Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներքին խաղաղություն պահպանիր՝ չնայած փոփոխվող հանգամանքներին

Ներքին խաղաղություն պահպանիր՝ չնայած փոփոխվող հանգամանքներին

«Ես հանդարտեցրի ու հանգստացրի իմ հոգին» (ՍԱՂ. 131։2

ԵՐԳ 128, 129

1, 2. ա) Կյանքում տեղի ունեցող անսպասելի փոփոխությունները ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) 131-րդ սաղմոսի համաձայն՝ ի՞նչը կօգնի ներքին խաղաղություն պահպանել։

ԵՐԲ Լոյդն ու Ալեքսանդրան իմացան, որ իրենց նշանակումը փոխվել է, և այդուհետ իրենք պետք է դաշտում ծառայեն, շատ տխրեցին։ Չէ՞ որ ավելի քան 25 տարի էր՝ ծառայում էին Բեթելում։ Լոյդն ասում է. «Թվում էր, թե Բեթելն ու ծառայությունս դարձել են իմ էության անբաժան մասը։ Մտքով հասկանում էի, թե ինչու է անհրաժեշտ այդ փոփոխությունը, բայց դրան հաջորդած շաբաթների և ամիսների ընթացքում հաճախ ինձ մերժված էի զգում։ Տրամադրությունս կտրուկ փոխվում էր. մերթ լավատեսությամբ էի լցվում, մերթ ընկճվում էի»։

2 Երբ կյանքում անսպասելի փոփոխություններ են լինում, գուցե վախով համակվենք և անհանգստանանք (Առակ. 12։25)։ Հնարավոր է՝ շատ դժվար լինի հարմարվել այդ փոփոխություններին։ Նման դեպքերում ինչպե՞ս կարող ենք «հանդարտեցնել ու հանգստացնել» մեր հոգին (կարդա Սաղմոս 131։1–3)։ Եկեք տեսնենք, թե Աստվածաշնչում հիշատակված որոշ մարդիկ և Եհովայի մերօրյա ծառաներից ոմանք ինչպես են ներքին խաղաղություն պահպանել՝ չնայած փոփոխվող հանգամանքներին։

ԼՑՎԻՐ «ԱՍՏԾՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ»

3. Հովսեփը ի՞նչ իրավիճակում հայտնվեց։

3 Հովսեփը իր հոր ամենասիրելի զավակն էր։ Երբ նա մոտ 17 տարեկան էր, եղբայրները, նախանձից դրդված, ստրկության վաճառեցին նրան (Ծննդ. 37։2–4, 23–28)։ Մոտ 13 տարի Հովսեփը մեծ դժվարություններ կրեց Եգիպտոսում՝ իր սիրելի հորից՝ Հակոբից հեռու։ Սկզբում նա ստրուկ էր, ապա՝ բանտարկյալ։ Ի՞նչը Հովսեփին օգնեց չհուսահատվել ու չդառնանալ։

4. ա) Բանտում Հովսեփը ինչի՞ վրա էր կենտրոնացնում իր միտքը։ բ) Եհովան ինչպե՞ս էր պատասխանում Հովսեփի աղոթքներին։

4 Բանտում Հովսեփը, ըստ ամենայնի, իր միտքը կենտրոնացնում էր այն բանի վրա, թե Եհովան ինչպես է իրեն օրհնում (Ծննդ. 39։21; Սաղ. 105։17–19)։ Բացի դրանից՝ այն մարգարեական երազները, որ նա տեսել էր վաղ տարիքում, իրեն կարող էին վստահությամբ լցնել, որ Եհովան հավանում է իրեն (Ծննդ. 37։5–11)։ Ըստ երևույթին, նա իր սիրտը նորից ու նորից դատարկում էր Եհովայի առաջ (Սաղ. 145։18)։ Ի պատասխան Հովսեփի ջերմագին աղոթքներին՝ Եհովան նրան համոզվածությամբ էր լցնում, որ բոլոր նեղություններում «նրա հետ» կլինի (Գործ. 7։9, 10 *

