Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ջոզեֆ Ֆրանկլին Ռադերֆորդը այլ եղբայրների հետ դեպի Եվրոպա ուղևորության ժամանակ

Հարյուր տարի առաջ. 1920

Հարյուր տարի առաջ. 1920

1920-ԱԿԱՆՆԵՐԻ սկզբին Եհովայի ժողովուրդը սկսեց մեծ եռանդով առաջ տանել Թագավորության գործը։ 1920 թ. տարվա խոսք ընտրվեց Սաղմոս 118։14-ը. «ՏԵՐՆ իմ զորությունը և երգն է» («Ջեյմս թագավորի թարգմանություն»)։

Անկասկած, Եհովան զորացնում էր իր նախանձախնդիր ծառաներին։ 1920 թ. ընթացքում գիրք տարածողների, կամ՝ ռահվիրաների թիվը 225-ից հասավ 350-ի։ Եվ առաջին անգամ ավելի քան 8 000 խմբակի անդամներ, կամ՝ քարոզիչներ, քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնեցին։ Եհովան առատորեն օրհնում էր նրանց թափած ջանքերը։ Շատերը արձագանքում էին բարի լուրին։

ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՆՍՊԱՌ ԵՌԱՆԴ

1920 թ. մարտի 21-ին Ջոզեֆ Ռադերֆորդը, ով առաջնորդում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը, մի ելույթ ներկայացրեց, որի վերնագիրն էր՝ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու»։ Աստվածաշունչ ուսումնասիրողները ամեն ջանք ներդրեցին, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրեն լսելու այդ ելույթը։ Նրանք վարձեցին Նյու Յորքի ամենամեծ թատրոններից մեկը և մոտ 320 000 հրավիրատոմս տարածեցին։

«Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթի մասին հայտարարությունը թերթերից մեկում

Հանրության արձագանքը գերազանցեց Աստվածաշունչ ուսումնասիրողների բոլոր սպասելիքները։ Հանդիպմանը եկել էին մոտ 12 000 հոգի։ Բայց քանի որ թատրոնի դահլիճում կարող էին տեղավորվել միայն 5 000 հոգի, շուրջ 7 000-ը ստիպված եղան հետ գնալ։ «Դիտարանում» ասվում էր, որ դա «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների կազմակերպած ամենամեծ և ամենաքաջալերական հանդիպումներից մեկն էր»։

Աստվածաշունչ ուսումնասիրողները հայտնի դարձան նրանով, որ հռչակում էին. «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանա»։ Այդ ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ Թագավորության լուրը պետք է հռչակվի ավելի մեծ մասշտաբներով։ Այնուամենայնիվ, նրանք աչքի էին ընկնում իրենց ցուցաբերած եռանդով։ Իդա Օլմսթեդ անունով մի քույր, ով 1902 թ.-ից հաճախում էր ժողովի հանդիպումներին, ասել է. «Մենք գիտեինք, որ ողջ մարդկությանը հիանալի օրհնություններ են սպասում, և այդ մասին պատմում էինք բոլոր նրանց, ում հանդիպում էինք»։

ՀԻՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոգևոր սնունդը անխափան մատակարարելու համար եղբայրները սկսեցին մեր գրականության մի մասը տպագրել Բեթելում։ Նրանք ձեռք բերեցին համապատասխան սարքավորումներ և դրանք տեղադրեցին Բրուքլինի Միրտլ Ավենյու 35 հասցեում գտնվող վարձակալված շենքում։ Դա Բեթելից մի քանի խաչմերուկ այն կողմ էր։

Եղբայրներ Լեո Փելը և Ուոլտեր Քեսլերը 1920 թ. հունվարին սկսեցին ծառայել Բեթելում։ Եղբայր Ուոլտերը պատմում է. «Երբ տեղ հասանք, տպարանի վերակացուն նայեց մեզ և ասաց. «Մինչև ճաշը ժամ ու կես դեռ կա»։ Ու մեզ հանձնարարեց նկուղից գրքի կազմեր բարձրացնել»։

Եղբայր Լեոն պատմում է, թե ինչ եղավ հաջորդ օրը։ «Մեզ ասացին, որ պետք է լվանանք այդ շենքի առաջին հարկի պատերը։ Դա արածս ամենակեղտոտ գործն էր։ Բայց դա Տիրոջ գործն էր, ու արժեր անել այն»։

Հարթ տպագրության հաստոցը, որով տպում էին «Դիտարանը»

Ընդամենը մի քանի շաբաթ հետո տպարանում ծառայող եռանդուն եղբայրները սկսեցին տպագրել «Դիտարան» ամսագիրը։ Երկրորդ հարկում գտնվող հարթ տպագրության հաստոցով տպագրվեց «Դիտարանի» 1920 թ. փետրվարի 1-ի 60 000 օրինակ։ Միաժամանակ, եղբայրները նկուղում տեղադրեցին մի հսկա հաստոց, որն անվանեցին «Ռազմանավ»։ 1920 թ. ապրիլի 14-ի համարից սկսած՝ «Ոսկե դար» ամսագիրը նույնպես սկսեց տպագրվել այստեղ։ Անկասկած, Եհովան օրհնում էր այս անձնվեր աշխատողների ջանքերը։

