Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

Անմնացորդ նվիրված եղիր Եհովային

Անմնացորդ նվիրված եղիր Եհովային

«Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող.... Աստված է» (ՆԱՈՒՄ 1։2

ԵՐԳ 51 Մենք Աստծուն ենք նվիրվել

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովան ինչո՞ւ է արժանի բացարձակ նվիրվածության։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ արժանի է բացարձակ նվիրվածության, քանի որ նա է մեզ ստեղծել ու կյանք պարգևել (Հայտն. 4։11)։ Սակայն նրան անմնացորդ նվիրված լինելը գուցե այնքան էլ հեշտ չլինի։ Թեև մենք սիրում ու հարգում ենք մեր Արարչին, հնարավոր է՝ կյանքում որոշ բաներ այնքան կարևոր դառնան մեզ համար, որ մեր նվիրվածությունը նրա հանդեպ այլևս լիակատար չլինի։ Բայց ինչպե՞ս կարող է նման բան պատահել։ Նախքան այս հարցին պատասխանելը եկեք քննենք, թե բացարձակ նվիրվածությունը ինչ է։

2. Ելք 34։14-ի համաձայն՝ ի՞նչ է նշանակում Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերել։

2 Սուրբ Գրքից իմանում ենք, որ Աստծուն նվիրված լինել նշանակում է խորապես սիրել նրան։ Երբ մարդը բացարձակ նվիրվածություն է ցուցաբերում Եհովայի հանդեպ, միմիայն նրան է պաշտում։ Նա երբեք թույլ չի տա, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան Աստծու տեղը զբաղեցնի իր սրտում (կարդա Ելք 34։14 և ծնթ.

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մենք կուրորեն չենք նվիրված Եհովային։

3 Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ մենք կուրորեն չենք նվիրված Եհովային։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Որովհետև մեր նվիրվածությունը հիմնված է փաստերի վրա. մենք Աստծու մասին շատ բան ենք իմացել, և նրա չքնաղ հատկությունները հիացրել են մեզ։ Իմացել ենք, թե նա ինչ է սիրում ու ինչ չի սիրում, և սրտանց ընդունել ենք նրա տեսակետը։ Նաև հասկացել ենք, թե նա ինչ նպատակ ունի մարդկության առնչությամբ, ու սկսել ենք նպաստել այդ նպատակի իրականացմանը։ Եհովան մեզ հնարավորություն է տվել դառնալու իր ընկերը, ինչը մեծ պատիվ է մեզ համար (Սաղ. 25։14)։ Ամեն մանրուք, որ իմանում ենք մեր Արարչի մասին, մեզ ավելի է մոտեցնում նրան (Հակ. 4։8

4. ա) Սատանան ի՞նչ է անում, որ լիովին նվիրված չլինենք Եհովային։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Այս աշխարհը Սատանայի իշխանության տակ է, և նա ջանում է դրա միջոցով այնպես անել, որ մեր բնական ցանկությունները Աստծուց ավելի կարևոր դառնան մեզ համար, իսկ թուլությունների դեմ պայքարելը հնարավորինս դժվար լինի (Եփես. 2։1–3; 1 Հովհ. 5։19)։ Նրա նպատակն է՝ կիսել մեր սիրտը, որ լիովին նվիրված չլինենք Եհովային։ Այս առումով Սատանան կարող է հաջողության հասնել՝ դիմելով մի շարք հնարքների։ Քննենք դրանցից երկուսը։ Առաջին՝ նա ձգտում է մեզ փողասեր դարձնել։ Եվ երկրորդ՝ ամեն ինչ անում է, որ մենք վնասակար զվարճություններ ընտրենք։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՓՈՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ

5. Ինչո՞ւ պետք է զգուշանանք փողասիրությունից։

5 Բոլորս էլ ուզում ենք բավարար ուտելիք ու վայելուչ հագուստ ունենալ և հարմարավետ կացարանում բնակվել։ Սակայն պետք է զգույշ լինենք, որ փողասեր չդառնանք։ Սատանայի աշխարհի մաս կազմող մարդկանցից շատերը սիրում են փողը և այն ամենը, ինչ կարող են դրանով գնել (2 Տիմոթ. 3։2)։ Հիսուսը գիտեր, որ իր հետևորդների մեջ նույնպես կարող է փողասիրություն զարգանալ, ուստի զգուշացրեց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24)։ Այն մարդը, որը երկրպագում է Եհովային, բայց չափից շատ ժամանակ և ուժ է ծախսում հարստանալու համար, ըստ էության, փորձում է երկու տիրոջ ծառայել։ Նրա նվիրվածությունը Եհովայի հանդեպ անմնացորդ չէ։

Լաոդիկեայի ժողովի որոշ անդամներ իրենց աչքում հարուստ էին, իսկ Եհովայի և Հիսուսի աչքում նրանք թշվառ էին ու խղճուկ (տես պարբերություն 6)

6. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից՝ ուղղված Լաոդիկեայի ժողովին։

6 Տեսնենք, թե առաջին դարի վերջում ինչ վիճակում էր Լաոդիկեայի ժողովը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ դրա անդամները պարծենում էին՝ ասելով. «Ես հարուստ եմ, հարստություն եմ ձեռք բերել ու ոչ մի բանի կարիք չունեմ»։ Սակայն Եհովայի ու Հիսուսի աչքում նրանք «թշվառ էին ու խղճուկ, աղքատ էին, կույր ու մերկ»։ Հիսուսը հանդիմանեց այս քրիստոնյաներին, բայց ոչ թե այն պատճառով, որ հարուստ էին, այլ քանի որ փողասիրությունը քայքայում էր Եհովայի հետ իրենց ունեցած փոխհարաբերությունները (Հայտն. 3։14–17)։ Ուստի երբ նկատում ենք, որ մեր սրտում հարստանալու ցանկություն է զարգանում, պետք է անհապաղ շտկենք մեր մտածելակերպը (1 Տիմոթ. 6։7, 8)։ Եթե արագ չգործենք, մեր սիրտը կկիսվի, ու Եհովան այլևս չի ընդունի մեր երկրպագությունը։ Թող երբեք չմոռանանք, որ նա «բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված» է (2 Օրենք 4։24)։ Իսկ ինչպե՞ս կարող է պատահել, որ սկսենք սիրել փողը։

7–9. Ի՞նչ ենք սովորում մեր եղբոր օրինակից։

7 Նկատի առնենք մի աշխատասեր երեցի՝ Դեյվիդի օրինակը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է, որ մեծ ջանադրությամբ ու նվիրվածությամբ էր աշխատում մի ընկերության համար։ Դրա շնորհիվ նա այդ ընկերությունում առաջ գնաց և նույնիսկ ճանաչվեց երկրում տվյալ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։ «Այն ժամանակ կարծում էի, թե հաջողություններս վկայում են Եհովայի օրհնության մասին»,— ասում է եղբայրը։ Բայց արդյո՞ք դա այդպես էր։

8 Դեյվիդը աստիճանաբար հասկացավ, որ այդ աշխատանքը բացասաբար է ազդում Եհովայի հետ իր ունեցած փոխհարաբերությունների վրա։ «Ժողովի հանդիպումների և նույնիսկ ծառայության ժամանակ մտածում էի աշխատանքիս հետ կապված խնդիրների մասին,— խոստովանում է նա։— Ճիշտ է, ես շատ փող էի վաստակում, բայց սթրեսը ևս գնալով ավելանում էր, ինչը ամուսնական կյանքիս վրա էլ էր վատ անդրադառնում»։

