Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»

Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»

«Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր» (ՄԱՏԹ. 10։34

ԵՐԳ 123, 128

1, 2. ա) Ի՞նչ խաղաղություն ենք վայելում այսօր։ բ) Ի՞նչն է խանգարում մեզ լիակատար խաղաղություն ունենալու այս ժամանակներում (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՄԵՆՔ բոլորս ցանկանում ենք ապրել խաղաղ՝ առանց մտահոգությունների։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ ունենք «Աստծու խաղաղությունը»՝ ներքին հանգստություն, որը կարող է պաշտպանել մեզ անհանգստացնող մտքերից ու զգացումներից (Փիլիպ. 4։6, 7)։ Քանի որ նվիրված ենք Եհովային, մենք նաև «խաղաղություն ենք վայելում Աստծու հետ», այսինքն՝ նրա հետ լավ փոխհարաբերություններ ունենք (Հռոմ. 5։1

2 Սակայն դեռ չի եկել Աստծու նշանակած ժամանակը, երբ երկրի վրա լիակատար խաղաղություն կտիրի։ Այս չափազանց դժվար ժամանակները լի են ընդհարումներով, և բազմաթիվ մարդիկ կռվարար են (2 Տիմոթ. 3։1–4)։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք պետք է հոգևոր պատերազմ մղենք Սատանայի և նրա տարածած կեղծ ուսմունքների դեմ (2 Կորնթ. 10։4, 5)։ Բայց մեր խաղաղության համար ամենամեծ սպառնալիքը կարող է գալ մեր հավատալիքները չընդունող հարազատների կողմից։ Ոմանք գուցե ծաղրեն մեր հավատալիքները, մեղադրեն ընտանիքը պառակտելու մեջ կամ սպառնան, որ եթե չհրաժարվենք մեր հավատից, նրանք կհրաժարվեն մեզնից։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընտանիքի անդամների հակառակությանը։ Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ հաղթահարել ծագող դժվարությունները։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅԱՆԸ

3, 4. ա) Ի՞նչ ազդեցություն են թողնում Հիսուսի սովորեցրածները։ բ) Հատկապես ե՞րբ գուցե դժվար լինի հետևել Հիսուսին։

3 Հիսուսը գիտեր, որ իր սովորեցրածները բաժանություն կմտցնեն մարդկանց միջև, և նրանք, ովքեր կհետևեն իրեն, քաջալերանքի կարիք կունենան հակառակությանը դիմակայելու համար։ Այդ հակառակությունը կարող է ազդել ընտանիքի անդամների միջև եղած խաղաղ փոխհարաբերությունների վրա։ Հիսուսն ասաց «Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից։ Այո՛, մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։34–36

4 Ասելով «մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու»՝ Հիսուսը ուզում էր մղել իր ունկնդիրներին մտածելու այն մասին, որ իր հետևորդը լինելու դեպքում նրանք դժվարություններ կունենային։ Նրա հայտնած լուրը կարող էր բաժանություն մտցնել մարդկանց միջև։ Ինչ խոսք, Հիսուսը մղված էր Աստծու մասին ճշմարտությունը հռչակելու, ոչ թե վնաս հասցնելու փոխհարաբերություններին (Հովհ. 18։37)։ Այնուամենայնիվ, Հիսուսի սովորեցրածներին հավատարմորեն կառչած մնալը կարող էր դժվարություններ ստեղծել, եթե որևէ մեկի մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամները մերժեին ճշմարտությունը։

5. Ինչի՞ միջով են անցել Հիսուսի հետևորդները։

5 Ընտանիքի կողմից եկող հակառակությունը այն դժվարություններից էր, որին Հիսուսի հետևորդները պետք է պատրաստ լինեին տոկալու (Մատթ. 10։38)։ Քրիստոսի աշակերտները փաստելու համար, որ արժանի են նրան, դիմացել են ընտանիքի անդամների ծաղրանքներին և նույնիսկ նրանց կողմից մերժված են եղել։ Սակայն նրանք իրենց կորցրածից ավելին են ստացել (կարդա Մարկոս 10։29, 30

6. Ի՞նչ պետք է հիշենք, եթե մեր հարազատները հակառակվում են մեզ, որպեսզի չծառայենք Եհովային։

