Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

Քո արցունքները թանկ են Եհովայի համար

Քո արցունքները թանկ են Եհովայի համար

«Քո տկի մեջ հավաքիր իմ արցունքները, գրքիդ մեջ գրված է դրանց թիվը» (ՍԱՂ. 56։8

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ ենք համոզված, որ Եհովան լիովին հասկանում է մեր ապրումները և մխիթարում է մեզ։

1-2. Ինչո՞ւ գուցե արտասվենք։

 ԲՈԼՈՐԻՍ հետ էլ եղել են պահեր, երբ արտասվել ենք։ Գուցե դրանք ուրախության արցունքներ են եղել։ Հնարավոր է՝ արտասվել ես, երբ ինչ-որ կարևոր կամ հիշարժան իրադարձություն է եղել քո կյանքում, օրինակ՝ երբ երեխա ես ունեցել, քո սրտին թանկ մի բան ես հիշել կամ էլ հանդիպել ես սիրելի ընկերոջդ, ում երկար տարիներ չես տեսել։

2 Սակայն առավել հաճախ մեր արցունքների պատճառը մեր սրտի խոր ցավն է։ Գուցե արտասվում ենք, քանի որ ինչ-որ մեկը խորապես հիասթափեցրել է մեզ, կամ դաժան հիվանդության պատճառով տանջող ցավ ունենք կամ էլ սգում ենք հարազատի մահը։ Այդ պահերին թերևս զգում ենք այն, ինչ Երեմիա մարգարեն էր զգում, երբ բաբելոնացիները նվաճել էին Երուսաղեմը։ Նա ասաց. «Աչքերիցս արցունքի գետեր են հոսում, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է։ Արցունքներս չեն ցամաքի, անդադար կողբամ» (Ողբ 3։48, 49

3. Ի՞նչ է զգում Եհովան՝ տեսնելով իր ծառաների տառապանքը (Եսայիա 63։9

3 Եհովան գիտի, թե որքան դառն արցունք ենք թափում։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ նա լավատեղյակ է ամեն մի դժվարությանը, որին բախվում են իր ծառաները, և լսում է նրանց օգնության աղաղակը (Սաղ. 34։15)։ Բայց Եհովան ոչ միայն լսում է իր զավակների աղերսն ու տեսնում նրանց արցունքները, այլև սիրող ծնողի պես ցավ է զգում և օգնության շտապում (կարդա Եսայիա 63։9

4. Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն ենք քննելու և դրանցից ի՞նչ ենք սովորելու Եհովայի մասին։

4 Իր Խոսքում Եհովան ցույց է տվել, թե ինչ է զգում, երբ իր ծառաներն արտասվում են, և թե ինչ քայլեր է ձեռնարկում նրանց օգնելու համար։ Այդ մասին իմանում ենք՝ քննելով Աննայի, Դավթի և Եզեկիայի վերաբերյալ արձանագրությունները։ Ինչո՞ւ են նրանք լաց եղել։ Ինչպե՞ս է Եհովան արձագանքել նրանց օգնության աղաղակին։ Եվ ինչպե՞ս կարող է նրանց օրինակն ուսումնասիրելը մխիթարել մեզ, երբ վշտի, դավաճանության կամ հուսահատության պատճառով մեր աչքերը արցունքներով են լցվում։

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ՝ ՎՇՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

5. Ի՞նչ էր զգում Աննան։

5 Աննան տարբեր խնդիրներ ուներ, որոնց պատճառով արտասվում էր։ Դժվարություններից մեկն այն էր, որ նրա ամուսինը ևս մեկ կին ուներ։ Այդ կինը՝ Փենանան, ատում էր Աննային։ Բացի այդ՝ նա մի քանի երեխա ուներ, մինչդեռ Աննան մեկն էլ չուներ (1 Սամ. 1։1, 2)։ Փենանան անդադար ծաղրում էր նրան այն բանի համար, որ նա չէր կարողանում երեխա ունենալ։ Եթե Աննայի փոխարեն դու լինեիր, ի՞նչ կզգայիր։ Աննայի վիշտն այնքան մեծ էր, որ նա «լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում» և «խիստ դառնացած էր» (1 Սամ. 1։6, 7, 10

