ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41
ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է
Հիսուսի վերջին 40 օրերը երկրի վրա. ի՞նչ ենք սովորում նրանից
«Նա 40 օրերի ընթացքում երևաց նրանց և խոսեց Աստծու թագավորության մասին» (ԳՈՐԾ. 1։3)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ արեց Հիսուսը երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերին, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
1-2. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հիսուսի երկու աշակերտները գնում էին Էմմաուս։
33 ԹՎԱԿԱՆԻ նիսանի 16-ն է։ Հիսուսի աշակերտները խոր վշտի մեջ են ու վախեցած։ Նրանցից երկուսը դուրս են եկել Երուսաղեմից և գնում են 11 կմ (7 մղոն) հեռավորության վրա գտնվող Էմմաուս գյուղ։ Նրանք խիստ վհատված են, քանի որ իրենց առաջնորդը՝ Հիսուսը, երկու օր առաջ սպանվել է։ Թվում է՝ Մեսիայի հետ կապված նրանց հույսերը փշրվել են։ Սակայն մի անսպասելի բան է տեղի ունենում։
2 Ճանապարհին նրանց է միանում մի անծանոթ։ Երկու աշակերտները նրան պատմում են, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել Հիսուսի հետ։ Այնուհետև անծանոթը աշակերտների հետ զրույցի է բռնվում, ինչը շրջադարձային էր լինելու նրանց կյանքում։ «Սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից»՝ նա բացատրում է, թե ինչու Մեսիան պետք է տառապեր ու մահանար։ Իսկ երբ նրանք հասնում են Էմմաուս, անծանոթը բացահայտում է, որ ինքը հարություն առած Հիսուսն է։ Կարելի է պատկերացնել այդ աշակերտների ցնծությունը, երբ նրանք իմանում են, որ Մեսիան ողջ է (Ղուկ. 24։13-35)։
3-4. Ի՞նչ փոփոխություն եղավ Հիսուսի աշակերտների կյանքում, և ի՞նչ ենք սովորելու այս հոդվածից (Գործեր 1։3)։
3 Երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերի ընթացքում Հիսուսը բազմիցս հայտնվեց իր աշակերտներին (կարդա Գործեր 1։3)։ Այդ հանդիպումների շնորհիվ աշակերտները, որ վշտահար էին ու վախեցած, քաջալերվեցին և դարձան ուրախ ու քաջ մարտիկներից բաղկացած մի բանակ՝ պատրաստ քարոզելու և ուսուցանելու Թագավորության մասին բարի լուրը։ a
4 Մենք շատ բան կարող ենք սովորել՝ ուսումնասիրելով այդ 40 օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքերը։ Հոդվածից կիմանանք, թե Հիսուսն ինչպես օգտագործեց այդ ժամանակահատվածը, որ՝ 1) քաջալերի իր աշակերտներին, 2) օգնի նրանց ավելի լավ հասկանալ սուրբ գրվածքները և 3) ուսուցանի նրանց, որ ավելի մեծ պատասխանատվություններ ստանձնեն ապագայում։ Կտեսնենք, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։
ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
5. Հիսուսի աշակերտները ինչո՞ւ քաջալերանքի կարիք ունեին։
5 Հիսուսի աշակերտները քաջալերանքի կարիք ունեին։ Ինչո՞ւ։ Նրանցից ոմանք թողել էին իրենց տները, ընտանիքները և աշխատանքը, որպեսզի Հիսուսի լիաժամ հետևորդը դառնային (Մատթ. 19։27)։ Մյուսներն էլ նրա աշակերտը լինելու պատճառով մերժված էին հասարակության կողմից (Հովհ. 9։22)։ Աշակերտները այդպիսի զոհողություններ էին արել, քանի որ հավատում էին, որ Հիսուսն է խոստացված Մեսիան (Մատթ. 16։16)։ Ուստի երբ Հիսուսը մահապատժի ենթարկվեց, նրանց հույսերը խորտակվեցին, և նրանք վհատության մեջ ընկան։
6. Ի՞նչ արեց Հիսուսը իր հարությունից հետո։