5. «Աստծու խաղաղությունը» ինչպե՞ս կարող է օգնել մեզ շարունակելու ծառայել նրան ու ձգտել հոգևոր նպատակների։

5 Չնայած դժվարություններին՝ մենք կարող ենք լցվել «Աստծու խաղաղությամբ», որը կպահպանի մեր միտքը (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Ուստի եթե անհանգստությունները ճնշում են մեզ, պետք է աղոթքով դիմենք Եհովային։ Նրա խաղաղությունը կօգնի, որ չհանձնվենք, այլ վճռականությամբ լցված՝ շարունակենք ծառայել նրան և ձգտել հոգևոր նպատակների։ Եկեք քննարկենք Աստծու մերօրյա ծառաներից մի քանիսի օրինակները, ովքեր հենց այդպես են վարվել։

ԵՀՈՎԱՅԻՑ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻՐ

6, 7. Կոնկրետ բաների մասին արված աղոթքները ինչպե՞ս կարող են վերականգնել մեր ներքին խաղաղությունը։ Բեր օրինակ։

6 Ռայանը և Ջուլիետը ժամանակավոր հատուկ ռահվիրաներ էին։ Երբ այս զույգին տեղեկացրին, որ նրանց այդ ծառայությունն ավարտվում է, նրանք տխրեցին։ Ռայանն ասում է. «Անմիջապես աղոթեցինք Եհովային։ Գիտեինք, որ սա լավ առիթ է ցույց տալու մեր վստահությունը նրա հանդեպ։ Մեր ժողովի անդամներից շատերը վերջերս էին ընդունել ճշմարտությունը, ուստի աղոթում էինք Եհովային, որ մեզ օգնի հավատի լավ օրինակ լինել նրանց համար»։

7 Եհովան ինչպե՞ս պատասխանեց այս զույգի աղոթքին։ Ռայանը պատմում է. «Աղոթքից անմիջապես հետո բացասական զգացումներն ու անհանգստությունները անհետացան։ Աստծու խաղաղությունը սկսեց պահպանել մեր սիրտն ու միտքը։ Հասկացանք, որ եթե ճիշտ տրամադրվածություն պահպանենք, կշարունակենք պիտանի լինել Եհովայի համար»։

8–10. ա) Աստծու ոգին ինչպե՞ս կարող է թեթևացնել անհանգստությունը։ բ) Եհովան ինչպե՞ս է օգնում, երբ ջանում ենք իր աչքերով նայել մեր իրավիճակին։

8 Աստծու ոգին ոչ միայն կհանգստացնի մեզ, այլև մեր միտքը կբերի աստվածաշնչյան այնպիսի խոսքեր, որոնք կօգնեն այդուհետ էլ ճիշտ առաջնահերթություններ սահմանել կյանքում (կարդա Հովհաննես 14։26, 27)։ Նկատի առնենք Ֆիլիպի և Մերիի օրինակը։ Այս ամուսնական զույգը մոտ 25 տարի ծառայեց Բեթելում, սակայն նրանց կյանքը կտրուկ փոխվեց։ Ընդամենը չորս ամսվա ընթացքում նրանց երկուսի մայրերն էլ մահացան։ Մահացավ նաև Ֆիլիպի ազգականներից մեկը։ Բացի այդ, նրանք սկսեցին խնամել Մերիի հորը, ով թուլամտությամբ է հիվանդ։

9 Ֆիլիպն ասում է. «Կարծում էի՝ լավ էլ դիմանում եմ, բայց մի բան պակաս էր։ «Դիտարանի» հոդվածներից մեկում աչքովս ընկավ Կողոսացիներ 1։11-ը։ Այդ համարից հասկացա, որ թեև դիմանում էի, սակայն պետք է «ուրախությամբ համբերեի»։ Այն ինձ հիշեցրեց, որ ուրախությունը կախված է ոչ թե հանգամանքներից, այլ Աստծու ոգու ազդեցությունից»։