6. Աննան ի՞նչ արեց մխիթարվելու համար։

6 Աննան ի՞նչ արեց մխիթարվելու համար։ Նա գնաց խորան, որը ճշմարիտ երկրպագության կենտրոնն էր։ Այնտեղ՝ հավանաբար գավիթի մուտքի մոտ, «նա սկսեց աղոթել Եհովային ու աղիողորմ լաց լինել»։ Նա աղերսեց իր երկնային Հորը. «Նայիր քո աղախնի տառապանքին ու հիշիր ինձ» (1 Սամ. 1։10բ, 11)։ Աննան իր սիրտն ամբողջությամբ դատարկեց Եհովայի առաջ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ցավ զգաց Եհովան՝ տեսնելով իր թանկագին դստեր արցունքները։

7. Աննան ինչպե՞ս մխիթարվեց, երբ իր ապրումների մասին պատմեց Եհովային։

7 Ի՞նչ զգաց Աննան, երբ իր սրտում եղածը պատմեց Եհովային, և երբ քահանայապետ Հեղին հավաստիացրեց նրան, որ Աստված կպատասխանի նրա աղոթքին։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Նա] գնաց, սկսեց ուտել և այլևս չտրտմեց» (1 Սամ. 1։17, 18)։ Թեև Աննայի խնդիրները դեռ չէին լուծվել, բայց նա թեթևացած էր զգում։ Իրեն տանջող ապրումների ծանր բեռը նա հանձնել էր Եհովային։ Աստված տեսավ նրա վիշտը, լսեց նրա լացը և հետագայում օրհնեց նրան՝ երեխա պարգևելով (1 Սամ. 1։19, 20; 2։21

8-9. Համաձայն Եբրայեցիներ 10։24, 25 համարների՝ ինչո՞ւ է կարևոր հաճախել հանդիպումներին (տես նաև նկարը)։

8 Ի՞նչ ենք սովորում։ Դու է՞լ ունես այնպիսի վիշտ, որի պատճառով հաճախ արտասվում ես։ Հնարավոր է՝ ընտանիքիդ անդամը կամ ընկերդ է մահացել։ Այդպիսի պահերին ուզում ես մենակ մնալ, և դա բնական է։ Սակայն ինչպես Աննան մխիթարվեց ու զորացավ, երբ խորան գնաց, այնպես էլ դու կարող ես մխիթարվել՝ գնալով ժողով, նույնիսկ եթե տխուր ես և ուժասպառ եղած (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Հանդիպման ժամանակ դու Աստվածաշնչից մխիթարական մտքեր կլսես, ու այդպիսով Եհովան կօգնի, որ վանես բացասական մտքերդ։ Դու կկարողանաս կառավարել հույզերդ, անգամ եթե իրավիճակդ դեռ չի փոխվել։

9 Ժողովներում մենք նաև շփվում ենք մեր սրտացավ հավատակիցների հետ, ում սերն ու հոգատարությունը թև են տալիս մեզ (1 Թեսաղ. 5։11, 14)։ Հատուկ ռահվիրա մի եղբայր, ում կինը մահացել է, ասում է. «Ես մինչ օրս արտասվում եմ։ Երբեմն նստում եմ մի անկյունում ու պարզապես լաց եմ լինում։ Բայց մեր հանդիպումները քաջալերանքի իսկական աղբյուր են ինձ համար։ Եղբայրներիս ու քույրերիս ջերմ խոսքերը դարմանում են վերքերս։ Ժողովից առաջ ինչքան էլ մտահոգ ու անհանգիստ լինեմ, այնտեղ միշտ խաղաղվում եմ»։ Երբ հաճախում ենք մեր հանդիպումներին, Եհովան իր ծառաների միջոցով օգնության է հասնում մեզ։

Մեզ կարող են մխիթարել մեր հավատակիցները (տես պարբերություններ 8-9)


10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աննային, երբ զգացապես խոցված ենք։

