ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42
Երջանիկ են նրանք, ովքեր անարատ են Եհովայի աչքում
«Երջանիկ են նրանք, ում ճանապարհն անարատ է, ովքեր Եհովայի օրենքի մեջ են քայլում» (ՍԱՂ. 119։1)։
ԵՐԳ 124 Միշտ նվիրված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1-2. ա) Ինչպե՞ս են որոշ կառավարություններ հակառակվում Աստծու ժողովրդին, և ինչպե՞ս են վերջիններս արձագանքում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել՝ չնայած հալածանքին (մեկնաբանիր նաև ամսագրի շապիկի նկարը)։
ԱՅՍ պահին ավելի քան 30 երկրներում մեր գործունեությունը սահմանափակված է կամ արգելված։ Որոշ իշխանություններ ազատազրկում են մեր քույրերին ու եղբայրներին։ Բայց ի՞նչ սխալ բան են արել նրանք։ Եհովայի տեսանկյունից՝ ոչ մի սխալ բան։ Նրանց բանտարկում են զուտ այն պատճառով, որ կարդում և ուսումնասիրում են Աստվածաշունչը, իրենց հավատալիքների մասին պատմում են ուրիշներին և հավատակիցների հետ հաճախում ժողովի հանդիպումներին։ Նրանց նաև ազատազրկում են, քանի որ քաղաքական հարցերում ոչ ոքի կողմնակիցը չեն դառնում։ Չնայած ուժգին հակառակությանը՝ Աստծու այս հավատարիմ ծառաները անարատ են մնում և փաստում են, որ անմնացորդ կերպով նվիրված են Եհովային։ b Այս բանի գիտակցումը նրանց երջանկություն է պարգևում։
2 Հավանաբար տեսել ես այդ քաջ Վկաներից ոմանց նկարները և նկատել ես, որ նրանց դեմքին ժպիտ կա։ Նրանք երջանիկ են, քանի որ գիտեն, որ անարատ մնալով՝ հաճեցնում են Եհովային (Սաղ. 15։1, 2)։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար.... Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է» (Մատթ. 5։10-12)։
ՕՐԻՆԱԿ ՄԵԶ ՀԱՄԱՐ
3. Գործեր 4։19, 20 համարների համաձայն՝ առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին հալածանքին, և ինչո՞ւ։
3 Մեր եղբայրների ու քույրերի կրած դժվարությունները նման են այն դժվարություններին, որ առաջին դարում կրել են առաքյալները, ովքեր հալածվում էին Հիսուսի մասին քարոզելու պատճառով։ Հրեական բարձրագույն ատյանի դատավորները մի քանի անգամ նրանց խստորեն հրամայեցին, որ «այլևս չխոսեն Հիսուսի անունով» (Գործ. 4։18; 5։27, 28, 40)։ Ինչպե՞ս վարվեցին առաքյալները (կարդա Գործեր 4։19, 20)։ Նրանք հասկանում էին, որ նա, ով «պատվիրել է [իրենց], որ ժողովրդին քարոզեն ու հիմնովին վկայություն տան», ավելի մեծ իշխանություն ունի (Գործ. 10։42)։ Ուստի առաքյալների ներկայացուցիչները՝ Պետրոսն ու Հովհաննեսը, խիզախորեն ասացին, որ իրենք Աստծուն են հնազանդվելու, այլ ոչ թե մարդկանց, և շարունակելու են քարոզել։ Նրանք կարծես այդ դատավորներին ասում էին. «Ինչպե՞ս եք համարձակվում մտածել, որ Աստծուց ավելի բարձր իշխանություն ունեք, և որ մենք նրանից առավել ձեզ պետք է հնազանդվենք»։
4. Ըստ Գործեր 5։27-29 համարների՝ ի՞նչ օրինակ են թողել առաքյալները բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին, և ինչպե՞ս կարող ենք նմանվել նրանց։