6 Նույնիսկ երբ մեր հարազատները հակառակվում են մեզ, որպեսզի չծառայենք Եհովային, մենք շարունակում ենք սիրել նրանց։ Բայց պետք է հիշենք, որ Աստծու և Քրիստոսի նկատմամբ սերը առաջնային է մեզ համար (Մատթ. 10։37)։ Մենք նաև պետք է գիտակցենք, որ Սատանան կփորձի օգտագործել ընտանիքի հանդեպ մեր կապվածությունը, որպեսզի կոտրի մեր անարատությունը։ Քննենք որոշ իրավիճակներ, երբ ընտանիքի կողմից հակառակություն է ցույց տրվում, և տեսնենք, թե ինչպես կարող ենք հաջողությամբ դիմակայել դրա հետևանքով ծագած դժվարություններին։

ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՈՂ ԿՈՂԱԿԻՑ

7. Ոչ Վկա կողակից ունեցող անհատները ինչպե՞ս պետք է վարվեն իրենց իրավիճակում։

7 Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ ամուսնացածները «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Եթե կողակիցդ չի ընդունում քո համոզմունքները, գուցե ձեր ամուսնական կյանքում ավելի շատ սթրեսներ և անհանգստություններ լինեն։ Այնուամենայնիվ, կարևոր է իրավիճակին նայել Եհովայի տեսանկյունից։ Եթե կողակիցդ չի ցանկանում Քրիստոսի հետևորդը դառնալ, դա հիմնավոր պատճառ չէ առանձին ապրելու կամ ամուսնալուծվելու համար (1 Կորնթ. 7։12–16)։ Հնարավոր է՝ ոչ Վկա ամուսինը առաջնորդություն չի վերցնում հոգևոր հարցերում, սակայն որպես ընտանիքի գլուխ՝ նա հարգանքի է արժանի։ Իսկ եթե ամուսինը Վկա է, նա պետք է անձնազոհ սեր և քնքշություն ցուցաբերի իր համոզմունքները չընդունող կնոջ հանդեպ (Եփես. 5։22, 23, 28, 29

8. Ի՞նչ հարցեր կարող ես տալ ինքդ քեզ, եթե կողակիցդ փորձում է սահմանափակում դնել քո երկրպագության վրա։

8 Ինչպե՞ս կարող ես վարվել, երբ կողակիցդ փորձում է սահմանափակում դնել քո երկրպագության վրա։ Օրինակ՝ մի անգամ մեր քույրերից մեկի ամուսինը ասաց նրան, որ գնա ծառայության միայն շաբաթվա որոշակի օրերին։ Եթե նման իրավիճակում ես, հարցրու ինքդ քեզ. «Իմ կողակիցը պահանջո՞ւմ է, որ ես դադարեմ իմ Աստծուն երկրպագելուց։ Եթե ոչ, կարո՞ղ եմ զիջել նրան՝ անելով նրա ասածը»։ Ողջամտությունը կօգնի քեզ խուսափելու ընտանեկան անօգուտ վիճաբանություններից (Փիլիպ. 4։5

9. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան սովորեցնել իր երեխաներին պատվել ոչ Վկա ծնողին։

9 Երեխաներին կրթելը կարող է դժվար լինել հատկապես այն դեպքում, երբ կողակիցդ չի ընդունում քո հավատը։ Օրինակ՝ դու պետք է սովորեցնես նրանց հնազանդվել աստվածաշնչյան հետևյալ պատվերին. «Պատվիր քո հորն ու մորը» (Եփես. 6։1–3)։ Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե քո կողակիցը չի պահում վարքի վերաբերյալ աստվածաշնչյան բարձր չափանիշները։ Կողակցիդ պատվելու հարցում օրինակ եղիր։ Ուշադրությունդ կենտրոնացրու նրա լավ հատկությունների վրա և գնահատանք արտահայտիր նրա հանդեպ։ Խուսափիր երեխաներիդ առաջ նրա մասին բացասական բաներ ասելուց։ Փոխարենը՝ նրանց բացատրիր, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքը ընտրի՝ ծառայել Եհովային, թե ոչ։ Երեխաների լավ վարքը գուցե օգնի ոչ Վկա ծնողին բռնելու ճշմարիտ երկրպագության կողմը։

