Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44

Հույսդ ամուր պահիր

Հույսդ ամուր պահիր

«Հույսդ Եհովայի վրա դիր» (ՍԱՂ. 27։14

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Եհովան ի՞նչ հույս է մեզ տվել։

 ԵՀՈՎԱՆ հավիտյան ապրելու հիանալի հույս է տվել մեզ։ Ոմանք հույս ունեն հավիտյան ապրելու երկնքում որպես անմահ ոգեղեն էակներ (1 Կորնթ. 15։50, 53)։ Բայց շատերը հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա, որտեղ կունենան կատարյալ առողջություն և երջանիկ կլինեն (Հայտն. 21։3, 4)։ Անկախ նրանից, թե ինչ հույս ունենք՝ այն անչափ թանկ է մեզ համար։

2. Ինչի՞ վրա է հիմնված մեր հույսը, և ինչո՞ւ ենք այդպես ասում։

2 Աստվածաշնչում «հույս» թարգմանված բառը նշանակում է լավ բանի հիմնավոր ակնկալիք։ Ապագայի մեր հույսը հիմնավոր է ու իրական, քանի որ Եհովան է այն մեզ տվել (Հռոմ. 15։13)։ Մենք գիտենք, թե ինչ է նա խոստացել, և վստահ ենք, որ նա միշտ պահում է իր խոստումները (Թվեր 23։19)։ Նաև համոզված ենք, որ Եհովան ոչ միայն ցանկություն ունի իրականացնելու իր ասածները, այլև զորություն։ Ուստի մեր հույսը պարզապես պատրանք կամ երևակայության արդյունք չէ. այն հիմնված է փաստերի և իրողությունների վրա։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (Սաղմոս 27։14

3 Մեր երկնային Հայրը սիրում է մեզ, և ուզում է, որ վստահենք իրեն (կարդա Սաղմոս 27։14)։ Եթե Եհովայի հանդեպ մեր վստահությունը ամուր լինի, մենք կկարողանանք դիմանալ փորձություններին և ուրախությամբ ու քաջությամբ կնայենք ապագային։ Ուստի որպեսզի հասկանանք, թե ինչպես է հույսը պաշտպանում մեզ, նախ տեսնենք, թե այն ինչ առումով է նման խարսխի և սաղավարտի։ Այնուհետև կիմանանք, թե ինչպես կարող ենք ամրացնել այն։

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՆՄԱՆ Է ԽԱՐՍԽԻ

4. Ի՞նչ առումով է հույսը նման խարսխի (Եբրայեցիներ 6։19

4 Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը հույսը նմանեցրեց խարսխի (կարդա Եբրայեցիներ 6։19)։ Նա հաճախ էր ճանապարհորդում ծովով, ուստի գիտեր, որ խարիսխը օգտագործում են փոթորիկների ժամանակ նավը կանգուն պահելու համար։ Մի անգամ, երբ Պողոսը նավով ճամփորդում էր, կատաղի փոթորիկ բարձրացավ։ Նա տեսավ, թե ինչպես են նավաստիները խարիսխները ջուրը նետում, որպեսզի նավը կանգուն մնա և չբախվի ժայռերին (Գործ. 27։29, 39-41)։ Ինչպես խարիսխն է կանգուն պահում նավը, այնպես էլ մեր հույսն է անսասան պահում մեզ, որ անհանգիստ ժամանակներում չհեռանանք Եհովայից։ Մեր հաստատուն հույսի շնորհիվ մենք կարողանում ենք կանգուն մնալ փոթորկանման դժվարությունների ներքո, քանի որ այն մեզ համոզվածությամբ է լցնում, որ առջևում խաղաղ ժամանակներ են լինելու։ Հիսուսը նախազգուշացրել է, որ մենք հալածանքներ ենք կրելու (Հովհ. 15։20)։ Ուստի Աստծու տված խոստումների մասին խորհրդածելը կօգնի, որ ամուր մնանք և շարունակենք մեր քրիստոնեական ընթացքը։

