Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44

Կծառայե՞ն Աստծուն, երբ մեծանան

Կծառայե՞ն Աստծուն, երբ մեծանան

«Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը» (ՂՈՒԿ. 2։52

ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ո՞րն է լավագույն որոշումը։

ՍՈՎՈՐԱԲԱՐ ծնողների կայացրած որոշումները մեծ ազդեցություն են թողնում երեխաների ապագայի վրա։ Նրանց անխոհեմ որոշումները կարող են խնդիրներ ստեղծել երեխաների համար։ Եվ հակառակը՝ իմաստուն որոշումներ կայացնելով՝ ծնողները նրանց համար երջանիկ ապագայի հիմք են ստեղծում։ Ինչ խոսք, երեխաներն էլ իրենց հերթին պետք է իմաստուն որոշումներ կայացնեն։ Իսկ լավագույն որոշումը, որ մարդ կարող է կայացնել, մեր սիրառատ երկնային Հորը՝ Եհովային, ծառայելու որոշումն է (Սաղ. 73։28

2. Ի՞նչ որոշումներ կայացրին Հիսուսն ու նրա ծնողները։

2 Հիսուսի ծնողները վճռել էին օգնել իրենց երեխաներին ծառայել Եհովային, և նրանց կայացրած որոշումները ցույց տվեցին, որ Եհովային ծառայելը նրանց կյանքի գլխավոր նպատակն էր (Ղուկ. 2։40, 41, 52)։ Հիսուսն էլ իր հերթին ճիշտ որոշումներ կայացրեց, ինչն օգնեց նրան կատարել Եհովայի նպատակների մեջ ունեցած իր դերը (Մատթ. 4։1–10)։ Մեծանալով՝ նա դարձավ բարի, նվիրված և քաջ մարդ։ Ցանկացած աստվածավախ ծնող կերազեր նման որդի ունենալ։

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

3 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Եհովան Հիսուսի առնչությամբ։ Քրիստոնյա ծնողները ի՞նչ կարող են սովորել Հովսեփից ու Մարիամից։ Իսկ երեխաները ի՞նչ կարող են սովորել Հիսուսի օրինակից։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՑ

4. Ի՞նչ կարևոր որոշում կայացրեց Եհովան իր Որդու առնչությամբ։

4 Եհովան հիանալի ծնողներ ընտրեց Հիսուսի համար (Մատթ. 1։18–23; Ղուկ. 1։26–38)։ Մարիամի սրտաբուխ խոսքերից երևում է, որ նա շատ էր սիրում Եհովային և նրա Խոսքը (Ղուկ. 1։46–55)։ Իսկ այն, թե ինչպես Հովսեփը արձագանքեց Եհովայի տված առաջնորդությանը, ցույց է տալիս, որ նա աստվածավախ մարդ էր և ուզում էր հաճեցնել նրան (Մատթ. 1։24

5–6. Եհովան թույլ տվեց, որ Հիսուսն ինչերի՞ միջով անցնի։

5 Եհովան հարուստ ծնողներ չընտրեց իր Որդու համար։ Հիսուսի ծնվելուց հետո Հովսեփի և Մարիամի մատուցած զոհից երևում է, որ նրանք աղքատ մարդիկ էին (Ղուկ. 2։24)։ Հավանաբար Հովսեփը Նազարեթ քաղաքում՝ իրենց տան կողքին, մի փոքրիկ արհեստանոց ուներ, որտեղ ատաղձագործությամբ էր զբաղվում։ Ակներևաբար նրանք պարզ կյանքով էին ապրում, հատկապես որ ընտանիքը գնալով մեծանում էր. Հովսեփն ու Մարիամը առնվազն յոթ երեխա ունեին (Մատթ. 13։55, 56

