Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարյուր տարի առաջ. 1924

Հարյուր տարի առաջ. 1924

«ՏԱՐԵՍԿԻԶԲԸ լավագույն ժամանակն է, որ Տիրոջ յուրաքանչյուր մկրտված զավակ.... ծառայությունը ընդլայնելու հնարավորություններ փնտրի»,– ասվում էր «Տեղեկագրի» a 1924 թ. հունվարի թողարկման մեջ։ Աստվածաշունչ ուսումնասիրողները այս խորհուրդը կիրառեցին երկու ձևով՝ խիզախ ձեռնարկումներով և անվախորեն քարոզելով։

ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽԻԶԱԽ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

Բեթելի եղբայրները մեկ տարուց ավելի Նյու Յորք քաղաքի Սթեյթեն կղզում աշխատանքներ էին տանում WBBR ռադիոկայանի կառուցման համար։ Նրանք արդեն տարածքը մաքրել էին ծառերից և մի մեծ տուն էին կառուցել աշխատողների համար, մի առանձին շինություն էլ՝ սարքավորումների համար։ Այս բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո եղբայրները սկսեցին հավաքել եթեր դուրս գալու համար անհրաժեշտ սարքավորումները։ Բայց որոշ խոչընդոտներ կային։

Մեծ դժվարություն էր ռադիոկայանի գլխավոր օդալարի (անտենայի) տեղադրումը։ Հարկավոր էր 91-մետրանոց (300 ֆուտ երկարության) օդալարը տեղակայել 61 մ (200 ֆուտ) բարձրության երկու փայտե ռադիոկայմերի միջև։ Առաջին փորձը ձախողվեց։ Սակայն Եհովայի օգնությանը ապավինելով՝ եղբայրներն ի վերջո հաջողության հասան։ Կալվին Փրոսերը, ով մասնակցում էր այդ աշխատանքներին, ասաց. «Եթե առաջին իսկ փորձից ամեն ինչ հաջողվեր, մեզնից գոհ կասեինք. «Տեսա՞ք՝ ինչ արեցինք»»։ Բայց եղբայրները հաջողության համար Եհովային էին շնորհակալ։ Նրանց դժվարությունները, սակայն, այդքանով չավարտվեցին։

Կանգնեցնում են WBBR-ի ռադիոկայմերից մեկը

Ռադիոհեռարձակումը դեռ նորություն էր, և դժվար էր գտնել գործարանային արտադրության սարքավորումներ։ Ուստի եղբայրները իրենց տարածքից ձեռք բերեցին 500 վատտ հզորության օգտագործված ինքնաշեն հաղորդակ։ Միկրոֆոն գնելու փոխարեն սովորական հեռախոսի միկրոֆոն օգտագործեցին։ Փետրվար ամիսն էր, ու մի երեկո եղբայրները որոշեցին փորձարկել իրենց ձեռք բերած բոլոր ոչ պրոֆեսիոնալ սարքավորումները։ Հեռարձակումը փորձարկելու համար ինչ-որ ծրագիր էր պետք, ուստի նրանք որոշեցին երգել Թագավորության երգերից։ Էռնեստ Լոն պատմում է, թե այդ ժամանակ ինչ զավեշտալի բան եղավ։ Մինչ եղբայրները երգում էին, զանգ ստացան եղբայր Ռադերֆորդից, b որը 25 կմ (15 մղոն) հեռու գտնվող Բրուքլին քաղաքում ռադիոյով լսել էր նրանց երգեցողությունը։

Եղբայր Ռադերֆորդը սրամիտ հումորով ասաց. «Դադարեցրեք այդ ժխորը, ոնց որ կատուների մլավոց լինի»։ Փոքր-ինչ անհարմար զգալով՝ եղբայրները արագ անջատեցին հաղորդակը, բայց կարևորը՝ արդեն համոզվեցին, որ հեռարձակումը սկսելու համար ամեն ինչ պատրաստ ու սարքին է։

1924 թ. փետրվարի 24-ին՝ առաջին պաշտոնական հեռարձակման ժամանակ, եղբայր Ռադերֆորդը հայտարարեց, որ ռադիոկայանը նվիրվում է «Մեսիայի թագավորության շահերին»։ Նա նշեց, որ ռադիոակայանի հեռարձակումների նպատակն է «օգնել, որ մարդիկ, անկախ իրենց դավանանքից ու կրոնական պատկանելությունից, Աստվածաշնչի լույսի շնորհիվ հասկանան, թե ինչ վճռորոշ ժամանակներում են ապրում»։