5. Հույսն ինչպե՞ս օգնեց Հիսուսին անսասան մնալ անգամ մահվան սպառնալիքի ներքո։

5 Հիշենք, թե հույսն ինչպես օգնեց Հիսուսին անսասան մնալ, չնայած որ գիտեր, թե ինչ դաժան մահ է սպասում իրեն։ Այն, թե որքան հանդարտ ու հանգիստ էր Հիսուսը, երևում է Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերից, որոնք նա ասաց 33 թ. Պենտեկոստեին՝ մեջբերելով «Սաղմոսներ» գրքից մի մարգարեություն. «Մարմինս էլ կապրի հույսով, որովհետև դու իմ հոգին չես թողնի գերեզմանում, ոչ էլ թույլ կտաս, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի.... Քո երեսի առաջ դու ինձ ուրախությամբ կլցնես» (Գործ. 2։25-28; Սաղ. 16։8-11)։ Թեև Հիսուսը գիտեր, որ մահանալու է, բայց լիովին համոզված էր, որ Աստված հարություն է տալու իրեն, և նա կրկին երկնքում իր Հոր հետ է լինելու (Եբր. 12։2, 3

6. Ի՞նչ է ասել մի եղբայր հույսի մասին։

6 Հույսը շատերին է օգնել դիմանալ դժվարություններին։ Ուշադրություն դարձնենք Լեոնարդ Չինի օրինակին, ով ապրում էր Անգլիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այս հավատարիմ եղբորը բանտարկեցին, քանի որ նա հրաժարվեց բանակ գնալ։ Երկու ամիս նրան պահեցին մենախցում, ինչից հետո ստիպեցին ծանր աշխատել։ Հետագայում Լեոնարդը գրեց. «Ինձ հետ տեղի ունեցած դեպքերը օգնեցին՝ հասկանամ, թե որքան մեծ դեր ունի հույսը դժվարություններին դիմանալու հարցում։ Հիսուսի, առաքյալների և մարգարեների օրինակները, ինչպես նաև Աստվածաշնչում գրված անգին խոստումները ապագայի հանդեպ մեծ հույսով են լցնում մեզ և ուժ տալիս, որ դիմանանք դժվարություններին»։ Հույսը խարսխի նման էր Լեոնարդի համար։ Այն կարող է խարիսխ լինել նաև մեզ համար։

7. Ինչպե՞ս են փորձությունները ամրացնում մեր հույսը (Հռոմեացիներ 5։3-5; Հակոբոս 1։12

7 Երբ դիմանում ենք փորձություններին և տեսնում, որ Եհովան օգնում է մեզ, հասկանում ենք, որ նրա հավանությունն ունենք։ Իսկ դա ամրացնում է մեր հույսը (կարդա Հռոմեացիներ 5։3-5; Հակոբոս 1։12)։ Ուստի այժմ մեր հույսն ավելի ամուր է, քան այն ժամանակ, երբ նոր էինք ընդունել ճշմարտությունը։ Սատանան ուզում է մեր խնդիրների միջոցով ուժասպառ անել մեզ, բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել դրանք։

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՆՄԱՆ Է ՍԱՂԱՎԱՐՏԻ

8. Ի՞նչ առումով է հույսը նման սաղավարտի (1 Թեսաղոնիկեցիներ 5։8

8 Աստվածաշունչը հույսը նաև համեմատում է սաղավարտի հետ (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Զինվորը պատերազմի ժամանակ սաղավարտ է կրում, որպեսզի իր գլուխը պաշտպանի թշնամու հարվածներից։ Այսօր մենք հոգևոր պատերազմ ենք մղում և կարիք ունենք պաշտպանելու մեր միտքը Սատանայի հարձակումներից։ Նա հեղեղում է մեզ գայթակղություններով և այնպիսի գաղափարներով, որոնց նպատակն է ապականել մեր միտքը։ Եվ ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մեր միտքը, որ կարողանանք հավատարիմ մնալ։

