվեցին այնտեղ։ Հիսուսը չանտեսեց նրանց։ Նա, բարություն դրսևորելով, ժամանակ հատկացրեց, որպեսզի նրանց սովորեցնի Թագավորության մասին և բուժի տարբեր հիվանդություններից։ Երբ արդեն ուշ էր, աշակերտները սկսեցին անհանգստանալ, որ այդ մարդիկ ուտելու բան չունեն։ Ոմանք թերևս մի քիչ կերակուր ունեին, սակայն նրանց մեծ մասը պետք է գնար գյուղեր և սնունդ գներ (Մատթ. 14։15; Հովհ. 6։4, 5)։ Ի՞նչ արեց Հիսուսը։

ՀԻՍՈՒՍԸ ՀՐԱՇՔՈՎ ՇԱՏԱՑՆՈՒՄ Է ՀԱՑԵՐԸ

3. Հիսուսն ի՞նչ հանձնարարեց իր առաքյալներին (տես նաև նկարը)։

3 Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Պետք չէ՝ գնան։ Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. 14։16)։ Բայց դա անհնար էր թվում, քանի որ այնտեղ մոտ 5000 տղամարդ կար, կանանց ու երեխաներին էլ հաշված՝ մոտ 15000 քաղցած մարդ (Մատթ. 14։21)։ Անդրեասն ասաց. «Այստեղ մի փոքրիկ տղա կա, որը հինգ գարեհաց և երկու փոքր ձուկ ունի։ Բայց դա ի՞նչ է այսքան շատ մարդկանց համար» (Հովհ. 6։9)։ Գարեհացը շատ տարածված ուտելիք էր աղքատների և այլ մարդկանց շրջանում։ Փոքր ձկները հավանաբար աղ դրված և չորացված էին։ Այնուամենայնիվ, տղայի ունեցածը չափազանց քիչ էր այդ բազմաքանակ ժողովրդին կերակրելու համար։

Հիսուսը ուշադիր էր մարդկանց թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական կարիքների հանդեպ (տես պարբերություն 3)


4. Ի՞նչ ենք սովորում Հովհաննես 6։11-13 համարներից (տես նաև նկարները)։

4 Հիսուսը ցանկանում էր հյուրասիրություն դրսևորել, ուստի ասաց ժողովրդին, որ խմբերով նստեն խոտերին (Մարկ. 6։39, 40; կարդա Հովհաննես 6։11-13)։ Ապա նա հացի և ձկան համար շնորհակալություն հայտնեց իր Հորը՝ դրանով ցույց տալով, որ Աստված է այդ կերակուրի Աղբյուրը, և որ ինքը երախտագետ է իր Հոր տվածի համար։ Աստծու Որդու լավ օրինակը հրաշալի հիշեցում է մեզ համար, որ ուտելուց առաջ աղոթենք՝ անկախ այն բանից, որտեղ ենք գտնվում, և ով կա մեր շուրջը։ Հետո Հիսուսն իր առաքյալների միջոցով բաժանեց սնունդը, և մարդիկ կերան ու կշտացան։ Ուտելիքն այնքան շատ էր, որ դեռ մի բան էլ մնաց։ Հիսուսը չցանկացավ դեն նետել մնացած ուտելիքը, ուստի ասաց, որ այն հավաքեն հետագայում օգտագործելու համար։ Նա հրաշալի օրինակ է թողել միջոցները իմաստնորեն օգտագործելու հարցում։ Եթե ծնող ես, երեխայիդ հետ ուսումնասիրիր այս արձանագրությունը և ընդգծիր, թե ինչ կարելի է սովորել աղոթքի, հյուրասիրության և առատաձեռնության մասին։

Մտածիր. «Հիսուսի պես աղոթո՞ւմ եմ ճաշից առաջ» (տես պարբերություն 4)


5. Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսի կատարած հրաշքին, և նա ի՞նչ արեց։

