Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ

Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ

ԱՄԵՆ տարի Եհովայի բազմաթիվ մոլորված գառնուկներ վերադառնում են քրիստոնեական ժողով։ Եվ ամեն անգամ, երբ այդ թանկագին գառնուկներից մեկը հետ է գալիս, «երկնքում.... մեծ ուրախություն» է տիրում (Ղուկ. 15։7, 10)։ Եթե դու էլ ես վերականգնվել, ապա համոզված եղիր, որ Եհովան, Հիսուսը և հրեշտակները շատ ուրախ են, որ նորից ճշմարտության մեջ ես քայլում։ Այդուհանդերձ, Եհովայի հետ փոխհարաբերություններդ վերականգնելու ճանապարհին գուցե դժվարությունների բախվես։ Տեսնենք, թե որոնք են դրանցից մի քանիսը, և ինչը կարող է օգնել քեզ։

Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՑԵ ԲԱԽՎԵՍ

Շատերը նույնիսկ ժողով վերադառնալուց հետո պայքարում են բացասական զգացումների դեմ։ Թերևս դու էլ ես զգում այն, ինչ Դավիթ թագավորը։ Թեև իր մեղքերն արդեն ներվել էին, բայց նա ասաց. «Անօրենություններս.... ինձ վրա են հասել» (Սաղ. 40։12; 65։3)։ Եհովայի մոտ վերադառնալուց հետո ամոթն ու մեղավորության զգացումը գուցե դեռ երկար տարիներ տանջեն քրիստոնյային։ Իզաբելը, * ով ավելի քան 20 տարի զրկված է եղել ընկերակցությունից, ասում է. «Ինձ համար շատ դժվար էր ընդունել այն միտքը, որ Եհովան ներել է ինձ»։ Եթե վհատության գիրկն ընկնես, հոգևորապես կթուլանաս (Առակ. 24։10)։ Ուստի թույլ մի՛ տուր, որ նման բան պատահի։

Ոմանք էլ վախենում են այն մտքից, թե որքան շատ ջանք է պահանջվում Եհովայի հետ կրկին մտերիմ լինելու համար։ Վերականգնվելուց հետո Անտուանն ասում է. «Թվում էր, թե ամեն ինչ մոռացել եմ իմ նախկին քրիստոնեական կյանքի մասին»։ Նմանատիպ զգացումների պատճառով ոմանք գուցե վարանեն լիարժեքորեն մասնակցել հոգևոր գործերի։

Բերենք մի օրինակ։ Այն մարդը, ում տունը փոթորիկն ավերել է, գուցե ընկճվի՝ մտածելով, թե որքան շատ ժամանակ ու ջանքեր են պետք այն վերակառուցելու համար։ Նմանապես, եթե լուրջ մեղք ես գործել, ինչի պատճառով Եհովայի հետ ընկերությունդ վնասվել է, թերևս մտածես, որ այն վերականգնելը ահռելի ջանքեր կպահանջի։ Սակայն հիշիր, որ դու մենակ չես, քեզ կօգնեն այդ հարցում։

Եհովան մեզ ասում է. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները» (Ես. 1։18)։ Դու արդեն իսկ մեծ ջանքեր ես թափել, որպեսզի այդպես վարվես, և Եհովան սիրում է քեզ դրա համար։ Մի պահ մտածիր. վերադառնալով՝ դու հնարավորություն ես տվել Եհովային փաստելու, որ Սատանան ստախոս է (Առակ. 27։11

Եհովայի մոտ վերադառնալով՝ դու արդեն իսկ սկսել ես մտերմանալ նրա հետ։ Իսկ Եհովան խոստանում է, որ ինքն էլ քեզ հետ կմտերմանա (Հակ. 4։8)։ Ճիշտ է, լավ է, որ հավատակիցներդ քեզ ժողովի մի մասն են համարում, սակայն դա դեռ բավական չէ։ Դու պետք է շարունակես խորացնել սերդ քո Հոր և Ընկերոջ՝ Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս։

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

Ձգտիր իրատեսական նպատակներ դնել։ Թերևս քո հոգևոր տան հիմքը՝ Եհովայի և ապագայի վերաբերյալ նրա խոստումների մասին ունեցած քո գիտելիքները, անխախտ է մնացել։ Բայց կարիք կա, որ վերակառուցես քո հոգևոր տունը, այսինքն՝ վերականգնես քո քրիստոնեական կյանքը, որը ներառում է բարի լուրի քարոզչությանը մասնակցելը, կանոնավորաբար ժողովի հանդիպումներին հաճախելը և հավատակիցներիդ հետ շփվելը։ Տեսնենք, թե ինչ նպատակներ կարող ես դնել։