6 Ճիշտ է, Եհովան Հիսուսին պաշտպանում էր որոշ վտանգներից, բայց չէր ազատում նրան բոլոր դժվարություններից (Մատթ. 2։13–15)։ Օրինակ՝ Հիսուսը բախվեց հարազատների հակառակությանը։ Միայն պատկերացրու, թե որքան դժվար էր Հիսուսի համար, երբ նրա ընտանիքի անդամներից ոմանք սկզբում չհավատացին, որ ինքն է Մեսիան (Մարկ. 3։21; Հովհ. 7։5)։ Բացի այդ՝ նա զգաց սիրելի հարազատի կորստի ցավը։ Հավանաբար Հիսուսը դեռ բավականին երիտասարդ էր, երբ նրա երկրային հայրը՝ Հովսեփը, մահացավ։ Դրանից հետո որպես ավագ որդի՝ նա պետք է շարունակեր իր հոր գործը (Մարկ. 6։3)։ Հիսուսը սովորեց իր ուսերի վրա կրել ընտանիքի կարիքները հոգալու պատասխանատվությունը։ Իսկ դրա համար նա պետք է ծանր աշխատեր։ Ուստի Հիսուսն իր անձնական փորձից գիտեր, թե մարդ որքան հոգնած կարող է լինել ողջ օրն աշխատելուց հետո։

Ծնողնե՛ր, պատրաստեք ձեր երեխաներին կյանքի դժվարություններին՝ սովորեցնելով նրանց խորհրդի համար դիմել Աստծու Խոսքին (տես պարբերություն 7) *

7. ա) Ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածեն ծնողները և այն ամուսնական զույգերը, ովքեր ուզում են երեխա ունենալ։ բ) Հաշվի առնելով Առակներ 2։1–6 համարները՝ ծնողները ի՞նչ պետք է սովորեցնեն երեխաներին։

7 Եթե ամուսնական զույգը ցանկանում է երեխա ունենալ, լավ կլինի՝ մտածի հետևյալ հարցի շուրջ. «Արդյո՞ք մենք Հովսեփի ու Մարիամի նման հոգևոր մտածելակերպ ունեցող և խոնարհ մարդիկ ենք, ում Եհովան կվստահեր նորածնի թանկ կյանքը» (Սաղ. 127։3, 4)։ Իսկ եթե արդեն ծնող ես, ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք երեխաներիս սովորեցնում եմ աշխատասեր լինել» (Ժող. 3։12, 13)։ «Հնարավորինս պաշտպանո՞ւմ եմ նրանց այն ֆիզիկական ու բարոյական վտանգներից, որոնց գուցե բախվեն Սատանայի աշխարհում» (Առակ. 22։3)։ Իհարկե մեր երեխաներին չենք կարող պաշտպանել բոլոր խնդիրներից։ Դա պարզապես անհնար է։ Բայց կարող ենք պատրաստել նրանց կյանքի դժվարություններին՝ սովորեցնելով, որ խորհրդի համար դիմեն Աստծու Խոսքին (կարդա Առակներ 2։1–6)։ Օրինակ՝ եթե մեր հարազատներից մեկը թողնում է ճշմարտությունը, պետք է օգնենք երեխաներին Աստվածաշնչից տեսնել, թե ինչու է կարևոր հավատարիմ մնալ Եհովային (Սաղ. 31։23)։ Կամ եթե մեր հարազատներից մեկը մահանում է, պետք է սովորեցնենք երեխաներին Աստծու Խոսքի օգնությամբ դիմանալ վշտին և մտքի խաղաղություն ունենալ (2 Կորնթ. 1։3, 4; 2 Տիմոթ. 3։16

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀՈՎՍԵՓԻՑ ՈՒ ՄԱՐԻԱՄԻՑ

8. 2 Օրենք 6։6, 7 համարների համաձայն՝ Հովսեփն ու Մարիամը ի՞նչ պետք է անեին։

8 Հիսուսի երկրային ծնողները այնպես կրթեցին իրեն, որ մեծանալով՝ նա արժանացավ Աստծու հավանությանը։ Դա նրանց հաջողվեց, քանի որ նրանք հետևում էին ծնողներին տրված Եհովայի առաջնորդությանը (կարդա 2 Օրենք 6։6, 7)։ Հովսեփն ու Մարիամը մեծ սեր ունեին Եհովայի հանդեպ, և նրանց գլխավոր նպատակն էր օգնել իրենց երեխաներին, որ նմանատիպ սեր զարգացնեին։