«Դա Տիրոջ գործն էր, ու արժեր անել այն»

«ԲՆԱԿՎԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Եհովայի ժողովուրդը կրկին միասնական էր և վճռական՝ շարունակելու քարոզչական գործը։ 1917–1919 թթ.-ին, երբ կազմակերպությունը դժվարությունների էր բախվել, որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ թողել էին այն։ Ի՞նչ կարելի էր անել նրանց օգնելու համար։

«Դիտարանի» 1920 թ. ապրիլի 1-ի համարում լույս տեսավ մի հոդված, որի վերնագիրն էր՝ «Բնակվենք խաղաղության մեջ»։ Այնտեղ հետևյալ ջերմ հորդորն էր տրվում. «Մենք վստահ ենք.... նրանք, ովքեր ունեն Տիրոջ ոգին.... պատրաստ են մոռանալու հետևում եղած բաները.... որպեսզի Աստծու ժողովրդի հետ բնակվեն միասնության ու ներդաշնակության մեջ, ինչպես մեկ մարմին»։

Շատերը դրականորեն արձագանքեցին այս ջերմ խոսքերին։ Օրինակ՝ մի ամուսնական զույգ գրեց. «Մենք հասկացանք, որ սխալ ենք վարվել, որ մեկ տարուց ավել ձեռքներս ծալած նստել ենք։ Իսկ ուրիշները այդ ընթացքում առաջ են տարել քարոզչական գործը.... Հուսով ենք՝ այլևս չենք շեղվի մեր գործից»։ Նոր եռանդով լցված այս քարոզիչները շատ գործ ունեին անելու։

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆՔ ZG-Ն

1920 թ. հունիսի 21-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները մի քարոզարշավ սկսեցին, որի ժամանակ ակտիվորեն տարածում էին ZG-ն։ Սա նույն՝ «Գաղտնիքը բացահայտված է» * գիրքն էր՝ փափուկ կազմով։ 1918 թ.-ին այն արգելվել էր պետության կողմից, ուստի գրքի ահռելի քանակություն էր մնացել։

Քարոզարշավին կարող էին մասնակցել ոչ միայն գրքեր տարածողները, այլ նաև բոլոր քարոզիչները։ Նրանց հետևյալ հրավերն ուղղվեց. «Խմբակի ցանկացած մկրտված անհատ, ով հնարավորություն ունի մասնակցելու քարոզարշավին, պետք է դա անի ուրախությամբ։ Թող այսուհետ յուրաքանչյուրիս նշանաբանը հետևյալը լինի. «Ես սա կանեմ. կտարածեմ ZG-ն»»։ Էդմունդ Հուպերը պատմել է, որ այդ քարոզարշավի ժամանակ շատերը առաջին անգամ են տնետուն արել։ Նա նաև ասել է. «Մենք սկսեցինք ավելի լավ պատկերացնել, թե ինչ է ներառում քարոզչական գործը, որը դեռ ընդլայնվելու էր և գերազանցելու էր մեր բոլոր սպասելիքները»։

ԳՈՐԾԸ ՆՈՐ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դժվար էր կապ պահել այլ երկրներում գտնվող Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ։ Ուստի նրանց քաջալերելու և քարոզչական գործին նոր թափ հաղորդելու համար 1920 թ. օգոստոսի 12-ին եղբայր Ռադերֆորդը և ևս չորս եղբայրներ ուղևորվեցին դեպի Մեծ Բրիտանիա, մայրցամաքային Եվրոպա և Մերձավոր Արևելք։

Եղբայր Ռադերֆորդը՝ Եգիպտոսում

Երբ նրանք հասան Բրիտանիա, Աստվածաշունչ ուսումնասիրողները կազմակերպեցին երեք համաժողով և տասներկու հանրային հանդիպում։ Ընդհանուր հաշվով՝ բոլոր հանդիպումներին ներկա եղավ 50 000 մարդ։ Այդ այցելության մասին «Դիտարանում» գրվեց. «Մեր ընկերները թարմացան և քաջալերվեցին։ Նրանք շփվեցին իրար հետ և համագործակցեցին ծառայության մեջ։ Դա միավորեց նրանց, և բազմաթիվ տխուր սրտեր ուրախությամբ լցվեցին»։ Իսկ երբ ժամանեցին Փարիզ, եղբայր Ռադերֆորդը կրկին ներկայացրեց «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» վերնագրով ելույթը։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Ելույթից հետո երեք հարյուր հոգի ցանկություն հայտնեց ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։

Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում կայանալիք ելույթի մասին ազդարարող գովազդային պաստառ

Հաջորդ շաբաթների ընթացքում եղբայրները այցելեցին Աթենք, Կահիրե և Երուսաղեմ։ Այս տարածքներում հետաքրքրություն տեսնելով՝ եղբայր Ռադերֆորդը որոշեց մասնաճյուղ հիմնել Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Ռամալլահ քաղաքում։ Այնուհետև նա վերադարձավ Եվրոպա և Շվեյցարիայում հիմնեց Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղը, ինչպես նաև կազմակերպեց, որ այնտեղ գրականություն տպագրվի։

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱԶԵՐԾՎՈՒՄ Է

1920 թ. աշնանը Աստվածաշունչ ուսումնասիրողները հրատարակեցին «Ոսկե դարի» 27-րդ թողարկումը։ Այդ հատուկ համարում նշվում էր, թե ինչ հալածանքների էին բախվել Աստվածաշունչ ուսումնասիրողները 1918 թ. ընթացքում։ «Ռազմանավը», որի մասին խոսեցինք ավելի վաղ, օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի տպագրեր այս ամսագրի ավելի քան 4 000 000 օրինակ։

Էմմա Մարտինի լուսանկարը՝ արված ոստիկանությունում

Ամսագրում խոսվում էր Էմմա Մարտինի դեմ հարուցված արտասովոր դատական գործի մասին։ Քույր Էմմա Մարտինը գրքեր տարածող էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում։ Նա և երեք եղբայրներ՝ Էդվարդ Համը, Էդվարդ Սոնենբերգը և Էռնեստ Ստիվենսը, 1918 թ. մարտի 17-ին մասնակցեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր հանդիպման։

Ներկաների թվում կար մի մարդ, ով այլ նպատակով էր եկել։ Հետագայում՝ դատարանում ցուցմունք տալիս, նա խոստովանեց. «Ես այդ հանդիպմանը.... դատախազության պատվերով էի գնացել»։ Նա ձեռք էր բերել դատախազությանը անհրաժեշտ ապացույցը՝ «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը։ Մի քանի օր անց քույր Մարտինը և երեք եղբայրները ձերբակալվեցին։ Նրանց մեղադրեցին արգելված գիրք տարածելու մեջ, ինչը «Լրտեսության մասին» օրենքի խախտում էր։

Էմման և երեք եղբայրները մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման։ 1920 թ. մայիսի 17-ին, երբ բողոքարկելու բոլոր հնարավորությունները սպառվել էին, նրանք սկսեցին կրել նշանակված պատիժը։ Բայց շուտով ամեն ինչ փոխվեց։

1920 թ. հունիսի 20-ին եղբայր Ռադերֆորդը այս դեպքի մասին պատմեց Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։ Ներկաները, հավատակիցների հանդեպ նման անարդար վերաբերմունքից ցնցված, համաձայնվեցին իրենց անունից հեռագիր ուղարկել ԱՄՆ նախագահին։ Այնտեղ գրված էր. «Մենք վստահ ենք, որ.... տիկին Մարտինին.... լրտեսության մասին օրենքի հիման վրա դատապարտելը միանգամայն անարդարացի է.... Դատախազությունը չարաշահել է իր լիազորությունները, որպեսզի.... ծուղակը գցի.... տիկին Մարտինին.... գործ հարուցի նրա դեմ և բանտարկի.... Դա խայտառակություն է»։

Հենց հաջորդ օրը նախագահ Վուդրո Ուիլսոնը համաներում շնորհեց քույր Մարտինին և եղբայրներ Համին, Սոնենբերգին ու Ստիվենսին։ Նրանք անմիջապես ազատ արձակվեցին։

1920 թ. վերջերին Աստվածաշունչ ուսումնասիրողները ուրախանալու շատ պատճառներ ունեին։ Գլխավոր վարչությունում գործը գնալով ընդարձակվում էր։ Ճշմարիտ քրիստոնյաները աննախադեպ նախանձախնդրությամբ հռչակում էին, որ Աստծու Թագավորությունն է մարդկության խնդիրների միակ լուծումը (Մատթ. 24։14)։ Սակայն հաջորդ տարի՝ 1921 թ.-ին, Աստվածաշունչ ուսումնասիրողներին ավելի մեծ հաջողություններ էին սպասում։

^ պարբ. 18 «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի յոթերորդ հատորն է։ Իսկ ZG-ն այդ գրքի փափուկ կազմով տարբերակն է, որը տպագրվել է որպես «Դիտարանի» 1918 թ. մարտի 1-ի թողարկում։ Z-ը «Սիոնի Դիտարան» ամսագրի անգլերեն անվանման առաջին տառն է, իսկ G-ն անգլերեն այբուբենի յոթերորդ տառն է, որը ցույց էր տալիս, որ ZG-ն «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի յոթերորդ հատորն է։