6 Անկասկած, Հիսուսը հասկանում էր, որ աշակերտների վիշտը ոչ թե հոգևոր թուլության նշան էր, այլ ծանր կորստի հանդեպ բնական արձագանք։ Այդ պատճառով հենց հարություն առնելու օրը նա սկսեց քաջալերել իր ընկերներին։ Օրինակ՝ հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն, որը, նրա գերեզմանի մոտ կանգնած, լաց էր լինում (Հովհ. 20։11, 16)։ Բացի այդ՝ հայտնվեց երկու աշակերտներին, որոնք Էմմաուս էին գնում, իսկ հետո նաև՝ Պետրոս առաքյալին (Ղուկ. 24։34)։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից։ Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն։
7. Հովհաննես 20։11-16-ի համաձայն՝ ի՞նչ էր անում Մարիամը նիսանի 16-ի վաղ առավոտյան, և ի՞նչ անելու մղվեց Հիսուսը՝ դա տեսնելով (տես նաև նկարը)։
7 Կարդա Հովհաննես 20։11-16։ Նիսանի 16-ի վաղ առավոտյան մի քանի հավատարիմ կանայք գնացին Հիսուսի գերեզման (Ղուկ. 24։1, 10)։ Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ այդ կանանցից մեկի՝ Մարիամ Մագդաղենացու հետ։ Երբ նա հասավ գերեզման, տեսավ, որ այն դատարկ է։ Մարիամը վազելով գնաց Պետրոսի և Հովհաննեսի մոտ ու նրանց պատմեց եղելությունը։ Վերջիններս վազեցին դեպի գերեզման, իսկ Մարիամը գնաց նրանց հետևից։ Համոզվելով, որ գերեզմանը դատարկ է՝ այդ տղամարդիկ տուն վերադարձան, բայց Մարիամը մնաց այնտեղ։ Նա լաց էր լինում, և նրա մտքով անգամ չէր անցնում, որ Հիսուսն այնտեղ էր։ Այդ հավատարիմ կնոջ արցունքները տեսնելով՝ Հիսուսը խորապես տպավորվեց ու մղվեց մխիթարելու նրան։ Ուստի նա երևաց Մարիամին և մի պարզ բան արեց, ինչը անչափ քաջալերեց վերջինիս։ Հիսուսը խոսեց նրա հետ և մի կարևոր հանձնարարություն տվեց. պատմել աշակերտներին, որ ինքը հարություն է առել (Հովհ. 20։17, 18)։
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
8 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Մենք կընդօրինակենք Հիսուսին, եթե քաջալերենք մեր եղբայրներին ու քույրերին, որ շարունակեն ծառայել Եհովային։ Իսկ դրա համար պետք է տեղյակ լինենք, թե ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում, հասկանանք նրանց ապրումները և մխիթարենք նրանց։ Ուշադրություն դարձնենք մեր հավատակիցներից մեկի՝ Ջոսելինի օրինակին, ում քույրը դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր։ Նա ասում է. «Ամիսներ շարունակ խոր վշտի մեջ էի»։ Եղբայրներից մեկը և նրա կինը իրենց տուն հրավիրեցին Ջոսելինին, կարեկցանքով լսեցին նրան և վստահեցրին, որ նա թանկ է Աստծու համար։ Ջոսելինը պատմում է. «Եհովան նրանց միջոցով ինձ դուրս բերեց փոթորկոտ ծովից և դրեց փրկարարական նավակի մեջ։ Նրանք իմ մեջ բոցավառեցին Եհովային ծառայելու ցանկությունս»։ Մենք նույնպես կարող ենք քաջալերել ուրիշներին, եթե ուշադրությամբ լսենք նրանց, երբ պատմում են մեզ իրենց սրտի եղածը, և կարեկցանքով խոսենք նրանց հետ, որ զորանան ու շարունակեն ծառայել Եհովային (Հռոմ. 12։15)։
ՕԳՆԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԲԱՆԵԼ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՇՈՒՐՋ
9. Ի՞նչ դժվարության բախվեցին Հիսուսի աշակերտները, և ինչպե՞ս Հիսուսը օգնեց նրանց։
9 Հիսուսի աշակերտները հավատում էին Աստծու Խոսքին և ձգտում էին կիրառել այն (Հովհ. 17։6)։ Բայց նրանց համար դժվար էր հասկանալ, թե Հիսուսը ինչու պետք է որպես հանցագործ սպանվեր տանջանքի սյան վրա։ Հիսուսը գիտեր, որ նրանք կասկածում էին ոչ թե այն պատճառով, որ վատ սիրտ ունեին, այլ քանի որ խորությամբ չէին հասկանում սուրբ գրվածքները (Ղուկ. 9։44, 45; Հովհ. 20։9)։ Ուստի սովորեցրեց նրանց տրամաբանել իրենց կարդացածի շուրջ։ Տեսնենք, թե նա ինչպես դա արեց, երբ հայտնվեց Էմմաուս գնացող երկու աշակերտներին։