10 Հիշենք նաև, որ Աննան մխիթարվեց, երբ աղոթեց Եհովային և իր մտահոգությունները պատմեց նրան։ Դու նույնպես կարող ես քո «ամբողջ հոգսը [Եհովայի] վրա գցել»՝ համոզված լինելով, որ նա կլսի քեզ (1 Պետ. 5։7)։ Մի քույր, որի ամուսինը սպանվել է զինված կողոպուտի ժամանակ, հիշում է. «Սիրտս ասես փշուր-փշուր եղած լիներ։ Կարծում էի՝ այլևս երբեք ուրախ չեմ լինի։ Բայց երբ աղոթում էի իմ սիրելի Հորը՝ Եհովային, մխիթարվում էի։ Երբեմն բառեր չէի գտնում, որպեսզի արտահայտեի զգացումներս, բայց գիտեի, որ նա հասկանում է ինձ։ Երբ զգացապես ջախջախված էի լինում, խաղաղություն էի խնդրում նրանից։ Այդ ժամանակ զգում էի, թե ինչպես են սիրտս ու միտքս հանդարտվում, և կարողանում էի առաջ շարժվել»։ Երբ սիրտդ բացում ես Եհովայի առաջ և նրան պատմում մտահոգություններդ, նա նույնպես ցավ է զգում և հասկանում է քո սրտի մորմոքը։ Անգամ եթե քեզ մտատանջող իրավիճակը դեռ չի փոխվել, Եհովան կարող է դարմանել հոգուդ ցավը և օգնել, որ խաղաղվես (Սաղ. 94։19; Փիլիպ. 4։6, 7)։ Նրա աչքից չի վրիպում քո հավատարմությունը, և նա անշուշտ կվարձատրի քեզ (Եբր. 11։6

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

11. Ի՞նչ էր զգում Դավիթը, երբ իր հետ վատ էին վարվում։

11 Իր կյանքի ընթացքում Դավիթը տարբեր դժվարությունների էր բախվել, որոնց պատճառով աղի արցունք էր թափել։ Շատերն ատում էին Դավթին, ոմանք էլ, ում նա վստահում էր, դավաճանեցին նրան (1 Սամ. 19։10, 11; 2 Սամ. 15։10-14, 30)։ Իր կյանքի ծանր ժամանակներում նա գրեց. «Հառաչանքներիցս հալումաշ եմ լինում, ողջ գիշեր անկողինս արտասուքով եմ ողողում և այն իմ արցունքներով թրջում»։ Դավիթն ինչո՞ւ այդպես արտահայտվեց։ «Աչքերս.... հալածողներիս երեսից խավարել են»,– ասաց նա (Սաղ. 6։6, 7)։ Ուրիշների նենգ արարքներն այնքան մեծ ցավ էին պատճառել Դավթին, որ նա շարունակ արտասվում էր։

12. Համաձայն Սաղմոս 56։8 համարի՝ Դավիթն ինչո՞ւմ էր համոզված։

12 Թեև Դավիթը շատ դժվարությունների էր բախվում, բայց համոզված էր, որ Եհովան սիրում է իրեն։ Նա գրեց. «Եհովան կլսի իմ հեկեկանքը» (Սաղ. 6։8)։ Իսկ մեկ ուրիշ անգամ Դավիթը բանաստեղծական լեզվով նկարագրեց Եհովայի քնքուշ հոգատարությունը՝ ասելով, որ նա տկի մեջ է հավաքում իր արցունքները և գրքի մեջ գրում դրանց թիվը։ Այդ գեղեցիկ խոսքերը կարդում ենք Սաղմոս 56։8 համարում (կարդա)։ Դավիթը վստահ էր, որ Եհովան տեսնում է իր ցավը և անտարբեր չի մնում։ Նա համոզված էր, որ իր սիրառատ Հայրը տեսնում է ոչ միայն այն, թե ինչի միջով է ինքն անցնում, այլև թե դա ինչ ազդեցություն է ունենում իր վրա։