Հաճախակի խոսիր Եհովայի հետ։ Քո Հայրը գիտի, որ եթե շարունակ մեղավորության զգացում ունենաս, կդժվարանաս աղոթել իրեն (Հռոմ. 8։26)։ Չնայած դրան՝ «աղոթքում հարատևիր» և ասա Եհովային, թե որքան շատ ես ցանկանում նրա հետ մտերիմ լինել (Հռոմ. 12։12)։ Անդրեյը պատմում է. «Ամոթի ու մեղավորության ծանր զգացում ունեի։ Բայց ամեն աղոթքից հետո այդ զգացումը ավելի էր թեթևանում, և միտքս խաղաղվում էր»։ Եթե չգիտես՝ ինչի մասին աղոթել, խորհիր Դավիթ թագավորի աղոթքների շուրջ՝ գրված 51-րդ և 65-րդ սաղմոսներում։

Կանոնավորաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Դա քեզ հոգևորապես կսնի և կօգնի խորացնել Եհովայի հանդեպ ունեցած քո սերը (Սաղ. 19։7–11)։ Ֆելիպեն ասում է. «Աստվածաշնչի ընթերցանությունն ու անձնական ուսումնասիրությունը ինձ համար առաջնահերթ չէր։ Դա էր պատճառը, որ հոգևորապես թուլացել էի և ցավ պատճառել Եհովային։ Չէի ցանկանում կրկնել սխալս, ուստի վճռեցի կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անել»։ Դու էլ կարող ես նույնն անել։ Եթե անձնական ուսումնասիրության համար համապատասխան թեմաներ ընտրելու հարցում օգնության կարիք ունես, դիմիր հոգևորապես հասուն ընկերներիցդ մեկին։

Վերականգնիր մտերմությունդ հավատակիցներիդ հետ։ Ոմանք, ովքեր վերադառնում են ժողով, վախենում են, որ մյուսները վատ կվերաբերվեն իրենց։ Լարիսան ասում է. «Շատ էի ամաչում։ Ինձ թվում էր՝ դավաճանել եմ իմ եղբայրներին ու քույրերին։ Երկար ժամանակ այդ զգացումները ինձ չէին լքում»։ Համոզված եղիր, որ երեցները և մյուս հասուն քրիստոնյաները շատ են ուզում օգնել քեզ, որ վերականգնես քո հոգևոր առողջությունը (տես « Ի՞նչ կարող են անել երեցները» շրջանակը)։ Նրանք ցնծում են՝ տեսնելով, որ վերադարձել ես, և շատ են ուզում, որ երջանիկ լինես (Առակ. 17։17

Ի՞նչը կօգնի, որ մտերմանաս ժողովի հետ։ Ամբողջովին ներգրավված եղիր այն ամենում, ինչ եղբայրներդ ու քույրերդ անում են՝ հաճախիր ժողովի հանդիպումներին և կանոնավորաբար մասնակցիր քարոզչական գործին։ Իսկ դա ինչպե՞ս կօգնի քեզ։ Ֆելիքսն ասում է. «Ժողովը անհամբեր սպասում էր իմ վերադարձին։ Ես ինձ սիրված էի զգում։ Նրանք բոլորն էլ օգնեցին, որ նորից ընտանիքի մի մասը լինեմ, զգամ, որ Եհովան ներել է ինձ, և շարունակեմ ծառայել նրան» (տես « Ի՞նչ կարող ես անել դու» շրջանակը)։

ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ

Սատանան շարունակելու է քո ճանապարհին «փոթորիկներ» բարձրացնել, որպեսզի թուլացնի քեզ, մինչ փորձում ես վերականգնել փոխհարաբերություններդ Եհովայի հետ (Ղուկ. 4։13)։ Պատրաստվիր դրանց՝ այսօրվանից ամրացնելով քո հոգևոր տունը։

Իր սիրելի գառնուկների վերաբերյալ Եհովան հետևյալ խոստումն է տալիս. «Կորածին կորոնեմ, փախցրածին հետ կբերեմ, վիրավորի կոտրվածքին վիրակապ կդնեմ, հիվանդին կզորացնեմ» (Եզեկ. 34։16)։ Եհովան շատերին է օգնել, որ վերականգնեն իրենց հոգևոր առողջությունը։ Համոզված եղիր, որ նա քեզ էլ է ուզում օգնել, որ շարունակես ամրացնել իր հետ ունեցած փոխհարաբերություններդ։

^ պարբ. 4 Այս հոդվածում անունները փոխված են։