10. Հիսուսն ինչպե՞ս հավաստիացրեց աշակերտներին, որ ինքը իսկապես Մեսիան է (Ղուկաս 24։18-27)։
10 Կարդա Ղուկաս 24։18-27։ Ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը անմիջապես չբացահայտեց իր ինքնությունը։ Փոխարենը հարցերի միջոցով նա թերևս մղեց աշակերտներին արտահայտելու այն, ինչ կար նրանց սրտում ու մտքում։ Աշակերտներն ասացին, որ իրենք ակնկալում էին, որ Հիսուսը պետք է ազատագրի Իսրայելը հռոմեական լծից։ Նրանց անհանգստությունները լսելուց հետո Հիսուսը սուրբ գրվածքների միջոցով օգնեց նրանց հասկանալ կատարվածի նշանակությունը։ b Ավելի ուշ՝ այդ երեկո, նա ժամանակ հատկացրեց, որ մյուս աշակերտներին էլ բացատրի այդ ճշմարտությունները (Ղուկ. 24։33-48)։ Ի՞նչ ենք սովորում Հիսուսից։
11-12. ա) Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին (տես նաև նկարները)։ բ) Նորթեյին Աստվածաշունչ ուսուցանող եղբայրը ինչպե՞ս օգնեց նրան։
11 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Աստվածաշունչ ուսուցանելիս լավ կլինի՝ նրբանկատ հարցեր տանք, որ իմանանք, թե ինչ կա անհատի սրտում ու մտքում (Առակ. 20։5)։ Նրանց զգացումները հասկանալուց հետո կարող ենք ցույց տալ, թե ինչպես գտնեն աստվածաշնչյան կոնկրետ համարներ, որոնք կիրառելի են իրենց իրավիճակում։ Սակայն մենք նրանց չենք ասի, թե ինչպես վարվեն, այլ կօգնենք տրամաբանել Աստծու Խոսքի շուրջ և հասկանալ, թե ինչպես կիրառեն աստվածաշնչյան սկզբունքները։ Քննենք Գանայում ապրող Նորթեյի օրինակը։
12 Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել 16 տարեկանում, սակայն կարճ ժամանակ անց հակառակության բախվեց իր ընտանիքի կողմից։ Ի՞նչն օգնեց Նորթեյին, որ չհանձնվի։ Մինչ այդ նրան Աստվածաշունչ ուսուցանողը նրա հետ քննարկել էր Մատթեոս 10-րդ գլուխը և բացատրել, որ ճշմարիտ քրիստոնյաները հալածվելու են։ Նորթեյն ասում է. «Երբ հալածանքի բախվեցի, համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը»։ Նորթեյին ուսուցանող եղբայրը նաև օգնեց նրան հասկանալ Մատթեոս 10։16 համարը, որպեսզի նա խուսափի այն իրավիճակներից, որոնք կարող են վեճեր առաջացնել ընտանիքում, ինչպես նաև հարգալից լինի ընտանիքի անդամների հետ կրոնական հարցեր քննարկելիս։ Նորթեյը հոգևորապես առաջադիմեց և մկրտվեց։ Նա ցանկանում էր ռահվիրայություն սկսել, մինչդեռ նրա հայրը ուզում էր, որ նա համալսարան ընդունվի։ Նրան ուսուցանող Վկան չասաց, թե նա կոնկրետ ինչպես վարվի, այլ օգնեց մտածել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ։ Արդյունքում Նորթեյը լիաժամ ծառայություն սկսեց, բայց նրա հայրը ասաց, որ հեռանա տնից։ Իր հետ տեղի ունեցածի մասին նա հետևյալն է ասում. «Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»։ Երբ մենք հորդորում ենք ուրիշներին տրամաբանել Աստծու Խոսքի շուրջ, օգնում ենք նրանց անսասան հավատ ունենալ և դառնալ հասուն քրիստոնյաներ (Եփես. 3։16-19)։
ՕԳՆԵՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ՊԱՐԳԵՎՆԵՐ»
13. Ի՞նչ արեց Հիսուսը, որ իր Հոր գործը պատշաճ կերպով շարունակվի (Եփեսացիներ 4։8)։