4 Հիսուսի առաքյալները հիանալի օրինակ են թողել։ Այդ ժամանակվանից սկսած՝ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները, ընդօրինակելով նրանց, «առաջին հերթին.... Աստծուն են հնազանդվել, ոչ թե մարդկանց» (կարդա Գործեր 5։27-29)։ Ճիշտ է, առաքյալները իրենց անարատությունը պահելու համար ծեծի ենթարկվեցին, բայց «ուրախանալով գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան [Հիսուսի] անվան համար անարգանքի ենթարկվելու»։ Դրանից հետո նրանք չդադարեցին քարոզել (Գործ. 5։40-42)։
5. Ի՞նչ հարցեր են առաջանում։
5 Աստվածաշնչյան այս արձանագրությունը կարդալով՝ գուցե մտածենք. «Այն, որ առաքյալները որոշեցին մարդկային իշխանություններից առավել Աստծուն հնազանդվել, արդյո՞ք չէր հակասում սուրբգրային այն պատվերին, ըստ որի՝ քրիստոնյաները պետք է «հպատակվեն վերին իշխանություններին»» (Հռոմ. 13։1)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք Պողոսի պես «հնազանդվել կառավարություններին ու իշխանություններին», բայց միևնույն ժամանակ անարատ մնալ Եհովայի՝ մեր գերագույն Ղեկավարի աչքում (Տիտոս 3։1)։
«ՎԵՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
6. ա) Հռոմեացիներ 13։1-ում նշված «վերին իշխանություններ» արտահայտությունը ո՞ւմ է վերաբերում, և մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց։ բ) Ինչպիսի՞ն է բոլոր մարդկային ղեկավարների իշխանությունը։
6 Կարդա Հռոմեացիներ 13։1։ Այս համարում «վերին իշխանություններ» արտահայտությունը վերաբերում է մարդկային ղեկավարներին, ովքեր իշխանություն ունեն ուրիշների վրա։ Քրիստոնյաներից պահանջվում է հնազանդվել նրանց։ Նրանք հոգ են տանում, որ պահպանվի հասարակական կարգը, հետևում են, որ մարդիկ չխախտեն օրենքները, և երբեմն անգամ պաշտպանում են Աստծու ժողովրդին (Հայտն. 12։16)։ Բացի այդ՝ Աստվածաշունչը պատվիրում է. «Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը, որին տուրք՝ տուրքը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13։7)։ Սակայն մյուս կողմից կարևոր է հիշել, որ կառավարությունները ունեն իշխանություն, քանի որ Եհովան է թույլ տվել, որ ունենան այն։ Դա հստակ երևում է Հիսուսի խոսքերից, որոնք նա ասաց, երբ հռոմեացի կառավարիչ պոնտացի Պիղատոսը հարցաքննում էր իրեն։ Երբ Պիղատոսն ասաց, որ իշխանություն ունի Հիսուսին կա՛մ ազատելու, կա՛մ մահվան դատապարտելու, վերջինս պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ» (Հովհ. 19։11)։ Ճիշտ է, Պիղատոսն ուներ իշխանություն, բայց այն սահմանափակ էր։ Նմանապես, սահմանափակ է նաև այսօրվա կառավարիչների ու պաշտոնյաների իշխանությունը։
7. Ո՞ր դեպքերում մենք չպետք է ենթարկվենք մարդկային ղեկավարներին, և ո՞ւմ են նրանք պատասխան տալու իրենց իշխանությունը չարաշահելու համար։