5 Մարդիկ շատ տպավորված էին Հիսուսի հրաշքներից և նրա ուսուցանելու ձևից։ Նրանք հիշում էին Մովսեսի խոսքերն այն մասին, որ Աստված մեծ մարգարե է ուղարկելու, ուստի թերևս մտածում էին. «Միգուցե Հիսո՞ւսն է այդ մարգարեն» (2 Օրենք 18։15-18)։ Նրանք գուցե կարծում էին, որ Հիսուսը հիանալի ղեկավար կլինի և սննդով կապահովի ողջ ժողովրդին։ Այդ պատճառով հավաքված ամբոխը ցանկացավ «բռնել [նրան], որպեսզի թագավոր դարձնի» (Հովհ. 6։14, 15)։ Սակայն եթե Հիսուսը թույլ տար, որ նման բան տեղի ունենա, նա մասնակցած կլիներ Հռոմի իշխանության տակ գտնվող հրեաների քաղաքական գործերին։ Ուստի նա անմասնակից մնաց այդ ամենին։ Աստծու Խոսքից իմանում ենք, որ Հիսուսը, խորագիտություն դրսևորելով, «լեռը գնաց»։ Նա, չնայած մարդկանց ճնշմանը, չներքաշվեց քաղաքականության մեջ։ Սա շատ կարևոր դաս է մեզ համար։

6. Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին (տես նաև նկարը)։

6 Մեզ իհարկե չեն խնդրի շատացնել հացը, հրաշքով հիվանդություններ բուժել կամ երկրի ղեկավար դառնալ։ Բայց գուցե դրդեն մասնակցել քաղաքական հարցերի՝ քվեարկելով որևէ թեկնածուի օգտին կամ թիկունք կանգնելով մի ղեկավարի, ով իրենց կարծիքով՝ կարող է բարեփոխումներ անել։ Սակայն Հիսուսի թողած օրինակը պարզ է։ Նա չցանկացավ առնչվել քաղաքական ոչ մի հարցի և հետագայում անգամ ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում» (Հովհ. 17։14; 18։36)։ Այսօր մենք՝ քրիստոնյաներս, ջանում ենք Հիսուսի պես մտածել և գործել։ Մենք հավատարիմ ենք մնում Աստծու թագավորությանը, ուրիշներին պատմում ենք դրա մասին և աղոթում, որ այն գա (Մատթ. 6։10)։ Այժմ անդրադառնանք Հիսուսի հրաշքին և տեսնենք, թե էլ ինչ կարող ենք սովորել։

Հիսուսը չներքաշվեց քաղաքականության մեջ՝ այդպիսով օրինակ լինելով մեզ համար (տես պարբերություն 6)


ՀԱՑԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

7. Ի՞նչ արեցին Հիսուսն ու առաքյալները (Հովհաննես 6։16-20

7 Մարդկանց կերակրելուց հետո Հիսուսը պատվիրեց իր առաքյալներին նավակով վերադառնալ Կափառնայում, իսկ ինքը գնաց լեռը՝ հեռանալով ամբոխից, որը ցանկանում էր իրեն թագավոր դարձնել (կարդա Հովհաննես 6։16-20)։ Երբ առաքյալները ծովում էին, հուժկու փոթորիկ բարձրացավ, և ուժգին քամին սկսեց ալեկոծել ջուրը։ Այդ ժամանակ Հիսուսը, ծովի վրայով քայլելով, մոտեցավ նրանց։ Նա նույնիսկ այնպես արեց, որ Պետրոս առաքյալն էլ ջրի վրայով քայլի (Մատթ. 14։22-31)։ Երբ Հիսուսը նավ մտավ, քամին դադարեց։ Առաքյալները ապշահար ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես» (Մատթ. 14։33 a Այնուամենայնիվ, նրանք չհասկացան այդ հրաշքի և հացերը շատացնելու հրաշքի միջև եղած կապը։ Մարկոսը պարզաբանում է. «Աշակերտներն ապշել էին. նրանք դեռ եզրակացություն չէին արել հացերի դեպքից, և նրանց մտքում դեռևս ամեն բան պարզ չէր» (Մարկ. 6։50-52)։ Աշակերտները չէին հասկանում, որ մարդկանց կերակրելու կարողությունը ընդամենը մի նշույլն էր այն ահռելի զորության, որը Եհովան տվել էր Հիսուսին։ Կարճ ժամանակ անց Հիսուսը հիշեցրեց այդ հրաշքի մասին և դրանով մեկ այլ կարևոր դաս սովորեցրեց։