13 Երբ Հիսուսը երկրի վրա էր, կատարելապես անում էր իր Հոր հանձնարարած գործը (Հովհ. 17։4)։ Սակայն նա այսպիսի մտածելակերպ չուներ. «Եթե ուզում ես մի բան լավ արվի, ինքդ պետք է անես»։ Իր ծառայության երեքուկես տարիների ընթացքում նա ուրիշներին կրթում էր, որ նրանք էլ անեն այդ գործը։ Երկինք վերադառնալուց առաջ Հիսուսը իր աշակերտներին, որոնցից մի քանիսը թերևս 20-ն անց էին, վստահեց Եհովայի թանկ գառներին հոգալու, ինչպես նաև քարոզելու և ուսուցանելու գործը (կարդա Եփեսացիներ 4։8)։ Իսկ ի՞նչ արեց Հիսուսը երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերին, որ օգնի այս նվիրված, հավատարիմ ու ջանասեր մարդկանց դառնալու «պարգևներ»։
14. Երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերի ընթացքում Հիսուսը ինչպե՞ս օգնեց իր աշակերտներին հոգևորապես հասունանալ (տես նաև նկարը)։
14 Հիսուսն իր աշակերտներին ուղիղ և միևնույն ժամանակ սիրով լի խորհուրդներ տվեց։ Օրինակ՝ նա այդպես վարվեց, երբ նկատեց, որ նրանցից ոմանք կասկածելու հակում ունեն (Ղուկ. 24։25-27; Հովհ. 20։27)։ Նա նաև ընդգծեց, որ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ հովվական գործի վրա, քան կարիերայի (Հովհ. 21։15)։ Հիսուսը նաև հիշեցրեց, որ պետք չէ անհանգստանալ, երբ ուրիշներն են Եհովային մատուցվող ծառայության մեջ որոշակի պատասխանատվություններ ստանում (Հովհ. 21։20-22)։ Նա շտկեց այն աշակերտների մտածելակերպը, ովքեր Թագավորության մասին սխալ պատկերացում ունեին, և օգնեց նրանց կենտրոնանալ բարի լուրը քարոզելու վրա (Գործ. 1։6-8)։ Երեցները ի՞նչ կարող են սովորել Հիսուսից։
15-16. ա) Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Հիսուսին։ բ) Պատրիկը ի՞նչ օգուտ քաղեց իրեն տրված խորհրդից։
15 Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսին։ Նրանք պետք է ուսուցանեն և աջակցեն եղբայրներին, այդ թվում՝ նրանց, ովքեր համեմատաբար երիտասարդ են, որպեսզի նրանք պատրաստ լինեն ավելի շատ պատասխանատվություններ ստանձնելու ժողովում։ c Երեցները եղբայրներից կատարելություն չեն ակնկալում։ Նրանք պետք է սիրով լի խորհուրդներ տան երիտասարդներին, որ վերջիններս փորձ ձեռք բերեն և սովորեն լինել խոնարհ, հավատարիմ և ուրիշներին ծառայելու պատրաստ (1 Տիմոթ. 3։1; 2 Տիմոթ. 2։2; 1 Պետ. 5։5)։
16 Նկատի առնենք Պատրիկ անունով մի եղբոր օրինակը, ով օգուտներ քաղեց իրեն տրված խորհրդից։ Երբ նա ավելի երիտասարդ էր, կոպիտ էր խոսում և վատ էր վարվում ուրիշների հետ, անգամ՝ քույրերի։ Մի երեց նկատեց նրա թույլ կողմը և բարյացակամորեն, բայց ուղիղ խորհուրդ տվեց նրան։ Պատրիկն ասում է. «Ես ուրախ էի, որ նա արեց դա։ Վհատվում էի, երբ տեսնում էի, որ մյուս եղբայրները ստանում էին այն պատասխանատվությունները, որ ես էի ուզում ստանալ։ Բայց այդ երեցի տված խորհուրդը օգնեց ինձ կենտրոնանալ ոչ թե ժողովում որոշակի պատասխանատվություններ ստանձնելու, այլ եղբայրներիս ու քույրերիս խոնարհաբար ծառայելու վրա»։ Իրեն տրված խորհուրդը կիրառելու շնորհիվ Պատրիկը վաղ 20-ական տարիքում երեց նշանակվեց (Առակ. 27։9)։
17. Հիսուսը ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է իր աշակերտներին։
17 Հիսուսը իր աշակերտներին ոչ միայն քարոզելու, այլև սովորեցնելու հանձնարարություն տվեց (Մատթ. 28։20)։ d Աշակերտները գուցե կարծում էին, որ չեն կարող կատարել այդ գործը։ Սակայն Հիսուսը վստահ էր, որ նրանք կարող են, և նրանց հանդեպ իր վստահությունը արտահայտեց հետևյալ խոսքերով. «Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում» (Հովհ. 20։21)։
18. Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսին։
