Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Որքա՞ն կարևոր էր երաժշտությունը հին Իսրայելում

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ առանցքային դեր ուներ հին Իսրայելի մշակույթում։ Աստվածաշնչում բազմիցս հիշատակվում է գործիքային և վոկալ երաժշտության մասին։ Փաստն այն է, որ Սուրբ Գրքի մոտ մեկ տասներորդ մասը երգերից է կազմված։ Առավել աչքի են ընկնում «Սաղմոսները», «Երգերի երգը» և «Ողբը»։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Աստվածաշնչում «վառ կերպով ներկայացված է մի հասարակություն, որում երաժշտությունը միահյուսված էր կյանքի շատ ոլորտներին» (Music in Biblical Life)։

Երաժշտությունը առօրյայում։ Իսրայելացիները երգով ու երաժշտությամբ արտահայտում էին իրենց հույզերը (Ես. 30։29)։ Կանայք դափ էին նվագում, ուրախ երգում ու պարում էին թագադրությունների և տոնախմբությունների ժամանակ, ինչպես նաև հաղթանակներ նշելիս (Դատ. 11։34; 1 Սամ. 18։6, 7; 1 Թագ. 1։39, 40)։ Իսկ երբ ինչ-որ մեկը մահանում էր, իսրայելացիները ողբեր էին երգում իրենց խոր վիշտը արտահայտելու համար (2 Տար. 35։25)։ Կասկած չկա, որ «եբրայեցիները շատ երաժշտասեր ժողովուրդ էին»,– նշվում է Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում։

Երաժշտությունը արքունիքում։ Իսրայելի թագավորները սիրում էին երաժշտություն լսել։ Սավուղ թագավորը Դավթին իր պալատ բերել տվեց, որ նա ծառայի իրեն որպես երաժիշտ (1 Սամ. 16։18, 23)։ Երբ Դավիթը թագավոր դարձավ, ստեղծեց տարբեր երաժշտական գործիքներ, գեղեցիկ երգեր հորինեց և հիմնեց մի նվագախումբ, որը հետագայում նվագում էր Եհովայի տաճարում (2 Տար. 7։6; Ամոս 6։5)։ Իսկ Սողոմոն թագավորն իր արքունիքում երգիչներ ու երգչուհիներ ուներ (Ժող. 2։8

Երաժշտությունը պաշտամունքի մեջ։ Ամենից կարևորն այն է, որ իսրայելացիները երաժշտությունն օգտագործում էին Եհովային մատուցվող պաշտամունքի մեջ։ Երուսաղեմում գտնվող տաճարում 4 000 երաժիշտ էր ծառայում (1 Տար. 23։5)։ Նրանք ծնծղա, տավիղ ու քնար էին նվագում և շեփոր էին հնչեցնում (2 Տար. 5։12)։ Սակայն միայն այս հմուտ երաժիշտները չէ, որ իրենց երաժշտական արվեստն օգտագործում էին Եհովային պաշտամունք մատուցելիս։ Ամեն տարի Երուսաղեմ գնալիս շատ իսրայելացիներ, ըստ ամենայնի, երգում էին Վերելքի երգերը (Սաղ. 120-134)։ Իսկ համաձայն հրեական գրվածքների՝ Պասեքի ընթրիքի ժամանակ երգում էին Հալել սաղմոսները։ a

Այսօր էլ երաժշտությունը կարևոր դեր ունի Աստծու ժողովրդի կյանքում (Հակ. 5։13)։ Երգերով մենք փառաբանում ենք Եհովային (Եփես. 5։19)։ Երաժշտությունը միավորում է մեզ մեր հավատակիցների հետ (Կող. 3։16)։ Բացի այդ, երբ դժվարություններ ենք կրում, այն զորացնում է մեզ (Գործ. 16։25)։ Երաժշտությունը հրաշալի միջոց է Եհովայի հանդեպ մեր սերն ու հավատը արտահայտելու համար։

a Հրեաներն այսպես էին կոչում 113-118-րդ սաղմոսները, որոնցով գովերգում էին Եհովային։