7 Քրիստոնյաները հնազանդվում են իշխանությունների դրած օրենքներին, եթե, իհարկե, դրանք չեն հակասում Աստծու օրենքներին։ Մենք չենք կարող հնազանդվել իշխանություններին, երբ նրանք պահանջում են անել մի բան, ինչը Աստված արգելում է, կամ երբ թույլ չեն տալիս կատարել Աստծու պատվերները։ Օրինակ՝ հնարավոր է՝ նրանք պահանջեն, որ երիտասարդները ծառայեն բանակում, c արգելք դնեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» և մեր հրատարակությունների վրա, կամ էլ արգելեն քարոզել ու Աստծուն պաշտելու նպատակով միասին հավաքվել։ Հարկ է նաև նշել, որ երբ ղեկավարները չարաշահում են իրենց իշխանությունը, օրինակ՝ հալածում են Քրիստոսի աշակերտներին, նրանք պետք է պատասխան տան Աստծուն. չէ՞ որ նա ամեն ինչ տեսնում է (Ժող. 5։8)։
8. Ո՞րն է Եհովայի իշխանության և մարդկային ղեկավարների ունեցած իշխանության տարբերությունը, և ինչո՞ւ է դրա մասին իմանալը կարևոր։
8 Թեև կառավարությունները բարձր դիրք ունեն, սակայն նրանց իշխանությունը ամենաբարձրը չէ։ Բարձրագույն իշխանությունը պատկանում է Եհովային։ Աստվածաշնչում չորս անգամ ասվում է, որ Եհովա Աստված «Ամենաբարձրյալն» է (Դան. 7։18, 22, 25, 27)։
«ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼԸ»
9. Ի՞նչ տեսավ Դանիել մարգարեն իրեն տրված տեսիլքներում։
9 Դանիել մարգարեին տրված տեսիլքներից երևում է, որ Եհովայի իշխանությունը ամենաբարձրն է։ Սկզբում Դանիելը տեսավ չորս հսկա գազանների, որոնք խորհրդանշում են անցյալի և ներկայիս աշխարհակալ ուժերը՝ Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանը և Հռոմը, ինչպես նաև Անգլո-Ամերիկան, որն իշխում է այսօր (Դան. 7։1-3, 17)։ Հետո Դանիելը տեսավ Եհովա Աստծուն՝ երկնային դատավորական աթոռին նստած (Դան. 7։9, 10)։ Այն, ինչ այս հավատարիմ մարգարեն տեսավ հետո, նախազգուշացում է այսօրվա ղեկավարների համար։
10. Դանիել 7։13, 14 և 27 համարների համաձայն՝ Եհովան ո՞ւմ է տալիս իշխանությունը, և դա ի՞նչ է փաստում։
10 Կարդա Դանիել 7։13, 14, 27։ Դանիելը տեսավ, որ Աստված մարդկային իշխանություններից վերցնում է ամբողջ իշխանությունը և տալիս նրանց, ովքեր ավելի հզոր են և արժանի դրան։ Խոսքը «մարդու որդու նման մեկի»՝ Հիսուս Քրիստոսի և «Ամենաբարձրյալի սրբերի»՝ 144 000-ի մասին է։ Նրանք կղեկավարեն «դարեդար» (Դան. 7։18)։ Միմիայն Եհովան իշխանություն ունի այդպիսի բան անելու։ Հետևաբար, նա է «Ամենաբարձրյալը»։
11. Ի՞նչ է գրել Դանիելը, որը փաստում է, որ Եհովայի իշխանությունը ամենաբարձրն է։
11 Դանիելի տեսածը ներդաշնակ է այն ամենին, ինչ նա նշել էր ավելի վաղ։ Մարգարեն ասել էր, որ երկնքի Աստվածը «թագավորներ է գահընկեց անում ու նշանակում»։ Բացի այդ՝ նա ասել էր, որ «Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա, և այն տալիս է նրան, ում ուզում է» (Դան. 2։19-21; 4։17)։ Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ Եհովան գահընկեց է արել կամ նշանակել որևէ ղեկավարի։ Այո՛, եղել են։
12. Բեր օրինակ, թե ինչպես է Եհովան անցյալում գահընկեց արել թագավորների (տես նկարը)։
