Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41

Վայելիր իսկական երջանկություն. ինչպե՞ս

Վայելիր իսկական երջանկություն. ինչպե՞ս

«Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից և նրա ճանապարհներով է քայլում» (ՍԱՂ. 128։1

ԵՐԳ 110 «Եհովայի ուրախությունը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ է «հոգևոր կարիքը», և ինչպե՞ս է այն նպաստում մեր երջանկությանը։

 ԻՍԿԱԿԱՆ երջանկությունը պարզապես ուրախ ու անհոգ լինելու զգացում չէ, որը մակերեսային է և վաղանցիկ։ Իրականում իսկական երջանկությունը կարող է ուղեկցել մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Բայց մի՞թե դա հնարավոր է։ Հիսուսը Լեռան քարոզում տվեց այդ հարցի պատասխանը։ Նա ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Հիսուսը գիտեր, որ մարդիկ ստեղծված են «հոգևոր կարիքով», այսինքն՝ իրենց Արարչին ճանաչելու և պաշտելու փափագով։ Եվ քանի որ Եհովան «երջանիկ Աստված» է, տրամաբանական է եզրակացնել, որ նրան պաշտողները նույնպես կարող են երջանիկ լինել (1 Տիմոթ. 1։11

«Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար» (Մատթ. 5։10) (տես պարբերություն 2-3) d

2-3. ա) Հիսուսի խոսքերի համաձայն՝ ովքե՞ր կարող են երջանիկ լինել։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում, և ինչո՞ւ է դա կարևոր։

2 Արդյո՞ք երջանիկ լինելու համար կատարյալ հանգամանքներ են պետք։ Ո՛չ։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց, որ երջանիկ կարող են լինել նույնիսկ նրանք, «ովքեր սգում են»՝ լինի դա իրենց մեղքերի, թե դժվարությունների պատճառով։ Հիսուսը նույն բանն ասաց նաև նրանց վերաբերյալ, ովքեր «նախատվում են» կամ «հալածվում են արդարության համար» (Մատթ. 5։4, 10, 11)։ Բայց ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել այդպիսի հանգամանքներում։

3 Հիսուսը սովորեցրեց, որ իսկական երջանկությունը կախված է ոչ թե կյանքի պայմաններից, այլ հոգևոր կարիքները բավարարելուց և Աստծու հետ մտերմանալուց (Հակ. 4։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հոդվածում կքննենք երեք քայլ, որոնք կօգնեն մեզ իսկական երջանկություն վայելել։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՍՆՎԻՐ

4. Ո՞րն է իսկական երջանկության տանող առաջին քայլը (Սաղմոս 1։1-3

4 ՔԱՅԼ 1։ Իսկապես երջանիկ լինելու համար մենք պետք է հոգևորապես սնվենք։ Ֆիզիկապես սնվելու կարիք ունեն թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները։ Բայց միայն մարդիկ են ստեղծված հոգևորապես սնվելու կարիքով։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթ. 4։4)։ Հետևաբար մենք չպետք է թույլ տանք, որ մեր օրն անցնի՝ առանց Աստծու Խոսքից սնվելու։ Ինչպես սաղմոսերգուն է գրել, «երջանիկ է այն մարդը.... [ում] ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է, և գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում» (կարդա Սաղմոս 1։1-3

5-6. ա) Ի՞նչ ենք իմանում Աստվածաշնչից։ բ) Աստծու Խոսքն ընթերցելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

5 Սիրուց մղված՝ Եհովան Աստվածաշնչի միջոցով հայտնել է, թե ինչպես կարող ենք ապրել երջանիկ կյանքով։ Այնտեղից իմանում ենք, թե որն է կյանքի իմաստը, ինչպես կարող ենք մտերմանալ Աստծու հետ և թե ինչ կարող ենք անել, որ մեր մեղքերը ներվեն։ Աստվածաշնչից նաև իմանում ենք ապագայի հույսի մասին, որն Աստված տվել է մարդկությանը (Երեմ. 29։11)։ Ուսումնասիրելով սուրբգրային այս ճշմարտությունները՝ մենք մեծ ուրախությամբ ենք լցվում։