8-9. Ինչո՞ւ էր ժողովուրդը փնտրում Հիսուսին (Հովհաննես 6։26, 27

8 Հիսուսի հրաշքին ականատես եղած մարդկանց հետագա քայլերը ցույց տվեցին, որ նրանք կենտրոնացած են իրենց ֆիզիկական կարիքներն ու ցանկությունները բավարարելու վրա։ Ի՞նչ արեցին նրանք։ Հաջորդ օրը, երբ նկատեցին, որ Հիսուսն ու առաքյալները հեռացել են, նավակներ նստեցին ու գնացին Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու (Հովհ. 6։22-24)։ Արդյո՞ք նրանք ցանկանում էին ավելին սովորել Թագավորության մասին։ Ո՛չ։ Նրանց գլխավոր մտահոգությունը իրենց քաղցը բավարարելն էր։

9 Ուշադրություն դարձնենք, թե ինչ եղավ, երբ մարդիկ գտան Հիսուսին։ Հիսուսը պարզ ասաց, որ նրանք եկել են իր հետևից՝ լոկ իրենց կարիքները բավարարելու համար։ Նա նշեց, որ նրանք կերան ու «կշտացան.... փչացող ուտելիքով», և հորդորեց աշխատել «մնայուն ուտելիքի [համար], որը հավիտենական կյանքի է տանում» (կարդա Հովհաննես 6։26, 27)։ Հիսուսն ասաց, որ իր Հայրը անշուշտ կտա այդ ուտելիքը։ Այն միտքը, որ կերակուրը կարող է հավիտենական կյանք տալ, պետք է որ ապշեցրած լիներ ժողովրդին։ Ի՞նչ կերակուր էր դա, և ինչպե՞ս կարող էին Հիսուսի ունկնդիրները ձեռք բերել այն։

10. Ի՞նչ պետք է անեին մարդիկ հավիտենական կյանք ունենալու համար։

10 Հավաքված ժողովուրդը ակներևաբար ցանկանում էր իմանալ, թե ինչպես կարող է ձեռք բերել այդ կերակուրը։ Թերևս նրանք մտածում էին, որ անհրաժեշտ է Մովսիսական օրենքով պահանջվող գործերն անել։ Բայց Հիսուսն ասաց. «Աստծու հավանությանն արժանանալու համար դուք պետք է հավատ դրսևորեք նրա հանդեպ, ում Նա ուղարկեց» (Հովհ. 6։28, 29)։ Աստծու ներկայացուցչի հանդեպ հավատ դրսևորելը անհրաժեշտ է «հավիտենական կյանք ունենալու» համար։ Իրականում Հիսուսը նախկինում խոսել էր այդ հարցի շուրջ (Հովհ. 3։16-18, 36)։ Եվ նա դեռ շատ բան պետք է սովորեցներ այդ մասին (Հովհ. 17։3

11. Ի՞նչն է ցույց տալիս, որ հրեաները կենտրոնացած էին իրենց ֆիզիկական կարիքների վրա (Սաղմոս 78։24, 25