12 Եհովան հստակ ցույց է տվել, որ իր իշխանությունը մարդկային ղեկավարների ունեցած իշխանությունից անհամեմատ բարձր է։ Նկատի առնենք երեք օրինակ։ Եգիպտոսի փարավոնը ստրկացրել էր Եհովայի ժողովրդին և անընդհատ հրաժարվում էր նրանց ազատ արձակել։ Սակայն Աստված ազատագրեց իր ժողովրդին և Կարմիր ծովում կործանեց փարավոնին (Ելք 14։26-28; Սաղ. 136։15)։ Բաբելոնի Բաղդասար թագավորը խնջույք էր կազմակերպել, որի ժամանակ «մեծամտացավ երկնքի Տիրոջ առաջ» և Եհովայի փոխարեն «գովաբանեց արծաթե, ոսկե.... աստվածներին» (Դան. 5։22, 23)։ Բայց Եհովան խոնարհեցրեց այդ հանդուգն մարդուն։ «Հենց այդ գիշեր» Բաղդասար թագավորը սպանվեց, և նրա իշխանությունը տրվեց մարերին ու պարսիկներին (Դան. 5։28, 30, 31)։ Պաղեստինի Հերովդես Ագրիպաս I-ը սպանել տվեց Հակոբոս առաքյալին, որից հետո բանտարկեց Պետրոսին, որպեսզի նրան նույնպես սպանի։ Բայց Աստված խափանեց Հերովդեսի ծրագիրը. «Եհովայի հրեշտակը հարվածեց նրան», և նա մեռավ (Գործ. 12։1-5, 21-23)։
13. Բեր օրինակ, երբ Եհովան պարտության է մատնել կոալիցիա կազմած ղեկավարների։
13 Եհովան նաև փաստել է, որ իր իշխանությունը գերակա է նույնիսկ կոալիցիա կազմած ղեկավարների միացյալ իշխանության նկատմամբ։ Օրինակ՝ նա պատերազմեց իսրայելացիների համար և օգնեց նրանց կործանել քանանացի 31 թագավորներից բաղկացած դաշինքն ու գրավել Ավետյաց երկրի մեծ մասը (Հեսու 11։4-6, 20; 12։1, 7, 24)։ Եհովան նաև օգնեց իսրայելացիներին պարտության մատնել Բենադադ թագավորին և Ասորիքի 32 այլ թագավորների, որոնք պատերազմի էին դուրս եկել Իսրայելի դեմ (1 Թագ. 20։1, 26-29)։
14-15. ա) Ի՞նչ ասացին Նաբուգոդոնոսոր և Դարեհ թագավորները Եհովայի ունեցած իշխանության մասին։ բ) Ի՞նչ ասաց սաղմոսերգուն Եհովայի և նրա ժողովրդի մասին։
14 Եհովան բազմիցս փաստել է, որ Ամենաբարձրյալն է։ Օրինակ, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը հպարտացավ իր մեծ զորությամբ ու փառքով՝ մեծամտաբար չընդունելով, որ միայն Աստված է արժանի նման գովաբանության, Եհովան պատժեց նրան, և նա խելագարվեց։ Հետագայում երբ Նաբուգոդոնոսորը առողջացավ, «օրհնեց Բարձրյալին» և ընդունեց, որ «[Եհովայի] իշխանությունը հավիտենական իշխանություն է»։ Նա նաև ասաց. «Մեկը չկա, որ կանգնեցնի նրա ձեռքը» (Դան. 4։30, 33-35)։ Իսկ մի անգամ, երբ Դանիել մարգարեի անարատությունը փորձվեց և Եհովան ազատեց նրան առյուծների երախից, Դարեհ թագավորը հետևյալ հրամանն արձակեց. «Մարդիկ ահ ու դող [պետք է] ունենան Դանիելի Աստծու նկատմամբ, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտյան գոյություն Ունեցողը, նրա թագավորությունը չի կործանվի, նրա տերությունը հավիտենական է» (Դան. 6։7-10, 19-22, 26, 27)։
15 «Եհովան քանդում է ազգերի մտադրությունները. նա խափանում է ժողովուրդների խորհուրդները»,— ասաց սաղմոսերգուն և հետո ավելացրեց. «Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է, այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց» (Սաղ. 33։10, 12)։ Իրոք որ, մենք հիմնավոր պատճառ ունենք անարատ մնալու Եհովայի աչքում։
ՎՃՌՈՐՈՇ ՊԱՏԵՐԱԶՄ
16. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել և ինչո՞ւ (տես նկարը)։