6 Ինչպես գիտենք, Աստվածաշնչում կան նաև բազմաթիվ խորհուրդներ, որոնք վերաբերում են առօրյա կյանքին։ Դրանց հետևելը նպաստում է մեր երջանկությանը։ Ուստի երբ կյանքի խնդիրների պատճառով վհատվում ես, ավելի շատ ժամանակ տրամադրիր Եհովայի Խոսքը կարդալու և դրա շուրջ խորհրդածելու համար։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։28

7. Ի՞նչը կօգնի, որ Աստվածաշնչի ընթերցանությունից առավելագույն օգուտները քաղես։

7 Աստծու Խոսքն ընթերցելիս ժամանակ տրամադրիր, որ զգաս կարդացածիդ «համն ու հոտը»։ Ինչո՞ւ։ Պատկերացրու՝ ինչ-որ մեկը քո սիրած ուտելիքն է պատրաստել։ Սակայն դու այնքան ես շտապում և այնքան տարված ես մտքերով, որ արագ-արագ կուլ ես տալիս պատառները՝ առանց զգալու դրանց համը։ Ճաշից հետո հասկանում ես, որ հաճույք չես ստացել քո սիրած ուտելիքից, և մտածում ես, որ արժեր դանդաղ ուտել ու վայելել ամեն մի պատառը։ Նմանատիպ բան կարող է լինել Աստվածաշունչը կարդալիս։ Հնարավոր է՝ այնքան արագ կարդանք այն, որ չհասցնենք հասկանալ ու վայելել նյութը։ Ուստի քո ընթերցանությանը բավականաչափ ժամանակ տրամադրիր, որպեսզի հաճույք ստանաս դրանից։ Մտքումդ կենդանացրու տեսարանները, ձայները և խորհրդածիր կարդացածիդ շուրջ։ Այս ամենը կնպաստի քո երջանկությանը։

8. Ինչպե՞ս է «հավատարիմ և իմաստուն ծառան» կատարում իր դերը (տես նաև ծանոթագրությունը)։

8 Հիսուսը նշանակել է «հավատարիմ և իմաստուն ծառային», որպեսզի նա հոգևոր կերակուր տա ճիշտ ժամանակին (Մատթ. 24։45)։ Այդ կերակուրի շնորհիվ մենք հոգևորապես լավ սնվում ենք։ b Ծառայի պատրաստած սննդի հիմնական բաղադրիչը Աստվածաշունչն է, որում արտացոլված են Եհովայի մտքերը (1 Թեսաղ. 2։13)։ Ուստի այդ հոգևոր սննդի շնորհիվ մենք կարողանում ենք իմանալ Եհովայի մտածելակերպը։ Այս բանի գիտակցումը մղում է մեզ կարդալ «Դիտարան», «Արթնացե՛ք» ամսագրերը, jw.org կայքում հրատարակված հոդվածները, պատրաստվել միջշաբաթյա և շաբաթավերջի ժողովի հանդիպումներին, ինչպես նաև դիտել JW հեռարձակման ամսական ծրագրերը, եթե, իհարկե, դրանք առկա են մեր լեզվով։ Հոգևոր այս ճոխ սեղանից սնվելը կօգնի մեզ կատարել իսկական երջանկության տանող երկրորդ քայլը։

ԱՊՐԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

9. Ո՞րն է իսկական երջանկության տանող երկրորդ քայլը։

9 ՔԱՅԼ 2։ Իսկապես երջանիկ լինելու համար մենք պետք է ապրենք Եհովայի չափանիշներով։ Սաղմոսերգուն գրել է. «Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից և նրա ճանապարհներով է քայլում» (Սաղ. 128։1)։ Եհովայից վախենալ նշանակում է խոր հարգանքից մղված խուսափել նրան տհաճ բաներ անելուց (Առակ. 16։6)։ Հետևաբար մենք ձգտում ենք ապրել ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներով, որոնք գրված են Աստվածաշնչում (2 Կորնթ. 7։1)։ Այսպիսով՝ մենք երջանիկ կլինենք, եթե անենք այն, ինչ Եհովան սիրում է, և մերժենք այն, ինչ նա ատում է (Սաղ. 37։27; 97։10; Հռոմ. 12։9