18 Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսին։ Փորձառու երեցները ժողովում ունեցած իրենց գործերի մի մասը փոխանցում են ուրիշներին (Փիլիպ. 2։19-22)։ Օրինակ՝ նրանք կարող են երիտասարդներին ներգրավել Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքներին։ Եղբայրներին որևէ գործ փոխանցելուց հետո երեցները ինչպե՞ս կարող են ցույց տալ նրանց հանդեպ իրենց վստահությունը։ Դա կարող են անել, եթե այդ գործը սովորեցնեն նրանց, հետո թույլ տան, որ ինքնուրույն անեն այն, և չմտածեն, որ այդ եղբայրների մոտ չի ստացվի։ Մեթյու անունով նորանշանակ մի երեց ասում է, որ շատ է գնահատում այն փորձառու երեցներին, ովքեր ինչպես հարկն է իրեն սովորեցնում են ժողովում որևէ գործ անել և հետո վստահում, որ ինքը ավարտին կհասցնի այն։ Նա նշում է. «Ինձ համար շատ օգտակար է եղել այն, որ երեցները իմ սխալները դիտել են որպես սովորելու պրոցեսի մի մաս և այդպիսով օգնել ինձ դասեր քաղել իմ սխալներից ու բարելավվել»։ e
19. Ի՞նչ պետք է վճռենք անել։
19 Երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերին Հիսուսը քաջալերում և ուսուցանում էր ուրիշներին։ Եկեք վճռենք անշեղորեն նրա հետքերով գնալ (1 Պետ. 2։21)։ Մենք վստահ ենք, որ Հիսուսը կօգնի մեզ, քանի որ խոստացել է. «Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները» (Մատթ. 28։20)։
ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին
a Ավետարաններում և աստվածաշնչյան այլ գրքերում նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ հարություն առած Հիսուսը հայտնվել է մարդկանց։ Օրինակ՝ նա երևացել է Մարիամ Մագդաղենացուն (Հովհ. 20։11-18), մյուս կանանց (Մատթ. 28։8-10; Ղուկ. 24։8-11), 2 աշակերտների (Ղուկ. 24։13-15), Պետրոսին (Ղուկ. 24։34), առաքյալներին՝ բացի Թովմասից (Հովհ. 20։19-24), առաքյալներին, այդ թվում՝ Թովմասին (Հովհ. 20։26), 7 աշակերտների (Հովհ. 21։1, 2), ավելի քան 500 աշակերտների (Մատթ. 28։16; 1 Կորնթ. 15։6), իր եղբայր Հակոբոսին (1 Կորնթ. 15։7), բոլոր առաքյալներին (Գործ. 1։4) և Բեթանիայի մոտ գտնվող առաքյալներին (Ղուկ. 24։50-52)։ Հնարավոր է՝ այլ դեպքեր էլ են եղել, երբ Հիսուսը հայտնվել է իր աշակերտներին, սակայն դրանց մասին Աստվածաշնչում արձանագրություն չկա (Հովհ. 21։25)։
b Իմանալու համար, թե ինչ մեսիական մարգարեություններ կան, jw.org կայքում տես «Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան» հոդվածը։
c Որոշ դեպքերում համապատասխան որակներ ունեցող եղբայրները կարող են նշանակվել շրջանային վերակացու միջին կամ ուշ 20-ական տարիքում։ Այնուամենայնիվ, եղբայրները նախ պետք է փորձ ձեռք բերեն՝ ծառայելով որպես երեց։
d «Սովորեցնել» թարգմանված հունարեն բառը ներառում է հետևյալ իմաստները՝ ուսուցանել, բացատրել, տրամաբանական փաստարկներ բերել և ապացույցներ ներկայացնել։ Քրիստոնյաները պետք է սովորեցնեին մարդկանց պահել այն ամենը, ինչ Հիսուսն էր պատվիրել։ Դա շարունակական պրոցես էր լինելու, որն իր մեջ ներառելու էր հետևյալը՝ ուսուցանել մարդկանց այն, ինչ Հիսուսն էր սովորեցրել, օգնել նրանց կիրառելու այդ ամենը և հետևելու Հիսուսի օրինակին։
e Հավելյալ առաջարկներ, թե ինչպես օգնել երիտասարդ եղբայրներին պատասխանատվություններ ստանձնել, կարող ես գտնել «Դիտարանի» 2018 թ. օգոստոսի համարում (էջ 11-12, պրբ. 15-17), ինչպես նաև 2015 թ. ապրիլի 15-ի համարում (էջ 3-13)։
f ՆԿԱՐ։ Այն բանից հետո, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողին օգնում են տրամաբանել Աստծու Խոսքի շուրջ, նա որոշում է դեն նետել տոնածառի խաղալիքները։