9 Ի վերջո եղբայրը եկավ այն եզրակացության, որ պետք է վերանայի իր առաջնահերթությունները։ «Հաստատապես որոշեցի շտկել իրավիճակը»,— նշում է նա։ Ցանկանալով փոխել իր աշխատանքային գրաֆիկը՝ Դեյվիդը խոսեց գործատիրոջ հետ, բայց արդյունքում կորցրեց աշխատանքը։ Իսկ ի՞նչ արեց դրանից հետո։ «Հաջորդ օրն իսկ անժամկետ ենթառահվիրայի դիմում լրացրի»,— ասում է նա։ Իրենց կարիքները հոգալու համար Դեյվիդն ու իր կինը սկսեցին մաքրման աշխատանքներ կատարել։ Որոշ ժամանակ անց եղբայրը ռահվիրա դարձավ։ Հետո կինն էլ ռահվիրայական ծառայություն սկսեց։ Նրանք այնպիսի աշխատանք ընտրեցին, որը շատերի կողմից պատվաբեր չի համարվում, սակայն իրենց համար ամենակարևորը աշխատանքի բնույթը չէ։ Ու թեև իրենց եկամուտը տասն անգամ նվազել է, ամեն ամիս այս ամուսինները կարողանում են փակել իրենց ծախսերը։ Նրանք ցանկանում են Եհովային առաջնային տեղ տալ իրենց կյանքում և անձամբ են համոզվել, որ նա հոգ է տանում այդ քայլն անող մարդկանց մասին (Մատթ. 6։31–33

10. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սիրտը։

10 Լինենք ունևոր, թե ոչ՝ բոլորս էլ պետք է պահպանենք մեր սիրտը, որ փողասիրությունը բույն չդնի այնտեղ։ Բացի այդ՝ չպետք է թույլ տանք, որ աշխատանքը Եհովային ծառայելուց ավելի կարևոր դառնա մեզ համար։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ մեր մեջ այսպիսի փոփոխություններ տեղի ունենում են, թե ոչ։ Օրինակ՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ժողովի հանդիպումների կամ ծառայության ժամանակ հաճա՞խ եմ մտածում աշխատանքիս մասին։ Անդադար անհանգստանո՞ւմ եմ ապագայում ապահովված լինելու համար։ Փողի և ունեցվածքի պատճառով իմ ու կողակցիս միջև խնդիրներ չե՞ն ծագում։ Պատրաստ կլինե՞մ պատվաբեր չհամարվող աշխատանք կատարել, եթե այն թույլ տա ավելի շատ ծառայել Եհովային» (1 Տիմոթ. 6։9–12)։ Այս հարցերի շուրջ խորհելիս եկեք հիշենք, որ Եհովան սիրում է մեզ և իրեն նվիրված մարդկանց խոստացել է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Ահա թե ինչու է Աստծու Խոսքը հորդորում. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա» (Եբր. 13։5, 6

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

11. Զվարճությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մարդու վրա։

11 Եհովան ուզում է, որ կյանքից հաճույք ստանանք, ինչին նպաստում են նաև զվարճությունները։ Իզուր չէ, որ Աստվածաշնչում ասվում է. «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժող. 2։24)։ Սակայն այս աշխարհի առաջարկած զվարճությունների մեծ մասը կարող է վատ ազդեցություն թողնել մեզ վրա, քանի որ բարոյազրկում է մարդուն՝ խրախուսելով հանդուրժել և անգամ սիրել Աստծու համար ատելի բաները։

Ո՞վ է քո ընտրած զվարճությունների «խոհարարը» (տես պարբերություն 11–14) *

12. 1 Կորնթացիներ 10։21, 22 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե ինչ զվարճություններ ենք ընտրում։

12 Մենք ցանկանում ենք անմնացորդ նվիրված լինել մեր երկնային Հորը, ուստի չենք կարող սնվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ «դևերի սեղանից» (կարդա 1 Կորնթացիներ 10։21, 22)։ Մեկի հետ հացի սեղան նստելը ընկերության նշան է։ Ուստի երբ զվարճանքի այնպիսի ձևեր ենք ընտրում, որոնցում ջատագովվում է բռնությունը, ոգեհարցությունը, անբարոյականությունը, կամ որոնցում սխալ ցանկություններն ու մտածելակերպը ներկայացվում են որպես լավ բան, ապա, ըստ էության, սեղան ենք նստում Աստծու թշնամիների հետ և ուտում ենք նրանց պատրաստած կերակուրը։ Այդպիսով ոչ միայն վնասում ենք ինքներս մեզ, այլև վտանգի տակ ենք դնում Եհովայի հետ մեր ընկերությունը։