Ձախ կողմում։Եղբայր Ռադերֆորդը առաջին ստուդիայում

Աջ կողմում։ Հաղորդակը և հեռարձակման մյուս սարքավորումները

Առաջին հեռարձակումը մեծ հաջողություն ունեցավ։ Եվ հաջորդ 33 տարիներին WBBR ռադիոկայանը ծառայեց որպես կազմակերպության ռադիոհաղորդումների հեռարձակման կենտրոն։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐՁԱԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

1924 թ. հուլիսին Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում տեղի ունեցավ Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողով։ Պատվիրակները եկել էին աշխարհի ամեն անկյունից, և ելույթները ներկայացվում էին տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, լիտվերեն, հունարեն, հունգարերեն, ռուսերեն, սկանդինավյան լեզուներով, ուկրաիներեն և ֆրանսերեն։ Ծրագրի որոշ մասեր հեռարձակվում էին ռադիոյով, և հոգ էր տարվել, որ հայտնի մի լրագրում ամեն օր համաժողովի ծրագրի մասին հոդվածներ հրապարակվեն (Ohio State Journal)։

1924-ի համաժողովը (Կոլումբուս, Օհայո)

Հուլիսի 24-ին՝ հինգշաբթի օրը, համաժողովի եկած ավելի քան 5 000 եղբայրներ ու քույրեր դուրս եկան՝ քաղաքում քարոզելու։ Նրանք մոտ 30 000 գիրք բաժանեցին և հազարավոր մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ «Դիտարան» ամսագրում այդ օրվա մասին ասվեց, որ դա «համաժողովի ամենաուրախալի մասն էր»։

Համաժողովի մեկ այլ նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ հուլիսի 25-ին՝ ուրբաթ օրը։ Եղբայր Ռադերֆորդը կարդաց հոգևորականությանը բացեիբաց դատապարտող մի մեղադրական։ Իրավական փաստաթղթի ոճով կազմված այդ մեղադրականով քաղաքական, կրոնական և կոմերցիոն աշխարհի առաջնորդներին մեղադրանք էր ներկայացվում, որ «հոգևոր խավարի մեջ են պահել մարդկանց՝ թույլ չտալով իմանալ, թե Աստված ինչ միջոցներ է ձեռնարկել, որ նրանք կյանք ունենան և օրհնություններ վայելեն»։ Մեղադրականը այդ առաջնորդներին դատապարտում էր նաև այն բանի համար, որ նրանք «թիկունք են կանգնել Ազգերի լիգային և հայտարարել, որ այն «երկրի վրա Աստծու թագավորությունը ներկայացնող քաղաքական կառույցն է»»։ Այս մեղադրական հայտարարությունը մարդկանց հաղորդելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեծ քաջություն էր պահանջվելու։

Համաժողովի թողած ազդեցության մասին «Դիտարանում» ասվում էր. «Տիրոջ այդ փոքրիկ բանակը, որ հավաքվել էր Կոլումբուսի համաժողովին, այնտեղից հեռացավ ավելի ամուր հավատով.... անխոցելի դարձած ցանկացած ուժի կամ թշնամու կրակոտ նետերի համար»։ Լեո Կլաուսը, ով ներկա էր համաժողովին, պատմում է. «Մենք վերադարձանք՝ խանդավառությամբ լցված, պատրաստ մեր տարածքում տարածելու այդ մեղադրագիրը»։

«Մեղադրանք՝ հոգևորականությանը» թերթիկի օրինակ

Հոկտեմբերին Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին տարածել «Մեղադրանք՝ հոգևորականությանը» թերթիկը, որում տպագրված էր եղբայր Ռադերֆորդի ներկայացրած մեղադրականը։ Ֆրենկ Ջոնսոնը այդ թերթիկից էր բաժանում Օկլահոմա նահանգի Քլիվլենդ փոքր քաղաքում։ Հետո ուրիշ քարոզիչներ պետք է գային ու նրան վերցնեին, բայց նա պայմանավորված ժամից 20 րոպե շուտ ավարտեց բաժանելը։ Ֆրենկը չէր կարող երևացող տեղում սպասել, որովհետև նրա քարոզչական գործունեությունից վրդովված մի քանի տղամարդիկ նրան էին փնտրում։ Ուստի նա որոշեց թաքնվել մոտակա եկեղեցում։ Տեսնելով, որ այնտեղ ոք չկա՝ նա «Մեղադրանք՝ հոգևորականությանը» թերթիկի մեկ օրինակ դրեց քահանայի Աստվածաշնչի մեջ, մեկական օրինակ էլ՝ ամեն նստատեղում, ապա շուտափույթ դուրս եկավ այդտեղից։ Նա դեռ մի քիչ էլ ժամանակ ուներ, ուստի մտավ ևս երկու եկեղեցի և նույն բանն արեց։