9. Ինչպե՞ս են վարվում այն մարդիկ, ովքեր ապագայի հույս չունեն։

9 Հավիտյան ապրելու հույսը օգնում է մեզ գործել իմաստությամբ և խորաթափանցությամբ։ Եթե թույլ տանք, որ մեր հույսը խամրի, և մարմնավոր մտածելակերպը գլուխ բարձրացնի, կարող ենք հեշտությամբ մեր տեսադաշտից կորցնել հավիտյան ապրելու հեռանկարը։ Տեսնենք, թե ինչ եղավ հին Կորնթոսում ապրող որոշ քրիստոնյաների հետ։ Նրանք կորցրին հավատը հարության հույսի հանդեպ, որը Աստծու տված գլխավոր խոստումներից է (1 Կորնթ. 15։12)։ Ինչպես Պողոսը գրեց, նրանք, ովքեր ապագա կյանքի հույս չունեն, ապրում են միայն ներկայով (1 Կորնթ. 15։32)։ Այսօր Աստծու խոստումներին չհավատացող շատ մարդիկ ապրում են միայն տվյալ պահով՝ ձգտելով օգտվել բոլոր հաճույքներից։ Բայց մենք այդպես չենք վարվում, քանի որ հավատում ենք ապագայի վերաբերյալ Աստծու խոստումներին։ Հույսը սաղավարտի պես պաշտպանում է մեր մտածելակերպը և օգնում է խուսափել եսակենտրոն ապրելակերպից, որը կարող է վնասել Եհովայի հետ ունեցած մեր մտերմությունը (1 Կորնթ. 15։33, 34

10. Հույսն ինչպե՞ս է պաշտպանում սխալ մտածելակերպից։

10 Մեր ունեցած հույսը կարող է պաշտպանել մեզ այն մտածելակերպից, թե անհնար է հաճեցնել Աստծուն, և նույնիսկ իմաստ չունի փորձել դա։ Ոմանք գուցե մտածեն. «Ես երբեք չեմ լինի նրանց թվում, ովքեր կապրեն հավիտյան։ Ես արժանի չեմ դրան։ Երբեք չեմ կարողանա համապատասխանել Աստծու սահմանած չափանիշներին»։ Նմանատիպ մտքեր արտահայտեց Հոբի կեղծ մխիթարիչներից մեկը՝ Եղիփազը։ Նա ասաց. «Ի՞նչ է մահկանացու մարդը, որ մաքուր լինի»։ Իսկ Աստծու մասին ասաց. «Ահա նա իր սրբերին էլ չի հավատում, և երկինքը մաքուր չէ նրա աչքին» (Հոբ 15։14, 15)։ Ի՜նչ սարսափելի սուտ։ Հարկավոր է հիշել, որ նման մտածելակերպի հետևում Սատանան է կանգնած։ Նա գիտի, որ եթե շարունակ մտածես այդպիսի մտքերի շուրջ, քո հույսը կխամրի։ Ուստի մերժիր նման ստերը և կենտրոնացիր Եհովայի տված խոստումների վրա։ Երբեք մի՛ կասկածիր, որ նա ուզում է՝ հավիտյան ապրես, և կօգնի քեզ, որ հասնես այդ նպատակին (1 Տիմոթ. 2։3, 4

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ՀՈՒՅՍԴ ԽԱՄՐԻ

11. Ինչո՞ւ պետք է համբերությամբ սպասենք մեր հույսի իրականացմանը։

11 Հույսը վառ պահելը երբեմն կարող է դժվար լինել։ Մինչ սպասում ենք Աստծու խոստումների իրականացմանը, գուցե անհամբեր դառնանք։ Հիշենք, որ Եհովան ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ, հետևաբար ժամանակի նրա ընկալումը մեծապես տարբերվում է մեր ընկալումից (2 Պետ. 3։8, 9)։ Նա իր նպատակը կիրականացնի լավագույն ձևով, բայց դա գուցե չլինի այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Ի՞նչը կօգնի մեզ, որ չկորցնենք մեր հույսը և համբերությամբ սպասենք Աստծու խոստումների իրականացմանը (Հակ. 5։7, 8