Ամեն առիթ օգտագործիր երեխաներիդ աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնելու համար (տես պարբերություն 10)

10. Կրոնապես բաժանված ընտանիքում ինչպե՞ս կարող է քրիստոնյա ծնողը աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնել իր երեխաներին։

10 Ոչ Վկա կողակիցը գուցե պահանջի, որ երեխաները մասնակցեն հեթանոսական ծագում ունեցող տոնակատարությունների կամ սովորեն կեղծ կրոնական հավատալիքներ։ Որոշ ամուսիններ հնարավոր է՝ արգելեն իրենց քրիստոնյա կանանց սովորեցնել երեխաներին Աստվածաշունչը։ Չնայած դրան՝ քրիստոնյա կինը իր ձեռքից եկածը կանի, որպեսզի նրանց սովորեցնի աստվածաշնչյան ճշմարտությունը (Գործ. 16։1; 2 Տիմոթ. 3։14, 15)։ Օրինակ՝ Վկա կնոջ ամուսինը գուցե թույլ չտա նրան Աստվածաշնչի պաշտոնական ուսումնասիրություն անցկացնել իրենց փոքր երեխաների հետ կամ նրանց տանել քրիստոնեական հանդիպումներին։ Ճիշտ է, կինը կհարգի նրա որոշումները, բայց առիթի դեպքում երեխաների ներկայությամբ կարտահայտի իր հավատը՝ այդպիսով բարոյապես կրթելով նրանց ու Եհովայի մասին գիտելիքներ փոխանցելով (Գործ. 4։19, 20)։ Ինչ խոսք, երեխաները, ի վերջո, երկրպագության հետ կապված իրենց անձնական որոշումը պետք է կայացնեն (2 Օրենք 30։19, 20 *

ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿՎՈՂ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ

11. Ինչի՞ պատճառով կարող է խնդիր առաջանալ ոչ Վկա հարազատների հետ։

11 Սկզբում մեր ընտանիքի անդամներին մենք գուցե չէինք ասել, որ շփվում ենք Եհովայի վկաների հետ։ Սակայն երբ մեր հավատը աճեց, գիտակցեցինք մեր համոզմունքների մասին բացեիբաց խոսելու անհրաժեշտությունը (Մարկ. 8։38)։ Եթե քո խիզախ դիրքորոշման պատճառով քո և ոչ Վկա հարազատներիդ միջև խնդիր է ծագել, նկատի առ, թե ինչ կարող ես անել ընդհարումները նվազեցնելու և անարատությունդ պահելու համար։

12. Ինչո՞ւ գուցե մեր համոզմունքները չունեցող հարազատները հակառակվեն մեզ, բայց ինչպե՞ս կարող ենք ձգտել հասկանալ նրանց զգացումները։

12 Փորձիր հասկանալ քո համոզմունքները չունեցող հարազատներիդ զգացումները։ Թեև աստվածաշնչյան ճշմարտությունները ուրախությամբ են լցրել մեզ, բայց մեր հարազատները գուցե սխալմամբ սկսեն մտածել, թե մեզ խաբել են, կամ մենք աղանդավոր ենք դարձել։ Նրանք հնարավոր է՝ մտածեն, որ այլևս չենք սիրում իրենց, քանի որ իրենց հետ տոներ չենք նշում։ Գուցե նույնիսկ անհանգստանան՝ մտածելով, որ զրկված ենք լավ բաներից։ Մենք պետք է ձգտենք հասկանալ նրանց զգացումները, այսինքն՝ փորձենք իրերին նրանց տեսանկյունից նայել և ուշադիր լսենք, որ հասկանանք նրանց մտահոգությունների իրական պատճառը (Առակ. 20։5)։ Պողոս առաքյալը փորձում էր հասկանալ «ամեն տեսակ մարդկանց», որպեսզի նրանց հայտներ բարի լուրը։ Նման մոտեցումը մեզ նույնպես կարող է օգնել (1 Կորնթ. 9։19–23