13. Ի՞նչը կմխիթարի, երբ ուրիշները հիասթափեցնեն քեզ (տես նաև նկարը)։

13 Ի՞նչ ենք սովորում։ Երբևէ ներաշխարհդ տակնուվրա եղե՞լ է այն պատճառով, որ մեկը, ում վստահում էիր, հիասթափեցրել կամ դավաճանել է քեզ։ Հնարավոր է՝ սիրտդ կոտրված է, քանի որ կողակիցդ կամ նա, ում հետ ամուսնանալու նպատակով մտերմություն էիր անում, լքել է քեզ, կամ էլ գուցե քեզ հարազատ մեկը թողել է Եհովային։ Մի եղբայր, ում կինը դավաճանել է նրան ու հեռացել, ասում է. «Ես ցնցված էի, հավատս չէր գալիս։ Ինձ անպետք էի զգում, տխուր էի ու զայրացած»։ Եթե քեզ էլ են դավաճանել կամ հիասթափեցրել, մխիթարվիր՝ իմանալով, որ Եհովան երբեք չի լքի քեզ։ Եղբայրն ավելացնում է. «Հասկացա, որ թեև մարդկային հարաբերությունները կարող են քայքայվել, սակայն Եհովան մեր Ժայռն է, և ինչ էլ լինի, նա միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։ Նա երբեք չի թողնի իրեն նվիրված մարդկանց» (Սաղ. 37։28)։ Հիշիր. Եհովայի չափ քեզ ոչ ոք չի սիրում։ Դավաճանված լինելն անշուշտ ցավոտ է, բայց դա ոչ մի կերպ չի ազդում քո հանդեպ Եհովայի ունեցած ջերմ զգացմունքների վրա։ Դու շատ թանկ ես նրա համար (Հռոմ. 8։38, 39)։ Ուստի համոզված եղիր, որ անկախ նրանից, թե մարդիկ քեզ հետ ինչպես են վարվում, քո երկնային Հայրը սիրում է քեզ։

«Սաղմոսներ» գիրքը հավաստիացնում է, որ Եհովան մոտ է սրտով կոտրվածներին (տես պարբերություն 13)


14. Ինչո՞ւմ է հավաստիացնում մեզ Սաղմոս 34։18 համարը։

14 Երբ մեզ դավաճանում են, կարող ենք նաև մխիթարվել՝ կարդալով Սաղմոս 34։18-ում գրված Դավթի սրտառուչ խոսքերը (կարդա)։ Մի աշխատության մեջ ասվում է, որ «ընկճվածներ» բառը կարող է վերաբերել «նրանց, ովքեր լավ բանի ակնկալիք չունեն»։ Եհովան ինչպե՞ս է օգնում այն մարդկանց, ովքեր դառը հիասթափության, դավաճանված կամ լքված լինելու պատճառով նման զգացումներ ունեն։ Սիրող ծնողի պես, ով գիրկն է առնում իր սրտնեղած երեխային ու մխիթարում, նա միշտ կարեկցում է մեզ և պատրաստ է օգնելու։ Այո՛, Եհովան «մոտ է» մեզ։ Նա շատ է ցանկանում մխիթարել մեզ, ամոքել մեր փշրված սիրտն ու դարմանել մեր ցավը։ Նա տվել է հույս պարգևող հիանալի խոստումներ, որոնք օգնում են դիմանալ փորձություններին։ Այդ խոստումների կատարմանը մենք անձկությամբ սպասում ենք (Ես. 65։17

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ՝ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

15. Ի՞նչ իրավիճակում էր հայտնվել Եզեկիան, որ լաց եղավ։

15 Հուդայի թագավոր Եզեկիան 39 տարեկանում ծանր հիվանդացավ։ Եսայիա մարգարեն Եզեկիային հայտնեց Եհովայի խոսքերն այն մասին, որ նա իր այդ հիվանդությունից մահանալու է (2 Թագ. 20։1)։ Թվում էր՝ Եզեկիայի համար հույս չկա։ Այս լուրից վհատված՝ թագավորը դառնագին լաց եղավ։ Նա աղերսագին աղոթեց Եհովային (2 Թագ. 20։2, 3

16. Եհովան ինչպե՞ս արձագանքեց՝ լսելով Եզեկիայի աղերսը։

16 Երբ Եհովան տեսավ, թե ինչպես է Եզեկիան արցունքն աչքերին աղոթում իրեն, խղճաց նրան ու ասաց. «Ես լսեցի քո աղոթքը և տեսա քո արցունքները։ Ես կբուժեմ քեզ»։ Եհովան գթասրտորեն վարվեց և Եսայիայի միջոցով խոստացավ երկարացնել Եզեկիայի կյանքն ու փրկել Երուսաղեմը ասորեստանցիներից (2 Թագ. 20։4-6