12. Եբրայեցիներ 11։1 և 6 համարների համաձայն՝ ի՞նչ կապ կա հույսի և հավատի միջև։

12 Մեր հույսը վառ պահելու համար մենք պետք է մտերիմ մնանք Եհովայի հետ։ Չէ՞ որ նա է իրականացնելու ապագայի վերաբերյալ խոստումները։ Աստվածաշնչից իմանում ենք, որ հույս ունենալու համար հարկավոր է հավատալ, որ Եհովան «գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (կարդա Եբրայեցիներ 11։1, 6)։ Որքան իրական լինի Եհովան մեզ համար, այնքան մեծ կլինի մեր համոզվածությունն այն բանում, որ նա կկատարի իր բոլոր խոստումները։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ամրացնել մեր մտերմությունը Եհովայի հետ և այդպիսով վառ պահել մեր հույսը։

Աղոթքն ու խորհրդածությունը կօգնեն, որ մեր հույսը վառ պահենք (տես պարբերություն 13-15) b

13. Ինչպե՞ս կարող ենք մտերմանալ Աստծու հետ։

13 Աղոթիր Եհովային և կարդա նրա Խոսքը։ Թեև մենք չենք տեսնում Եհովային, բայց կարող ենք մտերմանալ նրա հետ։ Մենք կարող ենք խոսել նրա հետ աղոթքի միջոցով՝ վստահ լինելով, որ նա կլսի մեզ (Երեմ. 29։11, 12)։ Իսկ Աստված խոսում է մեզ հետ, երբ կարդում ենք նրա Խոսքը և խորհրդածում դրա շուրջ։ Իմանալով, թե ինչպես է Եհովան անցյալում հոգ տարել իր հավատարիմ ծառաների մասին՝ մեր հույսը ավելի ու ավելի կամրանա։ Աստծու Խոսքում գրված ամեն բան «մեր ուսուցման համար է գրվել, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4

14. Ինչո՞ւ պետք է մտածենք այն մասին, թե ինչեր է Եհովան արել ուրիշների համար։

14 Մտածիր, թե ինչպես է Եհովան պահել իր խոստումները։ Հիշենք, թե ինչ արեց Եհովան Աբրահամի ու Սառայի համար։ Նրանք այն տարիքում էին, որ այլևս չէին կարող երեխա ունենալ։ Սակայն Եհովան խոստացավ, որ նրանք զավակ են ունենալու (Ծննդ. 18։10)։ Ինչպե՞ս արձագանքեց Աբրահամը։ Աստվածաշունչն ասում է. «Նա հավատաց, որ դառնալու է շատ ազգերի հայր» (Հռոմ. 4։18)։ Թեև մարդկային տեսանկյունից դա անհնար էր թվում, բայց Աբրահամը համոզված էր, որ Եհովան կկատարի իր խոստումը։ Եվ նա հուսախաբ չեղավ (Հռոմ. 4։19-21)։ Աստվածաշնչյան նման պատմությունները մեզ վստահեցնում են, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները՝ անկախ նրանից, թե որքան անհույս է թվում իրավիճակը։