13. Ինչպե՞ս պետք է խոսենք ոչ Վկա ազգականների հետ։

13 Խոսիր մեղմությամբ։ «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի»,— ասում է Աստվածաշունչը (Կող. 4։6)։ Մենք կարող ենք Եհովայից իր սուրբ ոգին խնդրել, որպեսզի մեր հարազատների հետ խոսելիս դրսևորենք դրա պտուղը։ Չպետք է վիճենք նրանց դավանած բոլոր կեղծ կրոնական հավատալիքների շուրջ։ Եթե նրանք խոսքով կամ արարքներով վիրավորում են մեզ, կարող ենք ընդօրինակել առաքյալներին։ Պողոսը գրեց. «Երբ մեզ չարախոսում են, օրհնում ենք, երբ հալածում են, դիմանում ենք, երբ վարկաբեկում են, մեղմությամբ ենք պատասխանում» (1 Կորնթ. 4։12, 13, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։

14. Որո՞նք են լավ վարք ունենալու օգուտները։

14 Լավ վարք ունեցիր։ Թեև հակառակվող հարազատների հետ առնչվելիս մեղմ պատասխանը կարող է լավ արդյունք տալ, սակայն մեր գործերը խոսքերից բարձր են հնչում (կարդա 1 Պետրոս 3։1, 2, 16)։ Քո օրինակով հարազատներիդ ցույց տուր, որ Եհովայի վկաները երջանիկ են ամուսնական կյանքում, հոգ են տանում իրենց երեխաներին և ապրում են մաքուր, բարոյական և բավարարվածություն բերող կյանքով։ Նույնիսկ եթե մեր հարազատները երբեք չընդունեն ճշմարտությունը, կարող ենք ուրախություն ստանալ այն մտքից, որ մեր հավատարիմ ընթացքով հաճեցնում ենք Եհովային։

15. Ինչպե՞ս կարող ենք նախապես պատրաստվել այն իրավիճակներին, որոնք կարող են վեճերի առիթ լինել։

15 Նախապես պատրաստվիր։ Մտածիր, թե որ իրավիճակները կարող են վեճերի առիթ լինել, և որոշիր, թե ինչպես ես վարվելու (Առակ. 12։16, 23)։ Ավստրալիայում բնակվող մի քույր պատմում է. «Սկեսրայրս շատ էր հակառակվում ճշմարտությանը։ Երբ ուզում էինք զանգահարել նրան՝ նրա որպիսությունն իմանալու համար, նախ ես ու ամուսինս աղոթում էինք Եհովային, որ օգնի մեզ բարկությամբ լի նրա խոսքերին նույն կերպ չպատասխանել։ Մենք նախապես մտածում էինք, թե ինչի մասին ենք խոսելու, որպեսզի զրույցը ընկերական մթնոլորտում ընթանար։ Երկար զրույցներից խուսափելու համար, որոնք սովորաբար կրոնի վերաբերյալ թեժ քննարկումների էին վերածվում, ժամանակ էինք սահմանում դրանց համար»։

16. Ինչպե՞ս կարող ես հաղթահարել հարազատներիդ տհաճեցնելու պատճառով առաջացած մեղավորության զգացումը։

16 Ինչ խոսք, չես կարող ակնկալել, որ ոչ Վկա հարազատներիդ հետ տարաձայնություն չես ունենա։ Վեճերի հետևանքով գուցե մեղավորության զգացում ունենաս, հատկապես այն պատճառով, որ նրանց շատ ես սիրում և միշտ փորձել ես նրանց սրտով գնալ։ Եթե նման զգացում ունես, ձգտիր Եհովայի հանդեպ քո նվիրվածությունը ընտանիքիդ հանդեպ սիրուց վեր դասել։ Դրա շնորհիվ հարազատներդ թերևս կտեսնեն, որ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը քեզ համար կյանքի ու մահվան հարց է։ Ամեն դեպքում հիշիր, որ չես կարող ուրիշներին ստիպել ընդունել ճշմարտությունը։ Դրա փոխարեն՝ թույլ տուր նրանց տեսնել, թե ինչ օգուտներ ես ստացել Եհովայի ճանապարհներով քայլելուց։ Մեր սիրառատ Աստված և՛ նրանց, և՛ մեզ հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ ուղով ընթանանք (Ես. 48։17, 18

ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՀՈՎԱՅԻՑ

17, 18. Եթե ընտանիքիդ անդամը հեռացել է Եհովայից, ի՞նչը կարող է օգնել քեզ դիմանալու այդ ցավին։