16 Մենք տեսանք, թե Եհովան ինչեր է արել անցյալում։ Իսկ ի՞նչ է նա անելու մոտ ապագայում։ Կարող ենք համոզված լինել, որ գալիք «մեծ նեղության» ժամանակ Եհովան փրկելու է իր հավատարիմ ծառաներին (Մատթ. 24։21; Դան. 12։1)։ Երբ Մագոգի Գոգը, այսինքն՝ ազգերի կոալիցիան, լայնամասշտաբ կատաղի հարձակում սկսի Եհովայի հավատարիմ ծառաների դեմ, նա գործի կանցնի։ Նույնիսկ եթե այդ կոալիցիան բաղկացած լինի Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր 193 անդամներից, միևնույն է, Ամենաբարձրյալը և նրա երկնային զորքը հաղթանակ կտանեն նրանց դեմ։ Եհովան խոստանում է. «Ես կմեծարվեմ, կսրբացվեմ ու կճանաչվեմ շատ ազգերի աչքի առաջ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 38։14-16, 23; Սաղ. 46։10)։
17. Ի՞նչ է կանխագուշակել Աստվածաշունչը երկրի թագավորների և նրանց վերաբերյալ, ովքեր անարատ են մնում։
17 Գոգի հարձակումը կհանգեցնի Արմագեդոն պատերազմին, որի ժամանակ Եհովան կկործանի «ողջ բնակեցված երկրի թագավորներին» (Հայտն. 16։14, 16; 19։19-21)։ Իսկ «ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա» (Առակ. 2։21)։
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԱՐԱՏ ՄՆԱՆՔ
18. Շատ քրիստոնյաներ ի՞նչ են պատրաստ եղել անելու և ինչո՞ւ (Դանիել 3։28)։
18 Դարեր շարունակ բազմաթիվ ճշմարիտ քրիստոնյաներ վտանգել են իրենց ազատությունը և նույնիսկ իրենց կյանքը՝ հանուն Եհովայի՝ իրենց Գերիշխանի։ Այս քրիստոնյաները վճռականորեն պահել են իրենց անարատությունը, ինչպես այն երեք հրեաները, ովքեր հավատարիմ մնացին Ամենաբարձրյալին, ինչի շնորհիվ էլ Նա փրկեց նրանց կրակով բորբոքված հնոցից (կարդա Դանիել 3։28)։
19. Եհովան ինչի՞ հիման վրա է դատելու իր ժողովրդին, և մենք ի՞նչ պետք է անենք այսօր։
19 Աստծու աչքում անարատ մնալու կարևորության մասին սաղմոսերգու Դավիթն ասել է. «Եհովան դատավճիռ է հռչակելու ժողովուրդներին։ Դատի՛ր ինձ, ո՛վ Եհովա, իմ մեջ եղած արդարության և անարատության համեմատ» (Սաղ. 7։8)։ Իսկ մեկ ուրիշ առիթով նա գրել է. «Թող որ անարատությունը և ուղղամտությունը պահպանեն ինձ» (Սաղ. 25։21)։ Անկասկած, Եհովային հավատարիմ մնալը լավագույն բանն է, որ կարող ենք անել կյանքում։ Ուստի երբեք չպետք է փոխզիջումների գնանք՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ինչերի կբախվենք։ Եթե այդպես վարվենք, սաղմոսերգուի պես կարող ենք ասել. «Երջանիկ են նրանք, ում ճանապարհն անարատ է, ովքեր Եհովայի օրենքի մեջ են քայլում» (Սաղ. 119։1)։
ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան
a Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին հնազանդվել «վերին իշխանություններին», այսինքն՝ մարդկային կառավարություններին։ Սակայն որոշ կառավարություններ բացահայտ կերպով դեմ են դուրս գալիս Եհովային ու նրա ծառաներին։ Ուստի գուցե հարց առաջանա. «Ինչպե՞ս կարող ենք հնազանդվել մարդկային կառավարություններին և միևնույն ժամանակ անարատ մնալ Եհովայի աչքում»։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եհովայի աչքում անարատ մնալ նշանակում է հավատարիմ լինել նրան և թիկունք կանգնել նրա գերիշխանությանը, նույնիսկ երբ բախվում ենք փորձությունների։
c Տես այս համարում տպագրված «Ի տարբերություն հնում ապրած իսրայելացիների՝ ինչո՞ւ մենք չենք մասնակցում պատերազմների» հոդվածը։