Հետո Ֆրենկը շտապեց դեպի այն տեղը, որտեղից իրեն պետք է վերցնեին։ Թաքնվելով այնտեղ գտնվող մի լցակայանի հետևում՝ նա ուշադիր շուրջն էր նայում, որ նկատի իրեն հետապնդող տղամարդկանց։ Այդ մարդիկ եկան անցան, բայց չտեսան նրան։ Նրանց հեռանալուց անմիջապես հետո Ֆրենկի համագործակիցները, որ քարոզում էին մոտակայքում, մեքենայով եկան, վերցրին նրան ու միասին հեռացան այդտեղից։

«Երբ արդեն պատրաստվում էինք գնալ քաղաքից,– պատմում է եղբայրներից մեկը,– երեք եկեղեցիների մոտով անցանք ու ամեն եկեղեցու առաջ մոտ 50 մարդ տեսանք։ Նրանցից ոմանք կարդում էին թերթիկը, մյուսներն էլ այն ցույց էին տալիս քահանային։ Լավ է՝ շուտ հեռացանք, թե չէ գուցե խնդիրների մեջ ընկնեինք։ Մենք շնորհակալություն հայտնեցինք մեր Աստծուն՝ Եհովային, որ պաշտպանեց մեզ և բավական իմաստություն տվեց, որ մեր հակառակորդներից հնարամիտ գտնվենք»։

ՔԱՋԱԲԱՐ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Յոզեֆ Կրետ

Աստվածաշունչ ուսումնասիրողները քաջաբար քարոզում էին նաև այլ երկրներում։ Ֆրանսիայի հյուսիսում Յոզեֆ Կրետը քարոզում էր ներգաղթյալ լեհ հանքագործներին։ Ծրագրվել էր, որ նա ելույթ ներկայացնի՝ «Մահացածները շուտով հարություն կառնեն» վերնագրով։ Երբ եղբայրներն ու քույրերը հրավիրատոմսեր բաժանեցին քաղաքի բնակիչներին, տեղի քահանան իր ծխականներին զգուշացրեց, որ չգնան այդ ելույթը լսելու։ Բայց նրա նախազգուշացումը հակառակ ազդեցությունը թողեց. եկավ ավելի քան 5 000 հոգի, այդ թվում՝ ինքը՝ քահանան։ Եղբայր Կրետը քահանային առաջարկեց, որ բոլորի առաջ պաշտպանի իր հավատալիքները, բայց նա հրաժարվեց։ Եղբայր Կրետը մարդկանց բաժանեց իր մոտ ունեցած ողջ գրականությունը՝ տեսնելով, որ նրանք ծարավ էին Աստծու Խոսքին (Ամոս 8։11

Կլոդ Բրաուն

Աֆրիկայում Կլոդ Բրաունը բարի լուրը հասցրեց Ոսկե ափ՝ այժմյան Գանա։ Նրա ներկայացրած ելույթների ու բաժանած գրականության շնորհիվ ճշմարտությունը արագ տարածվեց այդ երկրում։ Ջոն Բլանքսոնը, որը դեղագործություն էր սովորում, ներկա եղավ եղբայր Բրաունի ելույթներից մեկին։ Նա անմիջապես հասկացավ, որ ճշմարտությունն է գտել։ Ջոնը պատմում է. «Ճշմարտությունն ինձ այնքան էր ոգևորել, որ մեր ուսումնարանում աջ ու ձախ դրա մասին էի խոսում»։

Ջոն Բլանքսոն

Մի օր Ջոնը, որն արդեն հասկացել էր, որ Երրորդությունը հակասուրբգրային ուսմունք է, գնաց մի անգլիկան եկեղեցի, որ քահանային հարցեր տա դրա մասին։ Քահանան նրան դուրս արեց՝ բղավելով. «Դու քրիստոնյա չես, դու Սատանայի ծառա ես, դո՛ւրս կորիր այստեղից»։