17 Երբ ընտանիքի անդամը զրկվում է կամ հրաժարվում է ընկերակցությունից, սիրտդ ասես դանակ են խրում։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ ցավը։

18 Պահպանիր հոգևոր սովորություններդ։ Կերտիր հավատդ՝ կանոնավորաբար կարդալով Աստվածաշունչը, պատրաստվելով և հաճախելով քրիստոնեական հանդիպումներին, մասնակցելով քարոզչական ծառայությանը և աղոթելով Եհովային, որ ուժ տա քեզ տոկալու (Հուդա 20, 21)։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ մեխանիկորեն ես անում այդ ամենը, ոչ թե սրտանց։ Մի՛ հանձնվիր։ Հոգևոր լավ սովորությունները կարող են օգնել քեզ հսկելու մտքերդ ու զգացումներդ։ Նկատի առ, թե ինչ տեղի ունեցավ 73-րդ սաղմոսը գրողի հետ։ Նա սխալ տեսակետ էր զարգացրել և շատ մտահոգված էր, սակայն կարողացավ շտկել իր մտածելակերպը, երբ մտավ այն վայրը, որտեղ Աստծուն երկրպագություն էր մատուցվում (Սաղ. 73։16, 17)։ Եհովային հավատարմորեն մատուցած քո երկրպագությունը քեզ էլ կարող է օգնել, որ նույնն անես։

19. Ինչպե՞ս կարող ես հարգանք դրսևորել խրատելու վերաբերյալ Եհովայի սահմանած կարգի հանդեպ։

19 Հարգիր Եհովայի տված խրատը։ Եհովայի սահմանած կարգը լավագույն և երկարատև օգուտներ է բերում բոլորին, այդ թվում՝ սխալ գործած անհատին, թեև այդ պահին այն ցավ է պատճառում (կարդա Եբրայեցիներ 12։11)։ Օրինակ՝ Եհովան մեզ պատվիրում է «այլևս շփում չունենալ» մեղք գործողների հետ (1 Կորնթ. 5։11–13)։ Չնայած մեր սրտի ցավին՝ պետք է խուսափենք ընկերակցությունից զրկված ընտանիքի անդամի հետ հեռախոսով, տեքստային հաղորդագրությունների, նամակների, էլեկտրոնային նամակների կամ սոցիալական ցանցերի միջոցով շփվելուց։

20. Ի՞նչ հույս կարող ենք փայփայել։

20 Հույսդ մի՛ կորցրու։ Սերը «ամեն ինչի համար հույս ունի», այդ թվում՝ այն բանի, որ Եհովայից հեռացած անհատները կվերադառնան նրա մոտ (1 Կորնթ. 13։7)։ Եթե փաստացի տեսնում ես, որ ընտանիքիդ անդամի սրտում փոփոխություն է եղել, կարող ես աղոթել, որ նա ուժ ստանա Աստվածաշնչից և արձագանքի Եհովայի հետևյալ կոչին. «Վերադարձի՛ր ինձ մոտ» (Ես. 44։22

21. Ի՞նչ պետք է անես, եթե ընտանիքդ հակառակվում է քեզ այն պատճառով, որ հետևում ես Հիսուսին։

21 Հիսուսն ասաց, որ եթե որևէ մարդու իրենից վեր դասենք, արժանի չենք լինի իրեն։ Սակայն նա վստահ էր, որ իր աշակերտները, չնայած ընտանիքի կողմից եկող հակառակությանը, խիզախություն կունենային պահելու իր հանդեպ իրենց նվիրվածությունը։ Եթե Հիսուսին հետևելը «սուր» է բերել քո ընտանիք, ապավինիր Եհովային՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ հաղթահարելու դժվարությունները (Ես. 41։10, 13)։ Ուրախություն ստացիր այն բանի գիտակցումից, որ հաճեցնում ես Եհովային ու Հիսուսին, և որ նրանք կվարձատրեն քեզ քո հավատարիմ ընթացքի համար։

^ պարբ. 10 Կրոնապես բաժանված ընտանիքում երեխաներին կրթելու վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար տես «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 15-ի համարի «Ընթերցողների հարցերը»։