Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եղբայր Ռադերֆորդը համաժողովին ելույթ է ունենում (Օհայո, Սիդար Փոյնթ, 1919)

Հարյուր տարի առաջ. 1919

Հարյուր տարի առաջ. 1919

1919 ԹՎԱԿԱՆՆ էր։ Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևել էր ավելի քան չորս տարի, ավարտվել էր։ Պատերազմող կողմերը 1918 թ. վերջերին զենքերը վայր էին դրել։ 1919 թ. հունվարի 18-ին բացվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովը, որի աշխատանքների արդյունքում հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը։ Դրանով պաշտոնապես վերջ դրվեց Անտանտի պետությունների ու Գերմանիայի միջև մղվող պայքարին։

Այդ պայմանագրի հիման վրա ստեղծվեց նաև մի նոր կազմակերպություն՝ Ազգերի լիգան, որի գլխավոր նպատակն էր՝ «զարգացնել միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ազգամիջյան խաղաղություն և անվտանգություն պահպանել»։ Քրիստոնյա աշխարհի շատ եկեղեցիներ թիկունք կանգնեցին Ազգերի լիգային։ Ամերիկայի՝ Քրիստոսի եկեղեցիների համերկրային խորհուրդը անգամ փառաբանական խոսքեր ասաց դրա հասցեին՝ այն կոչելով «երկրի վրա Աստծու Թագավորության քաղաքական դրսևորում»։ Այս խորհուրդը Ազգերի լիգային իր աջակցությունը ցույց տվեց նաև այն բանով, որ պատվիրակներ ուղարկեց Փարիզի հաշտության խորհրդաժողով։ Նրանցից մեկը հայտարարեց, թե այդ խորհրդաժողովը «աշխարհի պատմության մեջ մի նոր դարաշրջանի սկիզբ է դնում»։

Եվ իրոք, 1919-ին մի նոր դարաշրջան սկսվեց, բայց ոչ այն մարդկանց ձեռքով, որոնք մասնակցում էին հաշտության խորհրդաժողովին։ Այդ տարի Եհովան զարկ տվեց քարոզչական գործին. նա իր ժողովրդին զորացրեց, որ այնպես քարոզեն, ինչպես մինչ այդ երբեք չէին արել։ Սակայն դրանից առաջ Աստծու կազմակերպության մեջ պետք է նշանակալից իրադարձություններ տեղի ունենային։

ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄ

Ջոզեֆ Ռադերֆորդ

Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության տնօրենների տարեկան ընտրությունը ծրագրված էր անցկացնել 1919 թ. հունվարի 4-ին՝ շաբաթ օրը։ Մինչ այդ Ջոզեֆ Ռադերֆորդը, որը Եհովայի ժողովրդի մեջ առաջնորդություն էր վերցնում, յոթ այլ եղբայրների հետ անարդարացիորեն դատապարտվել էր ազատազրկման։ Նրանք գտնվում էին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի դաշնային բանտում։ Հարց էր ծագում. բանտարկված եղբայրները, որոնք տնօրենների խորհրդի անդամ էին, պե՞տք է արդյոք վերընտրվեին, թե՞ նրանց փոխարեն պետք է այլ եղբայրներ ընտրվեին։

Էվանդեր Քովարդ

Եղբայր Ռադերֆորդը, իր բանտախցում նստած, անհանգստանում էր կազմակերպության ապագայի համար։ Նա տեղյակ էր, որ եղբայրներից ոմանք կարծում էին, թե ավելի լավ կլիներ ուրիշին ընտրել որպես նախագահ։ Դրա համար էլ նամակ գրեց այդ հանդիպման մասնակիցներին և նախագահ դառնալու համար երաշխավորեց եղբայր Էվանդեր Քովարդին։ Եղբայր Ռադերֆորդը նրան նկարագրեց որպես հանդարտ, խոհեմ և Տիրոջը նվիրված մարդու։ Բայց շատ եղբայրներ ուզում էին այս հարցին այլ լուծում տալ՝ վեց ամսով հետաձգել ընտրությունները։ Ազատազրկված եղբայրների շահերը պաշտպանող իրավաբանները համաձայն էին այս առաջարկին։ Սակայն դա բուռն քննարկումների տեղիք տվեց, և որոշ եղբայրներ ազատություն տվեցին իրենց զգացմունքներին։

Ռիչարդ Բարբեր

Հետո եղավ մի բան, ինչը, եղբայր Ռիչարդ Բարբերի խոսքերով, «կրակի վրա ջուր լցրեց»։ Հանդիպմանը ներկա եղբայրներից մեկը դիմեց մասնակիցներին և ասաց. «Ես իրավաբան չեմ, բայց ինչ վերաբերում է այս հարցի օրինական լինելուն, գիտեմ մի բան հավատարմության օրենքի վերաբերյալ։ Հավատարմությունը Աստծու պահանջն է։ Ու ես չեմ պատկերացնում այդ հավատարիմների հանդեպ վստահության ավելի մեծ դրսևորում, քան կրկին եղբայր Ռադերֆորդին որպես նախագահ ընտրելը» (Սաղ. 18։25

