Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարյուր տարի առաջ. 1918

Հարյուր տարի առաջ. 1918

«Դիտարանի» 1918 թ. հունվարի 1-ի թողարկումը սկսվում էր հետևյալ բառերով. «Ի՞նչ կբերի 1918 թվականը»։ Եվրոպայում մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, սակայն այդ տարվա սկզբում տեղի ունեցան դեպքեր, որոնք կարծես դրական փոփոխություններ էին խոստանում ինչպես աշխարհի, այնպես էլ Աստվածաշունչ ուսումնասիրողների համար։

ԱՇԽԱՐՀԸ ԽՈՍՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1918 թ. հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնը ուղերձով դիմեց երկրի Կոնգրեսին ու ներկայացրեց 14 սկզբունք, որոնք, իր կարծիքով, անչափ կարևոր էին «արդարության վրա հիմնված կայուն խաղաղության» հասնելու համար։ Օրինակ՝ նա առաջարկեց, որ ազգերը բաց դիվանագիտություն վարեն, կրճատեն զինված ուժերը և «ազգերի համընդհանուր միություն» ստեղծեն, որը կգործի ի նպաստ «ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների»։ Նրա «14 կետերը» հետագայում օգտագործվեցին Ազգերի լիգայի ստեղծման և Վերսալի հաշտության պայմանագրի մշակման համար, որով էլ վերջ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմին։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Թեև նախորդ տարին լի էր դժվարություններով, * սակայն թվում էր, թե Աստվածաշունչ ուսումնասիրողներին խաղաղ ժամանակներ են սպասում։ Այդ էին հուշում Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության տարեկան ժողովին տեղի ունեցած դեպքերը։

Այդ հանդիպմանը, որը տեղի ունեցավ 1918 թ. հունվարի 5-ին, Բեթելից հեռացված մի քանի ազդեցիկ տղամարդիկ փորձեցին կազմակերպության կառավարման ղեկը իրենց ձեռքը վերցնել։ Ժողովի բացման աղոթքն արեց հավատարիմ եղբայրներից մեկը՝ շրջագայող վերակացու Ռիչարդ Բարբերը։ Նախ ներկայացվեց նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, ապա անցկացվեց տնօրենների տարեկան ընտրությունը։ Եղբայր Բարբերը առաջադրեց Ջոզեֆ Ռադերֆորդի ու ևս վեց եղբայրների թեկնածությունները։ Իսկ հակառակորդների հավատարմատարը առաջադրեց յոթ այլ տղամարդկանց թեկնածությունները, որոնց թվում կային այնպիսիներ, ովքեր հեռացվել էին Բեթելից։ Հակառակորդները պարտվեցին. բաժնետերերի ճնշող մեծամասնությունը ընտրեց Ջոզեֆ Ռադերֆորդին և մյուս վեց հավատարիմ եղբայրներին։

Ժողովին ներկա շատ եղբայրներ ասացին, որ դա «իրենց կյանքի ամենից օրհնված հանդիպումն» էր։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց։

«ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է». ՏԱՐԲԵՐ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Արդեն մի քանի ամիս էր՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարածում էին «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը։ Ազնվասիրտ ընթերցողները ուրախությամբ ընդունեցին դրանում բացատրվող սուրբգրային ճշմարտությունները։

Կանադայի շրջագայող վերակացուներից մեկը՝ Էդվարդ Քրիստը, պատմեց մի ամուսնական զույգի մասին, որը կարդացել էր «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը և ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում ընդունել էր ճշմարտությունը։ Նա ասաց. «Թե՛ ամուսինը, թե՛ կինը լիովին նվիրված են Աստծուն և շատ արագ առաջադիմում են»։

Մի տղամարդ, կարդալով «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը, անմիջապես սկսեց դրանում գրվածը պատմել իր ընկերներին։ Այդ գիրքը ցնցել էր նրան։ Ահա թե ինչ է նա պատմել. «Երբ իջնում էի Երրորդ ավենյուով, մի բան ընկավ ուսիս։ Ինձ թվաց, թե աղյուս է, բայց պարզվեց՝ «Գաղտնիքը բացահայտված է» գիրքն է։ Ես այն բերեցի տուն ու ծայրից ծայր կարդացի.... Հետո իմացա, որ ինչ-որ եկեղեցական քարոզիչ էր.... այն կատաղած շպրտել պատուհանից.... Ես լիովին հավատացած եմ, որ իր այդ մեկ գործողությամբ նա ավելի շատ մարդկանց կենդանի հույս պարգևեց, քան մինչ այդ իր կյանքում ծավալած գործունեությամբ.... Այդ քարոզչի ցասումը բերեց նրան, որ մենք այժմ գովաբանում ենք Աստծուն»։