10 Ֆիլիպն ու Մերին ջանացին Եհովայի աչքերով նայել իրենց իրավիճակին, և նա շատ առումներով օրհնեց նրանց։ Բեթելից դուրս գալուց կարճ ժամանակ անց նրանք հանդիպեցին մարդկանց, որոնց շատ էր հետաքրքրում Աստվածաշունչը։ Վերջիններս ցանկացան այն ուսումնասիրել ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ ավելի հաճախ և արդյունքում արագ առաջադիմեցին։ Մերին ասում է. «Նրանք մեր ուրախությունն էին։ Նրանց միջոցով Եհովան կարծես ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու»։

ԵՀՈՎԱՅԻՆ ԱՌԻԹ ՏՈՒՐ ՔԵԶ ՕՐՀՆԵԼՈՒ

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովսեփին (տես պարբերություն 11–13)

11, 12. ա) Հովսեփն ինչպե՞ս Եհովային առիթ տվեց օրհնելու իրեն։ բ) Հովսեփն ինչպե՞ս վարձատրվեց իր տոկունության համար։

11 Երբ կյանքում անսպասելի փոփոխություններ են լինում, հնարավոր է՝ թույլ տանք, որ ապագայի մասին անհանգստությունները մեզ կաթվածահար անեն։ Նման բան կարող էր Հովսեփին էլ պատահել։ Չնայած նա բանտարկված էր, բայց որոշեց լավագույնն անել իր իրավիճակում և այդպիսով Եհովային առիթ տվեց օրհնելու իրեն։ Հովսեփը ջանասիրաբար կատարում էր բանտապետի յուրաքանչյուր հանձնարարություն, ինչպես որ նախկինում Պետափրեսի տանն էր բարեխղճորեն աշխատում (Ծննդ. 39։21–23

12 Մի օր Հովսեփի հոգածությանը հանձնեցին երկու կալանավորի, որոնք մինչ այդ բարձր պաշտոններ էին զբաղեցրել փարավոնի արքունիքում։ Զգալով Հովսեփի բարությունը՝ այդ տղամարդիկ սկսեցին այնքան վստահել նրան, որ ազատ խոսում էին իրենց խնդիրների մասին։ Մի գիշեր նրանք տարօրինակ երազներ տեսան և դրանք պատմեցին Հովսեփին (Ծննդ. 40։5–8)։ Հովսեփը չէր էլ գիտակցում, որ այդ զրույցի շնորհիվ հետագայում ազատություն է ստանալու։ Թեև դրանից հետո նա ստիպված եղավ դեռ երկու տարի էլ անցկացնել բանտում, բայց ի վերջո ազատ արձակվեց և հենց նույն օրը ղեկավար նշանակվեց ամբողջ Եգիպտոսի վրա՝ դառնալով փարավոնից հետո երկրորդ մարդը (Ծննդ. 41։1, 14–16, 39–41

13. Անկախ մեր հանգամանքներից՝ ինչպե՞ս կարող ենք Եհովային առիթ տալ մեզ օրհնելու։

13 Հովսեփի պես մենք էլ կարող ենք ժամանակ առ ժամանակ հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք գուցե մեր վերահսկողությունից դուրս լինեն։ Սակայն եթե շարունակենք համբերել և մեր հանգամանքներում անել լավագույնը, Եհովային առիթ կտանք մեզ օրհնելու (Սաղ. 37։5)։ Ճիշտ է, հնարավոր է՝ երբեմն «շփոթության մեջ» ընկնենք, բայց, ինչպես ասաց Պողոս առաքյալը, երբեք «անելանելի վիճակում» չենք հայտնվի (2 Կորնթ. 4։8)։ Եհովան երբեք չի թողնի մեզ, հատկապես եթե կենտրոնացած մնանք ծառայության վրա։