Երբ Ջոնը տուն հասավ, քահանային նամակ գրեց ու հրավիրեց հանրային հանդիպման, որ այնտեղ նա հիմնավորի Երրորդության ուսմունքը։ Ի պատասխան՝ քահանան Ջոնին ասաց, որ ներկայանա ավագ դասախոսի գրասենյակ։ Դասախոսը Ջոնին հարցրեց, թե նա իսկապե՞ս այդպիսի բան է գրել քահանային։

«Այո՛, գրել եմ»,– պատասխանեց Ջոնը։

Դասախոսը պահանջեց, որ Ջոնը գրավոր ներողություն խնդրի քահանայից։ Ուստի Ջոնը գրեց հետևյալը. «Պարո՛ն, իմ դասախոսը խնդրեց, որ Ձեզնից գրավոր ներողություն խնդրեմ, և ես պատրաստ եմ դա անել, միայն եթե Դուք ընդունեք, որ սխալ ուսմունքներ եք սովորեցնում»։

Նրա գրածը կարդալով՝ դասախոսը ցնցված հարցրեց. «Բլա՛նքսոն, ի՞նչ է, ուզում ես այսպե՞ս գրել»։

– Այո՛, դրանից ավելին չեմ կարող գրել։

– Այդ դեպքում, դու կհեռացվես։ Ինչպե՞ս կարելի է պետական եկեղեցու քահանայի դեմ խոսել և հույս փայփայել, թե կմնաս պետական ուսումնական հաստատությունում։

– Բայց, պարո՛ն.... երբ Դուք մեզ դաս եք տալիս, ու մենք ինչ-որ բան չենք հասկանում, մի՞թե չենք կարող հարցեր տալ։

– Իհա՛րկե կարող եք։

– Ախր իմ արածը հենց դա է եղել։ Պարոնը մեզ Աստվածաշնչից ինչ-որ բան էր սովորեցնում, և ես նրան հարց տվեցի։ Եթե նա չի կարողանում պատասխանել իմ հարցին, ես ինչո՞ւ պետք է նրանից ներողություն խնդրեմ։

Բլանքսոնին չհեռացրին, և ոչ մի գրավոր ներողություն էլ չուղարկվեց։

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ

«Դիտարանում», որտեղ ամփոփվում էր տարվա մեջ իրականացված գործունեությունը, այսպիսի միտք էր գրված. «Իսկապես կարող ենք ասել նույն խոսքերը, ինչ Դավիթը. «Դու ինձ զորությամբ ես գոտևորել պատերազմի համար» (Սաղմոս 18։39, «Ջեյմս թագավորի թարգմանություն»)։ Այս տարին շատ քաջալերական է եղել, որովհետև տեսել ենք Տիրոջ ձեռքը.... և նրա ճշմարիտ նվիրյալները.... ուրախությամբ քարոզել են բարի լուրը»։

Տարեվերջին եղբայրները ծրագրում էին ընդլայնել ռադիոյով իրականացվող քարոզչությունը։ Չիկագոյի մոտակայքում սկսեց կառուցվել նոր ռադիոկայան։ Այն շատ համապատասխան անվանում ուներ՝ «ԽՈՍՔ», քանի որ դրանով Աստծու Խոսքն էր քարոզվելու։ «ԽՈՍՔ» ռադիոկայանը 5 000 վատտ հզորության հաղորդակի միջոցով Թագավորության մասին լուրը սփռելու էր հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, անգամ մինչև հյուսիս՝ Կանադա։

1925 թվականն իր հետ բերելու էր հոգևոր լույսի նոր պայծառ ցոլարձակումներ, ինչի շնորհիվ ճշգրտվելու էր Աստվածաշունչ ուսումնասիրողների ըմբռնումը Հայտնություն 12-րդ գլխի վերաբերյալ։ Ոմանց համար դա գայթակղության քար էր լինելու, բայց շատ-շատերն էլ ուրախ էին լինելու անտեսանելի երկնային ոլորտին առնչվող իրադարձությունների ավելի խոր ըմբռնման համար, ինչպես նաև այն բանի համար, թե դա ինչպես էր անդրադառնալու երկրի վրա ապրող մարդկանց վրա։

a Այժմ՝ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ։

b Ջ. Ռադերֆորդը, ով այդ ժամանակ առաջնորդում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը, հայտնի էր նաև որպես դատավոր Ռադերֆորդ։ Բանն այն է, որ նախքան Բեթելում ծառայելը նա ժամանակ առ ժամանակ աշխատել էր որպես հատուկ փոխարինող դատավոր Միսուրիի ութերորդ դատական շրջանի ատյանում։