Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անհրաժեշտ է մարդկանց նախազգուշացնել Աստծուց եկող «փոթորկի» մասին

Աստծու դատաստանները. նա միշտ ինչպես հարկն է նախազգուշացնո՞ւմ է դրանց մասին

Աստծու դատաստանները. նա միշտ ինչպես հարկն է նախազգուշացնո՞ւմ է դրանց մասին

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԸ ուշադիր զննում է ռադարի միջոցով ստացված պատկերը։ Նա տեսնում է, որ վտանգավոր փոթորիկ է արագ մոտենում մի խիտ բնակեցված տարածքի։ Քանի որ նրան խորապես հուզում է մարդկանց ապահովությունը, նա ամեն ինչ անում է, որ նրանց զգուշացնի մոտեցող վտանգի մասին, քանի դեռ շատ ուշ չէ։

Այդ օդերևութաբանի պես՝ Եհովան այժմ երկրի բնակիչներին նախազգուշացնում է արագ մոտեցող մի «փոթորկի» մասին, որը ավելի աղետաբեր է, քան ցանկացած այլ փոթորիկ։ Իսկ ինչպե՞ս է Աստված նախազգուշացնում, և ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ բավականին վաղ է դա անում՝ մարդկանց ժամանակ տալով համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Այս հարցերի պատասխաններն իմանալու համար նախ եկեք քննենք մի քանի նախազգուշացում, որ Եհովան տվել է անցյալում։

ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան բազմիցս նախազգուշացրել է այն «փոթորիկների», կամ՝ դատաստանների մասին, որ պատրաստվում էր բերել իրեն միտումնավոր հակառակվող մարդկանց վրա (Առակ. 10։25; Երեմ. 30։23)։ Այդ բոլոր դեպքերում Եհովան բավականին վաղօրոք է նախազգուշացումներ տվել անհնազանդներին և հայտնել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն իր դատաստանից փրկվելու համար (2 Թագ. 17։12–15; Նեեմ. 9։29, 30)։ Այդ դատաստանների մասին Եհովան հաճախ իր երկրային հավատարիմ ծառաների միջոցով էր հայտնում։ Մարդկանց նախազգուշացնելով՝ Աստված փորձում էր փոփոխություններ անելու ցանկություն առաջացնել նրանց սրտում և բացատրել, թե դա անելը ինչու է հրատապ (Ամոս 3։7

Նոյը Աստծու այդ հավատարիմ ծառաներից մեկն էր։ Երկար տարիներ նա իր օրերի անբարո և բռնասեր մարդկանց անվախորեն նախազգուշացնում էր գալիք ջրհեղեղի մասին (Ծննդ. 6։9–13, 17)։ Նա նաև հայտնում էր, թե նրանք ինչ պետք է անեին, որ փրկվեին, և այնքան հաճախակի էր դա անում, որ հետագայում կոչվեց «արդարության քարոզիչ» (2 Պետ. 2։5

Չնայած Նոյի թափած ջանքերին՝ նախաջրհեղեղյան ժամանակներում ապրող մարդիկ ուշադրություն չդարձրին Աստծու տված նախազգուշացումներին։ Նրանք ծայրաստիճան անհավատ էին, ուստի «ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթ. 24։39; Եբր. 11։7)։ Երբ այդ մարդկանց վերջը եկավ, նրանցից և ոչ մեկը չէր կարող ասել, թե Աստված իրեն չէր նախազգուշացրել։

Եղել են դեպքեր, երբ Եհովան մարդկանց նախազգուշացրել է իր դատաստանից համեմատաբար կարճ ժամանակ առաջ։ Բայց նույնիսկ այդ դեպքերում նրանք բավական ժամանակ են ունեցել համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Հիշենք հին Եգիպտոսի վրա նրա բերած տասը պատուհասները։ Օրինակ՝ յոթերորդ պատուհասը, այսինքն՝ ավերիչ կարկուտը բերելուց առաջ Եհովան Մովսեսին ու Ահարոնին ուղարկեց փարավոնի ու նրա ծառաների մոտ և նախազգուշացրեց այդ մասին։ Կարկտահարությունը լինելու էր հաջորդ օրը, ուստի կարելի է ասել, որ Աստված բավականաչափ ժամանակ տվեց նրանց, որ ծածկ գտնեն և պաշտպանվեն այդ աղետից։ Աստվածաշնչում կարդում ենք. «Փարավոնի ծառաներից նրանք, ովքեր վախեցան Եհովայի խոսքից, իրենց ծառաներին ու անասուններին շտապ տուն բերեցին, իսկ ովքեր չվախեցան և ուշադրություն չդարձրին Եհովայի խոսքին, իրենց ծառաներին ու անասուններին թողեցին դաշտում» (Ելք 9։18–21)։ Այո՛, Եհովան ինչպես հարկն է նախազգուշացրել էր մարդկանց, ուստի ովքեր շտապ արձագանքեցին դրան, մյուսների պես շատ վնասներ չկրեցին։