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ

14–16. Փիլիպոս ավետարանիչը ինչպե՞ս կենտրոնացած մնաց ծառայության վրա՝ չնայած փոփոխված հանգամանքներին։

14 Փիլիպոս ավետարանիչը, չնայած փոփոխված հանգամանքներին, կենտրոնացած մնաց ծառայության վրա և բոլորիս համար լավ օրինակ թողեց։ Նա ծառայության մեջ նոր առանձնաշնորհում էր ստացել (Գործ. 6։1–6)։ Սակայն Ստեփանոսի նահատակվելուց հետո Երուսաղեմում քրիստոնյաների դեմ խիստ հալածանք սկսվեց։ * Քրիստոնյաները փախան Երուսաղեմից։ Փիլիպոսը, ցանկանալով ակտիվ մնալ քարոզչական գործում, գնաց Սամարիա քաղաք, որտեղ շատերը չէին լսել բարի լուրը (Մատթ. 10։5; Գործ. 8։1, 5

15 Փիլիպոսը պատրաստ էր գնալ ցանկացած վայր, ուր Աստծու ոգին կուղղորդեր իրեն։ Ուստի Եհովան նրա միջոցով բարի լուրը տարածեց նոր տարածքներում։ Փիլիպոսի անկողմնակալությունը, ըստ ամենայնի, գրավեց սամարացիներին, որոնց հրեաները արհամարհանքով էին վերաբերվում։ Ուստի զարմանալի չէ, որ բազմաթիվ սամարացիներ «միաբան ուշադրություն էին դարձնում» նրա քարոզած լուրին (Գործ. 8։6–8

16 Դրանից հետո Աստծու ոգու առաջնորդությամբ Փիլիպոսը գնաց Ազոտոս և Կեսարիա, որոնք հիմնականում հեթանոսներով էին բնակեցված (Գործ. 8։39, 40)։ Հետագայում նրա կյանքում կրկին փոփոխություններ եղան։ Սուրբ Գրքից իմանում ենք, որ Սամարիայում քարոզելուց 20 տարի անց Փիլիպոսն արդեն ընտանիք ուներ և շարունակում էր քարոզել այն տարածքում, որտեղ բնակություն էր հաստատել։ Չնայած փոփոխված հանգամանքներին՝ այս եռանդուն ավետարանիչը կենտրոնացած էր մնացել ծառայության վրա, և արդյունքում թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքի անդամները առատապես օրհնվել էին Եհովայի կողմից (Գործ. 21։8, 9

17, 18. Ծառայության վրա կենտրոնացած մնալը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ կյանքում փոփոխություններ են լինում։

17 Բազմաթիվ լիաժամ ծառայողներ կարող են հաստատել, որ ծառայության վրա կենտրոնացած մնալը իրենց օգնել է դրական տրամադրվածություն պահպանել՝ չնայած փոփոխություններին։ Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող մի ամուսնական զույգ՝ Օսբոռնը և Փոլայթը, դադարեցին Բեթելում ծառայել, նրանք մտածում էին, որ արագ կկարողանան կես դրույքով աշխատանք և համապատասխան կացարան գտնել։ Բայց ամուսինն ասում է. «Ցավոք, չհաջողվեց մեր ուզած ժամկետներում աշխատանք գտնել»։ Իսկ կինն ավելացնում է. «Երեք ամիս չկարողացանք գործ գտնել։ Խնայողություններ էլ չունեինք։ Իրոք, շատ դժվար էր»։

18 Ի՞նչը օգնեց այս զույգին դիմակայել դժվարություններին։ Օսբոռնը ասում է. «Ժողովի հետ ծառայելը օգնեց մեր միտքը կենտրոնացած պահել հոգևորի վրա և դրական տրամադրվածություն ունենալ։ Թախտին նստելու և անհանգստանալու փոխարեն՝ որոշեցինք խորասուզվել քարոզչական գործի մեջ, և դա մեզ անսահման ուրախություն բերեց։ Ի վերջո մեր անդադրում փնտրտուքները արդյունք տվեցին. մենք աշխատանք գտանք»։