10. Հռոմեացիներ 12։2-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք։

10 Կարդա Հռոմեացիներ 12։2։ Մի բան է ընդունել, որ Եհովան իրավունք ունի ասելու, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, մեկ այլ բան է հետևել նրա սահմանած չափանիշներին։ Բերենք մի օրինակ։ Անհատը գուցե ընդունի, որ պետությունը իրավունք ունի սահմանելու երթևեկության արագության վերաբերյալ կանոններ, բայց չցանկանա հետևել դրանց։ Ի՞նչ կլինի արդյունքում։ Նա կգերազանցի թույլատրելի արագությունը։ Փաստորեն, Եհովայի չափանիշներն ընդունելուց բացի՝ մենք պետք է նաև մեր վարքով փաստենք, որ հավաստիացած ենք, որ այդ չափանիշներին հետևելը ապրելու լավագույն ձևն է (Առակ. 12։28)։ Սաղմոսերգու Դավիթը համոզված էր դրանում, ուստի ասաց. «Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը։ Քո երեսի առաջ ուրախության լիություն կա, և քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան» (Սաղ. 16։11

11-12. ա) Երբ ճնշված կամ վհատված ենք, ո՞ր հարցում պետք է զգույշ լինենք։ բ) Փիլիպպեցիներ 4։8-ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ժամանցի ընտրության հարցում։

11 Երբ վհատված ենք կամ երբ խնդիրները մեզ ճնշում են, գուցե զգանք, որ կարիք ունենք մի քիչ ցրվելու։ Ինչ խոսք, բնական է, որ ուզում ենք մի պահ մոռանալ մեր խնդիրների մասին։ Բայց մենք պետք է զգույշ լինենք, որ չանենք այնպիսի մի բան, ինչը Եհովան ատում է (Եփես. 5։10-12, 15-17

12 Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին շարունակ մտածել այն մասին, «ինչը որ արդար է.... մաքուր է.... սեր է առաջ բերում.... [և] առաքինի է» (կարդա Փիլիպպեցիներ 4։8)։ Թեև Պողոսը այստեղ զվարճությունների մասին չէր խոսում, սակայն նրա խոսքերը կարող են ազդել ժամանցի մեր ընտրության վրա։ Փորձիր հետևյալը։ Համարում գրված «ինչը որ» արտահայտությունը փոխարինիր այս բառերով՝ «երգեր», «ֆիլմեր», «գրքեր» կամ «տեսախաղեր»։ Այդպես դու կկարողանաս հասկանալ, թե ժամանցի ընտրության որ ձևն է Աստծուն ընդունելի, և որը՝ ոչ։ Մենք ուզում ենք միշտ հետևել Եհովայի բարձր չափանիշներին (Սաղ. 119։1-3)։ Դրա շնորհիվ մաքուր խիղճ կունենանք և կկարողանանք անել իսկական երջանկության տանող հաջորդ քայլը (Գործ. 23։1

ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՇՏԵԼԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԻՐ

13. Ո՞րն է իսկական երջանկության տանող երրորդ քայլը (Հովհաննես 4։23, 24

13 ՔԱՅԼ 3։ Իսկապես երջանիկ լինելու համար մենք պետք է Եհովային պաշտելը առաջնային համարենք։ Եհովան մեր Արարիչն է և արժանի է, որ պաշտենք իրեն (Հայտն. 4։11; 14։6, 7)։ Հետևաբար մեր կյանքում ամենակարևորը պետք է լինի նրան իր ուզած ձևով պաշտելը, այսինքն՝ «ոգով և ճշմարտությամբ» (կարդա Հովհաննես 4։23, 24)։ Դա նշանակում է երկրպագություն մատուցել Աստծուն սուրբ ոգու առաջնորդությամբ և սուրբգրային ճշմարտություններին ներդաշնակ։ Մեզ համար Եհովային պաշտելը պետք է առաջնային լինի նույնիսկ այն դեպքում, երբ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելված կամ սահմանափակված է։ Այս պահին ավելի քան 100 եղբայրներ ու քույրեր ազատազրկված են զուտ այն պատճառով, որ Եհովայի վկա են։ c Բայց չնայած իրենց հանգամանքներին՝ նրանք ուրախ են, քանի որ հնարավորության սահմաններում կարողանում են աղոթել, ուսումնասիրել Աստծու Խոսքը և պատմել ուրիշներին Աստծու ու նրա Թագավորության մասին։ Այո՛, մենք կարող ենք ուրախ լինել, անգամ երբ մեզ նախատում կամ հալածում են, քանի որ գիտենք՝ Եհովան մեզ հետ է և կվարձատրի մեզ (Հակ. 1։12; 1 Պետ. 4։14

ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՕՐԻՆԱԿ

14. Ի՞նչ տեղի ունեցավ Տաջիկստանում ապրող մի երիտասարդ եղբոր հետ։

14 Մեր եղբայրներից ու քույրերից շատերը ծանր դժվարությունների միջով են անցել։ Չնայած դրան՝ նրանք կարողացել են իսկական երջանկություն վայելել, քանի որ արել են վերոնշյալ երեք քայլերը։ Քննենք 19-ամյա Ջովիդոն Բոբոջոնովի օրինակը, ով ապրում է Տաջիկստանում։ Զինծառայությունից հրաժարվելու համար 2019 թ. հոկտեմբերի 4-ին եղբորը բերման ենթարկեցին և ամիսներ շարունակ պահեցին կալանքի տակ՝ վերաբերվելով նրան ինչպես մի հանցագործի։ Անարդարության այս դրսևորումը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։ Ինչպես հայտնում էին լրատվամիջոցները, նրան ծեծի էին ենթարկում և փորձում ճնշում բանեցնել նրա վրա, որ զինվորական երդում տա ու համազգեստ հագնի։ Դրանից հետո նրան մեղավոր ճանաչեցին և ուղարկեցին աշխատանքային գաղութ։ Որոշ ժամանակ անց երկրի նախագահը համաներում հայտարարեց, ու եղբայրը ազատ արձակվեց։ Այդ ամբողջ ընթացքում Ջովիդոնը անարատ մնաց ու չկորցրեց իր ուրախությունը։ Եվ դա այն բանի շնորհիվ, որ նա միշտ բավարարում էր իր հոգևոր կարիքները։

Ջովիդոնը հոգևորապես սնվում էր, ապրում Եհովայի չափանիշներով և Եհովային պաշտելը առաջնային համարում (տես պարբերություն 15-17)

15. Ջովիդոնը ինչպե՞ս էր հոգևորապես սնվում բանտում։

15 Բանտում եղած ժամանակ Ջովիդոնը հոգևորապես սնվում էր, թեև ո՛չ Աստվածաշունչ ուներ, ո՛չ էլ մեր հրատարակություններից որևէ մեկը։ Այդ դեպքում ինչպե՞ս էր նա հոգևորապես սնվում։ Երբ եղբայրներն ու քույրերը նրան մթերք էին տանում, տոպրակների վրա գրում էին օրվա խոսքը։ Այդպես նա կարողանում էր կարդալ Աստվածաշունչը և խորհել դրա շուրջ ամեն օր։ Բանտից դուրս գալուց հետո Ջովիդոնը հետևյալ խորհուրդը տվեց նրանց, ովքեր ծանր փորձությունների դեռ չեն բախվել. «Շատ կարևոր է, որ ձեր ազատությունը լիարժեքորեն օգտագործեք, և Աստվածաշունչն ու մեր հրատարակություններն ընթերցելով՝ խորացնեք Եհովայի մասին ձեր գիտելիքները»։