Տասներորդ պատուհասից առաջ ևս փարավոնն ու իր ծառաները նախազգուշացում ստացան, սակայն անմտաբար անտեսեցին այն (Ելք 4։22, 23)։ Դրա հետևանքով նրանց անդրանիկ որդիները մահացան։ Ինչպիսի՜ ողբերգություն (Ելք 11։4–10; 12։29)։ Կարո՞ղ էին նրանք ժամանակին ականջ դնել տրված նախազգուշացմանը։ Անշո՛ւշտ։ Մովսեսը տասներորդ պատուհասի մասին առանց հապաղելու զգուշացրեց նաև իսրայելացիներին և ասաց, թե դրանից պաշտպանվելու համար ինչ պետք է անեն (Ելք 12։21–28)։ Քանի՞ մարդ արձագանքեց այդ նախազգուշացմանը։ Ըստ որոշ հաշվարկների՝ երեք միլիոն, որոնց թվում էին ոչ միայն իսրայելացիներ, այլև եգիպտացիներից ու այլազգիներից բաղկացած «մի բազմազգ ժողովուրդ»։ Նրանք փրկվեցին Աստծու դատաստանից և դուրս եկան Եգիպտոսից (Ելք 12։38

Ինչպես տեսանք այս օրինակներից, Եհովան միշտ բավական վաղօրոք է նախազգուշացնում իր դատաստանների մասին, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան փրկության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու (2 Օրենք 32։4)։ Իսկ ինչո՞ւ է Աստված այդպես վարվում։ Որովհետև «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Այո՛, մարդիկ թանկ են Եհովայի համար։ Նա ուզում է, որ մինչ իր դատաստանի գալը մեղավորները զղջան և անհրաժեշտ փոփոխություններն անեն (Ես. 48։17, 18; Հռոմ. 2։4

ԱԿԱՆՋ ԴԻՐ ԱՍՏԾՈՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆԸ

Այսօր ևս բոլոր մարդիկ պետք է ականջ դնեն մի շատ կարևոր նախազգուշացման, որը ազդարարվում է ամբողջ աշխարհում։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը նախազգուշացրել է, որ «մեծ նեղություն» է լինելու, որի ժամանակ այս չար աշխարհը կործանվելու է (Մատթ. 24։21)։ Այդ գալիք դատաստանի մասին նա մանրամասն մարգարեություններ է տվել՝ հայտնելով իր հետևորդներին, թե նրանք ինչերի են ականատես լինելու և ինչերի միջով են անցնելու։ Հիսուսի նկարագրած իրադարձությունները աշխարհի մասշտաբով տեղի են ունենում մեր օրերում (Մատթ. 24։3–12; Ղուկ. 21։10–13

Եհովան այժմ բոլորին հորդորում է խոնարհվել իր հզոր ձեռքի տակ։ Նա ուզում է, որ հնազանդ մարդիկ այսօր իսկ ավելի լավ կյանքով ապրեն, իսկ ապագայում նոր, արդար աշխարհում վայելեն իր օրհնությունները (2 Պետ. 3։13)։ Որպեսզի մարդիկ իմանան իր խոստումների մասին և հավատան դրանց, Եհովան նրանց փրկարար լուր է հաղորդում՝ Թագավորության բարի լուրը, որը, ըստ Հիսուսի տված մարգարեության, քարոզվելու էր «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Աստված հոգ է տարել, որ իր ճշմարիտ երկրպագուները կազմակերպված ձևով հռչակեն այդ լուրը, և այժմ այն ազդարարվում է գրեթե 240 երկրում։ Եհովան ուզում է, որ հնարավորինս շատ մարդիկ ականջ դնեն իր նախազգուշացմանը և փրկվեն մոտալուտ «փոթորկից»՝ արդար դատաստանից (Սոփ. 1։14, 15; 2։2, 3

Այսպիսով՝ փաստ է, որ Եհովան մարդկանց միշտ բավականաչափ ժամանակ է տալիս իր նախազգուշացումներին արձագանքելու համար։ Մնում է՝ նրանք ճիշտ ժամանակին ականջ դնեն այդ նախազգուշացումներին։ Ուստի, քանի դեռ շատ ուշ չէ, եկեք որպես Աստծու պատգամաբերներ հնարավորինս շատ մարդկանց օգնենք, որ փրկվեն այս աշխարհի կործանումից։