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

19–21. ա) Ի՞նչը կօգնի մեզ ներքին խաղաղություն պահպանել։ բ) Փոփոխություններին հարմարվելով՝ ի՞նչ օգուտ կստանանք։

19 Ինչպես ցույց են տալիս այս օրինակները, եթե մեր իրավիճակում լավագույնն անենք, վստահենք Եհովային և համբերությամբ սպասենք նրան, ներքին խաղաղություն կպահպանենք (կարդա Միքիա 7։7)։ Փոփոխություններին հարմարվելով, հնարավոր է, նույնիսկ զգանք, որ հոգևորապես ամրացել ենք։ Փոլայթը պատմում է. «Երբ մեր նշանակումը փոխվեց, հասկացա, թե ինչ է իրականում նշանակում լիովին ապավինել Եհովային, հատկապես երբ թվում է, թե ամեն ինչ քո դեմ է։ Աստծու հետ իմ փոխհարաբերությունները ավելի ամրացան»։

20 Մերին, ում մասին խոսել ենք, շարունակում է խնամել իր տարեց հորը և միևնույն ժամանակ ծառայում է որպես ռահվիրա։ Նա ասում է. «Հասկացա, որ երբ անհանգստությունները խեղդում են ինձ, պետք է սթափվեմ, աղոթեմ Աստծուն և փորձեմ հանդարտվել։ Այս ընթացքում իմ սովորած ամենակարևոր բանն այն է, որ ամեն ինչ հարկավոր է Եհովայի ձեռքը հանձնել։ Դա անելը ապագայում էլ է խիստ անհրաժեշտ լինելու»։

21 Լոյդն ու Ալեքսանդրան, որոնց մասին խոսել ենք հոդվածի սկզբում, խոստովանում են, որ կյանքում տեղի ունեցած փոփոխությունները անսպասելի ձևով փորձության ենթարկեցին իրենց հավատը։ Նրանք ասում են. «Փորձությունները բացահայտում են, թե արդյոք իսկական հավատ ունենք՝ այնպիսի հավատ, որը մեզ կմխիթարի և ուժ կտա դժվարությունների ժամանակ։ Դրանց արդյունքում ավելի լավ մարդ ենք դառնում»։

Անսպասելի փոփոխությունները կարող են անսպասելի օրհնությունների դուռ բացել (տես պարբերություն 19–21)

22. Եթե ջանանք մեր իրավիճակում լավագույնն անել, ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

22 Երբ կյանքումդ անսպասելի փոփոխություններ են լինում, օրինակ՝ փոխվում է նշանակումդ, առողջական խնդիրներ են ծագում, կամ շատանում են ընտանեկան պարտականություններդ, վստահ եղիր, որ Եհովան հոգ է տանում քո մասին և ճիշտ ժամանակին օգնության կհասնի (Եբր. 4։16; 1 Պետ. 5։6, 7)։ Ուստի ջանա քո իրավիճակում անել լավագույնը, աղոթքի միջոցով ավելի մտերմացիր քո երկնային Հոր հետ և սովորիր ամեն ինչ նրա ձեռքը հանձնել։ Այդպես կկարողանաս ներքին խաղաղություն պահպանել՝ չնայած փոփոխվող հանգամանքներին։

^ պարբ. 4 Բանտից դուրս գալուց որոշ ժամանակ հետո Հովսեփը որդի ունեցավ և նրա անունը Մանասե դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը» (Ծննդ. 41։51, ծնթ.)։ Այսպիսով՝ Հովսեփն ընդունեց, որ իրեն որդի պարգևելով՝ Եհովան ջնջեց ցավ պատճառող հիշողությունները։

^ պարբ. 14 Տես «Դիտարանի» այս համարում տպագրված «Գիտեի՞ք արդյոք» հոդվածը։