16. Ջովիդոնը ինչի՞ վրա էր կենտրոնացնում իր միտքը։

16 Եղբայրը ապրում էր Եհովայի չափանիշներով։ Սխալ ցանկությունների մասին մտածելու և վատ բաներ անելու փոխարեն նա իր մտքերը կենտրոնացնում էր այն ամենի վրա, ինչը արժեքավոր է Եհովայի աչքում։ Ջովիդոնը հիանում էր Աստծու ստեղծագործություններով։ Ամեն առավոտ նա արթնանում էր թռչունների դայլայլից, իսկ գիշերը՝ զմայլվում լուսնի ու աստղերի գեղեցկությամբ։ Եղբայրն ասում է. «Եհովայի այս պարգևներն ուրախացնում էին ինձ և քաջալերում»։ Երբ գնահատում ենք Եհովայի տված հոգևոր և ֆիզիկական պարգևները, մեր սիրտը ուրախությամբ է լցվում, ինչի շնորհիվ էլ փորձություններին դիմանալու ուժ ենք ունենում։

17. Երբ բախվենք այնպիսի փորձության, ինչպիսին ուներ Ջովիդոնը, ի՞նչ կլինի արդյունքը, եթե մինչև վերջ դիմանանք (1 Պետրոս 1։6, 7

17 Ջովիդոնի համար Եհովային պաշտելը առաջնահերթ էր։ Նա գիտեր, թե որքան կարևոր է ճշմարիտ Աստծուն հավատարիմ մնալը։ Հիսուսն ասել է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Ղուկ. 4։8)։ Հրամանատարներն ու զինվորները ուզում էին, որ Ջովիդոնը հրաժարվեր իր կրոնից։ Բայց նա օր ու գիշեր ջերմեռանդորեն աղոթում էր, որ Եհովան օգնի իրեն չհանձնվել և փոխզիջումների չգնալ։ Չնայած անարդար վերաբերմունքին՝ եղբայրը հավատարիմ մնաց։ Այժմ նա անչափ ուրախ է, որ ձեռք է բերել մի բան, ինչը չուներ նախքան ձերբակալվելը, ծեծվելը և ազատազրկվելը. դա փորձված հավատն է (կարդա 1 Պետրոս 1։6, 7

18. Ի՞նչը կօգնի, որ միշտ երջանիկ լինենք։

18 Եհովան գիտի, թե իսկապես երջանիկ լինելու համար ինչի կարիք ունենք։ Եթե հետևես վերոնշյալ քայլերին, անգամ դժվար իրավիճակներում երջանիկ կլինես։ Այդ ժամանակ դու էլ կասես. «Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 144։15

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

a Շատերը չեն կարողանում իսկական երջանկություն գտնել։ Պատճառն այն է, որ սխալ տեղում են այն փնտրում։ Նրանք կարծում են, թե երջանկությունը հաճույքների, հարստության, փառքի և իշխանության մեջ է։ Բայց դա այդպես չէ։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ասաց, թե ինչ է պետք երջանիկ լինելու համար։ Հոդվածում կխոսենք այդ մասին և կիմանանք, թե որ երեք քայլերը կօգնեն մեզ իսկական երջանկություն գտնել։

b Տես «Ստանո՞ւմ ես «կերակուրը.... ճիշտ ժամանակին»» հոդվածը «Դիտարանի» 2014 թ. օգոստոսի 15-ի համարում։

c Ավելին իմանալու համար jw.org կայքում որոնիր «Ազատազրկված՝ հավատի համար» արտահայտությունը։

d ՆԿԱՐ։ Այս ցուցադրման մեջ եղբայրը ձերբակալված է, և նրան տանում են դատարան, իսկ հավատակիցները եկել են, որ աջակցեն նրան։