9. Ի՞նչ էին վճռել Հովսեփն ու Մարիամը։

9 Հովսեփն ու Մարիամը վճռել էին ընտանիքով հոգևոր լավ սովորություններ պահպանել։ Անկասկած, նրանք ամեն շաբաթ գնում էին Նազարեթի ժողովարան և ամեն տարի մասնակցում էին Երուսաղեմում անցկացվող Պասեքի տոնին (Ղուկ. 2։41; 4։16)։ Հավանաբար այս ճանապարհորդության ընթացքում նրանք իրենց երեխաներին սովորեցնում էին Եհովայի ժողովրդի պատմությունը և ճանապարհին այցելում վայրեր, որոնց մասին նշված էին Սուրբ Գրքերում։ Որքան նրանց ընտանիքը մեծանում էր, թերևս այնքան ավելի դժվար էր լինում պահպանել հոգևոր լավ սովորությունները։ Բայց նրանց ջանքերը վարձատրվեցին։ Եհովայի երկրպագությունը առաջին տեղում դնելու շնորհիվ նրանց ընտանիքը հոգևորապես բարգավաճեց։

10. Քրիստոնյա ծնողները ի՞նչ կարող են սովորել Հովսեփից ու Մարիամից։

10 Աստվածավախ ծնողնե՛ր, ի՞նչ կարող եք սովորել Հովսեփից ու Մարիամից։ Ամենակարևոր բանը, որ կարող եք սովորել, այն է, որ նրանց պես խոսքով ու գործով ձեր երեխաներին ցույց տաք, որ շատ եք սիրում Եհովային։ Օգնեք նրանց, որ նրանք էլ սիրեն Եհովային։ Հիշեք, դա լավագույն նվերն է, որ կարող եք տալ նրանց։ Անչափ կարևոր է նաև, որ սովորեցնենք նրանց՝ հոգևոր լավ սովորություններ ունենան՝ կանոնավորաբար ուսումնասիրեն Աստվածաշունչը, աղոթեն, մասնակցեն ժողովի հանդիպումներին և ծառայությանը (1 Տիմոթ. 6։6)։ Իհարկե, ձեր պարտականությունն է հոգալ ձեր երեխաների նյութական կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն հիշեք, որ ոչ թե նյութական բաները, այլ Եհովայի հետ մտերմությունն է օգնելու նրանց վերապրել այս աշխարհի կործանումից և մտնել նոր աշխարհ (Եզեկ. 7։19; 1 Տիմոթ. 4։8 *

Որքա՜ն հաճելի է տեսնել, որ քրիստոնյա ծնողները հոգևոր հարցերում ճիշտ առաջնահերթություններ են դնում (տես պարբերություն 11) *

11. ա) 1 Տիմոթեոս 6։17–19 համարներում գրված հորդորը ինչպե՞ս կարող է օգնել ծնողներին։ բ) Ընտանիքով ի՞նչ նպատակներ կարող եք դնել, և ի՞նչ օրհնություններ կստանաք (տես  «Ի՞նչ նպատակներ կդնեք ընտանիքով» շրջանակը)

11 Որքա՜ն հաճելի է տեսնել, որ բազմաթիվ քրիստոնյա ծնողներ հոգևոր հարցերում ճիշտ առաջնահերթություններ են դնում։ Նրանք ընտանիքով կանոնավորաբար երկրպագություն են մատուցում Եհովային։ Օրինակ՝ հաճախում են ժողովի հանդիպումներին և համաժողովներին։ Մասնակցում են քարոզչական գործին։ Որոշ ընտանիքներ ծառայում են նույնիսկ հազվադեպ մշակվող տարածքներում։ Կան ընտանիքներ էլ, որ այցելում են Բեթել կամ մասնակցում են աստվածապետական շինարարական ծրագրերի։ Այս ամենի համար նրանք պետք է ֆինանսական զոհողություններ անեն, ինչը գուցե դժվարություններ ստեղծի։ Բայց Եհովայի տված օրհնությունները հոգևորապես հարստացնում են նրանց (կարդա 1 Տիմոթեոս 6։17–19)։ Նման ընտանիքներում մեծացած երեխաները հետագայում էլ են պահպանում իրենց հոգևոր լավ սովորությունները և ափսոսանքի զգացում չեն ունենում (Առակ. 10։22 *

