Ընթերցողների հարցերը
Ովքե՞ր են 1 Տիմոթեոս 5։21-րդ համարում նշված «ընտրյալ հրեշտակները»
Պողոս առաքյալը Տիմոթեոսին, ով նույնպես երեց էր, գրեց. «Աստծու, Քրիստոս Հիսուսի և ընտրյալ հրեշտակների առջև ամենայն լրջությամբ պարտավորեցնում եմ քեզ, որ հետևես այս հրահանգներին առանց կանխակալ կարծիքի և առանց կողմնապահության» (1 Տիմոթ. 5։21)։
Նախ տեսնենք, թե ովքեր չեն կարող լինել այդ հրեշտակները։ Հստակ է, որ նրանք Հիսուսի 144000 թագավորակիցները չեն, քանի որ երբ Պողոսը գրեց Տիմոթեոսին, օծյալ քրիստոնյաների հարությունը դեռ չէր սկսվել։ Առաքյալներն ու մյուս օծյալները դեռ ոգեղեն էակներ չէին դարձել, ուստի «ընտրյալ հրեշտակներ» արտահայտությունը չի վերաբերում նրանց (1 Կորնթ. 15։50-54; 1 Թեսաղ. 4։13-17; 1 Հովհ. 3։2)։
«Ընտրյալ հրեշտակներ» արտահայտությունը նաև չի կարող վերաբերել այն հրեշտակներին, ովքեր Ջրհեղեղի օրերում ըմբոստացան Աստծու դեմ։ Նրանք Սատանայի կողմը բռնեցին ու դարձան դևեր՝ Հիսուսի թշնամիները (Ծննդ. 6։2; Ղուկ. 8։30, 31; 2 Պետ. 2։4)։ Ապագայում նրանք 1000 տարով անդունդը կգցվեն, իսկ հետո Սատանայի հետ կոչնչացվեն (Հուդա 6; Հայտն. 20։1-3, 10)։
Պողոսի հիշատակած «ընտրյալ հրեշտակները», ակներևաբար, այն հրեշտակներն են, ովքեր երկնքում աջակցում են «Աստծուն [և] Քրիստոս Հիսուսին», որոնց մասին խոսվում է այդ նույն համարում։
Երկնքում տասնյակ հազարավոր հավատարիմ հրեշտակներ կան (Եբր. 12։22, 23)։ Մենք չպիտի մտածենք, որ նրանք բոլորը նույն ժամանակահատվածում միևնույն հանձնարարությունն են անում (Հայտն. 14։17, 18)։ Հիշենք, որ մի անգամ մեկ հրեշտակի հանձնարարվել էր վերացնել 185000 ասորեստանցի զինվորի (2 Թագ. 19։35)։ Մի խումբ հրեշտակների էլ հանձնարարվել էր Հիսուսի «թագավորությունից հավաքել բոլոր նրանց, ովքեր մարդկանց մեղքի են դրդում, և ովքեր անօրենություն են գործում» (Մատթ. 13։39-41)։ Թերևս ուրիշ հրեշտակներ էլ պետք է «հավաքեն իր ընտրածներին» երկնքում (Մատթ. 24։31)։ Իսկ մյուսները հրահանգ են ստացել, որ «պահպանեն մեզ ամեն քայլափոխին» (Սաղ. 91։11; Մատթ. 18։10; համեմատիր Մատթեոս 4։11; Ղուկաս 22։43)։
1 Տիմոթեոս 5։21-ում նշված «հավատարիմ հրեշտակները», հավանաբար, այն հրեշտակներն են, ովքեր նշանակված են ժողովներին հոգ տանելու համար։ Համատեքստից երևում է, որ Պողոսը իմաստուն խորհուրդ է տալիս երեցներին, ովքեր արժանի են ժողովի հարգանքին։ Երեցներն իրենց հերթին պետք է կատարեն իրենց պարտականությունները «առանց կանխակալ կարծիքի և առանց կողմնապահության», և չպետք է հապճեպորեն որոշումներ կայացնեն՝ հարցը ծանրութեթև չանելով։ Նրանք լուրջ պատճառ ունեն հետևելու Աստծու ներշնչմամբ Պողոսի գրած խորհրդին, քանի որ իրենց հավատակիցներին ծառայում են «Աստծու, Քրիստոս Հիսուսի և ընտրյալ հրեշտակների առջև»։ Այսպիսով՝ հստակ է, որ որոշ հրեշտակներ ժողովի հետ կապված հանձնարարություններ ունեն, որոնցից են ժողովին պաշտպանելը, քարոզչական գործը վերահսկելը և Եհովային տեղեկություններ հայտնելը (Մատթ. 18։10; Հայտն. 14։6)։