Ցավոք, նշված հոգևորականը միակը չէր, ով այդպես արձագանքեց այդ գրքում գրվածին։ Կանադայի իշխանությունները 1918 թ. փետրվարի 12-ին արգելեցին այն՝ պնդելով, թե դրանում անհնազանդության դրդող հակապատերազմական հայտարարություններ կան։ Կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների պաշտոնյաները հետևեցին նրանց օրինակին։ Իշխանության ներկայացուցիչները, ցանկանալով կազմակերպության կարկառուն անդամների դեմ ինչ-որ բան գտնել, խուզարկեցին Բեթելի և գրասենյակների շենքերը, որոնք գտնվում էին Նյու Յորքում, Փենսիլվանիայում և Կալիֆորնիայում։ Մարտի 14-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը արգելեց «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը՝ պնդելով, թե դրա հրատարակումն ու տարածումը խոչընդոտներ է ստեղծում պատերազմի համար, ինչը «Լրտեսության մասին» օրենքի խախտում է։

ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

1918 թ. մայիսի 7-ին Արդարադատության նախարարությունը թույլտվություն ստացավ ձերբակալելու Ջիովանի Դեչեկային, Ջորջ Ֆիշերին, Ալեքսանդր Մակմիլանին, Ռոբերտ Մարտինին, Ֆրեդերիկ Ռոբիսոնին, Ջոզեֆ Ռադերֆորդին, Ուիլյամ վան Ամբուրգին և Քլեյթոն Վուդվորդին։ Այդ եղբայրներին մեղադրում էին այն բանում, թե նրանք ուրիշներին «ապօրինաբար, հանցավորաբար և դիտավորությամբ դրդում են անհնազանդություն և անհավատարմություն դրսևորել ու հրաժարվել Միացյալ Նահանգների զորքերում և ռազմածովային ուժերում ծառայելուց»։ Դատավարությունը սկսվեց հունիսի 3-ին։ Գրեթե կասկած չկար, որ եղբայրները կդատապարտվեին։ Ինչո՞ւ։

ԱՄՆ արդարադատության նախարարն ասել էր, որ «Լրտեսության մասին» օրենքը, որը խախտելու մեջ մեղադրվում էին եղբայրները, «արդյունավետ զենք է պրոպագանդայի դեմ»։ 1918 թ. մայիսի 16-ին Կոնգրեսը չընդունեց այդ օրենքը փոփոխելու նախագիծը, որի նպատակն էր պաշտպանել նրանց, ովքեր բարի մղումներով և արդար նպատակներով հրատարակում են «այն, ինչ համապատասխանում է իրականությանը»։ Քննարկումների ժամանակ օրենսդիրները շահարկում էին «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը։ Ահա թե ինչ էր ասվում ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական արձանագրության մեջ. «Այդ պրոպագանդայի ամենավտանգավոր դրսևորումներից է «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը.... Դրա նպատակն է՝ զինվորների մեջ կասկածներ սերմանել մեր գործունեության նկատմամբ և.... խանգարել զորակոչին»։

Հունիսի 20-ին երդվյալ ատենակալները ութ եղբայրներին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի բոլոր կետերով։ Հաջորդ օրը դատավորը հրապարակեց դատավճիռը։ Նա ասաց. «Կրոնական պրոպագանդան, որը այս ամբաստանյալները ակտիվորեն վարել են.... ավելի վտանգավոր է, քան գերմանական բանակի դիվիզիան»։ Դատավորն ավելացրեց, որ նրանց նկատմամբ «պատիժը խիստ է լինելու»։ Այդպես էլ եղավ. այդ ութ եղբայրներին դատապարտեցին 10-ից 20 տարվա ազատազրկման։ Իսկ երկու շաբաթ անց նրանց տեղափոխեցին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի դաշնային բանտ։

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այդ ընթացքում Աստվածաշունչ ուսումնասիրողները խիստ հակառակության էին բախվում։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ուշիուշով հետևում էր նրանց գործունեությանը, ինչի մասին վկայում են այդ մարմնի կողմից կազմված հազարավոր փաստաթղթեր։ Դրանցից երևում է, որ մեր եղբայրները վճռականորեն շարունակում էին քարոզչական գործը։

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի փոստի պետը նամակ ուղարկեց ՀԴԲ, որում ասում էր. «[Աստվածաշունչ ուսումնասիրողները] գնում են տնետուն և դա հիմնականում գիշերն են անում.... Նրանք կարծես մտադիր էլ չեն դադարեցնել իրենց գործունեությունը»։

