Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի տարբերություն հնում ապրած իսրայելացիների՝ ինչո՞ւ մենք չենք մասնակցում պատերազմների

Ի տարբերություն հնում ապրած իսրայելացիների՝ ինչո՞ւ մենք չենք մասնակցում պատերազմների

«ԵԹԵ որևէ մեկը հրաժարվի Ֆրանսիայի կամ Անգլիայի դեմ կռվելուց, ապա բոլորիդ կսպանենք»։ Այս խոսքերը նացիստական մի սպա բղավելով ասաց մի խումբ Եհովայի վկաների Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թեև եղբայրների կողքին մինչև ատամները զինված էսէսական զինվորներ էին կանգնած, բայց նրանցից ոչ ոք փոխզիջման չգնաց։ Ինչպիսի՜ քաջություն։ Այս դեպքը հստակ ցույց է տալիս, թե ինչ տեսակետ ունեն Եհովայի վկաները պատերազմների վերաբերյալ։ Մենք չենք մասնակցում պատերազմների և անգամ մահվան սպառնալիքի ներքո չեզոք ենք մնում այս աշխարհի հակամարտություններում։

Այնուամենայնիվ, իրենց քրիստոնյա համարող ոչ բոլոր մարդիկ են համաձայն այս դիրքորոշման հետ։ Շատերն այն կարծիքին են, որ քրիստոնյան կարող է և պետք է պաշտպանի իր երկիրը։ Նրանք թերևս հարցնեն. «Եթե հնում Աստծու ժողովուրդը մասնակցում էր պատերազմների, ապա ինչո՞ւ քրիստոնյաները այսօր չեն կարող այդպես վարվել»։ Ինչպե՞ս կպատասխանես այս հարցին։ Կարող ես բացատրել, որ հնում ապրած իսրայելացիների իրավիճակը մեծապես տարբերվում է Աստծու ներկայիս ծառաների իրավիճակից։ Քննենք հինգ տարբերություն։

1. ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՒՅՆ ԱԶԳԻՑ ԷՐ

Անցյալում Եհովան մեկ ազգ էր ընտրել, որ այն լիներ իր ժողովուրդը։ Դա Իսրայել ազգն էր։ Աստված ասել էր, որ նրանք «բոլոր ժողովուրդների միջից [իր] հատուկ սեփականությունն» են (Ելք 19։5)։ Բացի այդ՝ նա նրանց կոնկրետ տարածք էր հատկացրել։ Ուստի երբ Աստված պատվիրեց իսրայելացիներին պատերազմել մյուս ազգերի դեմ, նրանք չէին կռվում իրենց հավատակիցների դեմ և չէին սպանում նրանց։ a

Այսօր ճշմարիտ երկրպագուները «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» են (Հայտն. 7։9)։ Եթե նրանք մասնակցեն պատերազմների, արդյունքում գուցե կռվեն միմյանց դեմ և նույնիսկ սպանեն իրար։

2. ԵՀՈՎԱՆ ԷՐ ՊԱՏՎԻՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ

Անցյալում Եհովան էր որոշում, թե իսրայելացիները երբ և ինչու պետք է պատերազմեն։ Օրինակ՝ մի անգամ նա պատվիրեց իր դատավճիռն իրագործել քանանացիների դեմ, ովքեր հայտնի էին դևերի պաշտամունքով, ծայրահեղ անբարոյականությամբ և երեխաների զոհաբերությամբ։ Եհովան իսրայելացիներին պատվիրեց վերացնել այդ չար ազգին այն երկրից, որը նա խոստացել էր իրենց տալ, որպեսզի նրանք չենթարկվեն վատ ազդեցության (Ղևտ. 18։24, 25)։ Իսկ երբ իր ժողովուրդը արդեն ապրում էր Խոստացյալ երկրում, Աստված երբեմն նրանց ուղարկում էր պատերազմելու, որպեսզի նրանք պաշտպանեն Իսրայելը թշնամիներից (2 Սամ. 5։17-25)։ Բայց Եհովան երբեք թույլ չէր տալիս, որ իսրայելացիները ինքնուրույն որոշեն՝ պատերազմել, թե ոչ։ Եվ երբ նրանք առանց Եհովայի նման որոշում էին կայացնում, աղետալի հետևանքներ էին լինում (Թվեր 14։41-45; 2 Տար. 35։20-24