Ալեքսանդր Մակմիլան

Ալեքսանդր Մակմիլանը, որը ազատազրկված եղբայրների թվում էր, հետագայում պատմել է, որ այդ հանդիպումից հետո՝ հաջորդ օրը, եղբայր Ռադերֆորդը թակել է իր բանտախցի պատը և ասել է. «Ձեռքդ դուրս հանիր»։ Հետո Մակմիլանին մի հեռագիր է տվել, որում գրված էր. «ՌԱԴԵՐՖՈՐԴ ՈՒԱՅԶ ՎԱՆ ԲԱՐԲԵՐ ԱՆԴԵՐՍՈՆ ԲՈՒԼԻ ԵՎ ՍՓԻԼ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔԸ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ»։ Մակմիլանն անմիջապես հասկացել է հաղորդագրության իմաստը. բոլոր տնօրենները վերընտրվել էին, իսկ Ջոզեֆ Ռադերֆորդը և Ուիլյամ վան Ամբուրգը նորից նշանակվել էին տնօրենների խորհրդի գործադիր կոմիտեի անդամներ։ Այսինքն՝ եղբայր Ռադերֆորդը մնացել էր նախագահ։

ԱԶԱՏՈՒՄ

Մինչ ութ եղբայրները ազատազրկված էին, Աստվածաշունչ ուսումնասիրողները ակտիվորեն ստորագրություններ էին հավաքում, որպեսզի կառավարությանը խնդրագիր ներկայացնեն եղբայրներին ազատ արձակելու համար։ Այս քաջարի, հավատարիմ եղբայրներն ու քույրերը ավելի քան 700 000 ստորագրություն հավաքեցին։ Սակայն խնդրագիրն ուղարկելու հարկ չեղավ, քանի որ մինչ այդ՝ 1919 թ. մարտի 26-ին, եղբայր Ռադերֆորդն ու մյուս պատասխանատու եղբայրները ազատ արձակվեցին։

Իրեն ողջունելու եկած մարդկանց դիմելով՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Ես համոզված եմ, որ այն, ինչի միջով անցանք, բոլորիս նախապատրաստում է առաջիկայում սպասվող ավելի ծանր ժամանակներին.... Ձեր պայքարը պարզապես եղբայրներին բանտից ազատելու համար չէր։ Դա հարցի մի կողմն էր.... Այդ պայքարը գլխավորաբար ճշմարտության մասին վկայություն տալու համար էր, և բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին դրան, հրաշալի օրհնություններ ստացան»։

Եղբայրների դատավարությունից կարելի էր եզրակացնել, որ Եհովան ամեն բան իր վերահսկողության տակ էր պահում։ 1919 թ. մայիսի 14-ին վերաքննիչ դատարանը վճռեց. «Ամբաստանյալների առնչությամբ արդար և օբյեկտիվ դատաքննություն տեղի չի ունեցել, ինչի իրավունքը նրանք ունեին, այդ պատճառով դատավճիռը բեկանվում է»։ Եղբայրները մեղադրվել էին ծանր հանցագործություններ կատարելու մեջ, և եթե այդ դատավճիռը չբեկանվեր կամ պարզապես մեղմվեր, նրանք դատվածություն կունենային։ Եղբայրների դեմ նոր մեղադրանքներ չառաջադրվեցին։ Արդյունքում եղբայր Ռադերֆորդը, որը իրավաբան էր ու դատավոր, չկորցրեց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ուստի կարող էր Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում պաշտպանել Եհովայի ժողովրդին, ինչը նա բազմիցս արել է ազատ արձակվելուց հետո։

ՔԱՐՈԶԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԻ

Եղբայր Մակմիլանը պատմել է. «Մենք չէինք պատրաստվում ձեռքներս ծալած նստել ու սպասել, թե Տերը երբ է մեզ տանելու երկինք։ Հակառակը, մենք քաջ գիտակցում էինք, որ պետք է ինչ-որ ձևով պարզեինք, թե Տերը իրականում ինչ է կամենում»։

Բայց գլխավոր վարչության եղբայրները չէին կարող հեշտությամբ վերսկսել այն գործը, որ տարիներ շարունակ արել էին։ Ինչո՞ւ։ Քանի որ մինչ նրանք ազատազրկված էին, հրատարակությունների տպագրության համար օգտագործվող տպաձևերը ոչնչացվել էին։ Այս հանգամանքը վհատեցնող էր։ Որոշ եղբայրներ էլ մտածում էին. «Գուցե քարոզչական գործն ավարտվա՞ծ է»։