13–14. ա) Զվարճությունները ինչո՞վ են նման ուտելիքի։ բ) Հակոբոս 1։14, 15 համարների հիման վրա բացատրիր, թե ինչու է հարկավոր մերժել վնասակար զվարճությունները։

13 Ինչո՞ւ կարելի է զվարճությունները համեմատել սննդի հետ։ Ուտելիս մենք ընտրում ենք, թե ինչ դնենք մեր բերանը։ Բայց երբ կուլ ենք տալիս պատառը, այլևս մե՛նք չենք ընտրում, թե մեր օրգանիզմը ինչը մարսի, ինչը՝ ոչ, և չենք կարող վերահսկել, թե այդ ուտելիքն ինչպես կանդրադառնա մեր առողջության վրա։ Եթե օգտակար սնունդ ընդունենք, ավելի առողջ կլինենք, իսկ վնասակար կերակուր ուտելով՝ կփչացնենք մեր առողջությունը։ Ճիշտ է, հետևանքները գուցե միանգամից չնկատենք, բայց ժամանակի ընթացքում դրանք անշուշտ ի հայտ կգան։

14 Նույնը կարելի է ասել զվարճության մասին. մենք կարող ենք ընտրել, թե ինչպես զվարճանանք։ Բայց երբ մեր ընտրած «պատառը» կուլ ենք տալիս, այն ինքնաբերաբար «մարսվում» է՝ ազդելով մեր մտքի ու սրտի վրա։ Եթե մեր ընտրած զվարճությունը օգտակար է, կթարմացնի մեզ, իսկ եթե վնասակար է, կփչացնի մեր հոգևոր առողջությունը (կարդա Հակոբոս 1։14, 15)։ Վնասակար զվարճությունների հետևանքները գուցե միանգամից չերևան, բայց ի վերջո ակնհայտ կդառնան։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Մի՛ մոլորվեք։ Աստծուն հնարավոր չէ խաբել։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար ցանողը մարմնից ապականություն կհնձի» (Գաղ. 6։7, 8)։ Ուստի որքա՜ն կարևոր է մերժել բոլոր այն զվարճությունները, որոնց բովանդակությունը ատելի է Եհովայի համար (Սաղ. 97։10

15. Եհովան ի՞նչ հաճելի պարգև է մեզ տվել։

15 Աստծու ծառաներից շատերը հաճույքով դիտում են մեր ինտերնետային հեռուստաալիքը՝ JW Broadcasting®-ը, որն իրենց մեծ օգուտ է բերում։ Մերիլին անունով մի քույր ասում է. «Մեր հեռուստաալիքը ինձ ավելի լավատես մարդ է դարձրել։ Դրա բոլոր ծրագրերն էլ կարող եմ հանգիստ դիտել, քանի որ դրանց բովանդակությունը զտելու կարիք չկա։ Երբ ինձ միայնակ կամ ընկճված եմ զգում, դիտում եմ որևէ քաջալերական ելույթ կամ առավոտյան երկրպագության ծրագիր։ Դրա շնորհիվ ինձ ավելի մոտ եմ զգում Եհովային և իր կազմակերպությանը։ Այս պարգևը լիովին փոխել է կյանքս»։ Իսկ դու դիտո՞ւմ ես JW Broadcasting հեռուստաալիքը։ Դրա կայքում, ամենամսյա հաղորդումներից բացի, կարելի է գտնել բազմաթիվ այլ տեսանյութեր ու ձայնագրություններ, ինչպես նաև ոգևորիչ երգեր։ Այս ամենը մշտապես հասանելի է տեսադարանում և ձայնադարանում։

16–17. Զվարճություններին տրամադրվող ժամանակը ինչո՞ւ պետք է վերահսկողության տակ պահենք և ինչպե՞ս կարող ենք դա անել։