Այսօր Եհովան չի պատվիրում պատերազմել։ Ազգերը կռվում են՝ իրենց շահերից ելնելով, այլ ոչ թե Աստծու։ Սովորաբար նրանք պատերազմում են հանուն տարածքային առավելության, տնտեսական շահի կամ էլ քաղաքական ու գաղափարախոսական նկատառումներից ելնելով։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր պնդում են, թե կռվում են հանուն Աստծու, որպեսզի պաշտպանեն իրենց կրոնը կամ ոչնչացնեն Աստծու թշնամիներին։ Եհովան պաշտպանելու է բոլոր նրանց, ովքեր ճիշտ ձևով են պաշտում իրեն, և կործանելու է իր թշնամիներին ապագայում տեղի ունենալիք պատերազմի՝ Արմագեդոնի ժամանակ (Հայտն. 16։14, 16)։ Այդ պատերազմում Աստծու զորքը բաղկացած չի լինելու նրա երկրային ծառաներից, այլ կազմված է լինելու միայն ոգեղեն արարածներից (Հայտն. 19։11-15

3. ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ԽՆԱՅՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏ ԷԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Մեր օրերում պատերազմների ժամանակ խնայո՞ւմ են նրանց, ովքեր հավատում են Աստծուն, ինչպես որ Աստված խնայեց Ռախաբի և նրա ընտանիքի կյանքը Երիքովի դեմ պատերազմում

Անցյալում իսրայելացիների զորքը հաճախ խնայում էր նրանց, ովքեր հավատ էին ցուցաբերում Աստծու հանդեպ, և սպանում էր միայն նրանց, ում Եհովան արժանի էր համարում մահվան։ Քննենք երկու օրինակ։ Թեև Աստված պատվիրել էր կործանել Երիքով քաղաքը, սակայն իսրայելացիները չսպանեցին Ռախաբին և նրա ընտանիքին, քանի որ վերջիններս հավատ էին դրսևորել նրա հանդեպ (Հեսու 2։9-16; 6։16, 17)։ Իսկ հետագայում, երբ գաբաոնացիները առողջ վախ դրսևորեցին Եհովայի հանդեպ, նրանց ողջ քաղաքը՝ Գաբաոնը, փրկվեց կործանումից (Հեսու 9։3-9, 17-19

Այսօր պատերազմող ազգերը չեն խնայում նրանց, ովքեր հավատ ունեն Աստծու հանդեպ։ Ազգամիջյան կոնֆլիկտներում հաճախ խաղաղ բնակիչներն են զոհվում։

4. ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ

Անցյալում Եհովան պահանջում էր, որ իսրայելացի զինվորները պատերազմեն իր տված հրահանգների համաձայն։ Օրինակ՝ երբեմն նա պատվիրում էր նրանց, որ իրենց «խաղաղության պայմանները» հայտնեն այն քաղաքին, որի դեմ պատերազմում են (2 Օրենք 20։10)։ Բացի այդ՝ Եհովան պահանջում էր, որ իսրայելացիները մաքուր պահեն իրենց ու իրենց ճամբարը և հետևեն իր սահմանած բարոյական բարձր չափանիշներին (2 Օրենք 23։9-14)։ Նրանց հարևան ազգերը իրենց գրաված տարածքներում հաճախ բռնաբարում էին կանանց։ Մինչդեռ Եհովան արգելում էր իսրայելացիներին նման բան անել։ Նրանք նույնիսկ չէին կարող ամուսնանալ գերեվարված կնոջ հետ, եթե դեռ չէր լրացել նրա գերության մեկ ամիսը (2 Օրենք 21։10-13

Այսօր բազմաթիվ երկրներ պատերազմի օրենքների վերաբերյալ միջազգային համաձայնագրեր են ստորագրում։ Թեև այդ օրենքների նպատակը խաղաղ բնակիչներին պաշտպանելն է, բայց, ցավոք, դրանք հաճախ ոտնահարվում են։

5. ԱՍՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

Այսօր Աստված կռվո՞ւմ է որևէ ազգի համար, ինչպես որ Երիքովում կռվեց հանուն իսրայելացիների