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԻՍՈՒՍԻՑ

12. Ի՞նչ պետք է աներ Հիսուսը։

12 Հիսուսի երկնային Հայրը միշտ իմաստուն որոշումներ է կայացնում։ Նրա երկրային ծնողները նույնպես ճիշտ որոշումներ կայացրին։ Բայց երբ Հիսուսը մեծացավ, պետք է ինքնուրույն որոշումներ կայացներ (Գաղ. 6։5)։ Մեզ պես նա էլ ազատ կամք ուներ, և կարող էր իր անձնական շահը փնտրել, բայց նախընտրեց Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ պահպանել (Հովհ. 8։29)։ Նրա օրինակն ինչպե՞ս կարող է օգնել երեխաներին։

Երեխանե՛ր, մի՛ մերժեք ձեր ծնողների տված առաջնորդությունը (տես պարբերություն 13) *

13. Փոքր տարիքում ի՞նչ էր վճռել անել Հիսուսը։

13 Փոքր տարիքում Հիսուսը վճռել էր հնազանդվել իր ծնողներին։ Նա երբեք չէր մերժում նրանց տված առաջնորդությունը՝ մտածելով, թե ինքը նրանցից ավելի շատ բան գիտի։ Ընդհակառակը՝ Հիսուսը «շարունակում էր ենթարկվել նրանց» (Ղուկ. 2։51)։ Նա, անկասկած, լրջորեն էր վերաբերվում որպես ավագ որդի իր ունեցած պարտականություններին։ Հիսուսը ջանադրաբար սովորում էր իր հոր արհեստը, որ օգնի հոգ տանել ընտանիքին։

14. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող էր։

14 Հիսուսի ծնողները հավանաբար պատմել էին նրան, որ իր ծնունդը հրաշքով էր տեղի ունեցել, ինչպես նաև հայտնել էին հրեշտակների ասածները (Ղուկ. 2։8–19, 25–38)։ Սակայն Հիսուսը չէր բավարարվել միայն իր լսածով. նա ինքնուրույն ուսումնասիրում էր Սուրբ Գրքերը։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող էր։ Երբ նա դեռ փոքր էր, Երուսաղեմում ուսուցիչները «հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկ. 2։46, 47)։ Արդեն 12 տարեկանում նա այնքան լավ էր սերտել Սուրբ Գրքերը, որ համոզված էր, որ Եհովան իր Հայրն է (Ղուկ. 2։42, 43, 49

15. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ վճռել էր կատարել Եհովայի կամքը։

15 Երբ Հիսուսը իմացավ, թե որն է իր դերը Եհովայի նպատակներում՝ հանձն առավ կատարել այն (Հովհ. 6։38)։ Նա գիտեր, որ շատերը ատելու էին իրեն, և այդ միտքը հավանաբար անհանգստացնում էր նրան։ Բայցևայնպես, Հիսուսը նախընտրեց հնազանդվել Եհովային։ Եվ երբ նա մ. թ. 29 թ.-ին մկրտվեց, նրա կյանքի գլխավոր նպատակը դարձավ Եհովայի կամքը կատարելը (Եբր. 10։5–7)։ Նույնիսկ տանջանքի ցցի վրա մահանալիս նա լի էր վճռականությամբ կատարելու իր Հոր կամքը (Հովհ. 19։30

16. Երեխաները ի՞նչ կարող են սովորել Հիսուսից։

16 Հնազանդվիր ծնողներիդ։ Հովսեփի ու Մարիամի պես քո ծնողներն էլ են անկատար։ Բայց Եհովան նրանց է հանձնարարել, որ պաշտպանեն, կրթեն և ուղղություն տան քեզ։ Եթե ականջ դնես ծնողներիդ խորհուրդներին ու հարգես նրանց իշխանությունը, «քեզ լավ կլինի» (Եփես. 6։1–4

17. Հեսու 24։15-ի համաձայն՝ ի՞նչ որոշում պետք է կայացնեն երեխաները։

17 Որոշիր, թե ում ես ծառայելու։ Դու պետք է լավ հասկանաս, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան, ինչ նպատակներ ունի, և թե որն է նրա կամքը քո առնչությամբ (Հռոմ. 12։2)։ Դա կօգնի քեզ կայացնել կյանքիդ ամենակարևոր որոշումը՝ ծառայել Եհովային (կարդա Հեսու 24։15; Ժող. 12։1)։ Եթե կանոնավորաբար կարդաս և ուսումնասիրես Աստվածաշունչը, Եհովայի հանդեպ սերդ կշարունակի աճել, և հավատդ կամրանա։