17. Եհովան ինչպե՞ս է աջակցում մեզ, երբ լուրջ առողջական խնդիրներ ենք ունենում (Սաղմոս 41։3; տես նաև նկարը)։

17 Ի՞նչ ենք սովորում։ Եթե անբուժելի հիվանդություն ունես, սրտանց, անգամ աղեկտուր լաց լինելով աղոթիր Եհովային։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «ջերմ գթասրտության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» կմխիթարի մեզ մեր բոլոր նեղությունների մեջ (2 Կորնթ. 1։3, 4)։ Ճիշտ է, այսօր մենք չենք կարող ակնկալել, որ Եհովան կվերացնի մեր բոլոր խնդիրները, բայց կարող ենք համոզված լինել, որ նա կաջակցի մեզ (կարդա Սաղմոս 41։3)։ Իր սուրբ ոգու միջոցով նա մեզ տալիս է ուժ, իմաստություն և ներքին խաղաղություն, որպեսզի դիմանանք (Առակ. 18։14; Փիլիպ. 4։13)։ Նա մեզ նաև զորացնում է Աստվածաշնչի վրա հիմնված այն հույսով, որ բոլոր հիվանդություններն իսպառ կվերանան (Ես. 33։24

Եհովան կպատասխանի մեր աղոթքներին՝ տալով ուժ, իմաստություն և ներքին խաղաղություն (տես պարբերություն 17)


18. Աստվածաշնչյան ո՞ր համարն է քեզ մխիթարում, երբ հայտնվում ես չափազանց դժվար իրավիճակում (տես « Մխիթարական համարներ, որոնք կամոքեն մեր սիրտը» շրջանակը)։

18 Եհովայի խոսքերը մխիթարեցին Եզեկիային։ Մենք էլ կարող ենք մխիթարվել՝ Աստծու Խոսքն ընթերցելով։ Եհովան հուսադրող խոսքեր է ասել, որոնք կարող են թև տալ մեզ վհատեցնող իրավիճակներում (Հռոմ. 15։4)։ Արևմտյան Աֆրիկայում ապրող մի քույր հիվանդացավ քաղցկեղով։ Նա հաճախ լաց էր լինում։ Քույրը պատմում է. «Ինձ մխիթարում էին հատկապես Եսայիա 26։3-ում գրված խոսքերը։ Թեև հազվադեպ է լինում, երբ կարողանում ենք իրավիճակը փոխել, բայց այդ համարը հավաստիացնում է ինձ, որ Եհովան կարող է ներքին խաղաղություն տալ, որը կօգնի փոխել մեր արձագանքը»։ Մտածիր. կա՞ աստվածաշնչյան մի համար, որը առանձնահատուկ կերպով հուսադրում է քեզ, երբ բախվում ես այնպիսի իրավիճակների, որոնք անտանելի և նույնիսկ անելանելի են թվում։

19. Ի՞նչ է մեզ սպասում։

19 Մենք ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակահատվածում և հասկանում ենք, որ արտասվելու ավելի շատ պատճառներ ենք ունենալու։ Բայց, ինչպես տեսանք Աննայի, Դավթի և Եզեկիայի օրինակներից, Եհովան տեսնում է մեր թաց աչքերը և ցավ է զգում։ Անկասկած, մեր արցունքները թանկ են նրա համար։ Ուստի երբ հուսահատեցնող իրավիճակում ենք հայտնվում, պետք է մեր սիրտը բացենք նրա առաջ և երբեք չմեկուսանանք մեր հոգատար եղբայրներից ու քույրերից։ Թող որ մխիթարվենք՝ ընթերցելով մեր սիրող Հոր սփոփիչ խոսքերը։ Կարող ենք կասկած անգամ չունենալ, որ եթե հավատարմորեն դիմանանք, նա կվարձատրի մեզ։ Եհովան հրաշալի խոստում է տվել. նա ժամանակին մեր աչքերից կսրբի բոլոր արցունքները, որ թափում ենք վշտի, դավաճանության և հուսահատության պատճառով (Հայտն. 21։4)։ Այդուհետ մեր այտերին միայն ուրախության արցունքներ կլինեն։

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»