Ռազմական նախարարությունում աշխատող մի գնդապետ ՀԴԲ-ին զեկուցեց Ֆրեդերիկ Ֆրանցի գործունեության մասին, որը հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Գնդապետը գրել էր. «Ֆրեդերիկ Ուիլիամ Ֆրանցը.... ակտիվորեն զբաղվում է «Գաղտնիքը բացահայտված է» գրքի հազարավոր օրինակների վաճառքով»։

Չարլզ Ֆեկելը, որը հետագայում նույնպես դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, խիստ հալածանքների բախվեց։ «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը տարածելու համար իշխանությունները նրան ձերբակալեցին։ Այդ ընթացքում նրա անձնական նամակները գաղտնի ընթերցվում էին։ Եղբորը մեկ ամսով ազատազրկեցին Բալթիմորում (Մերիլենդ)։ Նրա վրա «ավստրիացի թշնամի» պիտակը դրեցին։ Քաջաբար վկայություն տալով հարցաքննողներին՝ նա իր գործունեությունը հիմնավորեց Պողոսի խոսքերով՝ գրված 1 Կորնթացիներ 9։16-ում. «Վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը»։ *

Եռանդով քարոզելուց բացի՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները ակտիվորեն ստորագրություններ էին հավաքում, որպեսզի խնդրագիր ներկայացնեն Ատլանտայում բանտարկված եղբայրներին ազատելու համար։ Աննա Գարդները պատմել է. «Մենք միշտ ինչ-որ բանով զբաղված էինք։ Երբ եղբայրները բանտում էին, մեր գործը ստորագրություններ հավաքելն էր։ Տնից տուն գնալով՝ հազարավոր ստորագրություններ հավաքեցինք։ Մարդկանց ասում էինք, որ այդ տղամարդիկ իսկական քրիստոնյաներ են և անարդարացիորեն են ազատազրկվել»։

ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ

Այս դժվար ժամանակներում եղբայրներին հոգևորապես ամրացնելու նպատակով հաճախակի համաժողովներ էին անցկացվում։ «Դիտարանում» ասվում էր. «Այս տարվա ընթացքում.... ավելի քան քառասուն համաժողով է անցկացվել.... Բոլոր համաժողովների մասին ուրախալի հաշվետվություններ ենք ստացել։ Նախկինում դրանք անցկացվում էին միայն ամռան վերջերին կամ աշնան սկզբներին, բայց այժմ ամեն ամիս են անցկացվում»։

Ազնվասիրտ մարդիկ շարունակում էին ընդունել բարի լուրը։ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում կայացած մի համաժողովի ներկա եղավ մոտ 1 200 հոգի, որոնցից 42-ը մկրտվեց։ Նրանց թվում կար մի փոքր տղա, որը «այնքան էր սիրում Աստծուն և այնքան նվիրված էր նրան, որ շատ մեծահասակներ, նայելով նրան, կամաչեին»։

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԱՊԱԳԱՆ

1918 թվականը մոտենում էր ավարտին։ Աստվածաշունչ ուսումնասիրողների ապագան անորոշության մշուշով էր պատված։ Բրուքլինում գույքի մի մասը վաճառվել էր, գլխավոր վարչությունն էլ տեղափոխվել էր Պիտսբուրգ (Փենսիլվանիա)։ Մինչ առաջնորդություն վերցնող եղբայրները բանտում էին, ծրագրվեց բաժնետերերի հաջորդ տարեկան ժողովը. այն կայանալու էր 1919 թ. հունվարի 4-ին։ Ի՞նչ էր սպասում Աստվածաշունչ ուսումնասիրողներին։

Մեր եղբայրները հաստատակամորեն շարունակում էին իրենց գործը։ Նրանք այնպիսի վստահությամբ էին նայում ապագային, որ հետևյալ համարն ընտրեցին որպես 1919 թ. տարվա խոսք. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17)։ Բեկումնային պահը մոտ էր. գալիք փոփոխությունները զորացնելու էին նրանց հավատը և ուժ էին տալու առջևում սպասվող հսկայական աշխատանքը կատարելու համար։

^ պարբ. 6 Տես «Հարյուր տարի առաջ. 1917» հոդվածը «Եհովայի վկաների 2017 թ. տարեգրքում» (էջ 172–176)։

^ պարբ. 22 Տես Չարլզ Ֆեկելի կենսագրությունը «Դիտարանի» 1969 թ. մարտի 1-ի համարում (անգլ.)։