15. Ինչո՞ւ պետք է խորհենք այն մասին, թե ինչեր է Աստված արել մեզ համար։

15 Խորհիր այն բաների մասին, ինչ Եհովան արել է քեզ համար։ Մի պահ մտածիր, թե անձամբ դու ինչ օգուտներ ես քաղել, երբ տեսել ես, թե ինչպես են կատարվում Աստվածաշնչում գրված խոստումները։ Օրինակ՝ Հիսուսը խոստացել է, որ իր Հայրը կապահովի քեզ կյանքի համար անհրաժեշտ ամեն բանով (Մատթ. 6։32, 33)։ Նա նաև հավաստիացրել է, որ Եհովան կտա իր սուրբ ոգին, երբ խնդրես իրենից (Ղուկ. 11։13)։ Եհովան կատարել է այս խոստումները։ Հավանաբար միտքդ եկան նաև այլ խոստումներ, որոնց իրականացումը օգուտներ է բերում քեզ։ Օրինակ՝ Եհովան խոստանում է ներել, մխիթարել և հոգևորապես սնել քեզ (Մատթ. 6։14; 24։45; 2 Կորնթ. 1։3)։ Երբ խորհես այն մասին, թե ինչեր է Աստված արել քեզ համար, համոզված կլինես, որ այն, ինչ նա խոստանում է անել ապագայում, նույնպես իրականություն կդառնա։

ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԻՐ

16. Ինչո՞ւ ենք ասում, որ մեր հույսը թանկ նվեր է։

16 Հավիտյան ապրելու հույսը թանկ նվեր է Աստծուց։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հրաշալի ապագային, որն, անկասկած, իրականություն կդառնա։ Խարսխի նման՝ հույսը հաստատուն է դարձնում մեզ, որպեսզի հաղթահարենք դժվարությունները, դիմանանք հալածանքին և անգամ պատրաստ լինենք կորցնելու մեր կյանքը։ Այն նաև սաղավարտի դեր է կատարում՝ պաշտպանելով մեր միտքը, որպեսզի կարողանանք մերժել այն, ինչ սխալ է, և անենք ճիշտը։ Աստվածաշնչի տված հույսը մտերմացնում է մեզ Աստծու հետ և ցույց է տալիս, թե որքան խորն է նրա սերը մեր հանդեպ։ Մենք մեծ օգուտներ կքաղենք, եթե ամուր ու վառ պահենք մեր հույսը։

17. Ինչո՞ւ է մեր հույսը ուրախություն բերում։

17 Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը հետևյալ հորդորը տվեց. «Հույսով ուրախացեք» (Հռոմ. 12։12)։ Պողոսը ուրախ էր, քանի որ համոզված էր, որ եթե հավատարիմ մնա, հավիտենական կյանք կստանա երկնքում։ Մենք նույնպես կարող ենք հույսով ուրախանալ, եթե վստահ լինենք, որ Եհովան կկատարի իր խոստումները։ Ինչպես սաղմոսերգուն է գրել, «երջանիկ է նա.... որի հույսը Եհովան է՝ իր Աստվածը.... ով հավիտյան պահպանում է իր ճշմարտությունը» (Սաղ. 146։5, 6

ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում

a Եհովան մեզ ապագայի հիանալի հույս է տվել, որը մեր կյանքը ուրախությամբ է լցնում և օգնում է չկենտրոնանալ խնդիրների վրա։ Այն ուժ է տալիս, որ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած դժվարություններին։ Ապագայի մեր հույսը պաշտպանում է մեզ նաև սխալ մտքերից, որոնք կարող են ապականել մեր մտածելակերպը։ Ինչպես կիմանանք այս հոդվածից, սրանք բոլորն էլ հիմնավոր պատճառներ են մեր ունեցած հույսը ամուր պահելու համար։

b ՆԿԱՐ։ Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, և խարիսխն է կանգուն պահում նավը, այնպես էլ մեր հույսն է պաշտպանում մեր միտքը և հաստատուն դարձնում մեզ փորձությունների ժամանակ։ Քույրը համոզվածությամբ աղոթում է Եհովային։ Եղբայրը խորհում է այն մասին, թե ինչպես Աստված կատարեց Աբրահամին տված իր խոստումը։ Մեկ ուրիշ եղբայր խորհում է իր ստացած օրհնությունների մասին։