18. Ի՞նչ ընտրության առաջ են կանգնած երեխաները, և նրանց որոշումը ի՞նչ արդյունքներ կարող է բերել։

18 Եհովայի կամքը կատարելը առաջին տեղում դիր քո կյանքում։ Սատանայի աշխարհը ասում է, որ եթե ունակություններդ օգտագործես ի նպաստ քո շահերի, երջանիկ կլինես։ Բայց իրականում, նրանք, ովքեր նյութական բաների են ձգտում, «իրենց շատ ցավերով են խոցում» (1 Տիմոթ. 6։9, 10)։ Իսկ եթե լսես Եհովային և որոշես նրա կամքը կատարելը առաջին տեղում դնել քո կյանքում, «հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։8

ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ ԴՈՒ

19. Ի՞նչ պետք է հիշեն ծնողները։

19 Ծնողնե՛ր, ձեր ձեռքից եկածն արեք, որ օգնեք երեխաներին ծառայել Եհովային։ Վստահեք նրան, և նա կօգնի ձեզ իմաստուն որոշումներ կայացնել (Առակ. 3։5, 6)։ Հիշեք, որ երեխաների վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում ոչ թե ձեր խոսքերը, այլ գործերը։ Ուստի կայացրեք այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն նրանց ունենալ Եհովայի հավանությունը։

20. Ի՞նչ օրհնություններ կստանան այն երեխաները, ովքեր կորոշեն ծառայել Եհովային։

20 Երեխանե՛ր, ձեր ծնողները կարող են օգնել ձեզ կյանքում իմաստուն որոշումներ կայացնել։ Բայց Աստծու հավանությունը ստանալու համար դուք ինքներդ պետք է ճիշտ որոշումներ կայացնեք։ Ուստի Հիսուսին ընդօրինակելով՝ ծառայեք ձեր սիրառատ երկնային Հորը։ Այդպիսով այսօր իսկ կապրեք ակտիվ, իմաստալից և բավականություն պատճառող կյանքով (1 Տիմոթ. 4։16)։ Իսկ ապագայում աներևակայելի երջանկություն կվայելեք։

ԵՐԳ 133 Երկրպագենք Եհովային վաղ տարիքից

^ պարբ. 5 Յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ երբ իր երեխաները մեծանան, լինեն երջանիկ և ծառայեն Եհովային։ Ինչպիսի՞ որոշումներ պետք է կայացնեն ծնողները, որպեսզի օգնեն երեխաներին ծառայել Աստծուն։ Իսկ ի՞նչ որոշումներ պետք է կայացնեն երեխաները, որպեսզի իրական հաջողության հասնեն կյանքում։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։

^ պարբ. 10 Տես «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գիրքը (էջ 69–70, պրբ. 17–18, անգլ.

^ պարբ. 11 Տես «Ես ավելի լավ ծնողների մասին երազել անգամ չէի կարող» «Արթնացե՛ք»-ի 2011 թ. հոկտեմբերի համարում (էջ 20), և «Հատուկ նամակ՝ ծնողներին» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 1999 թ. մարտի 8-ի համարում (էջ 25, անգլ., ռուս.

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Մարիամը ակներևաբար Եհովայի հանդեպ խոր սեր էր սերմանել փոքրիկ Հիսուսի սրտում։ Այսօր մայրերը նույնպես պետք է իրենց երեխաների սրտում սեր սերմանեն Եհովայի հանդեպ։

^ պարբ. 68 ՆԿԱՐ։ Հովսեփը ամենայն հավանականությամբ շատ էր կարևորում ընտանիքով ժողովարան գնալը։ Հայրերը այսօր նույնպես պետք է կարևորեն ընտանիքով ժողովի հանդիպումներին ներկա լինելը։

^ պարբ. 70 ՆԿԱՐ։ Հիսուսը շատ հմտություններ սովորեց Հովսեփից։ Այսօր երեխաները կարող են օգտակար հմտություններ սովորել իրենց հայրերից։