11 Հավաքված հրեաները չընդունեցին, որ պետք է հավատ դրսևորեն Հիսուսի հանդեպ։ Նրանք հարցրին. «Ի՞նչ հրաշք կանես, որ մենք տեսնենք ու հավատանք քեզ» (Հովհ. 6։30)։ Ապա նշեցին, որ իրենց նախահայրերը Մովսեսի օրերում երկնքից մանանա էին ստացել, որը նրանց հանապազօրյա հացն էր (Նեեմ. 9։15; կարդա Սաղմոս 78։24, 25)։ Ակնհայտ է, որ այդ մարդկանց ուշքն ու միտքը բառացի հացով կշտանալն էր։ Իսկ երբ Հիսուսը խոսեց երկնքից տրված «ճշմարիտ հացի» մասին, որն, ի տարբերություն մանանայի, կարող էր հավիտենական կյանք տալ, նրանք նույնիսկ չհարցրին, թե նա ինչ նկատի ունի (Հովհ. 6։32)։ Հրեաներն այնքան կենտրոնացած էին իրենց ֆիզիկական կարիքների վրա, որ արհամարհեցին այն ճշմարտությունները, որոնք Հիսուսն ուսուցանում էր։ Այս ամենից մենք ի՞նչ ենք սովորում։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԸ

12. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, թե ինչն է ամենակարևորը։

12 Հովհաննես 6-րդ գլուխը արժեքավոր դաս է պարունակում։ Մեզ համար ամենակարևոր բանը հոգևոր կարիքները բավարարելը պետք է լինի։ Հիսուսը հենց այդ միտքն ընդգծեց, երբ փորձության ժամանակ պատասխան տվեց Սատանային (Մատթ. 4։3, 4)։ Եվ Լեռան քարոզում էլ նա մատնանշեց հոգևոր կարիքները գիտակցելու կարևորությունը (Մատթ. 5։3)։ Հետևաբար լավ կլինի՝ մտածենք. «Իմ ապրելակերպից երևո՞ւմ է, որ հոգևոր կարիքներիս ավելի մեծ տեղ եմ տալիս, քան ֆիզիկական կարիքներիս»։

13. ա) Ինչո՞ւ սխալ չէ հաճույք ստանալ ուտելիքից։ բ) Ո՞ր նախազգուշացմանը արժե ուշադրություն դարձնել (1 Կորնթացիներ 10։6, 7, 11

13 Ինչ խոսք, սխալ չէ աղոթել ֆիզիկական կարիքների մասին և ուրախանալ, երբ դրանք բավարարվում են (Ղուկ. 11։3)։ Տքնաջան աշխատանքը, որի շնորհիվ կարողանում ենք «ուտել [և] խմել», մեզ ուրախություն է բերում։ Այն «ճշմարիտ Աստծուց է» (Ժող. 2։24; 8։15; Հակ. 1։17)։ Այնուամենայնիվ, նյութական բաները չպետք է մեր կյանքում ամենակարևոր տեղը զբաղեցնեն։ Պողոս առաքյալը հիշեցրեց այդ մասին քրիստոնյաներին, որոնք ապրում էին հրեական համակարգի կործանումից առաջ։ Նա հիշատակեց իսրայելացիների անցյալից որոշ իրադարձություններ, այդ թվում՝ Սինա լեռան մոտ տեղի ունեցած դեպքերը, և քրիստոնյաներին զգուշացրեց, որ «վատ բաներ չցանկանան, ինչպես [իսրայելացիները] ցանկացան» (կարդա 1 Կորնթացիներ 10։6, 7, 11)։ Եհովան հրաշքով կերակուր էր տվել իսրայելացիներին, բայց նրանց ագահության պատճառով այն «վատ բան» դարձավ նրանց համար (Թվեր 11։4-6, 31-34)։ Իսկ Սինա լեռան մոտ, երբ ոսկե հորթին երկրպագություն էին մատուցում, նրանք տարվել էին կերուխում անելով և զվարճանալով, ինչից երևում է, որ նրանց ավելի շատ հետաքրքրում էին նման բաները, քան Եհովային հնազանդվելը (Ելք 32։4-6)։ Պողոսը, հնում ապրած հրեաների օրինակը բերելով, ուզում էր, որ այն նախազգուշացում լիներ քրիստոնյաների համար, որոնք ապրում էին 70թ.-ին հրեական համակարգի կործանումից առաջ։ Այսօր մենք այս համակարգի կործանման շեմին ենք, ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Պողոսի տված խորհրդին։