Անցյալում Եհովան է պատերազմել իսրայելացիների համար և հաճախ հրաշքով հաղթանակներ է շնորհել նրանց։ Հիշենք, թե ինչպես Եհովան օգնեց իսրայելացիներին գրավել Երիքով քաղաքը։ Նրա ասածի պես՝ ժողովուրդը «բարձր ձայնով մարտական կոչ արձակեց, [և] պարիսպը հիմնահատակ փուլ եկավ», ինչի շնորհիվ ավելի հեշտ եղավ գրավել քաղաքը (Հեսու 6։20)։ Հիշենք նաև, թե նրանք ինչպես հաղթեցին ամորհացիների դեմ պատերազմում։ «Եհովան նրանց վրա երկնքից մեծ քարեր թափեց.... Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրից սպանվածները» (Հեսու 10։6-11

Այսօր Եհովան չի պատերազմում որևէ ազգի համար։ Նրա Թագավորությունը և այդ Թագավորության Թագավորը՝ Հիսուսը, «այս աշխարհի մի մասը չեն» (Հովհ. 18։36)։ Իրականում Սատանան է իշխում բոլոր մարդկային կառավարությունների վրա։ Աշխարհում տեղի ունեցող սարսափելի պատերազմները նրա դիվային էության արտացոլանքն են (Ղուկ. 4։5, 6; 1 Հովհ. 5։19

ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԵՆ

Ինչպես տեսանք, այսօր մեր իրավիճակը միանգամայն տարբերվում է հնում ապրած իսրայելացիների իրավիճակից։ Բայց ուրիշ պատճառներ էլ կան, թե ինչու մենք չենք մասնակցում պատերազմների։ Պատճառներից մեկն այն է, որ Աստված վերջին օրերի վերաբերյալ կանխագուշակել էր, որ իր կողմից կրթված մարդիկ «այլևս չեն սովորի պատերազմել», ուր մնաց՝ մասնակցեն պատերազմների (Ես. 2։2-4)։ Բացի այդ՝ Քրիստոսն ասաց, որ իր աշակերտները «աշխարհի մի մասը չեն», ուստի աշխարհում տեղի ունեցող կոնֆլիկտներում նրանք ոչ մեկի կողմնակիցը չեն (Հովհ. 15։19

Սակայն Քրիստոսը հորդորեց իր հետևորդներին ավելին անել։ Նա պատվիրեց հեռու մնալ այնպիսի մտավիճակից, որը կարող է հանգեցնել ատելության, զայրույթի և պատերազմների (Մատթ. 5։21, 22)։ Նա նաև պատվիրեց իր հետևորդներին լինել «խաղաղարար» և սիրել իրենց թշնամիներին (Մատթ. 5։9, 44

Իսկ ի՞նչ կարելի է ասել անձամբ մեր մասին։ Ինչ խոսք, մենք չենք ցանկանում մասնակցել որևէ պատերազմի, բայց գուցե մեր սրտում ատելության նշույլներ լինեն, որոնք կարող են ժողովում տարաձայնությունների և բաժանումների պատճառ դառնալ։ Եկեք շարունակենք ջանքեր թափել, որ մեր սրտից արմատախիլ անենք ցանկացած այդպիսի զգացում (Հակ. 4։1, 11

Ազգամիջյան կոնֆլիկտների մեջ ներգրավվելու փոխարեն մենք ամեն ջանք թափում ենք, որ մեր միջև տիրի սեր ու խաղաղություն (Հովհ. 13։34, 35)։ Եկեք վճռենք պահել մեր չեզոքությունը, մինչ սպասում ենք այն օրվան, երբ Եհովան վերջնականապես կդադարեցնի բոլոր պատերազմները (Սաղ. 46։9

a Եղել են դեպքեր, երբ Իսրայելի ցեղերը կռվել են միմյանց դեմ, բայց դա Եհովային դուր չի եկել (1 Թագ. 12։24)։ Սակայն երբեմն Եհովան հավանություն է տվել նման բախումների, օրինակ, երբ որոշ ցեղեր իր դեմ են դուրս եկել կամ այլ ծանր մեղքեր գործել (Դատ. 20։3-35; 2 Տար. 13։3-18; 25։14-22; 28։1-8