16 Թե ինչ զվարճություններ ենք ընտրում, անշուշտ կարևոր է, սակայն կարևոր է նաև այն, թե որքան ժամանակ ենք հատկացնում դրանց։ Ուստի այս հարցում ևս պետք է ուշադիր լինենք։ Հակառակ դեպքում գուցե ավելի շատ ժամանակ ծախսենք զվարճանալու վրա, քան Եհովային ծառայելու։ Շատերի համար դժվար է վերահսկել, թե ինչքան ժամանակ են տրամադրում զվարճություններին։ Աբիգեյլ անունով մի 18-ամյա աղջիկ ասում է. «Երբ լարված օրվա վերջում հեռուստացույց եմ դիտում, լիցքաթափվում եմ։ Բայց եթե զգույշ չլինեմ, կարող եմ հեռուստացույցի առաջ երկար ժամեր անցկացնել»։ Իսկ մի երիտասարդ եղբայր, որի անունը Սամուել է, խոստովանում է. «Պատահում է, որ ինտերնետում ընդամենը մի կարճ տեսանյութ եմ միացնում, բայց հետո այնքան տեսանյութեր եմ դիտում, որ հաշիվը կորցնում եմ։ Չեմ էլ նկատում, թե ինչպես է երեք-չորս ժամ անցնում»։

17 Ինչպե՞ս կարող ես վերահսկողության տակ պահել զվարճություններին տրամադրվող ժամանակը։ Առաջին՝ պարզիր, թե ինչքան ժամանակ ես ծախսում դրանց վրա։ Օրինակ՝ կարող ես մեկ շաբաթվա ընթացքում գրառումներ կատարել օրացույցում՝ նշելով, թե քանի ժամ ես հատկացնում հեռուստացույց դիտելուն, ինտերնետում թափառելուն և բջջային սարքով խաղեր խաղալուն։ Եթե պարզես, որ չափից շատ ժամանակ ես ծախսում զվարճությունների վրա, փորձիր գրաֆիկ կազմել։ Դրանում նախ ժամանակ հատկացրու ավելի կարևոր բաներին, իսկ հետո՝ զվարճություններին։ Նաև Եհովայից օգնություն խնդրիր, որ կարողանաս հետևել գրաֆիկիդ։ Այսպես բավական ժամանակ և ուժ կունենաս Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության, ընտանեկան երկրպագության, ժողովի հանդիպումների և քարոզչական ծառայության համար։ Բացի այդ՝ մեղավորության զգացում չես ունենա, որ զվարճությունների վրա ավելի շատ ժամանակ ես ծախսում, քան Եհովային ծառայելու։

ԵՀՈՎԱՅԻՆ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՐ ԱՅՍՕՐ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ

18–19. Ինչպե՞ս կարող ենք ապացուցել, որ անմնացորդ ենք նվիրված Եհովային։

18 Երբ Պետրոս առաքյալը գրեց Սատանայի աշխարհի վախճանի և գալիք նոր աշխարհի մասին, հետևյալ հորդորը տվեց քրիստոնյաներին. «Սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։14)։ Երբ հետևում ենք այս հորդորին և ամեն ինչ անում ենք բարոյապես ու հոգևորապես մաքուր մնալու համար, ապացուցում ենք, որ անմնացորդ ենք նվիրված Եհովային։

19 Սատանան և իր աշխարհը շարունակելու են գայթակղել մեզ, որ սկսենք որոշ բաներ Եհովայից կարևոր համարել (Ղուկ. 4։13)։ Սակայն մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան մեր սրտում զբաղեցնի Եհովայի տեղը։ Մենք ամեն ինչ կանենք, որ միշտ անմնացորդ նվիրված լինենք մեր երկնային Հորը։ Չէ՞ որ միայն նա է դրան արժանի։

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր

^ պարբ. 5 Մենք սիրում ենք ծառայել Եհովային։ Բայց յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարցնի. «Անմնացո՞րդ եմ նվիրված Աստծուն»։ Դա երևում է մեր կայացրած որոշումներից։ Եկեք քննարկենք կյանքի երկու ոլորտ և տեսնենք, թե որքան ենք նվիրված մեր երկնային Հորը։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Մենք չենք ցանկանա հակահիգիենիկ պայմաններում պատրաստված ու զանազան հարուցիչներով վարակված սնունդ ուտել։ Ուրեմն արժե՞ այնպիսի զվարճություններ ընտրել, որոնք վարակված են բռնությամբ, անբարոյականությամբ և դիվապաշտությամբ։