14. Նոր աշխարհում ինչպիսի՞ սնունդ է լինելու։

14 «Օրվա հացի» մասին խոսելիս Հիսուսը մատնանշեց այն ժամանակները, երբ Աստծու կամքը կկատարվի «երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում» (Մատթ. 6։9-11Պատկերացնո՞ւմ ես՝ ինչպիսին կլինի երկիրը այդ ժամանակ։ Աստծու Խոսքից իմանում ենք, որ երբ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, համեղ կերակուրներ ենք վայելելու։ Ըստ Եսայիա 25։6-8 համարների՝ Աստծու թագավորությունը իր հպատակներին «ընտիր ուտեստներով» կապահովի։ Իսկ Սաղմոս 72։16-ում հետևյալ խոստումն է գրված. «Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի, անգամ լեռների գագաթներին այն առատորեն կբուսնի»։ Փափագո՞ւմ ես այդ հացահատիկով քո սիրելի հացը թխել կամ մի նոր բաղադրատոմս փորձել։ Պատկերացրու, թե ինչպես ես խաղողի այգիներ տնկում և ըմբոշխնում դրանց պտղից ստացված գինին (Ես. 65։21, 22)։ Եվ այդ ամենը վայելելու է երկրի ամեն մի բնակիչ։

15. Ինչի՞ մասին են սովորելու հարություն առածները (Հովհաննես 6։35

15 Կարդա Հովհաննես 6։35։ Ի՞նչ է սպասում այն մարդկանց, ովքեր ականատես եղան Հիսուսի արած հրաշքին ու կերան նրա տված հացից ու ձկից։ Նրանցից ոմանք գուցե հարություն առնեն, անգամ եթե անցյալում հավատ չեն դրսևորել Հիսուսի հանդեպ (Հովհ. 5։28, 29)։ Նրանք պետք է իմանան Հիսուսի հետևյալ խոսքերի նշանակությունը. «Ե՛ս եմ կյանքի հացը։ Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա»։ Նաև պետք է հավատ զարգացնեն Հիսուսի քավիչ զոհի հանդեպ, հավատ առ այն, որ Հիսուսն իր կյանքը տվել է իրենց համար։ Այդ ժամանակ հարություն առածների ու թերևս այնտեղ ծնված երեխաների համար հոգևոր ուսուցման ծրագիր կգործի։ Պատկերացրու, թե ինչ մեծ ուրախություն կլինի այդ կրթական ծրագրին մասնակցելը։ Դա մեզ ավելի շատ բավականություն կպատճառի, քան բառացի հաց ուտելը։ Նոր աշխարհում, անկասկած, հոգևոր բաները ամենակարևորը կլինեն։

16. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

16 Այս հոդվածում մենք ուսումնասիրեցինք Հովհաննես 6-րդ գլխում արձանագրված պատմությունից մի հատված, բայց Հիսուսը շատ այլ բաներ էլ է սովորեցրել «հավիտենական կյանքի» մասին։ Հրեաները պետք է ականջ դնեին Հիսուսի այդ խոսքերին, մենք՝ նույնպես։ Հաջորդ հոդվածում կշարունակենք ուսումնասիրել Հովհաննես 6-րդ գլխում արձանագրված Հիսուսի խոսքերը։

ԵՐԳ 20 Քո թանկագին Որդուն տվեցիր

a Այս տպավորիչ արձանագրության վերաբերյալ ավելի շատ տեղեկություն գտնելու համար տես «Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» գիրքը (էջ 131) և «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը (էջ 185