Ուստի հարց էր ծագում. ինչ-որ մեկին դեռ հետաքրքրո՞ւմ էր Թագավորության լուրը, որ քարոզում էին Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Դա պարզելու համար եղբայր Ռադերֆորդը որոշեց հանրային դասախոսությամբ հանդես գալ։ «Եթե այդ հանդիպմանը ոչ ոք չգա,— ասաց եղբայր Մակմիլանը,— կնշանակի՝ մենք այլևս անելիք չունենք»։

Եղբայր Ռադերֆորդի՝ «Հույս վհատված մարդկության համար» դասախոսության գովազդը թերթում (Կալիֆոռնիա, Լոս Անջելես, 1919)

1919 թ. մայիսի 4-ին՝ կիրակի օրը, չնայած լուրջ հիվանդությանը, եղբայր Ռադերֆորդը Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հանդես եկավ դասախոսությամբ, որի վերնագիրն էր՝ «Հույս վհատված մարդկության համար»։ Այդ հանդիպմանը ներկա եղավ մոտ 3 500 հոգի, իսկ հարյուրավորներ էլ տեղ չլինելու պատճառով ստիպված եղան հետ դառնալ։ Հաջորդ օրը դասախոսությունը լսեց ևս 1 500 մարդ։ Եղբայրները ստացան իրենց հարցի պատասխանը. մարդիկ ավելի քան հետաքրքրված էին Թագավորության լուրով։

Այն, ինչ եղբայրները արեցին հետո, մինչ օրս անդրադառնում է մեր քարոզչական գործունեության վրա։

ՊԱՏՐԱՍՏ՝ ԱՊԱԳԱ ԱՃԻ ՀԱՄԱՐ

«Դիտարանի» 1919 թ. օգոստոսի 1-ի համարում ազդարարվեց, որ սեպտեմբերի սկզբում Օհայո նահանգի Սիդար Փոյնթ քաղաքում համաժողով է անցկացվելու։ Միսուրի նահանգից Քլերենս Բիթի անունով մի երիտասարդ եղբայր նշել է. «Բոլորս մեր պարտքն էինք համարում ներկա գտնվել այդ համաժողովին»։ Ավելի քան 6 000 եղբայրներ ու քույրեր ներկա եղան այդ միջոցառմանը, ինչը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Համաժողովին տիրող ոգևորությունը կրկնապատկվեց նաև այն պատճառով, որ դրա ժամանակ մոտակա Էրի լճում ավելի քան 200 մարդ մկրտվեց։

«Ոսկե դար» ամսագրի առաջին թողարկման՝ 1919 թ. հոկտեմբերի 1-ի համարի շապիկը

1919 թ. սեպտեմբերի 5-ին՝ համաժողովի հինգերորդ օրը, իր՝ «Կոչ համագործակիցներին» վերնագրով ելույթում եղբայր Ռադերֆորդը հայտարարեց նոր ամսագրի թողարկման մասին, որը կոչվելու էր «Ոսկե դար»։ * Այն անդրադառնալու էր կարևոր նորություններին և Աստվածաշնչի լույսի ներքո բացատրելու էր, թե ինչու են այդ իրադարձությունները տեղի ունենում։

Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր տրվեց այս նոր հրատարակության միջոցով քաջաբար քարոզելու։ Մի նամակում, որում բացատրվում էր, թե այդ գործն ինչպես պետք է կազմակերպվեր, նշված էր. «Թող յուրաքանչյուր ոք, ով նվիրվել է Աստծուն, հիշի, որ նրան ծառայելը մեծագույն պատիվ է, և այժմ առիթը բաց չթողնի ու մասնակցի աշխարհին վկայություն տալու այս մեծ գործին»։ Արձագանքը ցնցող էր։ Եռանդուն քարոզիչների ջանքերի շնորհիվ դեկտեմբեր ամսին այս նոր ամսագիրը արդեն ավելի քան 50 000 բաժանորդ ուներ։

Եղբայրները՝ «Ոսկե դար» ամսագրի օրինակներով բարձված բեռնատարի մոտ (Բրուքլին, Նյու Յորք)

1919 թ. ավարտին Եհովայի ժողովուրդը կրկին կազմակերպված էր ու լի եռանդով։ Այդ տարի նաև կատարվել էին վերջին օրերի վերաբերյալ մի շարք կարևոր մարգարեություններ. ավարտվել էր Աստծու ժողովրդի փորձվելու և զտվելու ժամանակաշրջանը, ինչի մասին կանխագուշակված էր Մաղաքիա 3։1–4 համարներում, նրանք ազատագրվել էին «Մեծ Բաբելոնի» հոգևոր գերությունից, ու Հիսուսը նշանակել էր «հավատարիմ և իմաստուն ծառային» * (Հայտն. 18։2, 4; Մատթ. 24։45)։ Այժմ Աստվածաշունչ ուսումնասիրողները լիովին պատրաստ էին կատարելու այն գործը, որ Եհովան նախատեսել էր իրենց համար։

^ պարբ. 22 «Ոսկե դար» ամսագիրը 1937-ին վերանվանվեց «Մխիթարություն», իսկ 1946-ին՝ «Արթնացե՛ք»։